ՀԱՅԿԱԿԱՆ ՍՐՏՈՎ ԻՏԱԼԱՑԻՆ

Այս օրերին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում, Մխիթարեան միաբանութեան վանքում բացուել է  ինքնատիպ մի ցուցադրութիւն. ազգութեամբ իտալացի հետազօտող-պատմագէտ եւ լեռնագնաց Ազատ Վարդանեանը (իսկական անուն-ազգանունը իր խնդրանքով չենք նշում, որպէսզի հետագայում Թուրքիա մտնելիս խնդիրներ չունենայ) ներկայացնում է Նոյեան տապանի 20 տարուայ իր որոնումների մասին:

Առաջին անգամ նա 20 տարի առաջ է բարձրացել Արարատ լեռը, տարիներ յետոյ հայկական եռագոյնը տարել այնտեղ, ապա, իր խօսքով, քրիստոնէական մտածողութեամբ որոշել է զբաղուել Նոյեան տապանի փնտռտուքով: Ասում է` յաջողութիւնների է հասել: Արարատ լերան շուրջը (թուրքական կողմից) գտել է հայկական գիւղերի հետքեր, Ցեղասպանութեան ժամանակ զոհուած հայերի կմախքների գտնուելու վայրեր, գերեզմաններ է ցանկագրել: Իտալացի Ազատը Արարատ լերան շրջակայքի քրտական գիւղերում գտել է ընտանիքների, որոնք խոստովանել են, թէ  հայկական արմատներ ունեն: Իտալացին ամէն անգամ Արարատի մի նոր խորհուրդ է բացայայտում. «Իսկ, ընդհանրապէս, լեռն ինձ համար մարդկութեան ծագման խորհուրդն է ներկայացնում, աստուածաշնչեան պատմութեան կարեւորութիւնը եւ քրիստոնէութեան սկզբնաւորման պատմութիւնը` հայերի շնորհիւ: Մասիսը մարդկութեանը սկզբնաւորութիւն տուեց Ջրհեղեղից յետոյ, այժմ էլ իր ծոցում` ինչպէս մայրը արգանդում, պահում է Հայոց ցեղասպանութեան շուրջ 200,000 հայ նահատակների աճիւններ, որոնց մասին ոչ ոք դեռ չի բարձրաձայնել»:

Չնայած ինքը որպէս զբօսաշրջիկ է մտնում Թուրքիա, բայց հիմնականում քրտաբնակ գիւղերում է լինում: Ամէն անգամ Թուրքիայում ուսումնասիրութիւններ իրականացնելիս` խոչընդոտների է հանդիպում, մշտապէս խնդիրներ է ունենում, մի քանի անգամ էլ հրաշքով է փրկուել թուրք զինուորների եւ քիւրտ գրոհայինների բախումներին զոհ գնալուց: Հիացած պատմում է իր գտած խաչքարերի, աղօրիքների ու յատկապէս հնագոյն մենհիրների մասին` զուգահեռներ անցկացնելով դրանց քարահունջեան տեսակների հետ: Վկայակոչում է գեղեցիկ այն աւանդապատումը, թէ Ջրհեղեղից յետոյ հնարաւոր է երկրագունդը փոխել է առանցքը, ու Նոյի որդիները կարիք են ունեցել նման հաստատուն քարերի, որպէսզի մոլորակները դիտեն ու դրանց հիման վրայ մարդկութեան օրացոյցը կազմեն:

Իտալացի հնագէտ-լեռնագնացը պնդում է, թէ  Արարատի փէշերին` 2200 մ բարձրութեան վրայ գտել է Ցեղասպանութեան ժամանակ ոչնչացուած հայկական Գրեգոր կամ Գրիգոր աւանի ու նրա 1200 տարեկան եկեղեցու հետքերը: Իր ամենացնցող գտածոն, ըստ Ազատի, 4500 մ բարձրութեան վրայ գտնուած կաղնու փայտի կտորն է: Փորձաքննութեամբ որոշուել է, որ այն 5000 տարեկան է: Հնագոյն կաղնու փայտից իտալացին կտորներ է նուիրել հայկական հոգեւոր կենտրոններին եւ Հայոց ցեղասպանութեան թանգարան-հիմնարկին:

Այսպիսով, Նոյեան տապանից փայտի եւ Արարատի վրայ արուած լուսանկարների ցուցահանդէսը արդէն բացուել է Վենետիկում, ուր կը ցուցադրուի մի քանի ամիս, ապա «կը շրջի» աշխարհով մէկ:

Հայկական սրտով իտալացին հրատարակել է եռահատոր գրքեր. «Արարատ. Նոյեան տապանի հետքերով», «Խորհրդաւոր Հայաստան. Մասիսը` հայութեան մայրը» եւ «Դուդուկի քաղցրահունչ մեղեդին»: Նրա վերջին` «Դուդուկի քաղցրահունչ մեղեդին» գրքում պատմւում է հայկական ծագումով քրտերի հետ իր հանդիպումների մասին եւ նրանց պատմութիւնները: Առաջիկայում կը լինեն գրքերի ֆրանսերէն, սպաներէն եւ ռուսերէն տարբերակները: (Հետաքրքրուողները եւ մասնագէտները կարող են հեղինակի հետ կապուել endhanrakan.hrat@mashtoz.org հասցէով, ինչպէս նաեւ այցելել www.noahsark.it):

ԳՈՀԱՐ ՅԱԿՈԲԵԱՆ

Share this Article
CATEGORIES