ՊԷՏՔ Է ԱՆԵՆՔ ՀՆԱՐԱՒՈՐԸ` ԴԺՈՒԱՐԱՑՆԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹԻՒՆԸ

Խորհրդարանական ընդդիմութեան` «Ժառանգութիւն» եւ Դաշնակցութիւն խմբակցութիւնների` մեծամասնական ընտրակարգը վերացնելու եւ  հարիւր տոկոսանոց համամասնական ընտրակարգ մտցնելու նախաձեռնութեան շուրջ շարունակւում են հասարակական բուռն քննարկումները:

ՀԱՐՑՈՒՄ.- Պրն. Ռուստամեան, ի՞նչ կը տայ հարիւր տոկոսանոց համամասնական ընտրակարգը Հայաստանի քաղաքական համակարգին:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Եթէ խօսենք երկու ընտրական համակարգերի մասին` համամասնական եւ մեծամասնական, երկուսն էլ բաւական յաջող գործում են զարգացած աշխարհում եւ խնդիրներ չեն առաջացնում: Այնտեղ առկայ է ընտրութիւնների անցկացման ձեւաւորուած համակարգ, եւ մեծ տարբերութիւն չկայ` ընտրութիւններն անցկացւում են համամասնակա՞ն, թէ՞ մեծամասնական ձեւով: Հայաստանեան ընտրութիւնների փորձն ուսումնասիրելով` պարզ է դառնում, որ մեծամասնական ընտրակարգն այսօր ժողովրդավարական ընտրութիւնների գլխաւոր խոչընդոտն է:

Եթէ հաշուի առնենք, թէ անցած Ազգային ժողովի ընտրութիւններում ովքեր են ընտրուել մեծամասնական ընտրակարգով, պարզ կը դառնայ, որ նրանք բոլորը իշխանութեան ներկայացուցիչներն են: Այնուհետեւ նրանք դառնում են իշխանութեան յենարանը եւ  օգտագործւում իշխանութիւնների կողմից, օրինակ` ընդդիմութեանը խորհրդարանից դուրս մղելու համար:

Հարեւան Ազրպէյճանում հարիւր տոկոս մեծամասնական ընտրակարգով ընտրութիւնների արդիւնքում այսօր խորհրդարանում ընդամէնը մէկ-երկու ընդդիմադիր կայ: Սա նշանակում է, որ մեծամասնական ընտրակարգը ոչ ժողովրդավարական երկրներում լուրջ խոչընդոտ է ընտրութիւնները ժողովրդավարական հունի մէջ դնելու գործընթացում:

Երկրորդ խնդիրն այն է, որ Հայաստանում անցկացուող մեծամասնական ընտրակարգը հակասում է Հայաստանի սահմանադրութեան հիմնական պահանջին, ըստ որի` Ազգային ժողովը համապետական, ներկայացուցչական օրէնսդիր մարմին է: Այսինքն հնարաւոր չէ` 50-60 հազարանոց ընտրատարածքում ընտրուի համապետական աթոռ զբաղեցնող պատգամաւոր: Դա առնուազն համապետական ընտրութեամբ պէտք է իրականացուի:

Մէկ այլ խնդիր, որին ես առանձնայատուկ կարեւորութիւն եմ տալիս, ընտրութիւնների վերաբերեալ հասարակութեան վստահութեան պակասն է, հաւատը, որ ընտրութիւնների միջոցով կարող են իրենց կեանքում ինչ-որ բան փոխել: Եթէ մենք համախոհութեամբ ինչ-որ քայլ ենք կատարում, բնականաբար յոյս է արթնանում ընտրողի մօտ, որ մենք ինչ-որ բան ենք ուզում փոխել այս երկրում:

Միայն յայտարարելով, որ արդար, թափանցիկ ընտրութիւններ պէտք է անցկացնենք, ոչինչ չի փոխւում: Երբ ստեղծւում է որոշակի պահ այդ քայլերն իրականացնելու համար, իշխանութեան կողմից պատճառաբանութիւններ են յօրինւում:

Իշխանութիւնների յայտարարութիւններն ունեն միմիայն վերարտադրման նպատակ: Գաղտնիք չէ, որ 41 ընտրատեղերը, որտեղ գոյութիւն ունի մեծամասնական ընտրակարգ, նրանց մեկնարկային յենարանն են, դրանով նրանք այս փուլում 41 աթոռ ունեն իրենց գրպանում:

Հ.- Ինչո՞ւ նախաձեռնութիւնը չսկսուեց 2007թ. ընտրութիւններից յետոյ:

Պ.- Դաշնակցութիւնն այս նախաձեռնութեամբ հանդէս է եկել անընդմէջ, մենք  հարիւր առ հարիւր համամասնականի հետեւողական պաշտպանն ենք եղել` նկատի ունենալով այս բոլոր խնդիրները: Աւելի՛ն. երբ մենք քոալիսիոնի մէջ էինք 2003թ., պահանջում էինք, որ 2007թ. համար մեծացուի համամասնականի տոկոսը, հակառակ պարագայում դուրս կը գանք քոալիսիոնից: Դա է պատճառը, որ մեծամասնականի եւ համամասնականի յարաբերակցութիւնը հասցուել է 70/30 առ հարիւրի` ձեւաւորելով 90/41 համամասնութիւնը: Դա այն ժամանակն էր, երբ Հանրապետականը եւս ասում էր, որ պէտք է համամասնականի մասնաբաժինը մեծացուի: Հէնց մենք դուրս եկանք քոալիսիոնից, համամասնականի մասին մոռացուեց:

Հ.- Եթէ ոեւէ մէկը որոշել է դառնալ պատգամաւոր, սակայն չի ուզում որեւէ քաղաքական ուժի յարել, ինչպէ՞ս նա կարող է դա անել:

Պ.- Մենք առաջարկել ենք, որ եթէ մեծամասնական ընտրակարգը պահպանուելու է, թող 41 պատգամաւոր ընտրուի առանձին ընտրաշրջաններից: Թող 100 հոգի առաջադրուի, որոնց համար կը քուէարկեն ամբողջ հանրապետութիւնում, եւ առաւելագոյն ձայներ ստացած 41 հոգին կը դառնան Ազգային ժողովի պատգամաւոր: Սա աւելի ազնիւ է: Երկրորդ` մարդիկ կարող են խմբաւորուել, կազմել դաշինք, կուսակցութիւն, թող կուսակցութիւնները շատանան, դա չի խանգարի քաղաքական կեանքին:

Բացի դրանից, ինչպէս տեսնում ենք, շատ կուսակցութիւններ ձեւաւորւում են մէկ անձի շուրջ, ովքեր ունեն քաղաքական դիրքորոշում եւ կարող են առաջադրել իրենց թեկնածութիւնը: Նման անձինք եւս, հաւաքելով ձայների 5 առ հարիւրը, կ՛ընտրուեն որպէս պատգամաւոր, ինչպէս միւսները: Այստեղ կայ նաեւ մանտաների համարժէքութեան խնդիր, մանտաները համարժէք չեն, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում համապետական ընտրութիւններ անցկացնելու առումով:

Եւրոպական երկրների մեծ մասում ընտրութիւններն անցկացւում են համամասնական ընտրակարգով, որտեղ վերոնշեալ խնդիրներին չեն բախւում, քանի որ դրանք մտացածին են: Իրականում հայ պատգամաւորները ժողովրդի անտեսանելի ներկայացուցիչներն են Ազգային ժողովում: Հետաքրքիր է, թէ նրանցից քանի՞սն են ներկայ, ովքե՞ր են պատասխանատուութեամբ մօտենում ծրագրերին, եւ ովքե՞ր են, որ կարող են հետեւողականօրէն դրանք իրականացնել:

Աւելի՛ն. եթէ այսօր անկախ պատգամաւոր ընտրուի մեծամասնականով, նա ինքնուրոյն ոչինչ չի կարող անել Ազգային ժողովում եւ իր օրէնսդրական նախաձեռնութիւնն անցկացնելու համար պէտք է համոզի միւսներին` միւս քաղաքական ուժերին: Այսինքն ուզենք, թէ չուզենք, այդ քաղաքական խմբաւորումներն առաջանալու են ԱԺ-ում, հետեւաբար հէնց սկզբից էլ պէտք է այդ ձեւով ընտրութիւնները կայանան, որ իւրաքանչիւրի քաղաքական խմբաւորման համար պարզ դառնայ, թէ ի՛նչ խնդիրներ են լուծում, ի՛նչ ծրագիր ունեն, եւ այդ պատասխանատուութեամբ էլ մօտենան իրենց ծրագրերին:

Հ.- Ձեր նախաձեռնութեան շուրջ բանակցո՞ւմ էք արդեօք «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան հետ:

Պ.- Քանի որ գործընթացը մտնելու է ԱԺ-ի ընթացքի մէջ, բոլոր քաղաքական ուժերի հետ բանակցելու ենք, համոզելու: Քոալիսիոնի կուսակցութիւններից հէնց ԲՀԿ-ի հետ քննարկման հնարաւորութիւն ունենք, ինչը յուսադրող հանգամանք է: Նախագծի ընդունման արդիւնքում կ՛ունենանք իշխանութիւն-ընդդիմադիր ուժեր կողմերի համատեղ որոշում եւ ձեռքբերում:

Հ.- Եթէ նախագիծը չանցնի, ՀՅԴ-ն արդեօք ունենալո՞ւ է մեծամասնական թեկնածուներ խորհրդարանական ընտրութիւններին:

Պ.- Այդ հարցը դեռ չի քննարկուել: Ընդհանրապէս, ՀՅԴ-ն իր աթոռների մեծ մասը ձեռք է բերել համամասնական ընտրակարգով: Եթէ իրավիճակն այդպիսին մնայ, այդ դաշտն էլ վերահսկման կարիք կ՛ունենայ, եւ պէտք է անենք ամէն ինչ մեր թիւ մէկ խնդիրը լուծելու համար` ընտրութիւնները վերածելով իշխանափոխութեան միջոցի: Այսինքն պէտք է անենք հնարաւորը` դժուարացնելու իշխանութիւնների վերարտադրման գործընթացը:

ՍԱՐԳԻՍ ԽԱՆԴԱՆԵԱՆ

www.orakarg.am
«Օրակարգ»

Share this Article
CATEGORIES