«ԱՊԱՌԱԺ»-Ի ԶՐՈՅՑԸ «ՀՈՐԻԶՈՆ»-Ի ՏՆՕՐԷՆ ՀԵՐԻ ՈՐԲԵՐԵԱՆԻ ՀԵՏ. ՀԵՐԻ ՈՐԲԵՐԵԱՆ ՇՈՒՇԻԻ ՄԷՋ ԱՐՈՒԵՍՏԻ ՓԱՌԱՏՕՆ ԿԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԷ

«ԱՍՊԱՐԷԶ».- Շաբաթներ առաջ «Հորիզոն» հեռատեսիլի կայանի տնօրէն, արուեստագէտ նկարիչ Հերի Որբերեան Արցախ մեկնած էր` յատուկ առաքելութեամբ: «Շուշի արթ փրոճեքթ» անունով ոչ շահութաբեր միութեան հիմնադիր-ղեկավար Որբերեան նախաձեռնած է Շուշիի մէջ «Հողը եւ արհեստագիտութիւնը» խորագրով փառատօնի մը կազմակերպման աշխատանքներուն: Ստեփանակերտի մէջ Հերիի հետ զրոյց ունեցած է ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտէի շաբաթաթերթ «Ապառաժ»-ը: Ստորեւ կը հրատարակենք այդ զրոյցին բնագիրը:

Մէկ տարի առաջ անհատական ցուցահանդէս եմ ունեցել, իսկ այժմ մտածում եմ այն խմբային ներկայացնել, այսինքն` աշխարհի տարբեր երկրների նկարիչների մասնակցութեամբ: Այս գաղափարն իրականացնելու համար ընտրեցի Շուշի քաղաքը: Ինչո՞ւ Շուշին, որովհետեւ Շուշին եղել է մշակութային կենտրոն եւ իւրաքանչիւր հայի պարտքն է նպաստել Շուշիի մշակութային կեանքի վերականգնմանը: Ծրագիրը, որն իրականացուելու է Շուշիում, կրելու է «Շուշիի արուեստը» խորագիրը: Ներկայումս նախապատրաստական աշխատանքների փուլում ենք: Ցուցահանդէսը հաւանաբար կը կայանայ 2012 թուականի հոկտեմբերին կամ 2013 թուականի գարնանը: Թէ՛ Միացեալ Նահանգներում, թէ՛ տարբեր երկրներում աշխատանքներ են տարւում այդ ուղղութեամբ: Արուեստագէտները, որ պէտք է աշխատեն, մի փոքր այլ ոճ ունեն եւ Արցախում դժուար է այդ ոճի արուեստագէտ գտնելը, բայց աշխատանքները շարունակւում են: Արդէն հանդիպել եմ որոշ արուեստագէտների հետ: Շատ կարեւոր է այս ծրագրին Արցախի մասնակցութիւնը: Նախնական պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել Արցախի իշխանութիւնների հետ եւ նրանց կողմից ծրագիրը ողջունուել է: Յուսանք` այն կը յաջողենք եւ կ՛ապահովենք շարունակականութիւն, ու երկու տարին մէկ կը կարողանանք կազմակերպել: Ծրագիրը նաեւ նպատակ ունի օտարներին ներգրաւելու եւ նրանց բերելու Արցախ:

Նախատեսում ենք քաղաքի տարբեր վայրերում ներկայացնել արուեստագէտների աշխատանքները. իւրաքանչիւր արուեստագէտ ինքն է ընտրելու վայրը: Իսկ ժողովուրդը կարող է ամէն օր գալ, նայել` թէ աշխատանքն ինչպէս է:

Մենք նպատակ ունենք, որ օտարները այցելեն Շուշի եւ Շուշիի շունչը իրենց հետ տանեն:

Ծրագրի ֆինանսաւորումը հիմնականում իմ եւ ընկերներիս հանգանակած միջոցներով կ՛իրականանայ: Ես խուսափում եմ որեւէ պետական միջոցներից, նախատեսում եմ Ամերիկայում տարբեր ծրագրերով դրամահաւաքներ կազմակերպել:

Ծրագրի իրականացման վերջին երեք օրերին նախատեսւում են նաեւ տարբեր մշակութային միջոցառումներ: Վերջերս հրատարակուել է հանգուցեալ սփիւռքահայ գրող Վահէ Օշականի նոր գիրքը եւ Շուշիում այս ծրագրի շրջանակներում նախատեսւում է կազմակերպել այդ գրքի շնորհահանդէսը, որը կը ներկայացնի Վահէ Օշականի որդին` Արա Օշականը: Նախատեսւում է նաեւ ներկայացնել Սիւզան Խարտալեանի «Մեծ մօրս դաջուածքները» ժապաւէնը եւ այլ ձեռնարկներ: (Մասնակցող արուեստագէտներու շարքին են նաեւ Սամուէլ Սաղաթելեան, Սահակ Պօղոսեան, Սեւ, Վաչագ Սարգսեան, եւ ուրիշներ-«ԱՍՊԱՐԷԶ»):

«ԱՊԱՌԱԺ».- Հերի Որբերեանը արմատներով Արեւմտեան Հայաստանից է, Ցեղասպանութեան պատճառով նրա նախնիները յայտնուել են Պէյրութում, Լիբանանում քաղաքացիական պատերազմի տարիներին նրանք տեղափոխուել են Միացեալ Նահանգներ: Հերիի մեծ մայրը (Լիլի Որբերեան-«ԱՍՊԱՐԷԶ») նաեւ Միացեալ Նահանգների վաստակաւոր արուեստագէտ էր: Ինչպէս պատմում է նրա թոռը, մի օր, երբ նրան պարգեւատրելու էին հրաւիրել, նրան պատուոգիր է յանձնել հէնց ինքը` Հիլըրի Քլինթընը: Վերջինս, երբ Հերիի մեծ մօրն էր յանձնում պատուոգիրը, Հերիի մեծ մայրը նրա ականջին ինչ-որ բան շշնջաց եւ Հիլըրին գրկեց նրան: Հետագայում, երբ փորձեցին պարզել մեծ մօրից, նա ասաց, որ Հիլըրիի ականջին շշնջացի` «Նակորնի Կարաբախի հարցով հետաքրքրուէք»:

Հերիի խօսքերով` Արցախը Հայաստան է, եւ այն իւրաքանչիւր հայի հոգում եւ սրտում է:

Share this Article
CATEGORIES