«ԴՐՕՇԱԿ»-Ի ԽՄԲԱԳՐԱԿԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԻ ՔԱՆԻ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐ

21-րդ դարում ժողովուրդները, սրընթաց արագութիւն ձեռք բերած քաղաքակրթական բնոյթի փոփոխութիւններում, ստիպուած են կողմնորոշուել վազքի մէջ, երբեմն արմատական յեղաշրջում կատարելով իրենց կեանքի բոլոր ոլորտներում` գաղափարական արժէքներից մինչեւ ընկերային-տնտեսական, մշակութային եւ կրթական համակարգերը: Ընդորում իւրաքանչիւր ազգ պարտադրւում է կատարել արժեւորումներ` գնահատելու համար միջազգային եւ տարածաշրջանային խորքային գործընթացների հետեւանքներն ու ազդեցութիւնն իր կենսագործունէութեան վրայ, ինչպէս նաեւ որոշելու սեփական ներուժի  ծաւալն ու լծակները ժամանակակից աշխարհում:

Սոյն օրինաչափութիւնն առաւել ցցուն անդրադարձներ է ունենում աշխարհի զգայուն հատուածներում` քաղաքակրթութիւնների եւ ազդեցութիւնների շփման տարածքներում: Սա առաւել ակնառու է հայկական լեռնաշխարհի եւ յարակից տարածքների առումով, ուր դարեր շարունակ ընթացող բարդ ցեղային-քաղաքական գործընթացները ձեւաւորել են իւրայատուկ քաղաքական միջավայր:

Արդիւնքում առաջացել է քաղաքական, տնտեսական, մշակութային ազդեցութիւնների բարդ մի համակարգ, որն հազարաւոր թելերով առնչւում է աշխարհում գործող համարեա բոլոր վճռորոշ ուժային կենտրոնների եւ մոտելների հետ: Այդ կապերը ոչ միայն ուղղահայեաց եւ հորիզոնական են, այլ նաեւ անկանոն, խաչաձեւ բնոյթ են կրում ու իբրեւ հետեւանք մեծապէս զգալի են երկրի ու ժողովրդի կեանքի ամենատարբեր ոլորտներում:

Կարող ենք թուարկել մի քանիսը` ժողովրդի կողմից ազգային անվտանգութեան հիմնադրոյթների սրուած  ընկալում, գաղտնի ծառայութիւնների առաւել աշխուժ աշխատանք, օտար ազդեցութիւններին ենթարկուածութեան մեծ աստիճան, քաղաքական դաշտի անկատարութիւն եւ այլն: Այսպիսով` ներկայ իրավիճակի առաջին բնութագրիչը` Հայաստանի` Միջին Արեւելքում եւ Հարաւային Կովկասում առանձնակի շփման տարածք հանդէս գալու հանգամանքի մէջ է:

Երկրորդ բնութագրիչը` Հայաստանի անքլաւային վիճակն է, անքլաւ քաղաքական եւ տարածքային իմաստով, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Մեր իրավիճակի առանձնայատկութիւններից է սա, որ լինելով քաղաքակրթական եւ քաղաքական ամենատարբեր ազդեցութիւնների կիզակէտում, Հայաստանն այսօր եւս շարունակում է մնալ անքլաւ քաղաքական, հաղորդակցական եւ մշակութային առումներով:

Մենք ստիպուած ենք փոքր բացառութիւններով ամրագրել մեր մշակութային եւ քաղաքական ընկալումների ու առաջնահերթութիւնների  տարբերութիւնը տարածաշրջանի համարեա բոլոր ժողովուրդներից:

Իրավիճակի երրորդ կարեւոր բնութագրիչը` հայ ժողովրդի աշխարհասփիւռ լինելն է: Ազգային մեծ ողբերգութեան` Ցեղասպանութեան եւ անկախ պետականութեան կորստի հետեւանքով  տարբեր երկրներում առաջացած համայնքները տասնամեակների յամառ ու հերոսական աշխատանքի շնորհիւ ստացել են կազմակերպական ձեւ` սփիւռք:

Հայաստանի անկախութեան վերականգնումից յետոյ սփիւռքահայութեան դերն ու կշիռը նոր իմաստաւորում ստացան քաղաքական եւ տնտեսական բնոյթի աշխարհաքաղաքական բարդ զարգացումներում:

Իրավիճակի այս երեք բնութագրիչների վերլուծութիւնը յանգեցնում է եւս մի քանի հաստատումների, որոնցով պարտաւոր ենք առաջնորդուել Հայաստանի համապարփակ  քաղաքական ուղեգիծը մշակելիս.

Այս երեք բնորոշիչները  փոխադարձաբար ներթափանցուած եւ շաղկապուած  են միմեանց ամենատարբեր  հարթութիւններում` տեղեկատուական դաշտից մինչեւ  մշակութային եւ տնտեսական ոլորտներ:

Այդ բնորոշիչներում, հայ ժողովրդի ազգային շահի տեսանկիւնից դիտարկելիս, երեւում են ինչպէս ռիսքային, այնպէս էլ դրական զարգացումների հնարաւորութիւնները:

Հայաստանում դրական  մեծ արդիւնք կարելի է ակնկալել միմիայն համահայկական ընդգրկումով եւ հայ ժողովրդի ամբողջական հնարաւորութիւններն օգտագործելու պարագայում: Յատկապէս վերջին հաստատումը ինքնըստինքեան յանգեցնում է կարեւորագոյն խնդրի` հայ ժողովրդի ամբողջական ներուժի գնահատման մեքանիզմների անհրաժեշտութեան գիտակցմանը:

Ժամանակակից աշխարհը պետութիւններից  եւ ազգերից պահանջում է սեփական ներուժի առաւելագոյն կենտրոնացում, օգտակար  գործողութեան գործակցի համաչափ բարձրացում, դրանց բանական ու նպատակային  կիրառում: Այժմ մենք կանգնած ենք ջրբաժանի առջեւ եւ այլեւս իրաւունք չունենք կատարելու անպատրաստ ու անզգուշ շրջադարձեր:

Անթոյլատրելի է շարունակել իրադրային վիճակներին համակերպուելու քաղաքականութիւնը: Կամ պիտի հաստատենք մեր արժանապատիւ տեղն ու դերը աշխարհում, կամ հակառակ պարագայում ճակատագիրը մեզ «ողորմածաբար» շնորհելու է այլ հզօր ժողովուրդների արժէքներին սպասարկողի ու ծառայողի դերակատարութիւն:

(30 յունուար, 2012)

Share this Article
CATEGORIES