ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԻ ԿԵՐՊԱՐԸ` ԱՐՈՒԵՍՏՈՒՄ ԵՒ ԱՅԼ ԲՆԱԳԱՒԱՌՆԵՐՈՒՄ
1880-ականներին Ս. Փեթերսպուրկում բնակւում էր հայ նշանաւոր գրականագէտ, պատմաբան Կարապետ Եզեանը, (Եզով)ով մտահոգուած լինելով, որ հայ ժողովուրդը չունի իր շատ արժանի գործիչների լուսանկարները` միջոցներ է գտնում եւ տրամադրում այդ գործիչների դիմապատկերները ստեղծելու եւ դրանք տարածելու համար: Լինելով հայրենասէր ու ազգանուէր մարդ` նա չէր կարող հանդուրժել այն, որ ֆրանսացիներն ունեն Նափոլէոնի դիմանկարը, իտալացիները` Կարիպալտիինը, իսկ հայերը չունեն յատկապէս ազգային հերոս Վարդան Մամիկոնեանի պատկերը:
Սուրբ Վարդանի երեւակայական դիմապատկերը մտքի մէջ` մի գեղեցիկ օր Եզեանը Ս. Փեթերսպուրկի հայկական եկեղեցում նկատում է գեղեցիկ, խաժակն, գանգուր մազերով եւ փոքրիկ մօրուքով մի երիտասարդի` հայկական առնական դիմագծերով: Հետաքրքրութիւնից մօտենում եւ հարցնում է նրա ով լինելը: Պարզւում է` ղարաբաղցի ուսանող է: Եզեանը նրա դիմագծերի մէջ տեսնում է հայ հին իշխանների ու հերոսների մարմնաւորումը եւ խնդրում է նրան իր հետ գնալ գեղանկարիչ Ստեփան Ներսիսեանի մօտ, ով մինչ այդ արդէն նկարել էր Մեսրոպ Մաշտոցի հանրայայտ դիմանկարներից մէկը (որպէսզի շփոթ չստեղծուի, ասենք, որ Մեսրոպ Մաշտոցն ունի մի քանի ծանօթ դիմանկարներ, որոնցից մէկի հեղինակը Հրաչեայ Ռուխկեանն է, որին «Ազդակ»-ը ժամանակին անդրադարձել է):
Ղարաբաղցի երիտասարդի եւ գեղանկարչի ծանօթութեան արդիւնքում ծնւում է թիկնոցը կրծքին սեղմած Վարդան Մամիկոնեանի` սաղաւարտով ծանօթ դիմապատկերը: Նկարելուց առաջ նկարիչը սպարապետի հագուստի համար դիմում է մի թանգարանի աշխատակիցների, ովքեր բնորդին հագնելու համար հագուստ են տրամադրում, սակայն հայ զօրավարի սաղաւարտի փոխարէն սխալմամբ շարքային հռոմէացի լեգէոնականի սաղաւարտ են տալիս: Սխալը յայտնաբերւում է այն ժամանակ, երբ դիմանկարն արդէն պատրաստ է լինում: Ստեփան Ներսիսեանը ստիպուած փետուրներ է աւելացնում դրան` այն աւելի համապատասխանեցնելով զօրավարի սաղաւարտին, որ կայ պատմութեան մէջ: Բայց այս հանգամանքը խոչընդոտ չի դառնում, որպէսզի ժողովուրդը հէնց այդ կերպարով էլ ընդունի ու աստուածացնի իր սպարապետին:
«Ուղղել այդ սխալը` նշանակում է ժողովրդի սրտից ու մտքից խլել այն պատկերը, որին նա դարերով կապուած է եւ հաւատում է», արդէն հետագայում Վարդան Մամիկոնեանի արձանը ստեղծելիս այսպէս էր մտածում հայ մեծ քանդակագործ, նկարիչ Երուանդ Քոչարը: Երեւան քաղաքում 1975 թուականին տեղադրուած Վարդան Մամիկոնեանի արձանը Քոչարը ստեղծել է օգտուելով Ստեփան Ներսիսեանի կատարած դիմանկարից` գիտակցաբար պահպանելով Վարդան Մամիկոնեանի թէ՛ սաղաւարտը, թէ՛ զգեստաւորումը:
Շատ դժուար էր Խորհրդային Միութեան տարիներին Վարդան Մամիկոնեանի արձանի կերտումը. դա համարձակ մի քայլ էր, որը կատարեց Քոչարը, այնպէս, ինչպէս համարձակօրէն կերտեց հայ արձանագործութեան գլուխ գործոցներից Սասունցի Դաւիթի արձանը: Շատերը նոյնիսկ Քոչարին բարեկամաբար խորհուրդ են տուել` հրաժարուել Վարդան Մամիկոնեանի արձանը կերտելու մտքից: Բայց, միանգամայն վստահ իր ուժերին, Քոչարն այնուամենայնիւ ձեռնարկում է մեր պատմութեան բոլոր դարերի մեծագոյն հերոսներից մէկին արձանի միջոցով անմահացնելու գործը:
Մտավախութիւն կար, որ նա կարող է կրկնել Սասունցի Դաւիթի արձանը` միայն փոխելով կերպարը, քանի որ ձիարձան ստեղծելը այդքան էլ հեշտ գործ չէ: Ինքն էլ, չցանկանալով արածը կրկնել, Վարդան Մամիկոնեանին կերտելիս առաջնորդուել է այլ սկզբունքներով: Հրաժարուելով արձանի մէջ ի ցոյց դնել Վարդան Մամիկոնեանի ներքին կերպարը, բնաւորութիւնը, քանդակագործը (ինքն էլ հետագայում խոստովանել է) արձանը ստեղծելիս նախեւառաջ առաջնորդուել է ձեւական սկզբունքներով` երկրորդ տեղ մղելով բովանդակութիւնը:
Ըստ մասնագէտների, Վարդան Մամիկոնեանի ձիարձանը մտայղացման երեք կէտով եզակի է համաշխարհային արձանագործութեան պատմութեան մէջ, ինչպէս եւ ցանկացել էր Վարպետը: Ահա ինչ է գրել Քոչարը Վարդան Մամիկոնեանի արձանի մասին. «Ոչ մի տեղ եւ երբեք ձիաւորի արձանը վերեւից ներքեւ չի իջնում: Այս ինքնատիպ լուծումը կամայական չէ, ես կամեցել եմ ասել` քանի որ զաւթիչները գրաւել են մեր սեւահողերը, դաշտավայրերը եւ մեզ քշել դէպի լեռները, ուրեմն մեր հակահարուածը պէտք է լինէր լեռներից: Դրա համար Վարդանը, իբրեւ արծիւ, վերից է մխրճւում թշնամու բանակի մէջ»:
Իւրօրինակ լուծում է տրուել նաեւ ձիու քանդակին. կենդանու չորս ոտքերը օդի մէջ են, ասես նա լեռներից ցատկում է թշնամու բանակի մէջ:
Օտար արուեստաբանները մէկ անգամ չէ, որ շեշտել են, թէ այս արձանը կերտելի Քոչարը քանդակագործութեան պատմութեան մէջ չիրագործուած հանճարեղ հնարք է կիրառել` նա քանդակել է ձիու սմբակներից ելած ամպակերտ փոշին, (որը արձանի յենարանն է). այդ «քարէ փոշին» բարձրանում եւ հասնում է կենդանու փորատակին:
Եւս մէկ մանրամասնութիւն կայ արձանի վրայ, որի կիրառումը համարձակութիւն էր պահանջում եւ որը հակակրօնական գաղափարախօսութեամբ տարուած խորհրդային հասարակարգում նաեւ վտանգաւոր կարող էր լինել: Սակայն Քոչարը վարպետօրէն իրականացրել է այն` Վարդան Մամիկոնեանի ձիարձանի կերպարի մէջ անմահացնելով նաեւ հայ ժողովրդի տարած կրօնական յաղթանակի գաղափարը, այն, որ Աւարայրի դաշտում հայերի մղած կռիւը ո՛չ միայն հայրենի հողը թշնամուց պաշտպանելու, այլեւ` կրօնական ոտնձգութիւնը չէզոքացնելու համար էր. Քոչարի արձանին աջ կողմից նայելիս նկատում ես մի կողմ պարզած սուրը եւ հակառակ ուղղութեամբ մեկնած ձախ ձեռքը, որոնք խաչի տեսք են տալիս հաւատքի զինուոր հեծեալին:
Հաւանաբար խորհրդային քննադատները չեն կռահել այդ հնարքը` խաչի պատկերը զուտ պատահականութիւն համարելով, այլապէս հեծեալն այսօր ա՛յլ դիրքով նստած կը լինէր ձիուն:
Ինքը` Վարպետը, երկար է մտորել Վարդանի կերպարի շուրջ: Արձանն ամիսների ծնունդ չէր, դրա գաղափարը տարիների ընթացքում է հասունացել Քոչարի մտքում: Առաջին անգամ Վարդանի կերպարին անդրադառնալու առիթ եղել է այն ժամանակ, երբ Քոչարը դեռեւս Ներսիսեան դպրոցի աշակերտ էր եւ` կաւագործական խմբակի անդամ: Մի օր նրա ուսուցիչ Արսէն Շահբազեանը յանձնարարում է հարթաքանդակի ձեւով ստեղծել Մամիկոնեանի դէմքը: Պատանի Քոչարը հեշտութեամբ կատարում է ուսուցչի յանձնարարութիւնը, քանի որ արդէն ծանօթ էր կերպարին. հայրը յաճախ էր իր եւ քոյրերի համար զարմանալի արագութեամբ ճեպանկարում մեծ զօրավարի կիսադէմը: Եւ ահա նրա երազանքը իրականութիւն է դառնում շատ տարիներ անց:
Վարպետն ասել է, որ իր նպատակն է եղել ցուցադրել Վարդանի գիտակցական ինքնազոհաբերումը` յանուն ազգի փրկութեան, ինչն իրեն յաջողուել է:
… Վարդան Մամիկոնեանի դիմապատկերը կերպարուեստում ստեղծել են նաեւ Հայաստանի ժողովրդական նկարիչներ Էդուարդ Իսաբեկեանը, Վահան Խորէնեանը, Գրիգոր Խանջեանը: Խանջեանը «Աւարայրի ճակատամարտը» ծանօթ կտաւից բացի ստեղծել է նաեւ «Վարդանանք» գոբելենը, որն այսօր դասւում է ազգային գանձերը շարքում եւ պահւում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Սուրբ Վարդանի կերպարը տեղ է գտել ո՛չ միայն կերպարուեստում, այլ նաեւ` գրականութեան, պատմագիտութեան, ազգագրութեան, երաժշտութեան, եկեղեցաշինութեան մէջ, ինչպէս նաեւ` թատերարուեստի եւ շարժապատկերային արուեստի մէջ («Ազդակ»-ը ժամանակին անդրադարձել է այս եւ քրիստոնէութեան ընդունման նիւթով Ռոճեր Քուպելեանի «Բիւզանդիայի Արեւելքը» (East of Byzantium) շարժանկարին, որը եօթ տարուց աւել է` նկարահանւում է Հոլիվուտում եւ շուտով պատրաստ կը լինի: Ի դէպ` գլխաւոր հերոսներից մէկին` Տրդատին, մարմնաւորել է Վահէ Պէրպէրեանը):
Հայ պատմագրութեան գլուխ-գործոցներից կարելի է համարել պատմիչ Եղիշէի «Վարդանանց պատմութիւնը»:
Վարդանանց են նուիրուած կաթողիկոսներ Պետրոս Ա. Գետադարձի «Արիացեալք» եւ Ներսէս Դ. Կլայեցու (Ներսէս Շնորհալի) «Նորահրաշ» շարականները:
Հայ ուշ միջնադարեան գրականութեան գլուխ- գործոցներից է Ղեւոնդ Ալիշանի «Պլպուլն Աւարայրի» պոէմը, որի հմայքը մեծ է եղել ժամանակակիցների համար եւ որը ներշնչել է Ռ. Պատկանեանին` գրելու իր «Քաջ Վարդան Մամիկոնեանի մահը» ստեղծագործութիւնը:
Վարդանանց պատերազմի խորհուրդը, հակառակ խորհրդային ոչ բարենպաստ գաղափարական պայմաններին, մեծ է եղել նաեւ խորհրդային հասարակարգի ժամանակ: Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ գրող Դերենիկ Դեմիրճեանը գրել է «Վարդանանք» վէպը. ըստ տեղեկութիւնների, վէպը ստեղծուել է` հայրենասիրական ու մարտական ոգով վարակելու պատերազմի գնացող հայ մարտիկներին:
ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ԵՒ ՄԱՍՈՒՆՔՆԵՐ
Վարդանանց մասունքների շարքում կարեւոր մի ուխտավայր է համարւում Հայաստանի Տաւուշի մարզի Ակնաղբիւր գիւղում Վարդան Մամիկոնեանի տնկած կաղնին, որի մօտից, ըստ աւանդութեան, ռազմի են գնացել հայ զինուորները: Այսօր այդ աւանդոյթը շարունակում են հայոց բանակի զինուորները` ամէն տարի զօրակոչից առաջ հաւաքւում են շրջանի բնակիչները եւ այդտեղից բանակ ճանապարհում իրենց որդիներին: Ժողովրդական այդ արարողութիւնը կոչւում է «Վարդանանց կանչ», որին վերջին տարիներին մասնակից են դառնում նաեւ հոգեւորականներ` հէնց կաղնու մօտ օրհնելով զօրակոչիկներին: Քանի որ կաղնին տապալուած է եւ պահպանուած է միայն հաստաբուն, բայց չորացած կմախքը, կաղնու մօտակայքում վերջին տարիներին կառուցուել է եկեղեցի, որն առանձնակի խորհուրդ է հաղորդում «Վարդանանց կանչ» աւանդոյթին: Կաղնին համարւում է Ակնաղբիւր գիւղի խորհրդանիշը. հէնց այս գիւղի մօտակայքում է Վարդանը մի պահ հանգիստ տուել իր զօրքին եւ իր ձեռքով կաղնի ծառ տնկել, որն ըստ աւանդութեան, ապրել է 1500 տարի:
451 թուականին Տղմուտ գետի ափին տեղի ունեցած ճակատամարտով չի աւարտուել հայ-պարսկական հակամարտութիւնը: Հայկական զօրքի մի մասը` նահանջելով դէպի Արցախ, ճանապարհին թուով չորս ճակատամարտ է տուել պարսիկների դէմ` այժմեան Վայոց Ձորի տարածքում: Այդ ճակատամարտերից ամենախոշորը տեղի է ունեցել Քէօշք անուամբ յայտնի բլրի տարածքում: Ներկայիս Եղէգնաձոր քաղաքի հարաւային մասում գտնուող այդ բլուրում մինչ օրս պահպանուել են բերդի պարիսպները (461 թուականին հայոց կաթողիկոս Գիւտ Անավարզեցու նախաձեռնութեամբ բերդին կից կառուցուել է եկեղեցի` նուիրուած Վարդանանց յիշատակին. եկեղեցին պէտք է դառնար հայ ժողովրդի ազատասէր ոգու պատգամը` հետագայ սերունդներին: Սակայն այսօր պահպանուած են եկեղեցու հիմնաքարերը միայն` Եղէգնաձոր քաղաքի Սուրբ Աստուածածին եկեղեցու բակին կից տարածքում): Քէօշքից հայ զինուորները հասել են Բերդաքար (այժմեան Պռոշաբերդ), ուր տեղի է ունենում երկրորդ ճակատամարտը: Ճակատամարտի զոհերի աճիւններն ամփոփւում են Բերդաքարի մօտ գտնուող գերեզմանոցում եւ այսօր էլ այնտեղ են: Նշուած այս արժէքները Վարդանանց պատերազմից մնացած այն միակ եւ անգին գոհարներն են, որոնք պահպանուել եւ դարձել են սրբատեղիներ:
Վաղ միջնադարից Վարդան Մամիկոնեանին եւ Վարդանանց նուիրուած եկեղեցիներ ու վանքեր են կառուցուել Հայաստանի տարբեր նահանգներում հայկական գաղթավայրերում, հետագայում` նաեւ սփիւռքում («Սուրբ Վարդան», «Սուրբ Զօրավար» անուանումներով), որտեղ ամէն տարի, փետրուարեան այս օրերին ոգեկոչւում է Վարդանանց յիշատակը:
Ճիշդ է` Աւարայրի ճակատամարտը տեղի է ունեցել ոչ փետրուարին, այլ` մայիսի 26-ին, սակայն Վրթանէս Ա. Պարթեւ կաթողիկոսի կողմից 4-րդ դարում հայոց տօնացոյցում Վարդանանց յիշատակի օրը հաստատուել է Բուն Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը` որպէս Նահատակների տօն` ի յիշատակ Վահանանց պատերազմի: 5-րդ դարում տօնը կոչուել է Վարդանանց անունով: Այն ոչ միայն Սուրբ Վարդան զօրավարի տօնն է, այլեւ` Աւարայրի ճակատամարտում զոհուած մարտիկների, որոնք դասուել են Հայ առաքելական եկեղեցու տօնելի սրբերի շարքը եւ կոչւում են Սուրբ Վարդանանք:
Սուրբ Վարդանանց տօնը Հայաստանում նշւում է նաեւ պետականօրէն (ըստ «Տօների եւ յիշատակի մասին օրէնքի») եւ կոչւում է «Բարի գործի եւ ազգային տուրքի օր». այն աշխատանքային օր է:
Հայաստանի Հանրապետութեան պետական պարգեւների, կոչումների եւ շքանշանների շարքում իր տեղն ունի «Վարդան Մամիկոնեան» շքանշանը, որը շնորհւում է հայրենիքի հանդէպ զինուորական պարտքը կատարելիս ցուցաբերած բացառիկ խիզախութեան, ինչպէս նաեւ` բանակաշինութեան եւ զօրքերի մարտական պատրաստութեան ապահովման գործում մատուցած ակնառու ծառայութիւնների համար:
«Վարդան Մամիկոնեան» շքանշանը կրում են կրծքի աջ կողմում` «Տիգրան Մեծ» շքանշանից յետոյ:
Ստեղծուել է 2002 թուականին:
ԿԱՐՄԻՐ ՎԱՐԴԱՆ
Համացանցի «Եու թիուպ» նուագարկչում (Քաջ Վարդան հայերէն որոնողական տեքստով) կարելի է լսել Գուսան Ջիւանու «Քաջ Վարդան» երգը, որտեղ հնչում են Կարմիր Վարդան բառերը: Ժողովրդի մէջ Վարդանը բնորոշուել է տարբեր մակդիրներով` կարմիր, քաջ, հզօր, սուրբ, զօրավար եւ այլն:
Ի դէպ, առաջարկում ենք հրաշալի այս երգը սովորեցնել սփիւռքի հայկական երգչախմբերում եւ դպրոցներում:
Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ


