2014-Ի Մոնտիալ. Ասիոյ Գօտի. Հակառակ Իր Կրած Պարտութեան, Լիբանան Ապահովեց Դ. Հանգրուանի Իր Տոմսը
Երէկ յետմիջօրէին, լիբանանեան ֆութպոլը ապրեցաւ պատմական օր մը` նկատի ունենալով, որ Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը, առաջին անգամ ըլլալով ապահովեց Դ. հանգրուանի իր տոմսը, հակառակ Արաբական Միացեալ Էմիրութիւններէն իր կրած պարտութեան` Ասիոյ գօտիին մէջ տեղի ունեցող 2014-ի Մոնտիալի զտումի մրցումներուն գծով:
Ասիոյ գօտիին մէջ տեղի ունեցող 2014-ի Մոնտիալի Գ. հանգրուանի մրցումները երէկ հասան իրենց աւարտին, երբ կատարուեցան վերջին ճակատումները` հինգ խմբակներուն մէջ:
Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը, որ հիւրն էր Արաբական Միացեալ Էմիրութիւններուն, թէեւ 4-2 արդիւնքով պարտութիւն մը կրեց, սակայն ապահովեց Դ. եւ վերջին հանգրուանի իր տոմսը` նկատի ունենաով, որ նոյն խմբակին մէջ Հարաւային Քորէա 2-0 արդիւնքով յաղթեց:
Լիբանանի համար այս իրագործումը եղաւ պատմական, որովհետեւ անիկա ցարդ չէր յաջողած հասնիլ այս հանգրուանին: Լիբանանի կոլերը նշանակեցին Մահմուտ Ալի (24-րդ) եւ Հասան Մաաթուք (45-րդ): Դաշտին տէրերը իրենց կոլերը նշանակեցին 20-րդ, 38-րդ, 69-րդ եւ 79-րդ վայրկեաններուն:
Այսպիսով, Դ. հանգրուան հասնող խումբերը եղան Իրաք, Յորդանան (Ա. խմբակ), Հարաւային Քորէա, Լիբանան (Բ. խմբակ), Ուզպեքիստան, Ճափոն (Գ. խմբակ), Աւստրալիա, Օման (Դ. խմբակ), Իրան եւ Քաթար (Ե. խմբակ):
Դ. հանգրուանի մրցումները տեղի պիտի ունենան երթուդարձի դրութեամբ:
Իւրաքանչիւր խմբակի (երկու խմբակ) առաջին երկու դիրքերը գրաւող խումբերը պիտի ապահովեն Պրազիլի իրենց տոմսերը, իսկ երրորդ դիրքը գրաւողները պիտի ճակատին իրարու դէմ: Յաղթականը փլէյ-օֆի մրցում մը պիտի կատարէ Հարաւային Ամերիկայի 5-րդ դիրքը գրաւող խումբին դէմ` տոմս մը ապահովելու համար:
Ստորեւ` Բ. խմբակին վերջնական դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Հարաւային Քորէա | 4 | 1 | 1 | 1 | 4 | 13 |
| 2.- Լիբանան | 3 | 1 | 2 | 10 | 14 | 10 |
| 3.- Քուէյթ | 2 | 2 | 2 | 8 | 9 | 8 |
| 4.- Ա. Մ. Էմիրութիւններ | 1 | 0 | 5 | 9 | 14 | 3 |


