Երկիրը Կառուցե՛նք, Երկի՛րը. Փարիզը Կրկին Հիասթափեցնում Է Հայերին

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Ֆրանսայի Սահմանադրական խորհուրդը (Սահմանադրական դատարանը) փետրուարի 28-ին դէմ քուէարկեց ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնելու մասին ծերակոյտի այս տարուայ յունուարի 23-ի օրինագծին` այն համարելով հակասահմանադրական, քանի որ օրինագիծը սահմանափակում է խօսքի ազատութիւնը:

Աշխարհի ամենաանաչառ դատարանի կամ դատաւորի ամենաանաչառ որոշման մէջ անգամ առկայ է քաղաքական դրդապատճառը: Ֆրանսայի Սահմանադրական խորհրդի որոշումը դրա վառ օրինակներից է, որքան էլ հայկական օրինագծի մերժումը իբր խօսքի ազատութիւնը սահմանափակելու մտահոգութեամբ մեկնաբանուի:

Ցեղասպանութիւնների, այդ թւում` Հայոց ցեղասպանութեան յանցագործութիւնը, մարդու իրաւունքների ամենաաղաղակող ոտնահարում է, քանի որ ոչ միայն մարդն է զրկւում Աստծոյ կողմից տրուածից` կեանքից, այլ մի ժողովուրդ ամբողջութեամբ կամ մասամբ դառնում է պետականօրէն ծրագրուած եւ իրականացուած ոճրագործութեան զոհը: Հետեւաբար ցեղասպանութիւնները ժխտելը չի կարելի արդարացնել մարդու իրաւունքների պաշտպանութեան որեւէ այլ իրաւունքով:

Զարմանալին ոչ այնքան ֆրանսացիների կեցուածքն է, որքան` Հայաստանի ու սփիւռքի զգացմունքային արձագանգը: Ե՞րբ պէտք է հասկանանք, որ աշխարհում կան շահեր, որոնց գինը յաճախ այնքան թանկ է, որ կարող է դրա համար զոհաբերուել մի ողջ ժողովրդի ողբերգութիւնը: Ընդ որում, մի քանի անգամ, եթէ այդպէս են պահանջում շահերը:

Ֆրանսայի նախագահ Նիքոլա Սարքոզին 2007թ. նախագահական ընտրութիւնների նախօրէին ֆրանսահայ համայնքին խոստացաւ, որ ընտրուելու դէպքում Հայոց ցեղասպանութեան օրինագծի վաւերացման ուղղութեամբ քայլեր կը ձեռնարկի, սակայն նախագահ ընտրուելուց կարճ ժամանակ անց խորհրդապահական կերպով Անգարա գործուղեց Էլիզէեան պալատի դիւանագէտներից մէկին` թուրքական  իշխանութիւններին վստահեցնելով, որ ինքը մտադիր է անել ամէն ինչ, որպէսզի հայկական օրինագիծը ծերակոյտում «թաղուի»:

Երբ Ուիքիլիքսը հրապարակեց այս գաղտնիքը, հայերը Սարքոզին մեղադրեցին ուխտադրժութեան, անգամ` դաւաճանութեան մէջ, մոռանալով, որ Ֆրանսայի շահերը այդ պահին պահանջում են թաղել հայկական ողբերգութիւնը:

Նոյն Սարքոզին անցնող տարուայ հոկտեմբերին, երբ Երեւանում հրապարակաւ յայտարարում էր, թէ իր երկիրը պատրաստ է քայլեր ձեռնարկել Ցեղասպանութիւնը ժխտելը քրէականացնելու ուղղութեամբ, հայերը Սարքոզիին աստուածացրեցին, համարեցին հայ ժողովրդի բարեկամ, մարդու իրաւունքների պահապան հրեշտակ: Մենք կրկին մոռացանք, որ Ֆրանսայի շահերն են պահանջում դա, այլ ոչ թէ Սարքոզիի ականջը ծակում են Տէր Զօրում եւ մահուան երթերում սպաննուող հայ երեխաների ու կանանց մահուան ճիչերը:

Բայց  ֆրանսական շնականութիւնը կատարեալ չէր լինի, եթէ դրան միանալու չգար Հայաստանի պաշտօնական ու Հանրապետական կուսակցութեան շնականութիւնը: Բաղրամեան 26-ի կրնկի տակ պահուող հեռուստաընկերութիւններն ու երիտասարդ հանրապետականները գովաբանում ու գովերգում էին Հայաստանի ղեկավարութեանը, հեռուստաէկրաններից ու մամուլի ակումբներում փառաբանում Հայաստանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականութիւնը, որի ջանքերով իբր ծերակոյտը յունուարի 23-ին ընդունեց հայկական օրինագիծը: Եւ դա արւում էր առաջին հերթին ոչ այնքան կարեւորելու օրինագծի ընդունումը, այլ համոզելու հայ ժողովրդին, որ հայ-թուրքական արձանագրութիւնները (որոնք պայմանագրեր են) չեն խոչընդոտել Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացը:

Անկասկած, կարեւոր է, շատ կարեւոր է, որ Ֆրանսայի նման ազդեցիկ երկրում եւ ողջ աշխարհում նաեւ, ճանաչուի Հայոց ցեղասպանութիւնը, ինչպէս նաեւ դրա մերժումը կամ ծանակումը (ինչն անում են թուրքերն ու ազրպէյճանցիները պետական մակարդակով) քրէականացուի: Սակայն, միւս կողմից, հայերս պէտք է ձերբազատուենք զգացմունքային հակազդեցութիւնից ու պետութիւնների ու նախագահների հասցէին շռայլելով դաւաճան ու բարեկամ պիտակները:

Հայաստանը միջազգայնօրէն աւելի մեծ յարգանք կը վայելի, երբ մենք արդար երկիր ունենանք: Որքան էլ շահերը գերիշխեն միւս արժէքների նկատմամբ, ժողովրդավարական, ընկերային գետնի վրայ արդար երկիր Հայաստանի ձայնը աւելի լսելի կը լինի միջազգային հանրութեան, այդ թւում` Ֆրանսայի Սահմանադրական խորհրդի համար:

Եւ ուրեմն, մեր միջոցները նախ եւ առաջ պէտք է ծախսենք արդար Հայաստան ունենալու համար, որպէսզի ֆրանսացիներն ու միւս ազգերը հեշտութեամբ չշահարկեն մեր պատմութեան ամենաողբերգական էջը:

Յատուկ «Ազդակ»-ի համար

Share this Article
CATEGORIES