Հողային Պահանջատիրութիւնը 1988-ից Յետոյ. Կորուսեալ Հայաստան Վերադարձի Ճամբան Անցնում Է Արցախով

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

2012թ. փետրուարի 23-25-ը Անթիլիասում, հովանաւորութեամբ եւ մասնակցութեամբ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.-ի, կայացաւ միջազգային խորհրդաժողովը` «Հայոց ցեղասպանութիւն. ճանաչումից հատուցում», վերահաստատեց, որ Թուրքիայի Հանրապետութիւնը օսմանեան Թուրքիայի իրաւայաջորդն է: Միջազգային իրաւունքի տեսակէտից սա նշանակում է, որ ժամանակակից Թուրքիային են պատկանում Օսմանեան կայսրութեան ինչպէս յաղթական, այնպէս էլ ամօթալի ու արիւնոտ էջերը:

Եթէ հայութիւնը ժամանակակից Թուրքիայից ունի հողային պահանջ, ապա պահանջատէրը պէտք է լինի Հայաստանի Հանրապետութիւնը` որպէս միջազգայնօրէն ճանաչուած միակ հայկական պետութիւն եւ նաեւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան իրաւաժառանգորդ: Այսօր Հայաստանը Թուրքիայից հող կարող է ստանալ միայն տեսականօրէն: Նման բան կարող տեղի ունենալ, եթէ.

Առաջին. Հայաստանը պատերազմ է սկսում Թուրքիայի դէմ` իր հողերը ազատագրելու արդարացումով: Հաշուի առնելով Թուրքիայի ռազմական, քաղաքական ու տնտեսական հզօրութիւնները, մարդկային եւ միւս կարելիութիւնները, նրա աճող տնտեսութիւնը, կարելի է պատկերացնել, թէ ինչպիսի ողբերգական ելք կ՛ունենայ այդ պատերազմը Հայաստանի ու հայ ժողովրդի համար:

Երկրորդ. Թուրքիան ներքին խլրտումների եւ խռովութիւնների պատճառով տրոհւում եւ մասնատւում է: Անշուշտ, սա հնարաւոր տարբերակ է, հաշուի առնելով, որ անգամ խոշոր պետութիւնները կարող են փլուզուել, ինչպէս եղաւ Խորհրդային Միութեան հետ: Եթէ Թուրքիան փլուզուի, ապա հայկական հողերը կ՛անցնե՞ն հայերին, երբ այդ շրջանները ունեն փաստացի նոր տէրեր` ի դէմս քրտերի: Ի վերջոյ, հողը նրանն է, ով ապրում է այդ հողի վրայ:

Երրորդ. իրաւական ճանապարհ: Հայաստանը դիմում է միջազգային դատարան եւ հող պահանջում Թուրքիայից: Ամէն իրաւական որոշման տակ կայ քաղաքական ենթահող: Հետեւաբար, եթէ դիմում ես միջազգային դատարան, պէտք է պատրաստ լինես ընդունելու նրա ամէն մի որոշում: Հաշուի առնելով Թուրքիայի միջազգային կշիռը եւ Հայաստանի տկարութիւնը, դժուար չէ պատկերացնել, թէ ինչ որոշում կը կայացնի միջազգային դատարանը:

Եթէ անգամ այսօր Հայաստանը հողային պահանջատիրութեամբ դիմի միջազգային դատարան, ապա տրամաբանական պահանջ կը լինի յաւակնութիւններ ունենալ միայն այն տարածքների նկատմամբ, որոնք մաս են կազմել Հայաստանի Առաջին Հանրապետութեանը` Սուրմալուի գաւառը (Արարատեան դաշտավայրի մէկ հատուածը` Արաքսի աջ ափը, ներառեալ` Մասիսի սարը), Կարսի մարզը եւ Արտահանի մարզի մէկ հատուածը:

Այդ տարածքները Հայաստանը կորցրել է 1920 թուականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում` թուրք (քեմալական)-հայկական պատերազմի հետեւանքով: Ալեքսանդրապոլի 1920 թ. դեկտեմբերի պայմանագրով, որ ստորագրել են մի կողմից Հայաստանի Առաջին Հանրապետութիւնը (Ալեքսանդր Խատիսեան), միւս կողմից` քեմալականները (Քեազիմ Քարապեքիր), «Կարսի նահանգը եւ Սուրմալուն համարւում են վիճելի մինչեւ երեք տարի, որի ընթացքում հայոց կառավարութիւնը կարող է յայտարարել հանրաքուէ` որոշելու այդ նահանգների վերջնական բախտը»: Պայմանագրի երրորդ կէտում ասւում էր, որ «հայերը հրաժարւում են Սեւրի դաշնագրից, յետ են կանչում բոլոր այն յանձնաժողովները եւ ներկայացուցիչներին, որոնք գոյութիւն ունեն Եւրոպայում»:

Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրած ՀՅԴ առաջնորդներին քննադատողները միտումնաւոր կամ չիմացութեան պատճառով մոռանում են, որ Կարսի պայմանագիրը, որը ստորագրուեց 1921 թ. հոկտեմբերին, ապա եւ վաւերացուեց 1922 թ. սեպտեմբերին, աւելի վատն է առաջին հերթին հէնց նրանով, որ Խորհրդային Հայաստանը հրաժարուել է ե՛ւ Կարսի մարզից, ե՛ւ Սուրմալուի գաւառից: 1920 թ. յունուարի 28-ին Օսմանեան կայսրութեան խորհրդարանի ընդունած «Ազգային ուխտ»-ում ասւում էր, որ` «Կարսի, Արտահանի եւ Պաթումի սանճագներում հնարաւոր է անհրաժեշտութեան դէպքում երկրորդ ազատ հանրաքուէի անցկացումը»: Այստեղ ուշագրաւն այն է, որ անգամ «Ազգային ուխտ»-ում, որով Օսմանեան կայսրութեան վերջին խորհրդարանը սահմանում էր ապագայ Թուրքիայի սահմանները, Սուրմալուի գաւառը չի ներառուել Թուրքիայի կազմում:

Հետեւաբար, եթէ Հայաստանի Հանրապետութիւնը հողային պահանջներ ներկայացնի Թուրքիային, ապա միջազգային իրաւունքի տեսանկիւնից իրատեսական է առաջին հերթին Սուրմալուի գաւառի հանդէպ յաւակնութիւնը:

Իրականութեան մէջ Հայաստանը Թուրքիայի հանդէպ ունի՞ որեւէ տարածքային պահանջ: 1991-ից ի վեր, երբ Հայաստանը անկախացաւ, նրա որեւէ կառավարութիւն եւ ոեւէ նախագահ Թուրքիային չի ներկայացրել որեւէ հողային պահանջ, բայց նաեւ չի ստորագրել որեւէ փաստաթուղթ, որով հրաժարւում է ժամանակակից Թուրքիային անցած պատմական հայկական հողերից:

2009թ. հոկտեմբերին 10-ին Ցիւրիխում ստորագրուած Հայաստան-Թուրքիա երկու արձանագրութիւններով (կրկնենք, որ սրանք ոչ թէ արձանագրութիւններ են, այլ` պայմանագրեր, այդ պատճառով էլ պահանջում են երկու երկրների խորհրդարանների վաւերացումը), որի տակ դրուած է արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանի ստորագրութիւնը, Հայաստանը հրաժարուել է տարածքային պահանջներից եւ վերահաստատել ժամանակակից Թուրքիայի սահմանները: Ճիշդ է, այդ արձանագրութիւնները չեն կարող համարուել իրաւական ուժ ունեցող, քանի դեռ դրանք չեն վաւերացուել երկու խորհրդարանների կողմից: Հայաստանը եւ նախագահ Սերժ Սարգսեանը բազմիցս յայտարարել են, որ այդ փաստաթղթերը կը վաւերացուեն, եթէ առաջինը վաւերացնի Թուրքիայի խորհրդարանը:

Այստեղ մէկ ուրիշ կարեկոր իրողութիւն կայ, որը դուրս է մնացել արձանագրութիւնները քննադատող հայ իրաւագէտների, քաղաքական գործիչների ու փորձագէտների ուշադրութիւնից: Հայաստանի գործող իշխանութիւնները, այդ թւում արտաքին գործերի նախարար Նալբանդեանը, ոչ հրապարակային հանդիպումներում անգամ, հպարտութեամբ են նշում, որ իրենց յաջողուել է արձանագրութիւններում խուսափել Կարսի պայմանագրի յիշատակումից: Իրականում, եթէ Հայաստանը վերահաստատում է արդի Թուրքիայի սահմանների անխախտելիութիւնը, ապա չարեաց փոքրագոյնը հէնց Կարսի պայմանագրի յիշատակումն է: Ինչո՞ւ: Որովհետեւ Կարսի պայմանագրի երկրորդ կէտում յստակ ասւում է. «Սոյն պայմանագրում որպէս Թուրքիա հասկացւում են այն տարածքները, որոնք մտած են 1920 թուականի յունուարի 28-ի Ազգային ուխտի մէջ»:

Այսպիսով, եթէ Կարսի պայմանագիրը համարւում է հայերի եւ թուրքերի միջեւ ստորագրուած եւ վաւերացուած վերջին պայմանագիրը, ապա ըստ միջազգային իրաւունքի եւ թուրքական «Ազգային ուխտ»-ի անգամ, Սուրմալուի գաւառը համարւում է քեմալականների կողմից զաւթուած հայկական տարածք:

1921 թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Կարսի պայմանագրի բանակցութիւններին մասնակցող Խորհրդային Հայաստանի պատուիրակութեան ղեկավար Ասքանազ Մռաւեանը քեմալականների ներկայացուցիչ Քեազիմ Քարապեքիրին առաջարկել է Խորհրդային Հայաստանին վերադարձնել գոնէ Սուրմալուն` Մասիս սարով եւ Անին: Ի պատասխան` Քարապեքիրը սպառնացել է անմիջապէս դադարեցնել բանակցութիւնները:

Հայ ժողովրդի խորհրդանիշներ Մասիս սարը եւ Անիի աւերակները հետ ստանալու հնարաւորութեան հարցը շօշափուել է նաեւ 1999 թուականին` ամերիկացիների միջնորդութեամբ, երբ արցախեան կարգաւորման բանակցային գործընթացում քննարկւում էր տարածքների փոխանակման տարբերակը: Այն օրերի Հայաստանի բարձրաստիճան մի պաշտօնեայ իմ հետ զրոյցում պատմեց, որ երբ Միացեալ Նահանգների արտաքին գործերի նախարարի տեղակալ Սթրոպ Թելպոթը Մասիսն ու Անին Հայաստանին վերադարձնելու հարցը շօշափել է Անգարայում, նրան Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնից ուղղակի դուրս են հրաւիրել: Թուրքերը բազմիցս յայտարարել են, որ Հայաստանին անգամ մի բուռ հող չեն վերադարձնի:

Անշուշտ, թուրքի կողմից ասուածը դատավճիռ չէ եւ չի նշանակում, որ հայերը երբեք չեն կարող վերատիրանալ իրենց հողերին եւ իրաւունքներին: Բայց եթէ հայ ժողովուրդը հաւատում է, որ միջազգային-իրաւական ճանապարհով հնարաւոր է հող ստանալ, ապա նաեւ ե՛ւ առաջ Հայաստանը, ե՛ւ նրա իշխանութիւնները պէտք չէ ստորագրեն որեւէ փաստաթուղթ եւ հրաժարուեն հողային պահանջատիրութիւնից: Հայ-թուրքական արձանագրութիւններ գովաբանողները պէտք է գիտակցեն այս պարզ իրողութիւնը:

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանն ու նրա իշխանութեան եօթ տարիների կառավարութիւնները երբեք Թուրքիայից հող չեն պահանջել, բայց նաեւ չեն ստորագրել փաստաթուղթ եւ չեն հրաժարուել ո՛չ Արեւելեան Հայաստանի գրաւեալ տարածքներից` Կարսից, Արտահանից եւ Սուրմալուից, եւ ոչ էլ Արեւմտեան Հայաստանից:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանն ու նրա իշխանութեան տասը տարիների կառավարութիւնները եւս երբեք Թուրքիայից հող չեն պահանջել, բայց նրանք էլ հայկական պատմական իրաւունքներից չեն հրաժարուել: Քոչարեանը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը բերեց Հայաստանի արտաքին քաղաքականութեան օրակարգ ոչ թէ հող ակնկալելու հեռահար նպատակով, այլ առաջին հերթին` որպէս Թուրքիայի նկատմամբ ճնշման լծակ, որպէսզի Անգարան վերջ տայ շրջափակմանը, Երեւանի հետ հաստատի դիւանագիտական յարաբերութիւններ եւ Արցախի հարցում որդեգրի հաւասարակշիռ դիրքորոշում:

Կորուսեալ հայկական հողերը յետ ստանալու յոյսն ու հաւատը Հայաստանը եւ հայ ժողովուրդը կը պահի այնքան ժամանակ, քանի դեռ հող չեն տուել Արցախում: Որեւէ հողային յաւակնութիւն ունեցող ժողովուրդ եւ պետութիւն նախ պէտք է ունեցածը պահի: Եթէ մեր ուզածը հող է, ապա առաջին հերթին պէտք չէ տանք այն հողը, որը մերն է` Արցախը եւ ազատագրուած տարածքները (անկախ միջազգային որակումների, այդ հողը այսօր մերն է, քանի որ այդ հողի վրայ հայ զինուորն է կանգնած): Եւ եթէ տարածքներ տանք Արցախից, ապա բարոյական, պատմական եւ այլ իրաւունքներ չենք ունենայ պահանջել այն հողը, որը հազարամեակներ եղել է հայկական, բայց որի վրայ այսօր կանգնած է թուրք զինուորը:

Կորուսեալ Հայաստան վերադարձի ճանապարհն անցնում է Արցախով:

 

Յատուկ «Ազդակ»ի համար

 

 

Share this Article
CATEGORIES