«Հայեացք»-ի Հարցազրոյցը Ազգային Ժողովի Պատգամաւոր, ՀՅԴ Անդամ Լիլիթ Գալստեանի Հետ. Ընտրութիւնները Ճակատագրական Են Լինելու Հայաստանի Համար

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ.-  Դաշնակցութիւնն ինչպէ՞ս է պատրաստւում առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ամէն անգամ պատրաստւում ենք այն համոզումով, որ կ՛ընթանան արդար, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրութիւններ: Նաեւ` մտածումով, որ ընտրութիւնները կը լինեն գաղափարների փորձարկման հնարաւորութիւն:

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ.- Որքանո՞վ է իրական ձեր մտածումը. օրինակ` ես չեմ կարծում, որ մեր երկրում ընթանայ գաղափարական պայքար:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ես պատահականօրէն չօգտագործեցի «մտածում» բառը: Այս քսան տարիների մէջ մեզ երբեք չի յաջողուել Հայաստանում ունենալ արդար ընտրութիւններ: Մենք ապրում ենք կեղծ իրականութեան մէջ` կեղծ ժողովրդավարութեան պայմաններում, երբ այնքան է նուաստացուած մարդու արժանապատուութիւնը, որ 5 հազար դրամով կարելի է գնել մարդկային ճակատագիր, նաեւ` Հայաստանի ապագան: Այնպէս որ, խաղասեղանին, ես կարող եմ ասել նաեւ` զոհասեղանին, դնում ենք մեր երկրի զարգացման հեռանկարը:

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ.-  Իսկ ո՞րն է պատճառը, որ մեր երկրի նախագահը, էլ վարչապետին չեմ ասում, հրապարակաւ անվերջ խօսում է ազատ ու արդար ընտրութիւնների անհրաժեշտութիւնից:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ինձ համար այնքան հաճելի կը լինէր իմ նախագահին հաւատալը` անկախ նրանից, թէ քաղաքական ո՛ր ուժն է ներկայացնում: Որովհետեւ նա իմ պետութեան խորհրդանիշներից է: Բայց ես յուսահատուելու բազմաթիւ առիթներ եմ ունեցել: Մենք ապրում ենք մի իրականութեան մէջ, երբ հրապարակային խոստումներ ենք լսել սակաւապետերի դէմ պայքարի, փտածութեան նուազեցման կա՛մ թէկուզ մեր կեանքում բարոյական արժէքների ամրակայման ուղղութեամբ, սակայն իրական պատկերը բոլորովին այլ է: Մենք ունենք գնալով աղքատացող, իրաւական առումով անպաշտպան հասարակութիւն: Նաեւ` արտագաղթի ահռելի ալիք, որը զարկերակդ է նօսրացնում: Շարունակում ենք մնալ կիսախառնատեսակ երկիր, որտեղ համաձուլուած են ժողովրդավարական արժէքները եւ մենատիրական կառավարումը: Եւ կիսաարեւելեան, քլանային մեր մոտելով փորձում ենք մեզ ներշնչել, թէ ժողովրդավարական երկիր ենք: Ես ցաւով եմ արձանագրում, որ անկախութեան այս քսան տարիների ընթացքում մենք կարողացանք մեր մէջ այսքան ծառայ ու ստրուկ ունենալ:

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ.- Ըստ իս, վաղուց ունէինք, պարզապէս երեւացին, ու մենք սկսեցինք այդ մասին խօսել:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.-  Բայց մեզ անկախ Հայաստանում առիթ էր տրուած: Առաջին հայեացքից թւում է, թէ 20 տարին փոքր ժամանակահատուած է, բայց 21-րդ դարում արագութիւններն այլ են. 24 ժամն այլեւս 24 ժամ չէ: Եւ ինչպէս մեր վարչապետն է սիրում ասել` մրցունակ լինելու համար ժամանակը մեզ չի սպասում:

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ.- Գուցէ առարկայական է, ինչ-որ բանով պայմանաւորուած է, որ մեր հասարակութեան մէջ այդքան ստրուկներ կան: Բայց այժմ հարցն այն է, թէ տեսնո՞ւմ ենք այն ընթացքը, որ մեր ազգի վերնախաւը, քաղաքական ընտրանին փորձի ստրուկը կոտրել մեր մէջ:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Քաղաքագիտական կանոն է, որ ցանկացած երկրի իշխանութիւն չի կարող իր որակական յատկանիշներով հասարակութեան պատկերն ու նրա արտացոլանքը չլինել: Բայց քաղաքական ընտրանին ունի պատասխանատուութիւն. հասարակութեանը փոխանցել արժէքներ, որոնք կը նուազեցնեն մեր ներսի ստրուկը, մանկուրտը, ծառան: Որովհետեւ «հարց չկայ, շե՛ֆ», «ոնց կ՛ասես, շե՛ֆ» տեսակը պետութեան ողնաշարն է կոտրում:

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ.- Հրազդանի ընտրութիւնները չվկայեցին, թէ մեր ընտրութիւններն արդար են լինելու. ականատեսների հաւաստմամբ, այնտեղ գործի դրուեց ընտրակաշառքի հզօր մեքենան:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.- Ոչ միայն ընտրակաշառքը: Քաղաքական ընտրանին իր վարչական լծակները օգտագործում է ընտրութիւնների ժամանակ: Նախ` հարկային ահաբեկումը, որն ինքնին քաղաքական ահաբեկում է: Նաեւ ընդհանուր ահաբեկումները. մէկին վախեցնում են բանակում գտնուող որդով, մէկին տեղեկանք չեն տալիս, մէկը կրճատման տակ է ընկնում եւ այլն, եւ այլն:

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐԵԱՆ.- Եթէ ձեւաւորուի ընտրակեղծիքների դէմ պայքարի ճակատ, Դաշնակցութիւնը կը միանա՞յ դրան:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ.-  Մենք արդէն այդ գործընթացի մէջ ենք: Համամասնական ընտրակարգի վերաբերեալ մեր շարժումը, փաստօրէն, միասնական օրակարգ ձեւաւորեց ամբողջ քաղաքական դաշտում: Բացի իշխող կուսակցութիւնից: Հիմնադրեցինք նաեւ «Քուէն ուժ է» շարժումը: Մենք նաեւ յայտարարել ենք, որ ազգային օրակարգերի ձեւաւորման շուրջ գաղափարական տարաձայնութիւնները մի կողմ ենք դնում: Թող ճոռոմ չլինի խօսքս, եթէ ասեմ, թէ որքան ճակատագրական են լինելու մայիսեան ընտրութիւնները Հայաստանի համար:

Share this Article
CATEGORIES