Ծառերի Երազանքները

Մի ժամանակ սարի գագաթին կանգնել էին երեք փոքրիկ ծառեր եւ  երազում էին, թէ ի՛նչ պիտի դառնան, երբ մեծանան:

Առաջին ծառը նայեց երկնքում ադամանդի պէս փայլող աստղերին.

– Ես ուզում եմ իմ մէջ գանձ պահել,- ասաց նա,- ուզում եմ ծածկուել ոսկով եւ լցուել թանկարժէք քարերով: Ես կը լինեմ աշխարհի ամենագեղեցիկ զարդատուփը:

Երկրորդ ծառը նայեց դէպի ովկիանոս հոսող գետակին.

– Ես ուզում եմ մեծ առագաստանաւ դառնալ,- ասաց նա,- ուզում եմ ճամբորդել հզօր ջրերով եւ տանել հզօր թագաւորներին: Ես կը լինեմ աշխարհի ամենահզօր նաւը:

Երրորդ ծառը նայեց ցած` դէպի հովիտ, ուր տղամարդիկ ու կանայք աշխատում էին զբաղուած քաղաքում:

– Ես բոլորովին էլ չեմ ուզում հեռանալ այս սարի գագաթից,- ասաց նա,- ես ուզում եմ այնքան բարձր մնալ, որ երբ մարդիկ կանգ առնեն ինձ նայելու համար, բարձրացնեն իրենց աչքերը դէպի երկինք եւ մտածեն Աստծոյ մասին: Ես կը լինեմ աշխարհի ամենաբարձր ծառը:

Անցան տարիներ: Անձրեւներ եկան, արեւը փայլեց, եւ փոքրիկ ծառերը մեծացան: Մի օր փայտահատները բարձրացան սարը: Առաջին փայտահատը նայեց առաջին ծառին եւ ասաց.

– Այս ծառը գեղեցիկ է, սա հէնց իմ ուզածն է:

Նրա փայլուն կացնի հարուածով առաջին ծառն ընկաւ. «Այժմ ես կը դառնամ մի գեղեցիկ զարդատուփ,- մտածում էր առաջին ծառը,- ես հրաշալի գանձ կը պահեմ իմ մէջ»:

Երկրորդ փայտահատը նայեց երկրորդ ծառին եւ ասաց.

– Այս ծառը հզօր է, սա հէնց իմ ուզածն է:

Նրա փայլուն կացնի հարուածով երկրորդ ծառն ընկաւ. «Այժմ ես կը նաւարկեմ հզօր ջրերով,- մտածում էր երկրորդ ծառը,- ես հզօր նաւ կը լինեմ թագաւորների համար»:

Երրորդ ծառի սիրտը դողաց, երբ երրորդ փայտահատը նայեց իր կողմը, նա կանգնել էր ուղիղ եւ բարձր եւ ցոյց էր տալիս երկինքը: Բայց փայտահատը նոյնիսկ վերեւ չնայեց:

– Ցանկացած ծառ յարմար է ինձ համար,- քթի տակ ասաց նա:- Նրա փայլուն կացնի հարուածով երրորդ ծառն ընկաւ:

Առաջին ծառն ուրախացաւ, երբ փայտահատն իրեն բերեց հիւսնի արհեստանոցը, բայց զբաղուած հիւսնը չէր մտածում զարդատուփերի մասին: Դրա փոխարէն նրա` աշխատանքից յոգնած ձեռքերը ծառը դարձրին անասունների համար կերաման: Երբեմնի գեղեցիկ ծառը չծածկուեց ոսկով ու չլցուեց գանձով: Այն ծածկուեց թեփով եւ լցուեց ծղօտով` քաղցած անասուններին կերակրելու համար:

Երկրորդ ծառն ուրախացաւ, երբ փայտահատն իրեն տարաւ նաւաշինարան, բայց հզօր առագաստանաւեր չպատրաստուեցին այդ օրը: Դրա փոխարէն` երբեմնի հզօր ծառին մուրճով հարուածեցին, սղոցեցին եւ դարձրին մի փոքրիկ ձկնորսական նաւակ: Նա շատ փոքր ու թոյլ էր, որպէսզի կարողանար անցնել ովկիանոսով կամ նոյնիսկ գետով. նրան տարան մի փոքր լճակ: Ամէն օր նա կրում էր ձկներով  բեռներ: Երրորդ ծառը շփոթուեց, երբ փայտահատը նրան կտրատեց, դարձրեց գերաններ եւ այդպէս թողեց  իրեն փայտերի պահեստում:

– Ի՞նչ պատահեց,- զարմանում էր երբեմնի բարձրահասակ ծառը,- ես միայն ուզում էի մնալ սարի գագաթին եւ ցոյց տալ Աստծուն:

Շատ օրեր եւ  գիշերներ անցան: Երեք ծառերը գրեթէ մոռացան իրենց երազանքները: Բայց մի գիշեր աստղերի ոսկեփայլ լոյսն ընկաւ առաջին ծառի վրայ, երբ մի երիտասարդ կին իր նորածին մանկանը դրեց կերամանի մէջ:

– Ես կ՛ուզենայի օրօրոց պատրաստել նրա համար,- շշնջաց նրա ամուսինը:

Մայրը սեղմեց նրա ձեռքը եւ ժպտաց, երբ աստղերի լոյսը փայլեց հարթ, դիմացկուն փայտի վրայ:

– Այս մսուրը գեղեցիկ է,- ասաց նա: Եւ յանկարծ առաջին ծառն իմացաւ, որ ինքը պահում էր աշխարհի ամենամեծ գանձը…

Մի երեկոյ  մի յոգնած ճամբորդ եւ  իր բարեկամները լցուեցին հին ձկնորսական նաւակը: Ճամբորդը քնեց, իսկ  երկրորդ ծառը հանդարտ սահում էր լճակի վրայով: Յանկարծ սարսափելի փոթորիկ սկսուեց: Փոքրիկ ծառը դողաց: Նա գիտէր, որ չունի այդքան շատ ուղեւորներ փոթորկի եւ անձրեւի միջով ապահով տանելու զօրութիւն: Յոգնած մարդն արթնացաւ: Նա կանգնեց, պարզեց իր ձեռքն ու  ասաց. «Հանդարտուիր»: Փոթորիկը դադարեց այնպէս արագ,  ինչպէս  որ սկսուել էր: Եւ յանկարծ երկրորդ ծառն իմացաւ, որ տանում է երկնքի եւ երկրի Թագաւորին:

Մի առաւօտ երրորդ ծառը վախից ցնցուեց, երբ իր գերանները հանեցին մոռացուած փայտերի կոյտից: Նա ցնցուեց` իրեն տանում էին գազազած, ծաղրող բազմութեան միջով: Նա դողաց, երբ  իր վրայ սկսեցին գամել մի մարդու ձեռքեր: Նա զգում էր, որ ինքը տգեղ է, կոպիտ, դաժան: Բայց մի կիրակի առաւօտեան, երբ արեւը փայլեց, եւ իր ներքեւում երկիրը ցնցուեց ուրախութիւնից, երրրոդ ծառն իմացաւ, որ Աստծոյ սէրն ամէն բան փոխել է: Ծառը վկայում էր Յիսուս Քրիստոսի յարութեան մասին: Եւ ամէն անգամ, երբ մարդիկ նայում են ծառին կամ խաչին, մտածում են Տիրոջ մասին…

(Թարգմանութիւնը` անգլերէնից, 
Հռիփսիմէ Մկրտչեանի. պլոկըր)

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Share this Article
CATEGORIES