Ծառի Հրաշալի Խորհուրդը

Վաղը Ծաղկազարդի (Ծառզարդարի)  գեղեցիկ խորհուրդն է թեւածելու մեր տներում, բակերում ու եկեղեցիներում: Ձիթենիների եւ ուռենիների օրհնուած ոստերը մէկ անգամ եւս վկայելու են բնութեան զարթօնքի մասին` աւետելով Տիրոջ որդու յաղթական մուտքը Երուսաղէմ:

Ծառը, ծաղկունքը կրկին լինելու են մարդու եւ բնութեան փառաբանութեան ներքոյ:  Հրաշալի է ծառի խորհուրդը. ծառը հայոց մէջ  դարեր շարունակ եղել է սրբութիւն, այդ են վկայում  պատմութեան, գրականութեան եւ արուեստի մէջ ծառին տրուած բացառիկ դերը:

Միայն հայոց սրբազան Սօսեաց անտառի մասին գրուել են բազմաթիւ զրոյցներ, պատումներ, գեղարուեստական երկեր. Սօսեաց անտառում աճած հնամեայ ծառերը տեղ են գտել մեր աւանդազրոյցներում` փոխանցուելով դարէդար ու դառնալով հիմք` գեղարուեստական գրականութեան համար:

Սօսեաց անտառը տեղ է գտել նաեւ հայոց ռազմական պատմութեան մէջ` հայոց արքաներն ու իշխանները յաճախ էին գնում Սօսեաց անտառ եւ տարբեր ծառերի շրշիւնների ներքոյ գուշակութիւններ անում պատերազմների, մարտերի ընթացքի ու աւարտի մասին:

Հայոց բոլոր նշանաւոր անտառները տնկուել եւ դարերի ընթացքում  պահուել են հայ թագաւորների կողմից: Նրանցից է նաեւ մինչեւ օրս կանգուն (սակայն վտանգի ենթարկուած) Խոսրովի անտառը (տնկել է հայոց արքայ Խոսրով Գ. Կոտակը):

Անտառը սուրբ է եղել հայի համար, սակայն նոյնը չենք կարող ասել այսօր: Ծառզարդարի այս հրաշալի նախօրեակին ցաւով ենք յիշում հայոց հրաշալի անտառներից մէկի` Թեղուտի ոչնչացումը, որը համարւում է մեր ժամանակների կանաչ սպանդներից մէկը…

Արքակաղնի

Ըստ հայագէտ, պատմաբան Հայկ Խաչատրեանի, Հայկական Կիլիկիայում, Վահկայի ու Սսի միջեւ, մի վանք է եղել, որ կաղնիներով շրջապատուած լինելու համար կոչուել է Արքակաղնի: Այստեղ է թաղուել Լեւոն Մեծագործ թագաւորի հայր Ստեփանէն: Հայոց հները հաւատում էին, թէ կաղնու տերեւները օգնում են, որ մարդու ձայնի արձագանգը երկար մնայ օդում: Դրա համար էլ այս վանքում երաժշտութիւն էին ուսուցանում եւ Արքակաղնին հռչակուած էր նաեւ որպէս հայկական երաժշտանոց: Այս վանքում է ուսումն առել մեծ առակագիր Վարդան Այգեկցին:

Արքակաղնին յայտնի էր ոչ միայն իր կաղնիներով, այլեւ` հրաշալի այգիներով ու ծաղկանոցներով: 13-րդ դարի անզուգական տաղերգու Յովհաննէս Երզնկացի Պլուզը գրում է, որ Արքակաղնին լեռնային դրախտ է` պտղալից ձիթենիներով, պարարտապտուղ նռնենիներով, կարմրաբերք խնձորենիներով, կարմրափայլ վարդերով, մաքրամաքուր մանուշակներով ու շուշաններով:

Կաղնու Նման Երկար Կեանք

Աղստեւի հովտում, Գոշավանքի շրջակայքում  շատ են հնաբուն կաղնիները: Մխիթար Գօշը սիրում էր իր առակները գրի առնել այդ կաղնիներից մէկի տակ: Սաներից մէկի այն հարցումին, թէ ի՞նչ խորհուրդ ունի դա, Մխիթար Գօշը պատասխանել է.

– Կաղնու տակ եմ գրի առնում, որպէսզի իմ առակները կաղնու պէս երկար կեանք ունենան:

Ոչ միայն կաղնին ու սօսին, այլ նաեւ բարտին է տեղ գտել հայոց պատմութեան մէջ.  երգեր ու առածներ են հիւսուել բարտու մասին: Կրկին ըստ հայագէտ, պատմաբան Հայկ Խաչատրեանի, մեսրոպատառ, հնամեայ մի ձեռագիր մատեանում գրուած է, որ հայոց բարտիները ծնունդ են առել բռնակալ Բէլի դէմ կռուի ժամանակ զոհուած հայ զօրականների արիւնից: Դրա համար էլ նրանք նման են զօրաշար կազմած կամ միայնակ մնացած զինուորների: Անտառ չեն կազմում, որովհետեւ Հայկ Նահապետի զինուորները փոքրաթիւ են եղել. «Բայց մենակ լինեն, թէ շարքի մէջ` յաղթողի պէս բարձր են պահում իրենց գլուխները: Պերճահասակ են, ճերմակաբուն, սաղարթաճոխ, գեղեցկադէմ: Գարնանը բարտու սերմերը տերեւներից բեկւում եւ քամու բերանն ընկած ձեան փաթիլների պէս օդում ճօճուելով` հայկական հողից հայկական հող են ընկնում, ծլում ու բարտի դառնում», գրում է պատմաբանը:

Հայոց Երուանդունի արքաներն ամէն տարի բարտու զուարճատօն են կազմակերպել: Հաւաքուել են դպրութեան Աստծոյ բոլոր նուիրեալներն  ու իրենց երգերը ձօնել բարտի ծառին: Լաւագոյն  բարտիձօները մրցանակ են շահել:

Ահա գեղեցիկ մի աւանդապատում` բարտու մասին.

Տարատերեւ Բարտի

Հնում ուռենին գեղանազ աղջիկ է եղել, իսկ բարտին` սիգաճեմ պատանի: Նրանք սիրում էին իրար: Բայց մի իշխանաւոր որոշում է բարտու գրկից խլել ուռենուն եւ կնութեան առնել: Փախչելով բռնաւորից` ուռենին ու բարտին մտնում են Արաքս գետը եւ լողալով հեռանում հայրենի եզերքներից: Իշխանը, շարժուելով գետեզերքով, ընկնում է նրանց ետեւից: Տղան ու աղջիկը գիտէին, որ հէնց  ափ դուրս գան, բռնաւորի ձեռքը կ՛ընկնեն: Բայց եւ այնպէս հեռու գնալ չկարողացան, ուժասպառ եղան եւ Մեղրի աւանի մօտ դուրս եկան գետից: Տղան գիրկն առաւ  աղջկան եւ իր քղամիդի տակ այնպէս ծածկեց նրան, որ երբ բռնաւորը մօտեցաւ, ուռենուն չտեսաւ: Կարծելով, թէ աղջիկը շարունակում է լողալ ջրում, իշխանը սկսեց չափչփել գետեզերքը: Գնաց հասաւ ծովափ, ետ եկաւ Մեղրի եւ մնաց զարմացած: Տղայի գետափ դուրս եկած տեղում մի բարտի էր խշշում: Աղջիկն ու տղան, սիրոյ ուժով, գիրկընդխառն, բարտու կերպարանքով ծառ էին դարձել:

Հիմա Մեղրիում  տարատերեւ շատ բարտիներ կան, որ ըստ աւանդոյթի, վերընձիւղուել են այդ ծառից: Ճաքճքուած կեղեւով նոյն ծառի վրայ կան ե՛ւ ուռենու, ե՛ւ բարտու ամենաբազմազան ձեւի տերեւներ:

Մեղրու տարատերեւ բարտին հայոց ծառաշխարհի հրաշալիքներից է:

Ծիրանի Կորիզը` Իբրեւ Աւար

Հայոց Տիգրան Մեծ թագաւորի գահակալութեան ժամանակ հռոմէական զօրավար Լուկուլլոսն իր բանակով Հայաստան էր խուժել եւ ուզում էր նուաճել երկիրը: Մեր թուարկութիւնից առաջ 68 թուականին տեղի ունեցաւ Արածանիի նշանաւոր ճակատամարտը, որտեղ հայերը Տիգրան Ծիրանակիրի գլխաւորութեամբ ջարդեցին Լուկուլլոսին ու նրա լէգէոնականներին: Բայց հռոմէացիները ձեռնունայն չհեռացան Հայաստանից: Լուկուլլոսի հրամանով նահանջող լէգէոնականները, որպէս աւար, իրենց գրպանները լցրին ծիրանի կորիզներով եւ հետները հասցրին Հռոմ: Շատ չանցած` Հռոմում ու նրա շրջակայքում մի քանի ծիրանուտներ կանաչեցին: Այստեղից էլ ծիրանը տարածուեց մօտ ու հեռաւոր երկրներում  եւ 18-րդ դարում  հասաւ Ամերիկա:

Արշիլ Կորքի. «Ես Յաճախ Եմ Նկարում
Մեր
Պարտէզները»

«Վերջերս միտքս կլանուած է Հայաստանի ծիրանների բուրմունքով, որ թէեւ աշխատանոցիս մէջ չկան, բայց ես հոտոտում եմ իմ ուղեղով այնքան վստահ, որքան երբ մագլցում էի մեր այգու ծառերը: Հիմա նրանք ծփում են գործերիս մէջ` որպէս նուրբ գեղեցկութեան համեստ ծնողներ: Նրանք հորիզոնի վրայ լռութեամբ պարող, մայր մտնող բազմաթիւ արեւներ են եւ բացուող թերթերը ծաղիկների, որոնք պարում են տաք տերեւների վրայ, բնութեան մեծ հանդէսին նրա լուռ հիացմունքի ներքոյ® Ծիրանների բուրմունքը մեր դաշտերի® Ես յաճախ եմ նկարում մեր պարտէզները եւ վերստեղծում` նրանց կանաչութիւնն ու կեանքը, կարո՞ղ է արդեօք մէկը մոռանալ այն հողը, որից ծագել է® Իմ գործերում ես ուղղակի ձգտում եմ արթնացնել մեր ժողովրդի բանահիւսութիւնը, մեր հայրենիքի ֆիզիքական գեղեցկութիւնը® Լինում են ժամանակներ, որ մտքումս միայն հայրենիքն է: Կարո՞ղ են Ռուսաստանի եւ  Չինաստանի լայնարձակութիւնները հասնել Արարատի հզօր գագաթին: Արարատի ներկայութեամբ կարելի է լսել չորոտացող որոտի ձայնը, զգալ երկրի շարժումը, երբ երկրաշարժ չկայ: Արարատը մեր բնութեան ուղեղն է: Հայի հոգին նրա գագաթին է, եւ մենք պէտք է հասկանանք այս, որպէսզի ձեռք բերենք հայ ծնուած լինելու իրաւունքը»: Արշիլ Կորքի

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

Share this Article
CATEGORIES