Կորցնելու Քիչ Բան Է Մնացել

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ

Պատկերացրէք այսպիսի իրավիճակ` սեղանի շուրջը նստած խաղացողներ, արուած խաղադրոյքներ` լուրջ խաղադրոյքներ: Բոլորի դէմքերը քար են կտրել, բացառութեամբ տիլըրի, որը խաղաթղթերն է բաժանում: Նա անընդհատ անհանգիստ շարժւում է, քրքջում, աջուձախ ընկնում եւ յոգնեցնում բոլորին արդէն անտանելի դարձած խօսակցութիւնով: Նա կրքոտ համոզում է, որ ինքը ստահակ չէ, որ իրեն մեղադրել խաբէութեան մէջ պարզապէս գեղեցիկ չէ, յատկապէս` համաշխարհային ֆինանսական ճգնաժամի եւ կլիմայական անբարենպաստ փոփոխութիւնների պայմաններում:

Միւսները խոժոռ դէմքերով լռում են: Տիլըրը նեարդայնօրէն խառնում է խաղաթղթերը եւ ասում, որ բոլոր անցած անգամները, երբ բացայայտել են իր խաբէութիւնները, պատահականութիւն է եղել, չարակամօրէն ոչինչ չի արել: Պարզապէս ինքը շատ նախաձեռնող է: Իսկ ստահակութիւնը չնչին բան է: Ասում էք` խաղաթղթերը նշուա՞ծ են: Դա ազգային հոգեկերտուածքի հետեւանք է: Փոխարէնը ի՜նչ յաւակնոտ ծրագրեր ունի: Յետոյ ինչ, որ մի երկու անգամ տուզը թեւքի մէջ է պահել, չէ՞ որ դա չէր կարող ազդել խաղի վերջնական արդիւնքի վրայ, ճի՞շդ է: Ինքը նաեւ ընկերներ ունի Եւրոպայում, եթէ հարկ լինի` նրանք կը հաստատեն:

Իսկ իրեն չհաւատալ չի կարելի` միջազգային լարուած իրադրութիւնը թոյլ չի տալիս: Այնպէս որ` իրեն անպայման հարկաւոր է հաւատալ,  եւ ինքը այդ ժամանակ արագ դէպի լաւը կը փոխուի: Միջազգային իրավիճակը` նոյնպէս: Ահա այդ խաղը կը լինի ամենալաւը` ամենաազնիւ ու ամենաթափանցիկ խաղն աշխարհում: Ոչ, ինքը, ի հարկէ, դարձեալ կը յաղթի, եւ այս անգամ, եւ յաջորդ, բայց բացարձակապէս ազնուօրէն, այ կը տեսնէք:

Նստածների մօտ այդ դատարկ խօսակցութիւնն արդէն սրտխառնոց է առաջացրել, որովհետեւ մօտաւորապէս նոյն բանը լսում են ամէն խաղից առաջ: Իրենք վաղուց դուրս շպրտած կը լինէին տիլըրին, սակայն պատերի մօտ կանգնած են նրա` պուլտոկի մռութներով թիկնապահները, իսկ խաղասրահի պատերից այն կողմ` «թափով» ընկերները: Հէնց խաղասրահն էլ, ասում են, վաղուց սեփականաշնորհուել ու մասնակի վարձակալութեան է տրուել այդ` պատից այն կողմ եղած ընկերներին:

Եթէ միւս խաղացողները չեն ցանկանում իրենց մէջ սպաննել յոյսը, չեն ցանկանում թողնել ամէն ինչ ու հեռանալ, միայն մէկ ելք ունեն` նրանք պէտք է յիշեն հիասքանչ Ճենիս Ճոփլինի «Freedom՛s just another word for nothing left to lose» («Ազատութիւնն այն է, երբ կորցնելու բան չունես») հիասքանչ երգի խօսքերը: Ժամանակն է հասկանալ, որ մեզ մնացել է կորցնել սեփական արժանապատուութիւնը եւ հայրենիքը: Ուրեմն` ազատութիւնն արդէն մօտ է:

ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
ՀՅԴ Բիւրոյի անդամ
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան
ղեկավար

«ԵՐԿԻՐ»

Share this Article
CATEGORIES