Յիշենք Ու Յիշեցնենք
Շուրջ ամիս մը առաջ էր, որ Պաքուէն մինչեւ Պոլիս եւ Պոսթըն, թուրք եւ ազերի քարոզչական մեքենան բողոքի ցոյցերով, կեղծ լուսանկարներով, անհիմն պնդումներով աշխարհին կը յիշեցնէր եւ արդարութիւն կը պահանջէր «Խոջալուի ցեղասպանութեան» համար:
Մէկ կողմ թողելով Խոջալուի դէպքի հանգամանքներուն մանրամասնութիւններէն զայն «ցեղասպանութիւն» անուանելու անհեթեթութիւնը, անհանդուրժելի է այդ «ելոյթներ»-ուն աջակցած մարդկային ողբերգութեան համար ցաւակցողներուն լկտիութիւնը:
«Խոջալու»-ի կողքին ոչ մէկ տեղ կար Պաքուի, Սումկայիթի, Կիրովապատի (Գանձակ) փոկրոմներուն: Բայց անոնք ո՛չ մեզի հաշուետու են, ո՛չ ալ յիշեալ ջարդերու զոհերուն:
Սակայն մենք հաշուետո՛ւ ենք, պարտակա՛ն ենք, պարտաւո՛ր ենք եւ կարիքը ունինք աշխարհին յիշեցնելու այդ ոճիրները, որոնց շարքին` նաեւ Մարաղայի ջարդը:
Կարիքը ունինք յիշեցնելու…
Որպէսզի սուտին ու կեղծիքին ձայնի բարձրութիւնը չխեղդէ ճշմարտութեան կանչը:
Որպէսզի դահիճին բարձրաձայն ողբն ու կոծը աշխարհին հայեացքը չշեղեն անմեղի ծով արիւնէն:
Որպէսզի այս անհեթեթ աշխարհի այս խառնաշփոթ ժամանակներու այս անստուգելի տուեալներու օրերուն, օր մը չարթննաք տեսնելու, որ յանկարծ ճիւաղը հռչակուած է զոհ, իսկ զոհը` ջարդարար:
Բայց յիշեցնելու համար նախ հարկ է յիշել…
Ճ.
ԼՂՀ Արտաքին Գործերի
Նախարարութեան Մեկնաբանութիւնը
Մարաղայի Ողբերգական
Իրադարձութիւնների Կապակցութեամբ
Ազրպէյճանա-ղարաբաղեան հակամարտութեան պատմութեան մէջ, որն առատ է Ազրպէյճանի կողմից թոյլ տրուած դաժանութեան եւ վանտալիզմի բազմաթիւ փաստերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Մարտակերտի շրջանի Մարաղա գիւղի դէպքերը մէկն են սատիզմի եւ գազանաբարոյ վարքի այն ամենածայրայեղ դրսեւորումներից, որոնք երբեւէ յայտնի են եղել մարդկութեանը:
1992 թուականի ապրիլի 10-ին, երեք ժամանոց հրետանային նախապատրաստութիւնից յետոյ Ազրպէյճանի կանոնաւոր բանակի ստորաբաժանումները ազրպէյճանական Միր-Բաշիր (այժմ` Թարթառ) բնակավայրից ներխուժեցին Մարաղա` ղարաբաղեան այդ խաղաղ գիւղը: Յարձակումին զոհ գնացին 100-ից աւելի մարդիկ, հիմնականում` կանայք, երեխաներ, ծերեր: Տասնեակ մարդիկ դարձան պատանդներ, ոմանք հետագայում փոխանակուեցին, սակայն շատերի ճակատագիրն էլ առ այսօր մնում է անյայտ: Մօտ երկու շաբաթ անց, ապրիլի 22-23-ին Մարաղան ենթարկուեց կրկնակի յարձակման, մոխրացած հայրենի գիւղ վերադարձած մարդիկ ստիպուած եղան ընդմիշտ հեռանալ այնտեղից:
Հիւսիսային Արցախում, Պաքւում, Սումկայիթում, Կիրովապատում (Գանձակ) եւ Ազրպէյճանի այլ բնակավայրերում իրականացուած հայկական ջարդերից եւ բռնատեղահանումներից յետոյ յաջորդ քայլը դարձան Մարաղայի յանցագործութիւնները, որոնց նպատակն էր վախեցնել մարդկանց եւ զրկել նրանց հայրենի հողում ապրելու հնարաւորութիւնից: Մարդկային ողբերգութեան խորութեամբ, դաժանութեան աստիճանով, բռնութեան ենթարկուած եւ պատանդ վերցուած անձանց թուաքանակով` Մարաղայի դէպքերը առանձնակի տեղ են զբաղեցնում այն արիւնահեղ յանցագործութիւնների շարքում, որոնք 1991-1992 թուականների ազրպէյճանական ագրեսիայի շրջանում իրականացրել է Ազրպէյճանը Գետաշէնում, Մարտունաշէնում, Բուզլուխում, Էրքեջում եւ ԼՂՀ հիւսիսի այլ հայաբնակ վայրերում:
Մի քանի օր անց ողբերգութեան վայր եկած` բրիտանական խորհրդարանի փոխխօսնակ, պարոնուհի Քերոլայն Քոքսին ցնցել էր շուրջը տիրող պատկերը: «Նրանք մարդկային ցեղից չեն», այսպէս է արտայայտուել լէյտի Քոքսը ազրպէյճանցի զինուորականների մասին, որոնք սպանդ են իրականացրել: Պարոնուհին ոչ միայն նկարահանել եւ լուսանկարել է այդ գազանութիւնները, այլեւ նկարագրել է իր բազմաթիւ հարցազրոյցներում եւ «Ցեղային զտումները շարունակւում են» գրքում:
«Այն, ինչ տեսանք մենք այնտեղ, անհնար է նկարագրել: Գիւղն ամբողջովին աւերուած էր, աւելի ճիշդ` ջախջախուած: Մարդիկ յուղարկաւորում էին զոհուածներին, աւելի ճիշդ` այն, ինչ կարելի էր հողին յանձնել` կտրտուած եւ սղոցուած մարմինների, ողջակիզուածների եւ տանջամահ արուածների աճիւնները: Մենք տեսանք արնաթաթախ սուրսայր մանգաղներ, որոնցով անդամահատել էին մարդկանց: Մարաղայի բնակիչներին սպաննելուց յետոյ ազրպէյճանցիներն այնուհետեւ կողոպտել եւ հրկիզել են գիւղը: Ի դէպ, մեզ պատմեցին, որ զինուորներից յետոյ գիւղն են լցուել նաեւ ճամպրուկներով քաղաքացիական անձինք, որոնք աւարտին են հասցրել կողոպուտը. մենք տեսանք գետնին ընկած լիքը լցուած մի քանի պայուսակներ, որոնք դիակապուտներին չէր յաջողուել տանել հետները», վկայում էր Քերոլայն Քոքսը:
Հրաշքով ողջ մնացած ականատեսը` Սեդա Պօղոսեանը պատմում է. «Կանայք, ծերերը եւ երեխաները թաքնուել էին նկուղներում եւ պլինտաժներում: Երրորդ օրը` 1992 թուականի ապրիլի 10-ին ազրպէյճանցիները մտան գիւղ: Նրանցից մի քանիսը սկսեցին մօտենալ այն պլինտաժին, որտեղ ես էի հարսիս` Մարինէի եւ երկու մանկահասակ թոռներիս` 4-ամեայ Կարէնի եւ 2-ամեայ Վիգէնի հետ: Ազրպէյճանցիները կարգադրեցին դուրս գալ: Աստիճաններով առաջինը սկսեց բարձրանալ ծերունի Սաշան, նրա յետեւից` Ասեան եւ Զապելը: Հէնց որ մարդը դուրս ելաւ պլինտաժից, նրան տեղնուտեղը սպաննեցին: Հարսս, երեխաներին թողնելով ինձ մօտ, նոյնպէս սկսեց վեր բարձրանալ աստիճաններով: Ազրպէյճանցին, որ պատրաստ պահել էր դանակը հարուածելու համար, կանգ առաւ եւ սկսեց նրանից պոկել թանկարժէք զարդերը: Յետոյ պատառոտեց նրա զգեստը: Նա սկսեց վազելով փախչել, ազրպէյճանցին` նրա ետեւից: Պլինտաժի ելքն ազատ էր: Մարդիկ նետուեցին դէպի դուրս: Նրանց նկատեցին թալանով զբաղուած ազրպէյճանցիները եւ վրայ հասան սպաննելու` կացիններով, դանակներով, գերանդիներով: Իսկոյն մորթուեցին Մասեա եւ Ռուբէն Անանեանները: Տեսայ` դահիճներից ինչպէս է փախչում հարսիս քոյրը` Կարինան»:
Մարաղայի մի այլ բնակիչ` Լարիսա Բադալեանը 1992 թուականի ապրիլի 10-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը պատանդ է եղել ազրպէյճանցիների մօտ:
«Կանանց բանտախցից հերթով դուրս էին տանում եւ ետ բերում արնաշաղախ ու կիսամերկ. Զոյային, Մաշոյին, Թամարային: Մէկ ժամ անց դուռը բացւում էր, ներս էին խուժում զինուած զինուորները, եւ կանանց վրայից պոկոտում հագուստի մնացորդներն ու բռնաբարում:
«Երեք օրից յետոյ մեզ տարան Ղուբաթլուի բանտը, որտեղ տեսայ հոգեկան հիւանդ որդուս` Ապրեսին: Նրա մի աչքը հանուած էր, գլուխը` ուռած: Յատակին ընկած էր մի երիտասարդ մարտակերտցի տղայ, որ կիսամեռ վիճակում էր` այնքան էին ծեծել: Որդիս հովիւ էր աշխատում, ես էլ տան գործերն էի անում: Քնում էինք բարաքում, սնւում էինք ուտելիքի մնացորդներով: Աչքիս առաջ յաճախ էին ծեծում որդուս: Մի անգամ գիւղ բերեցին մի ազրպէյճանցու, եւ մեզ ուզում էին մորթել նրա գերեզմանին…», վկայել է նա:
1997 թուականին մի շարք իրաւապաշտպան կազմակերպութիւններ համատեղ ուժերով Մարաղայի դէպքերի վերաբերեալ պատրաստել են մի ծաւալուն տեղեկանք եւ այն ուղարկել Միացեալ ազգերի կազմակերպութեան Մարդու իրաւունքների յանձնաժողովին: Հելսինքի ուոչ միջազգային կազմակերպութիւնը պաշտօնապէս հաստատել է, որ տասնեակ խաղաղ բնակիչներ տանջամահ են արուել եւ տասնեակ կանայք ու երեխաներ պատանդ են քշուել: Սակայն Մարաղայի ողբերգական դէպքերը բաւարար չափով չեն արտացոլուել արտասահմանեան մամուլում, մինչեւ այսօր դրանք չեն արժանացել միջազգային հանրութեան համարժէք գնահատականին:
«Ամենահզօր զէնքը` արդարութիւնը, մեր կողմից է», պնդում էր պարոնուհի Քոքսը: «Պէտք է միջազգային կառոյցներում հարց բարձրացնել, որ Ազրպէյճանը փորձել է ցեղասպանութիւն կատարել Ղարաբաղի բնակչութեան նկատմամբ: Պէտք է աւելի աշխուժ ջանքեր գործադրել` աշխարհին ներկայացնելու այն զանգուածային յանցագործութիւնները, որոնք հայերի դէմ կատարուել են Մարաղայում, Սումկայիթում, Պաքւում եւ այլ տեղերում: Դրանք յանցագործութիւններ են, որոնք ուղղուած են մարդկութեան դէմ: Ես հասկանում եւ իմ զօրակցութիւնն եմ յայտնում Ղարաբաղի հայերին այն հարցում, որ նրանք այլեւս երբեք չեն կարող ապրել ազրպէյճանական իշխանութեան ներքոյ, քանի որ Ղարաբաղում Ազրպէյճանի իշխանութեան ներքոյ ապրած հայերը շատ փորձութիւնների միջով են անցել»:
Այն, ինչ տեղի ունեցաւ Մարաղա գիւղում, որն առ այսօր բռնազաւթուած է Ազրպէյճանի կողմից, չի կարելի անուանել ռազմական գործողութիւն, քանի որ այդ բնակավայրում ռազմակայաններ չեն եղել եւ ապրել են միայն ու միայն խաղաղ քաղաքացիներ, ովքեր էլ դարձել էին յարձակումի գլխաւոր թիրախը: Յանցաւոր գործողութիւնները ունէին մէկ նպատակ` վտարել մարդկանց հայրենի հողից:
Ամփոփելով վերը շարադրուածը` պէտք է արձանագրել, որ Մարաղայի խաղաղ բնակչութեան սպանդը վաղեմութիւն չունեցող յանցագործութիւն է` ընդդէմ մարդկութեան եւ քաղաքակրթութեան, իսկ նրա կազմակերպիչներն ու կատարողները պէտք է պատժուեն օրէնքի ողջ խստութեամբ:
Հարցազրոյց Մարաղայի Ջարդից Հրաշքով
Փրկուած, Նոյն Գիւղի Բնակիչ 62-Ամեայ
Վալեա Խաչիկեանի Հետ
ՀԱՐՑՈՒՄ.- Պատմեցէք խնդրեմ, ոնց յաջողուեց ձեզ եւ ձեր ընտանիքի անդամներին փրկուել ապրիլի տասին Մարաղայում ազրպէյճանցիների կողմից կատարուած ջարդից:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ապրիլի 9-ին, մօտաւորապէս ժամը վեցին (երեկոյեան) սկսուեց գիւղի ռմբակոծումը, որին մենք սովոր էինք վաղուց:
Կրակում էին Ալազանից, թնդանոթներից, խոշոր գնդացիրներից: Այդ ժամանակ ես ու ամուսինս գտնւում էինք նկուղում, որտեղ ապրում ենք համարեն երեք տարի, իսկ որդիս` Վլադիմիրը, պաշտպանութեան խրամատներում: Առաւօտեան ժամը 6-ի մօտերքին, որդուս վերադառնալուց յետոյ սկսուեց փոթորկալից հրետանային կրակոց: Արկերը պայթում էին իւրաքանչիւր վայրկեան: Գիւղի վրայ պայթեցուել է 3000 աւելի արկ: Հնարաւոր չէր նկուղից գլուխ դուրս հանել: Այդպէս շարունակուեց մինչեւ կէսօրուան ժամը երկուսը:
Այդ ժամանակ տան մօտ լսուեց քայլերի ձայներ, ես նկուղից դուրս եկայ ու տեսայ 3 համագիւղացիներ, որոնք վազում էին մեր բակով, նրանք յայտնեցին, որ ազրպէյճանցիները գիւղում են:
Մենք, այսինքն` ես, ամուսինս, որդիս, որդուս ընկեր Սերժիկ Պօղոսեանը ու հարեւանուհի Մարոն դուրս եկանք նկուղից ու հարեւանների բակերով փախանք դէպի Մարգուշեւան: Մեր տան մօտ տեսանք հրասայլ, երկրորդ հրասայլը տեսանք Մարգուշեւանի մատոյցներում: Հրասայլի վարորդը շիկահեր տղայ էր, նրանք կարող էին մեզ ոչնչացնել, բայց չկրակեցին, թողեցին փախչենք: Ես ինձ ծանր ու վատ էի զգում, չէի կարողանում ոչ թէ վազել, այլ նոյնիսկ քայլել, ինձ քարշ էին տալիս, համարեայ իրենց վրայ էին տանում ամուսինս ու որդիս: Աննկարագրելի տանջանքներով հասանք ու անցանք Մարգուշեանը: Մնացած ճանապարհը անցանք արկերի ու գնդակների պայթիւնների տակ:
Մարգուիլանի ու Հասանգայքարի արանքի տարածութիւնով մէկ ձգուած էր բոպիկ, մերկ երեխաների, ծերերի կանաց շարասիւն:
Բոլորը լացում էին, գոռում, կանչում փնտռում էին իրենց ծնողներին, հարազատներին:
Այդ դժոխային տեսիլը հանգիստ չի տալիս մինչեւ այսօր:
Ճանապարհին ինձ հետ պատահեց սրտի ցաւի ուժեղ բռնկում.
Իմ բախտին փախստականների մէջ կար բուժքոյր` Լիւտմիլա Աւագեանը, որը կորդիմինի ներարկումով փրկեց իմ կեանքը.
Այսպիսով, 22 քմ ճանապարհ կտրելուց յետոյ հասանք Մաղաւուզ:
Մեզ բոլոր փախստականներին սիրով ու յարգանքով ընդունեց ու տեղաւորեց գիւղխորհրդի նախագահը` Միրզաբէկեան Մեշորան: Շատ շնորհակալ ենք նրանից, նրա ջերմ մարդկային վերաբերմունքի համար: Նրա խնամքի շնորհիւ է, որ շատերը մնացին կենդանի:
Հ.- Ձեզ ինչ եւ յայտնի այդ օրուան զոհուածների ու պատանդ վերցուածների մասին:
Պ.- Կարելի է ասել, որ մենք վերջինն էինք, ում յաջողուեց փրկուել այդ դժոխքից: Բոլոր նրանք, ովքեր մնացել էին իրենց նկուղներում ու ապաստարաններում, ազրպէյճանցիների գիւղ ներխուժման մասին ոչինչ չեն իմացել, եւ նրանք ովքեր իմացել են, բայց հիւանդ լինելու պատճառով չեն կարողացել լքել, պատանդ են վերցրուել:
Բադալեանների ընտանիքը` Էդիկը, նրա կինը` Օֆելիան սպաննուել են ու դէմքերն են այլանդակել, որ նրանց դուստրը մեծ դժուարութեամբ է կարողացել ճանաչել, նրանց որդի, 28 ամեայ Սասունը վերցրուել է պատանդ, յետոյ սպաննուել:
2.- Վարդանեանների ընտանիքը. Բորիկը առաջ աշխատում էր ջրտնտեսութիւնում ու զբաղւում էր ոռոգման ջրի բաշխմամբ: Նրա կոկորդը կտրել են սղոցով, իսկ դիակի վրայ թողել գրութիւն. «Հիմիկուանից յետոյ ջուրը արդար ես բաժանելու»:
Նրա 80-ամեայ մօրը Փառանձեմին ու կնոջը` Զարեային վերցրել են պատանդ, որտեղ են գտնւում` յայտնի չէ:
Այստեղ ծանր վիրաւորել են նրանց 32-ամեայ Վլադիկին: Նա կենդանի է գտնւում է Երեւանի հիւանդանոցներից մէկում:
3. Յովսէփեանների ընտանիքը Ալեոշան, 56 տարեկան, կինը Ռոզան ու մայրը Ներսելեան հատուել են մանր մասերի:
4. Վարդանեանների ընտանիքը Ռիմմա, 55 տարեկան, տղան Կարոն, 26 տարեկան նոյնպէս հատուել են մասերի.
5. Ստեփանեան Նորան, 70 տարեկան, երկար տարիներ գամուած է եղել մահճակալին:
Գիւղը ջարդուփշուր են արել:
6. Վարդանուշ, 70 տարեկան, նոյնպէս գիւղը ջարդուփշուր են արել:
7. Մսրեանների ընտանիքը Շուրա, 52 տարեկան, սպաննուած է, կինը, 50 տարեկան Վալեան հրկիզուած է, 25-ամեայ դուստրը` Լաուրան սպաննուած է, նրա կեսուրը` 55 ամեայ Լենան նոյնպէս սպաննուած է: Նրա երկու թոռնիկները 6-ամեայ Գէորգը ու 4-ամեայ Մհերը վերցուած են պատանդ:
8. Բարսեղեան Գուրգէնը, 67-ամեայ սպաննուած է իր սեփական բակում:
9. 66-ամեայ Ժորա Մարտիրոսեանը սպաննուած է իր տան մէջ: 10.66 ամեայ Ռոզա Բարսեղեանը սպաննած է իր նկուղում:
11. Անանեանների ընտանիքը:
64-ամեայ Ռուբէնը, նրա կինը 62-ամեայ Ամասիան նոյնպէս սպաննուած են իրենց տանը:
12. 66-ամեայ Բայրամեան Իզապելլան ճզմուել է հրասայլի տակ:
13. 65-ամեայ Բադալեան Սերեոժան, մասնատուած է փոքր կտորների, կինը` 62 տարեկան Ասեան սպաննուած է:
14. 80-ամեայ Սաշա Բաբայեանը ճակատից գնդակահարուած է սեփական բակում:
15. Աղաճանեան, 20 տարեկան, սպաննուել է գիւղի պաշտպանութեան ժամանակ, խրամատում
16. Յովակիմեանների ընտանիքը. 80-ամեայ Երուանդը, 70 ամեայ Թամարան, նրանց որդի, 27 ամեայ Ալիքը սպաննած են գազանաբար:
17. Մնացականեանների ընտանիքը. Արփէն, 60 տարեկան, եւ որդին` Վլատիմիրը, գազանաբար սպաննուած են իրենց բակում, մարմինները մաս-մաս կոտրտած:
18. Առաքելեան Համօ, 90 տարեկան, մորթել են:
Այդպիսով, վաթսուն մարդոց շատ աւելին. բոլորին դժուար է յիշել:
Ոչ պակաս դժբախտութիւնների են ենթարկուել նրանք, ովքեր պատանդ են վերցուել:
Դրանից մանաւանդ յիշում եմ Համբարձումեանների ընտանիքը, Եաշան, 65 տարեկան, որդին` Կամոն, 30 տարեկան, 26 տարեկան հարսը` Կարինէն, իրենց երեք անչափահաս որդիներով:





