«Անծանօթ Իմ Հայրենիք»-Ի Ճանապարհը. Հարցազրոյց Գրող-Հրապարակախօս Տիգրան Պասկեւիչեանի Հետ

Վերջերս Երեւանում ցուցադրուեց «Անծանօթ իմ հայրենիք» փաստագրական ժապաւէնը, որը պատմում է 1946-1949թթ. մեծ հայրենադարձութեան մասին: Ժապաւէնի բեմագրութեան հեղինակը Տ. Պասկեւիչեանն է, բեմադրիչը` Արա Շիրինեանը, արտադրիչը` Սաթենիկ Ֆարամազեանը, նկարողները` Ռոպերթ Խարազեանն ու Էդուարդ Բադունցը, իսկ ժապաւէնի երաժշտութեան հեղինակը` յօրինող Վարդան Սարդարեանն է: Ժապաւէնը   մարդկային տրամաթիք – զգացական պատմութիւն է այն ժամանակի մասին, որը, կարծես, մինչ օրս «քնած» էր մնացել ոչ միայն  արխիւային էջերում, այլեւ մարդկանց ենթագիտակցութեան մէջ…

 

ՀԱՐՑՈՒՄ.- Պարոն Պասկեւիչեան, ինչո՞ւ որոշեցիք ստեղծել ժապաւէն հայրենադարձութեան մասին:

ՊԱՏԱՍԽԱՆ.- Մտայղացումը կար: Դեռեւս 1990-ականներին էի ուզում նկարահանել, բայց թեման աւելի արդիական դարձաւ յատկապէս վերջին տարիներին, երբ մեծ թափ առաւ արտագաղթը: Արտագաղթի պատճառներն, ինչ խօսք, ընկերային են, տնտեսական, կապուած են երկրի հնարաւորութիւնների, շուկայի եւ այլ բաների հետ, բայց երեւոյթն անպայման ունի խորքեր, որոնք բացայայտելու համար լուրջ ուսումնասիրութիւն է պահանջւում: Դրա համար ընտրուեց երկու գործիք` ուէպ կայք (www. hayrenadardz. org) եւ վաւերագրական տեսաժապաւէն: Ժամանակի ընթացքում պարզ դարձաւ, որ մէկ ժապաւէնով թեման սպառել անհնար է: ժապաւէնը բաժանեցինք երեք մասի, որոնք ընդգրկելու են հետեւեալ թեմաներն ու ժամանակաշրջանները: Առաջինը` «Անծանօթ իմ հայրենիք»-ը, որն արդէն պատրաստ է,  պատմում է Բ. Աշխարհամարտի աւարտից յետոյ աշխարհի քարտէզի նոր մասնատման խորապատկերին հայութեան խնդիրների արծարծման եւ, ի հետեւանք դրա` 1946-1949 թուականների Մեծ հայրենադարձութեան կազմակերպման մասին: Երկրորդ ժապաւէնում ներկայացուելու է շուրջ տասնամեայ մի ժամանակաշրջան` 1949-ի աքսորից մինչեւ խրուշչովեան ձնհալ: Այս տարիները հայրենադարձների համար ճակատագրական եղան թէ՛ աննախադէպ տառապանքներով, թէ՛ նոր իրականութիւնը ճանաչելու եւ նոր պայմաններում յարմարուելու առումով: Երրորդ ժապաւէնը 60-ականներին սկսուած եւ, ցաւօք, մինչ օրս շարունակուող արտագաղթի մասին է լինելու:

Հ.- Բաւական ծաւալուն աշխատանք, որն,  անշուշտ, նիւթական մեծ միջոցներ է պահանջում: Ունէ՞ք պատուիրատու կամ նուիրատուներ:

Պ.- Մեր նախագծի առաջին մասը ֆինանսաւորեց «Եւրասիա Համագործակցութիւն» հիմնադրամը` Միացեալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալութեան եւ Ինթերնիուզ Նեթուորքի կողմից համատեղ իրականացուող «Լրատուութեան այլընտրանքային աղբիւրներ» ծրագրի շրջանակում: Այս աջակցութիւնից մենք շատ գոհ ենք: Սա հիանալի մեկնարկ էր: Շարունակութեան համար միջոցներ պէտք է գտնենք ինքներս:

Հ.- Իսկ ո՞ր երկրներում էք նկարահանումներն արել:

Պ.- Նկարահանումներն արուել են Լոս Անճելըսում,  Լիբանանում եւ, ի հարկէ` Հայաստանում: Մենք փորձել ենք գտնել կենդանի ականատեսների եւ արձանագրել նրանց անձնական յիշողութիւններն ու տպաւորութիւնները: Մի փոքր ուրիշ էր Լիբանանում: Այնտեղ մեզ հետաքրքրում էին մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չէին եկել Հայաստան եւ իրադարձութիւններին հետեւել էին, այսպէս ասած` հակառակ կողմից:

Հ.- Ժապաւէնի հերոսները մեծ յուսալքութեամբ են պատմում հայրենադարձութեան մասին, երբ իրենց հայրենիք տեղափոխելուց յետոյ կենսական պայմաններ չստեղծուեցին: Ո՞րն էր  մեծ հայրենադարձութեան կազմակերպական սխալը:

Պ.- Ես պատմաբան չեմ եւ թեման ուսումնասիրել եմ այնքանով, որքանով պէտք էր ժապաւէնի եւ ուէպ կայքի համար, բայց կարծում եմ, որ հայութիւնը եւս մէկ անգամ դարձաւ մեծ տէրութիւնների խաղալիքը: Ասել, թէ կարող էր չդառնալ, սխալ կը լինի, քանի որ 1915-ի Ցեղասպանութիւնից փրկուած ու աշխարհի տարբեր երկրներում ապաստանած հայերը չունէին հաւաքական դիմադրականութիւն: Յաղթանակած Խորհրդային Միութեան ղեկավարի անորոշ յաւակնութիւններն անգամ բաւական էին, որ բոլորը ոգեւորուէին ու ճամբայ ընկնէին դէպի… անծանօթ մի երկիր: Բացի այդ` գործի դրուեց քարոզչական մեքենան, քարոզչական կեղծիքը: Եւ գալով Հայաստան` մարդիկ հիասթափուեցին, երբ տեսան իրենց լսածի եւ իրականութեան տարբերութիւնը:

Հ.- Ի՞նչ գործառոյթներ ունէր այդ ժամանակ ձեւաւորուած Ներգաղթ կոմիտէն:

Պ.- Դատելով արխիւային փաստաթղթերից` Ներգաղթ կոմիտէն իրականացրել է, գուցէ կոպիտ հնչի, ընդունման-յանձնման գործառոյթ: Այն գտնուել է սփիւռքի յախուռն ոգեւորութեան եւ Հայաստանի տնտեսական անկարողութեան միջակայքում:

Գաղութներում էլ կային Ներգաղթ կոմիտէներ` կազմուած տեղի առաջադիմական ուժերից` հնչակեաններ, ռամկավարներ, համայնավարներ եւ այլն: Նրանց գործն աւելի «հեշտ» էր: Այդ կոմիտէները համակարգում էին դէպի հայրենիք ձգտող հայերի ցանկութիւնները` շատ յաճախ անտեղեակ լինելով Հայաստանի իրական կացութեանը:

Հ.- Քանի՞ մարդ տեղափոխուեց Հայաստան Մեծ հայրենադարձութեան ժամանակ:

Պ.- Ընդհանրապէս հաւաստի աղբիւր է համարւում պատմաբան Յովիկ Մելիքսէթեանի «Հայաստան-սփիւռք փոխյարաբերութիւնները եւ հարենադարձութիւնը» աշխատութիւնը, որում նշւում է 90 հազար թիւը: Կարծիք կայ, որ տասից աւելի երկրների հայկական գաղութներում ցուցակագրուել էին շուրջ կէս միլիոն հայեր, բայց միայն 20 տոկոսն է տեղափոխուել Հայաստան: Սփիւռքը քաղաքական, տնտեսական եւ մշակութային լուրջ ձեւափոխման է ենթարկուել, ինչի մասին հպանցիկ խօսւում է «Անծանօթ իմ հայրենիք» ժապաւէնում: Սա շատ կարեւոր թեմա է` մինչ օրս չուսումնասիրուած եւ լաւ կը լինի, որ համապատասխան մասնագէտները զբաղուեն դրանով:

Հ.- Իսկ  հայրենադարձուածների քանի՞ տոկոսն է յետ գնացել Հայաստանից: Վիճակագրութիւն կա՞յ:

Պ.- Վիճակագրութիւն չկայ կամ առայժմ չի հանդիպել: Եւ եթէ չկայ վիճակագրութիւն, պէտք է շատ զգուշ լինել թուերի հետ: Երեւոյթներին ընդհանրապէս պէտք է որակական գնահատականներ տալ, ոչ քանակական:

Օրինակ` երբեմն ասւում է, թէ տասնեակ հազարաւոր հայրենադարձերի 1949-ին աքսորեցին Սիպիր: Դա ճիշդ չէ: Աքսորուած տեղացիների եւ հայրենադարձների ընդհանուր թիւը, եթէ չեմ սխալւում, մօտ 13 հազար է եղել: Թուի մեծութեամբ չի գնահատւում ոճիրը: Եթէ անգամ աքսորած լինէին մէկ անմեղ խորհրդահայի կամ մէկ անմեղ հայրենադարձի, դա դարձեալ յանցաւոր արարք էր համարուելու: Նոյնն է նաեւ արտագաղթի դէպքում: Ոչ թէ արտագաղթողների թիւն է կարեւոր, այլ` երեւոյթն ինքնին:

Հ.- Ժապաւէնի հերոսների պատմելով` Պաթումի նաւահանգստում նրանց ստիպում էին ծովը նետել արտասահմանից բերուած սնունդը: Դա առաջին բռնութիւնը չէ՞ր «հիւրերի» նկատմամբ:

Պ.- Գիտէ՞ք, ցանկացած պետութիւն ունի օրէնքներ եւ իրաւունք ունի այդ բանն անելու: Հիմա, օրինակ, երբ անցնում ես Վրաստան, սննդամթերքի որոշ տեսակներ տանելն արգելում են: Եւ այդ բանն անում են անվտանգութեան նկատառումներով: Սա այսպէս է, բայց սփիւռքից հայրենիք եկած մարդկանց  այլ պատճառով էին ստիպում ծովը նետել սննդամթերքը: Հայաստանում այդ ժամանակ, կարելի է ասել, սով էր եւ պատկերացնո՞ւմ էք ինչ հակասութիւն կառաջացնէին հայրենադարձներն իրենց պանաններով, նարինջներով ու թխուածքաբլիթներով:

Հագուստը, արդուզարդը, կենցաղի առարկաներն առանց այդ էլ տեղացիների աչքից ընկնելու լուրջ պատճառներ էին:

Հ.- Մեծ հայրենադարձութիւնը մեծ ողբերգութիւն չէ՞ր:

Պ.- Եթէ վերցնում ես առանձին դրուագներ,  առանձին մարդկանց կամ ընտանիքների պատմութիւններ, կարող է մեծ ողբերգութեան տպաւորութիւն թողնել: Բայց երբ հայրենադարձութիւնը դիտարկում ես իբրեւ պատմական երեւոյթ, փորձում ես չափել օգուտներն ու վնասները, տեսնում ես, որ թէ՛ Հայաստան երկիրը եւ թէ՛ հայրենադարձ ժողովուրդը փոխադարձաբար հարստացրել են միմեանց: Երբ կարդում ես մարդկանց յուշերը կամ լսում բանաւոր պատմութիւնները, երեւում է, որ 60-ականների սկզբին այդ փոխադարձութիւնն արդէն կայացել էր, բայց խաբուած լինելու վիրաւորանքը չէր վերացել: Այն թաքնուել էր ենթագիտակցութեան շերտերում, եւ երբ յարմար առիթ եղաւ երկրից հեռանալու, խաբուած լինելու այդ վիրաւորանքը վերադարձաւ դէպի գիտակցական: Անշուշտ կար նաեւ պետութեան խտրական վերաբերմունքը, կային տեղացի-ախպար հակասութիւնները եւ այդ ամէնը թաքնուած վիրաւորանքը դարձնում էին «երթալու» պատճառ:

Հ.- Իսկ ի՞նչ նմանութիւններ ու տարբերութիւններ էք տեսնում Հայաստանի ներկայ եւ անցեալ իրականութիւնների միջեւ:

Պ.- Ցաւալի է, բայց նմանութիւններն աւելի շատ են, եւ կեղծիքը գլխաւոր նմանութիւնն է: Ընկերաբան Ահարոն Ադիբեկեանն ասում է, թէ այսօր մարդիկ գնում են յաղթողների (ՀՀԿ-ի) յետեւից, քանի որ գիտեն, որ յաղթելու է: Այսինքն մարդիկ ոչ թէ դատելով ու համեմատելով են որոշում կայացնում, այլ մի տեսակ նախապաշարմունքի մէջ են: Նոյն է եղել նաեւ 40-ականներին: Սփիւռքում էլ մարդիկ ասում էին` Խորհրդային Միութիւնը յաղթել է,  գնանք ուժեղի թեւի տակ:

Հ.- Ժապաւէնը ցուցադրելո՞ւ էք սփիւռքում` մասնաւորապէս Լիբանանում եւ Լոս Անճելըսում, որտեղ նկարահանումներ էք արել:

Պ.- Շատ կ՛ուզէի, որ սփիւռքում մարդիկ տեսնէին այս ժապաւէնը: Կ՛ուզէի որ շատերը դիտէին: Երեւանում մեծ ու փոքր հինգ ցուցադրութիւն ենք արել, մօտ 500 մարդ է տեսել արդէն, եւ ամէն ցուցադրութիւնից յետոյ, երբ կարճ քննարկումներ են լինում, զգում ես, որ խորհելու, եզրակացութիւններ անելու առիթ է ստեղծուել:

Հ.- Հանդիսատեսը ե՞րբ հնարաւորութիւն կ՛ունենայ տեսնելու ժապաւէնի երկրորդ եւ երրորդ մասերը:

Պ.- Յաջորդ մասերի նկարահանումը կախուած է նիւթական միջոցներից, որը պէտք է հայթայթենք` որպէս գործիք ունենալով առաջին ժապաւէնը: Պէտք է հնարաւորին չափ շատ ցուցադրութիւններ, շնորհահանդէսներ, տեղային քննարկումներ կազմակերպենք թէ՛ Հայաստանում եւ թէ՛ սփիւռքում, որպէսզի գործի կարեւորութիւնը հասնի շատերին եւ շատերից քչերը գուցէ փորձեն օգնել եւ համագործակցել:

Հ.- Եւ վերջում թոյլ տուէք անկեղծ նկատառում անել. մինչ ժապաւէնը դիտելը դժուար էր պատկերացնել, թէ վերացական թեմա թուացող հայրենադարձութիւնը կարող է ունենալ այդքան զգացական, տրամաթիզմով լի շերտեր… Յուզմունքը ակամայ է…

Պ.- Հետաքրքիր է, գիտէ՞ք, այն մարդկանց,  որոնց մօտեցել ենք հարցազրոյց անելու համար, առաջին արձագանգը եղել է հետեւեալը.  «Ինչների՞դ է պէտք այս թեման, հազար ու մի հետաքրքիր նիւթ կայ»: Բայց յետոյ երբ սկսում ես խօսել, երբ հարցերով բացում ես մարդու յիշողութիւնը, աստիճանաբար ընկալւում է թեմայի կարեւորութիւնն ու արդէն բաժանուելիս, դրան մօտ քեզ օրհնում եւ յաջողութիւն են մաղթում, որ սկսուածը շարունակութիւն ունենայ, շարունակութիւնն էլ` աւարտ:

Հարցազրուցեց` ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆԸ 

Յատուկ «Ազդակ»-ի համար

Երեւան

Share this Article
CATEGORIES