Ինքնատիպ Ստեղծագործող Մը` Նարինէ Չիլինկիրեան

Վերջերս մի գիրք ստացանք, որի հեղինակը լիբանանահայ երիտասարդ ստեղծագործող, ձեւաւորող Նարինէ Չիլինկիրեանն է: Գիրքը կը կոչուի «Beyond traditions: Armenian contemporary design»  (տպագրուած Միլանօ, 2011-ին): Նարինէն ձեւաւորում կ՛ուսանէր Իտալիոյ մէջ, եւ երկու տարի առաջ, երբ հասած է  ժամանակը պատրաստելու համալսարանական աւարտաճառը, իբրեւ թեզի նիւթ ընտրած է հայկական աւանդոյթների ուսումնասիրումը,  դրանք նոր ժամանակներին համահունչ գործածումն ու իրականացումը: Ուսումնասիրութիւնների եւ պրպտումների իբրեւ արդիւնք` ծնել է այս գիրքը: Գրքի մէջ երիտասարդ  ուսումնասիրողը ներկայացրել է ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաեւ մի շարք այլ ժողովուրդների աւանդոյթները եւ այն, թէ այդ ժողովուրդներն ինչպէ՛ս կարողացել են  նորը համատեղելով հինին ու աւանդականին հետ` ստանալ բացառիկ արդիւնքներ` թէ՛ ձեւաւորման, թէ՛ պիզնըսի եւ թէ՛ կիրառական արուեստի ասպարէզների մէջ:

Գիրքը առիթ հանդիսացաւ հանդիպելու Նարինէ Չիլինկիրեանին հետ: Մեր զրոյցի ընթացքին նա նշեց, թէ Իտալիա գնալուց յետոյ մի տագնապ է  զգացել. համաշխարհայնացման, ձուլման ալիքը այնտեղ աւելի լաւ զգացել է, քան` Լիբանան ապրելիս. «Լիբանանի մէջ հայ լինելը սովորական մի բան է եւ կորչելու, ձուլուելու վտանգն այնքան էլ նկատելի չէր: Իմ աւարտաճառս պատրաստելու ժամանակ մեծ ցանկութիւն ունէի ընտրելու հայկականութեան հետ կապուած մի նիւթ, եւ զգում էի, որ մեր հայ լինելը, աւանդոյթները հետաքրքրում են նաեւ շատերին: Իմ դասընկերներս, շատ օտարներ զարմանում էին, որ մենք պահել ենք մեր լեզուն, աւանդոյթները: Եւ ատիկա իմ համար խթան էր վերադառնալու արմատներիս եւ պատրաստել այս գիրքը: Երբ տեսնում ես, որ ուրիշներն էլ հետաքրքրուած են քո ազգութեամբդ, աւելի կը կարեւորես քո ով լինելդ», «Ազդակ»-ի հետ զրոյցի ընթացքին ասաց Նարինէ Չիլինկիրեանը:

Նարինէն ուսումնասիրութիւնների համար այցելած է Հայաստան, բայց ինչպէս մեր զրոյցի ընթացքին ասաց, հայկական աւանդոյթներ խորհրդանշող կենցաղային իրերին, կիրառական արուեստի նմուշներին նա հանդիպել է աւելի շատ թանգարանների մէջ, կամ էլ` այն խանութներում, որոնք նախատեսուած են զբօսաշրջիկների համար. «Մեր անցեալի հրաշալի աւանդական ու ծիսական համակարգը կիրառութեան մէջ չէ  այսօրուան Հայաստանում. մի բան, որ բազմաթիւ ժողովուրդներ արել են` թէ՛ իբրեւ պիզնըս եւ թէ՛ իբրեւ աւանդոյթի պահպանում», ասաց Նարինէն: Նա նպատակ ունի տարբեր ծրագրերի միջոցով իր մտածումները հասցնել թէ՛ նոր սերնդին եւ թէ՛ օտարներին: Գիրքը այդ ճանապարհի առաջին քայլն է. նրա երազանքներից մէկն էլ մի ընկերութիւն է, որը կիրառութեան մէջ կը դնի մեր աւանդական իրերը, անշուշտ` դրանց նոր ժամանակների շունչ տալով: «Ճիշդ է, էստեղ էլ ալ, Հայաստան էլ կան միութիւններ, որոնք  զբաղւում են այս հարցերով, սակայն շատ քիչ է նրանց թիւը, իսկ նոր սերունդն էլ կարծես շատ հետաքրքրուած չէ», ասաց նա:

Իբրեւ առաջին աշխատանք` Նարինէն սկսել է  վերակենդանացնել հայկական տարազները,  նկատի ունենալով, որ հագուստի միջոցով հեշտ է նոր սերունդին ներկայացնել որոշ մանրամասներ` հայոց անցեալից: Ստեղծել է մի հաւաքածոյ, որի միջոցով արդիականի ու աւանդականի համադրմամբ փորձել է ուղղել իր ասելիքը: Նա ասում է, որ ամէն մէկ իրը, զարդը, գոյնը, որ գործածել են մեր նախնիները, իմաստ է ունեցել իր մէջ, պէտք է վերակենդանացնել ոչ միայն իրերը, այլ նաեւ` նրանց խորքը գտնուող իմաստները, ովքեր, ըստ Նարինէի, որոշակի փիլիսոփայութիւն եւ մտածողութեան կերպ կը հաղորդեն մեր ապրած կեանքին: Իսկ դրանից էլ կը ծնուի ոգին, որն այսօր շատ է պակասում մեր կեանքում:

Հայկականութեան հանդէպ մեծ սէրն ու ստեղծագործելու ոգին, ինչպէս մեր զրուցակիցը նշեց, իր մէջ գալիս է ընտանիքից, այնուհետեւ դպրոցից (ուսանել է Մ. եւ Հ. Արսլանեան ճեմարանում, որն աւարտել է 2002-ին), իսկ համալսարաններն էլ (Իտալիայից առաջ ուսանել է Լիբանանի «Էլ. Էյ. Եու.» համալսարանում) աւելցրել են պրպտելու, այլ մշակոյթների հետ ծանօթանալու ձգտումը:

Այսօր Նարինէն դասաւանդում է «Էլ. Էյ. Եու.» համալսարանում, միաժամանակ աշխատում է  «Raed Abillama architects» ճարտարապետական ընկերութեան մէջ` իբրեւ ձեւաւորող մասնագէտ: Ճիշդ է, աշխատանքի ընթացքին յաճախ չի կարողանում կիրառել իր ստեղծագործական մտքի թռիչքները, սակայն իբրեւ անհատական աշխատանք` ստեղծել է կահոյքի եւ տան ձեւաւորման իրերի հաւաքածոյ («Արմատ») եւ յոյս ունի` ապագային գործադրել իր բոլոր մտայղացումները: Մեր զրոյցի աւարտին Նարինէն կրկին շեշտեց, որ իր աշխատանքներն ու ստեղծագործութիւնները ասելիք ունեն մանաւանդ նոր սերնդին, քանի որ նա է, որ պիտի շարունակի աւանդոյթը, անշուշտ համոզուած լինելով, որ այդ է աշխարհին մէջ իր տեղն ունենալու ճիշդ ճանապարհը. «Մեր ամէնքիս պարտքն է` կարողանալ մեր աշխատանքներով համոզել նոր սերունդը», ասաց Նարինէ Չիլինկիրեանը:

Պատրաստեց՝ ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

 

Share this Article
CATEGORIES