Կապալայի Տեղն Ու Նշանակութիւնը. Ազրպէյճանը Փորձում Է Ռուսաստանից Զիջումներ Կորզել ԼՂ Հարցում
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Կապալայի ռատիոտեղորոշիչ (ռատար) կայանի շուրջ վերջին շաբաթներին եւ ամիսներին ընթացող Պաքու-Մոսկուա բանակցութիւնները այսօր դիւանագիտական փակուղում են: Ռուսաստանի համար միանգամայն անակնկալ էր իր գործընկեր Ազրպէյճանի` Կապալայի կայանի օգտագործման համար տարեկան 7 միլիոն տոլարի փոխարէն` 300 միլիոն վարձավճարի պահանջը: Ու մինչ ռուս-ազրպէյճանական բանակցութիւնները շարունակւում են, Հայաստանը Ռուսաստանին առաջարկեց իր տարածքում կառուցել նոր ռատիոտեղորոշիչ կայան:
Նախ համառօտ ներկայացնենք, թէ ի՛նչ կայան է Կապալան: Այդ ռատիոտեղորոշիչ համակարգը գտնւում է Ազրպէյճանի հիւսիսային հատուածում` Կապալա քաղաքից ոչ հեռու: Խորհրդային Միութիւնը ժամանակին կառուցել է այսպիսի 9 կայաններ` անծայրածիր տէրութեան տարբեր հատուածներում: Քսան տարուայ շինարարութիւնից յետոյ Կապալայի ռատիոտեղորոշիչ կայանը շահագործման յանձնուեց 1985 թուականին` ԽՍՀՄ փլուզումից վեց տարի առաջ: Կապալայի կայանի տեսադաշտը ներառում է Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Հնդկաստանի եւ Մերձաւոր Արեւելքի երկրների ողջ տարածքը: Այսպիսով, եթէ նշուած երկրներում արձակւում է որեւէ հրթիռ, ապա Կապալայի կայանը ոչ միայն կարողանում է արձանագրել այն, այլ հետեւել այդ հրթիռի տեղաշարժմանը, իսկ անհրաժեշտութեան դէպքում` հակահրթիռային համակարգերի օգնութեամբ կործանել այն:
Իրաւական առումով Կապալան ունի «տեղեկատուական-վերլուծական» կայանի կարգավիճակ: Իրականում, սակայն, Կապալայի կայանը ռազմական խարիսխ է: Քանի որ Ազրպէյճանի օրէնսդրութիւնը արգելում է օտարերկրեայ ռազմական ներկայութիւնը երկրի տարածքում, Կապալային տրուել է «տեղեկատուական-վերլուծական»-ի կարգավիճակ ու նշանակութիւն: Ռատիոտեղորոշիչ կայանը զբաղեցնում է աւելի քան 200 հեկտար տարածք: Կապալայում աշխատողների թիւը հասնում է շուրջ 1400-ի, որից մօտ 1000-ը զինուորականներ են: Այսպիսով, կարող ենք փաստել, որ Ռուսաստանը ռազմական ներկայութիւն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ` Ազրպէյճանում:
Երբ Ազրպէյճանը անկախացաւ, երկրի խորհրդարանի որոշումով սեփականաշնորհեց նաեւ Կապալայի կայանը: 1990-ական թուականների ռուս-ազրպէյճանական բանակցութիւնների արդիւնքում ձեռք բերուեց համաձայնութիւն, ըստ որի, Ռուսաստանը վարձակալութեամբ շարունակելու էր օգտագործել կայանը` տարեկան վճարելով 7 միլիոն տոլար: Այս տարուայ յունիսին լրանում է համաձայնագրի 10 տարին: Փաստաթղթի համաձայն, Կապալայի կայանի վարձակալութեան ժամկէտը ինքնաբերաբար երկարաձգւում է եւս երեք տարով, եթէ կողմերից ոչ մէկը ժամկէտի աւարտից կէս տարի առաջ միւս կողմին չի տեղեկացնում պայմանագիրը չեղեալ յայտարարելու մասին:
Կապալայի շուրջ ընթացող ռուս-ազրպէյճանական բանակցութիւնները վեր հանեցին իրականութիւնն այն մասին, որ Մոսկուայի եւ Պաքուի ախորժակները բոլորովին տարբեր են: Մինչ Ռուսաստանը նպատակ ունէր բանակցութիւններում հասնել նրան, որ նոր համաձայնագիրը կնքուի 25 տարով, Ազրպէյճանը ռուսներից որպէս վարձավճար պահանջեց տարեկան 300 միլիոն: Նաւթով ու բնական կազով հարուստ Ռուսաստանի համար այս գումարը այնքան էլ մեծ չէ` հաշուի առնելով նաեւ ռատիոտեղորոշիչ կայանի նշանակութիւնը: Ազրպէյճանը, որը նոյնպէս նաւթի ու բնական կազի մեծ պաշարներ ունի, 300 միլիոն տոլարով չի հարստանայ` հաշուի առնելով Ազրպէյճանի պետական պիւտճէն, որն այսօր արդէն 22 միլիառ տոլար է:
Այսպիսով, Կապալայի կայանի շուրջ ռուս-ազրպէյճանական վէճի հիմնական պատճառը քաղաքական է ու` աշխարհաքաղաքական:
Ռուսները, անկասկած, կարող են հեռանալ Կապալայից, սակայն լուրջ մտավախութիւն ունեն, որ իրենց հեռացումից յետոյ Ազրպէյճանը այդ ռատիոտեղորոշիչ կայանը կը յանձնի Թուրքիային կամ Միացեալ Նահանգներին: Ամերիկացիներին Կապալան շատ է հետաքրքրում, քանի որ Իրանին վերահսկելու աւելի լաւ հնարաւորութիւն, քան Կապալան է, այսօր ուղղակի չկայ:
Կապալայի ռատիոտեղորոշիչ կայանի շուրջ ռուս-ազրպէյճանական վէճը պէտք է դիտարկել Մոսկուա-Ուաշինկթըն հակահրթիռային պաշտպանութեան համակարգի հարցում առկայ խնդիրներով նաեւ: Ազրպէյճանցիները սա շատ լաւ են հասկանում եւ այսպիսով փորձում են կարեւորել Կապալայի կայանի, հետեւաբար նաեւ` Ազրպէյճանի նշանակութիւնը: Վերջիվերջոյ, Մոսկուան եւ Պաքուն կարող են գալ համաձայնութեան, բայց Իլհամ Ալիեւը «հնարաւոր փոխզիջումների գնով» փորձում է ռուսների բարեացակամութիւնը եւ աջակցութիւնը վայելել տարածաշրջանային այլ հարցերում, առաջին հերթին` ղարաբաղեան կարգաւորման գործընթացում: Ազրպէյճանը հասկանում է, որ լայն հաշուով, ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանալին Մոսկուայում է: Իր հերթին, Ռուսաստանը շատ լաւ է հասկանում Ազրպէյճանի յաւակնութիւնները, սակայն չի պատրաստւում ենթարկուել Ալիեւի պահանջներին:
Եթէ Ազրպէյճանը Կապալայի հարցում չփոխի իր դիրքորոշումը, ինչը քիչ հաւանական է, ապա Ռուսաստանը ունի մի քանի այլընտրանք: Առաջին, լքել Կապալան եւ նոր ռատիոտեղորոշիչ կայան կառուցել Հայաստանում, մանաւանդ որ Հայաստանը, ինչպէս օրերս յայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսեանը, պատրաստ է տարածք տրամադրել: Երկրորդ, զուտ գործնական առումով Ռուսաստանը կարող է Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Հնդկաստանի եւ Մերձաւոր Արեւելքի երկրների տարածքը վերահսկել մէկ այլ ռատիոտեղորոշիչ կայանով, որը գտնւում է Քրասնոտարի երկրամասի Արմաւիր քաղաքում: Արմաւիրը Հիւսիսային Կովկասում է` Սեւ եւ Կասպից ծովերի միջեւ ընկած հատուածում: Ճիշդ է նաեւ, որ Արմաւիրի կայանի շինարարութիւնը դեռ չի աւարտուել: Սակայն կրկնենք, որ ռուսները Կապալայից չեն ուզում հեռանալ ոչ միայն այն պատճառով, որ այն իրաւամբ ունի կարեւոր նշանակութիւն, այլ նախ եւ առաջ որովհետեւ Կապալան կարող է անցնել թուրքերին կամ ամերիկացիներին:
Մի քանի օր առաջ Հայաստանը յայտարարեց, որ պատրաստ է իր տարածքը տրամադրել ռատիոտեղորոշիչ կայանի կառուցման համար, եթէ Ռուսաստանն ու Ազրպէյճանը փոխհամաձայնութեան չգան Կապալայի վարձակալութեան հարցի շուրջ: Այս յայտարարութիւնը, որ հնչեցրել էր վարչապետ Սարգսեանը ռուսական «Քոմերսանթ» թերթի հետ զրոյցում, հայ քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում միանշանակ չընդունուեց: Կարծիքները հիմնականում բաժանուեցին երկու մասի: Առաջին, եթէ Հայաստանը իր տարածքը տրամադրում է ռուսներին նաեւ ռատիոտեղորոշիչ կայան կառուցելու համար, ապա Հայաստանը աւելի է զրկւում ինքնիշխանութիւնից եւ անկախութիւնից: Երկրորդ, Հայաստանը իր տարածքը տրամադրելով ռուսներին նման կայան կառուցելու համար` ձեռք է բերում յաւելեալ կարեւորութիւն ոչ միայն տարածաշրջանային զարգացումներում, այլեւ Միացեալ Նահանգներ-Ռուսաստան յարաբերութիւններում:
Յիշեցնենք, որ Գիւմրիում է տեղակայուած ռուսական 102-րդ ռազմական կայանը, ինչպէս նաեւ Հայաստան-Թուրքիա սահմանի պաշտպանութիւնը համատեղ իրականացնում են հայ եւ ռուս սահմանապահները:
Յատուկ «Ազդակ»-ի համար

