Սերժ Սարգսեան. «Ցեղասպանութեան Զոհերի Յիշատակի Օրը Մեր Ապրելու Յամառութեան Եւ Բարոյական Նկարագրի Օրն Է»

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեան Հայոց ցեղասպանութեան զոհերու յիշատակի օրուան առիթով հայ ժողովուրդին յղեց ուղերձ մը, որ կու տանք ստորեւ:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք, ինչպէս եւ շատ շատերն ամբողջ աշխարհում, գլուխ ենք խոնարհում Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի յիշատակի առջեւ: Այսօր մենք լուռ բարձրանում ենք Ծիծեռնակաբերդի բարձունք, որովհետեւ անպատմելի բան է կատարուել: Եւ յուշահամալիրի պատերին մենք ոչինչ չենք գրել, որովհետեւ ոչ մի բառ չի կարող արտայայտել այն, ինչ մենք զգում ենք:

Սիրելի՛ հայ ժողովուրդ,

Մեր պատմութեան հազարամեակների մատեանում ոսկեհատիկ ցորենի պէս հաւաքել ու ամբարել ես էջեր, առանց որոնց` հնարաւոր չէ պատկերացնել այսօրուայ ու վաղուայ մեր կեանքը, մեր ազգային դիմագծի ամբողջականութիւնն ու առանձնայատկութիւնը: Ցաւօք, այդ էջերը միայն յաղթանակների ու վերելքների մասին չեն:

Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրը` սեւահանդերձ ապրիլ 24-ը, ոչ միայն մեր համազգային սգի, այլեւ մեր ապրելու յամառութեան եւ բարոյական նկարագրի օրն է: Չլինէր մեր յիշողութեան յամառութիւնը, մենք ո՛չ Սարդարապատ կ՛ունենայինք 1918-ին, ո՛չ էլ ազատ ու անկախ Հայաստան ու Արցախ եւ մեր կողքին` հայոց սփիւռք:

Քոյրե՛ր ու եղբայրնե՛ր,

Այս օրը կ՛անցնի եւ մենք կը շարունակենք ապրել առօրեայ մեր կեանքը, սակայն ակնթարթներ կան ժամանակի հոլովոյթում, երբ մենք առանձնայատուկ կերպով միասնական ենք, հաւաքական, անբաժանելի ու անբեկանելի: Այս օրը հէնց այդ ակնթարթներից է` ազգահաւաքի ու հայրենահաւաքի:

Երեք տարի յետոյ ոչ միայն Հայոց մեծ եղեռնի 100-ամեակն է, այլեւ յիշողութեամբ ու կամքով ապրելու` «մի քանի հազար գումարած 100-ամեակը»: Ինչ ստեղծել ենք, այսուհետեւ էլ տէր ենք, ինչ կորցրել ենք, չենք մոռացել եւ չենք մոռանայ, որովհետեւ դարձեալ դրա տէրն ենք: Մենք մանկուրտ չենք, մենք Հայոց Աշխարհն ենք:

Որպէս առհաւատչեայ մեր չմարող յիշողութեան եւ կենաց երդման` մենք քաղաքամայր Երեւանում ի յիշատակ բոլոր ժամանակների մեր նահատակների ու անմեղ զոհերի` Սուրբ Նահատակաց եկեղեցի կերտելու իղձն ունենք: Միասին ենք անելու` մեր հայեացքն ուղղած ապագային: Միայն ազգովին:

Միասին էլ ամրացնելու ենք մեր պետութիւնը` հայոց հայրենիքն ու միասին էլ գալիք սերունդներին ենք փոխանցելու նոր յաղթանակների յիշողութիւնը: Իսկ միասին նշանակում է մեծով ու փոքրով, հողի մշակով ու մտաւորականով, սփիւռքահայով ու հայրենաբնակով եւ մանաւանդ այն պետութեամբ, որն այլեւս թոյլ չի տալու ցեղասպանական որեւէ արարք կամ գործողութիւն հայ մարդու դէմ: Ոեւէ մարդու դէմ:

Share this Article
CATEGORIES