Մոկօ Խաչատրեանի Ցուցահանդէսի Բացումը` Կազմակերպութեամբ «Էսքիզ» Ցուցասրահի

ԱՆՈՒՇ ԹՐՈՒԱՆՑ

«Էսքիզ» ցուցասրահը նոր անուն է լիբանանեան ցուցասրահային կեանքում: Սակայն նման ցուցասրահ ունենալու գաղափարը նոր չէ անոր հիմնադիր տնօրէն Զարա Մազմանեանի մօտ: Ծնուած եւ մեծացած լինելով արուեստագէտների ընտանիքում (նա քանդակագործ Մկրտիչ Մազմանեանի եւ  երաժիշտ Նոնա Մանոյեանի դուստրն է), Զարան փոքր տարիքից առնչուել է արուեստին, գեղեցիկին, իսկ եթէ աւելի մասնաւորեցնենք` էսքիզին. «Փոքր ժամանակ միշտ հայրիկիցս լսում էի գործերի էսքիզների մասին, նա շատ էր կարեւորում էսքիզը, ասում էր ամէն ինչի սկիզբը էսքիզն է, ինձ էլ միշտ հորդորում էր իմ մտքերը, երեւակայութիւնները արտայայտեմ  էսքիզների ձեւով… Հետագայում, երբ հիմնուեց իմ ցուցասրահը, ես հենց այդ անուանումն էլ ընտրեցի իբրեւ անուն, որը իր մէջ թէ՛ ստեղծագործական իմաստ ունի եւ թէ՛ արուեստի եզր է»,- «Ազդակ»-ի հետ հանդիպման ժամանակ նշեց Զարա

Մազմանեանը: Իսկ երիտասարդ ցուցասրահատէրի հետ հանդիպման առիթը այսօր «Էսքիզ» ցուցասրահի կազմակերպած ցուցահանդէսի բացումն է, որը տեղի կ՛ունենայ  ՀԲԸՄ «Տեմիրճեան» կեդրոնում, սակայն հետագայ օրերին ցուցադրութիւնը կը շարունակուի «Էսքիզի» կեդրոնում` Էշրեֆիէ   (Անկախութեան փողոց):

Մոկօ Խաչատրեանը հայ ժամանակակից արուեստի ծանօթ անուններից է, որը հասցրել է յայտնի դառնալ նաեւ լիբանանահայերին:  Անցեալ տարուայ նոյեմբերին «Էսքիզ»  ցուցասրահը Լիբանանում իր առաջին ցուցահանդէսին հինգ հեղինակների շարքում ներկայացրել էր նաեւ Մոկօ Խաչատրեանի գործերից: Մոկոն հայ դասական նկարիչ, մեծանուն Ռուտոլֆ Խաչատրեանի դուստրն է: Իր վրայ, ինչպէս նա նշեց մեզ հետ զրոյցի ընթացքում, մեծ ազդեցութիւն է ունեցել  հօր հոգեւոր ներկայութիւնը: «Իմ հոգեկան աշխարհի, ներաշխարհի ձեւաւորման գործում մեծ է եղել Ռուտոլֆ Խաչատրեանի դերը, սակայն չեմ կարող ասել, թէ իբրեւ նկարիչ ես ազդուել եմ իրենից: Մենք տարբեր ստեղծագործական ուղիներ ունէինք, արուեստին մօտենալու տարբեր  կերպեր»,- ասաց Մոկօ Խաչատրեանը:

«Էսքիզ» ցուցասրահում ցուցադրելու համար նա Լիբանան է բերել 27  գործ, ֆիկուրաթիւ ափսթրակտ ժանրի աշխատանքներ, որոնցից իւրաքանչիւրի մէջ արտայայտւում է իր` գեղանկարչուհու ներաշխարհը: Պատահական չէ, որ ցուցահանդէսը կրում է «Իր  սեփական աշխարհը» խորագիրը. «Ճիշդ է, այս գործերս  շատ են տարբերւում նախորդ տարիների աշխատանքներից, սակայն կայ մի ընդհանուր գիծ, որ յուշում է, թէ հեղինակը նոյն նկարիչն է»,- ասաց Մոկօ Խաչատրեանը` նշելով, որ ցուցադրուելու են բացառապէս նոր գործեր, որոնք ստեղծուել են վերջին երկու տարուայ ընթացքում»: Համագործակցութիւնը` «Էսքիզ» ցուցասրահի հետ կայացել է շատ հեշտութեամբ: Զարան ժամանակակից ու  որակեալ նկարների սիրահար է, իսկ Մոկոյի արուեստի մէջ էլ, ինչպէս մեզ հետ զրոյցի ժամանակ նշեց, տեսել է շատ հոգեհարազատ տարրեր,  ժամանակակից մարդուն հետաքրքրող յոյզեր  ու պատկերներ, եւ այդպէս տեղի է ունեցել համագործակցութիւնը: «Էսքիզի» հետագայ գործունեութիւնը, ինչպէս յայտնեց Զարա Մազմամեանը, ուղղուած է լինելու ժամանակակակից արուեստի ցուցադրութեանը, ցուցասրահը հիմնուել է  իբրեւ ժամանակակից արուեստի կեդրոն, որտեղ ազատօրէն կարող են ցուցադրուել  ժամանակակից հեղինակներ` թէ՛ հայ,  թէ՛ լիբանանցի եւ թէ՛ այլ ազգի: Ինչպէս նշեցինք, անցեալ նոյեմբերին հինգ հեղինակների (Մկրտիչ Մազմանեան, Մոկօ Խաչատրեան, Թենի Վարդանեան, Գաբրիէլ Մանուկեան, Ալպերթ Յակոբեան եւ Ֆահիկա Հասան) համատեղ ցուցահանդէսով  բացուել է  «Էսքիզի» լիբանանեան գործունէութիւնը, սակայն ցուցասրահը մինչ այդ գործունէութիւն է ունեցել Պահրէյնում` կրկին ներկայացնելով ժամանակակից արուեստ: Շուտով, այս ցուցահանդէսի աւարտից յետոյ, բացուելու է հայրենի մէկ այլ ժամանակակից հեղինակի` Գարիկ Կարապետեանի աշխատանքների ցուցահանդէսը, ինչպէս նաեւ քանդակագործ Մկրտիչ Մազմանեանի քանդակների ցուցահանդէսը: Յուլիսին «Էսքիզը» մասնակցելու է Պէյրութի «Արթ Ֆէրին», ծրագրեր կան նաեւ միջազգային արուեստի փառատօներին ու ցուցահանդէսներին մասնակցելու առումով.  «Սպասելիքները շատ են ինչպէս այս, այնպէս էլ` հետագայ ցուցահանդէսներից»,- զրոյցն այսպէս եզրափակեց Զարա Մազմանեանը: Իսկ Մոկօ Խաչատրեանի ցուցահանդէսը «Էսքիզ» ցուցասրահում գործելու է մինչեւ մայիսի 31-ը:

Share this Article
CATEGORIES