Նախագահ Սերժ Սարգսեանի Ողջոյնի Խօսքը Գրողների Համահայկական 6-րդ Համաժողովի Մասնակիցներին
Սրտանց ողջունում եմ Գրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցներին: Յատկանշական է, որ ձեր այս հանդիպումը մեկնարկում է մեր գրական-մշակութային կեանքում պատմական երկու միջոցառումների` հայ գրատպութեան 500-ամեակի եւ ԵՈՒՆԵՍՔՕ-ի կողմից Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակուելու համատեքստում:
Ուրախ եմ, որ ձեր աշխատանքն այս ձեւաչափով արդէն ստացել է մշտական բնոյթ` միաւորելով տարբեր լեզուական ու մշակութային համակարգերի պայմաններում աշխատող հայազգի գրողների: Այս համաժողովում տարբեր երկրներից հայ գրողների այսպիսի լայն ներկայացուածութիւնը թոյլ է տալիս ակնկալել ակտիւ ու բովանդակալի քննարկումներ բոլորիս յուզող ազգային եւ ստեղծագործական հարցերի շուրջ:
Շատ ուրախալի է այն լուրը, որ սփիւռքի 60 գրողներ մասնակցելու են այս համաժողովին Հայաստանի գրողների միութեան լիիրաւ անդամի կարգավիճակով: Դա նոր բովանդակութիւն եւ իմաստ է հաղորդում գրական այս կարեւոր ձեռնարկին` նպաստելով աշխարհասփիւռ հայ ժողովրդի միասնական մշակութային դաշտի ամրապնդմանը:
Վստահ եմ, որ համաժողովի կազմակերպիչները` Հայաստանի Հանրապետութեան սփիւռքի նախարարութիւնը եւ Հայաստանի գրողների միութիւնը կ՛անեն հնարաւորը, որպէսզի ձեզ լաւագոյնս ներգրաւեն գրքին եւ գրատպութեանը նուիրուած երեւանեան բոլոր միջոցառումներին եւ հանդիսութիւններին:
Մաղթում եմ ձեզ յաջողութիւններ եւ բեղմնաւոր աշխատանք:
Օգտուելով առիթից` շնորհակալութիւն եմ յայտնում բոլորիդ հայապահպանութեան գործում ձեր անխոնջ ջանքերի համար:
ՍԵՐԺ ՍԱՐԳՍԵԱՆ
Երեւան, 21 ապրիլի 2012թ.

