Ազգ, Ժողովուրդ, Ընտրազանգուած
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Ռուս մեծ փիլիսոփայ Ն. Պերտիայեւն իր «Անհաւասարութեան փիլիսոփայութիւն» աշխատութիւնում ազգը դիտարկում է որպէս պատմական հասկացողութիւն: Նա միանգամայն իրաւացիօրէն զանազանում էր «ազգ» եւ «ժողովուրդ» հասկացութիւնները:
Նրա կարծիքով ժողովուրդը ներկայացնում են այն մարդիկ, ովքեր այսօր են ապրում` ապրող սերունդների ամբողջութիւնը: Իսկ ազգը ոչ միայն ներկայ պահին ապրող, այլեւ անցեալի սերունդներն են` այն ամբողջ ժառանգութիւնը, որ նրանք թողել են` կառուցածները, ասածները, երգածները, կերտածները, գրածները: Ազգի ամբողջ ժառանգութիւնը` գեղարուեստը, գրականութիւնը, ռազմական բոլոր յաղթանակները եւ պարտութիւնները, ամբողջ հպարտութիւնն ու տառապանքները նոյնպէս ազգի բաղկացուցիչներն են:
«Ազգի կամքում ոչ միայն ողջերի, այլեւ մեծ անցեալի եւ դեռ առեղծուածային ապագայի ձայներն են: Ազգը ներառում է ոչ միայն մարդկանց սերունդները, այլեւ եկեղեցիների քարերը, պալատներն ու շինութիւնները, գերեզմանաքարերը, հին ձեռագրերը եւ գրքերը: Եւ ազգի կամքը որսալու համար պէտք է լսել այդ քարերի ձայնը, կարդալ մոխրացած էջերը»:
Շարունակելով Պերտիայեւի միտքը` կարելի է ազգ հասկացութեանը յաւելել նաեւ դեռ չծնուած սերունդները, որոնց պէտք է պատկանի ապրածների ու ապրողների ստեղծած ամէն ինչը: Եւ լիարժէք է միայն այն ազգը, որն ապրելով այսօր` գիտակցում է իր պարտքը թէ՛ անցեալի, թէ՛ ապագայի հանդէպ, իրեն զգում է որպէս շղթայի մի օղակ, գիտակցում է` պարտաւոր է թոյլ չտալ, որ այդ շղթան կտրուի այսօրուայ օղակում եւ մոռացութեան տրուեն անցեալի օղակները կամ էլ` որ վաղուայ օղակները թուլանան:
Ազգը հոգեւոր ամբողջական երեւոյթ է` այն օրկանական ամբողջութիւն է, այն թուաբանութեան չի ենթարկւում, միասնական է եւ անխզելի: Այն կարելի է փորձել սպաննել (մեզ հետ դա փորձել են անել), բայց համամարդկային ընտանիքի մէջ ձուլելն անկարելի է:
Չնայած համաշխարհայնացումի կողմնակիցներն այլ կերպ են մտածում: Բայց նրանց մասին` աւելի ուշ:
Հիմա` ժողովրդի մասին: Սա արդէն ոչ թէ պատմական հասկացութիւն է, այլ ընկերային-դասակարգային հասկացութիւն, հետեւաբար տրոհելի, որի հանդէպ կիրառելի են թուաբանական մեթոտները: Այդ հասկացութիւնը բաժանւում է դասակարգերի, ընկերային խմբերի ու շերտերի, խաւերի, ազգագրական համայնքների, դասերի, գերդաստանների, ընտանիքների: Բաժանում են` ում, երբեւ ինչպէս յարմար է` ըստ տուեալ պահի քաղաքական նպատակայարմարութեան:
Կարող են նաեւ գումարել կամ հանել (երբ գնդակահարում են, բանտ նստեցնում կամ աքսորում) կամ նոյնիսկ բազմապատկել: 20-րդ դարի պոլշեւիկեան-միջազգայնական կամ աւելի նրբին` աշխարհաքաղաքացիական – համաշխարհայնացման մարտավարութիւնն է` ոչնչացնել, աղաւաղել անճանաչելիութեան աստիճան, մոռացութեան մատնել ազգի անցեալը, աւանդոյթները, ձգտումները, յիշողութիւնը, գաղափարները, հոգեւոր արժէքները, իսկ մարդկանց տեղաւորել յարմար, հեշտ մասնատուող եւ ենթարկուող «ժողովուրդ» հասկացութեան մէջ` նրա համար յօրինելով վերացական ապագայ:
Եւ հիմա այդ վերացական ապագան իրականութիւն է դարձել մէկ առանձին երկրում` Հայաստանում:
Ինչպէ՞ս է բնութագրւում այդ իրականութիւնը: Կրկին յիշենք Պերտիայեւի տողերը. «եւ ազգի կամքը որսալու համար պէտք է լսել այդ քարերի ձայնը, կարդալ մոխրացած էջերը»:
Եւ ո՞վ է դա անելու: Բոլոր նրանք, ովքեր ընդունակ են դրան` հայկական պետաքաղաքական կառոյցում պեթոնէ պատերով մեկուսացած են որոշումներ կայացնելու ոլորտից: Այնպէս որ` ազգի կամքի որեւէ դրսեւորման մասին Հայաստանում խօսք չկայ եւ չի կարող լինել:
Հայաստանի իշխանութիւնը չի ուզում ազգ ունենալ: Ազգը նրան պէտք չէ:
Այս ընտրութիւնները ցոյց տուեցին, որ նոյնիսկ ժողովուրդ նրան պէտք չէ, որովհետեւ այդ դէպքում էլ ստիպուած են լինելու գործ ունենալ դրա զանազան բաղկացուցիչների հակոտնեայ շահերի հետ:
Հայկական իշխանութեանը պէտք է աւելի պարզունակ առարկայ, եւ նա արդէն գտել է այն:
Աւելի ճիշդ` ստեղծել: Դա առանձին քաղքենի է` բնակչութեան բաղկացուցիչ տարրը:
Նկատէք, որ խօսքը քաղաքացիների մասին չէ: Քաղաքացիական գիտակցութիւնը իշխանութիւնների կամքից անկախ` այն կրողներին ներգրաւում է քաղաքացիական հասարակութեան մէջ, ինչը մահուան է հաւասար` օրինականութեան, ազնուութեան եւ իմաստնութեան աղքատիկ պաշար ունեցող իշխանութիւնների համար:
Այդ պատճառով էլ վերջին 4-5 տարիներին իշխանութիւնները գիտակցաբար խարխլում էին մեր հասարակութեան առանց այն էլ ոչ կայուն բարոյական հիմքերը` տրոհելով քաղաքացիներին կամ նրանց, ովքեր ի վիճակի էին դառնալ քաղաքացի, նրանց դրդում էին դէպի արտագաղթ կամ մղում կեանքի յետնախորշերը` այդ մարդկանց դարձնելով անտարբեր, ագահ, սահմանափակ, եսասէր, ոչ ազնուազարմ, վախկոտ` բոլորին միասին եւ իւրաքանչիւրին առանձին-առանձին հասցնելով լիակատար յետընթացի:
Այսպէս էլ ապրում ենք` իւրաքանչիւրն ինքն իր համար` միաւորուած ոչ թէ մէկ ազգի եւ ոչ էլ նոյնիսկ ժողովրդի, այլ գնուող եւ վաճառուող ընտրազանգուածի մէջ:
Եւ գնուած քուէների թուաբանական գումարն ամենեւին չի արտայայտում ազգի կամքը:
Վիպապաշտները եւ հայրենասէրները ընտրութիւնների ժամանակ առաջարկում էին` «Ձայնը ուժ է» կարգախօսը: Իսկ մարդիկ նախընտրեցին մէկ այլ բանաձեւ, որն «առաջարկել էին գործնապաշտ» իշխանութիւնները` «Ձայնը ապրանք է» Եւ գնի հարցում էլ համաձայնութեան եկան` 10-15 հազար դրամ` ազատութեան ու արդարութեան փոխարէն:
Գնորդներն այս անգամ իբր հայեր են (անձնագրով): Բայց հարց է, թէ յաջորդ անգամ ո՞վ է գնորդ դառնալու:
Յ. Գ. Բայց ամէն ինչ այնքան էլ անյուսալի չէ. մի դաւիթաշէնցի ընտրական ծրարի մէջ է դրել 10000 դրամ, որը նրա ձեռքն էին խցկել իշխանութեան վարձած լկտիները:
Դաւիթաշէնցին քուէաթերթիկի վրայ գրել է` «Բկներիդ մնա» : Այ, նա ազգի կամքն է արտայայտել: Ուրեմն այդ կամքը դեռ գոյութիւն ունի: Ուրեմն ազգը դեռ գոյութիւն ունի: Եւ ուրեմն հաստատ` «չեն մարսի»:
ՎԱՀԱՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Հայաստանի զրուցակից»
ՀՅԴ ԲԻՒՐՈՅԻ ԱՆԴԱՄ

