Թուրքիայիհիւլէական Մրցակցութիւնը

ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ

Պոլսի հետազօտական կենդրոններից «ԷՏԱՄ» հաստատութիւնը, որ զբաղւում է տնտեսական եւ արտաքին քաղաքականութեան ոլորտներում ուսումնասիրութիւններ կատարելով, փետրուար եւ մարտ ամիսների ընթացքում մի հարցախոյզ- ուսումասիրութիւն է կատարել Թուրքիայի ժողովրդից. հարցախոյզի թեման եղել է այն, որ արդեօք Թուրքիան պէտք է աշխատի՞ հիւլէական զէնքեր ունենալու գծով եւ զարգանայ այդ ուղիով թէ՞ պէտք է յենուի միայն ՕԹԱՆ-ի պաշտպանողական միջոցներին` Իրանի կողմից սպառնալիքի տակ լինելու դէպքում (հարցախոյզի արդիւնքը տեսնելու համար դիմել http://edam.org.tr/document/Edam2012Survey1.pdf կայքէջին):

Հարցախոյզի արդիւնքը պարզում է, որ պատասխանողների 54 տոկոսը համաձայն է, որ Թուրքիան եւս ունենայ իր հիւլէական զէնքերը. 8,2 տոկոսը յայտնել է, թէ ՕԹԱՆ-ի պաշտպանութիւնը բաւական է եւ կարիք չկայ, որ Թուրքիան իր հիւլէական զէնքերն ունենայ, իսկ պատասխանողների 34,2 տոկոսն էլ այն կարծիքի են եղել, թէ բնաւ կարիք չկայ,  որ Թուրքիան հիւլէական զինուորական սարքաւորումներ ունենայ:

Հարցախոյզի տուեալներն ուսումնասիրելով` պարզւում է նաեւ մի այլ հետաքրքիր արդիւնք, թէ ովքեր համակրում են քրտական Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն կուսակցութեանը (ԽԺԿ) կամ Թուրքիայի քիւրտ ժողովրդից են, դրանից 51,4 տոկոսը ամբողջովին դէմ է, որ Թուրքիան հիւլէական զէնքեր ունենայ, հաւանաբար այն պատճառով, որ քիւրտերը գտնում են, որ Թուրքիան այդ ուժը գործադրելու է իրենց դէմ:

Ամէն պարագայում` սա թուրք ժողովրդի տեսակէտն էր երկիրը հիւլէական զէնք ունենալու վերաբերեալ:

 * * *

 Իսկ ի՞նչ է տեղի ունենում իրականութեան մէջ: Սրանից երկու տարի առաջ, այսինքն` 2010 թուականի մայիսին, Թուրքիան եւ Ռուսաստանը կնքեցին մի քանի պայմանագրեր, ըստ որոնց` Ռուսաստանը Թուրքիայի հարաւում, Միջերկրական ծովի ափին, Մերսին նահանգի Աքքույու շրջանում կառուցելու է հիւլէական կայան ուժանիւթի օգտագործումների համար: Կառուցումը սկսուելու է 2013 թուականից եւ շահագործման է յանձնուելու 2019 թուականին. սա լինելու է Թուրքիայի առաջին հիւլէական կայանը: Բացի այս` անցեալ ամսուայ ընթացքում, երբ Թուրքիայի վարչապետ Էրտողանն այցելեց Չինաստան, այնտեղ եւս մի պայմանագիր կնքեց չինացիների հետ, ըստ որի` Չինաստանը եւս մի երկրորդ հիւլէական կայան կը կառուցի Թուրքիայում:

 * * *

 Կար մի ժամանակ, երբ աշխարհիս երեսին միայն  մի քանի երկրներ հիւլէական արհեստագիտութիւն ունէին. այդ երկրները հիմա իրենք են փորձում ոչ-հիւլէական լինել` չտեսնելով որեւէ արժէքաւոր արդիւնք եւ բարօրութիւն դրա մէջ. այդ երկրներից կարելի է յիշել` Գերմանիային, Շուէտին, Ֆրանսային եւ Ճափոնին:

Հետագայում մի շարք այլ երկրներ եւս սկսեցին ձեռք բերել հիւլէական արհեստագիտութիւն, ինչպէս` Փաքիստան, Հնդկաստան եւ Իսրայէլ` իւրաքանչիւրը ունենալով ինչ-որ նպատակներ` հիւլէական արհեստագիտութիւն ունենալու համար, մէկը` ծաւալապաշտութեան, միւսը` ինքնապաշտպանութեան համար…

* * *

 Պատմութիւնն ապացուցում է, որ այն երկրները, որոնք ցանկացել են ունենալ հիւլէական սարքաւորումներ ու խիստ ջանքեր են  ի գործ դրել այդ ուղղութեամբ, չխնայելով երկրի դրամագլուխը, մասնագէտ մարդուժը եւ այլ պաշարներ, վերջիվերջոյ յաղթահարել են թեքնիք դժուարութիւնները եւ կարողացել են ձեռնահասութիւն ունենալ հիւլէական արհեստագիտութեան: Հիւլէական զէնք ունենալը կախում ունի այն հարցից, թէ տուեալ երկրի իշխանութիւնները ինչքանով են տրամադրուած եւ հաւատացած այդ արհեստագիտութեան ձեռքբերմանն ու նաեւ ինչքանով են յաջողում յաղթահարել թեքնիք արգելքները:

Հիւլէական զինուորական սարքաւորումներ ունենալու ճանապարհը սկսւում է խաղաղ միջոցներով եւ ուժանիւթի բացը լրացնելու համար հիւլէական կայան կառուցելով: Հարկ եղած մասնագիտութիւնն ու արհեստագիտութիւնը ձեռքբերելուց յետոյ` մնում է, թէ ինչպէս պէտք է օգտագործել այդ արհեստագիտութիւնը: Այս միջոցում բացառութիւն չէ նաեւ Թուրքիան, յատկապէս, որ` աշխարհին ծանօթ են Թուրքիայի ծաւալապաշտական ձգտումները եւ այն, որ ծրագրում է դառնալ դերակատար եւ մեծ ուժ` թէ՛ տարածաշրջանում եւ թէ՛ համաշխարհային մակարդակում, ուստի եւ ինչու պէտք է յետ մնայ այս հիւլէական մրցարշաւից:

Մնում է, թէ Թուրքիայի փոքր ու մեծ, զօրեղ ու ոչ-զօրեղ հարեւանները եւ աշխարհը ինչ կեցուածք կ՛որդեգրեն այս ուղղութեամբ:

«Ալիք»

Share this Article
CATEGORIES