Լեռ Կամսար. Մարդը` Գործին Մէջէն
ՅԱՐՈՒԹԻՒՆ Լ. ՔԻՒՐՔՃԵԱՆ
Դ.- Սեփական Արժէքի Գիտակցութիւնը
(«Արագիլի Իրաւունքով»)
Վարչակարգի հանդէպ ատելութիւնը, կենսապայմանի դառնութիւնը եւ կոչումին խորապէս գիտակից արժանաւոր գրագէտի հպարտութիւնն ու յանձնառութեան տրամադրութիւնը, փոխնիփոխ` աւելի կամ նուազ շեշտումով, կ՛երեւին բոլոր օրագրային գործերուն մէջ:
Ի հակադրութիւն բազմիցս շեշտուած այս վիճակին`
«Շատ արժէքաւոր մտքեր ու կարծիքներ ունեմ ես, բայց դռնէդուռ ընկած, ոչ մի սովետական թերթի չեմ կարող վաճառել դրանք ու օրուայ հացիս փողն աշխատել:
«Խմբագիրներն ինձ հարցնում են.
«- Մարքսն էլ այդպիսի կարծիք յայտնե՞լ է:
«- Ո՛չ,- պատասխանում եմ:
«- Էնգելսն է՞լ չի յայտնել:
«- Ո՛չ:
«- Լենի՞նը:
«- Ո՛չ (…)
«- Մեզ պէտք չեն ուրեմն քո կարծիքները …
«- Բայց յայտնած կարծիքներս ուշադրութեան արժանի բաներ են:
«- Եթէ արժէքաւոր լինէին, նրանց կողմից յայտնուած կը լինէին…»(51):
Վարդան Աճեմեանին ուղղուած նամակը, վերը յիշատակուած, բնորոշ է զայրացած ինքնահաւաստումի, սեփական արժէքի հռչակման` ընդդէմ պետա-պարտիական «պատուիրուած» գրականութեան:
«Անմխիթար վիճակ է ապրում ոչ միայն մեր թատրոնը, այլ ողջ գրականութիւնը (…)
«Ի՞նչն է սովետական գրականութեան այս անմխիթար վիճակի պատճառը: Այն, որ մեր ղեկավարները արուեստն ուզում են ի սպաս դնել միայն մի գաղափարի, հաշուի չառնելով, որ աշխարհում գոյութիւն ունեն նաեւ այլ գաղափարներ: Արուեստը գոյութիւն ունեցող բոլոր գաղափարների սինթեզն է: (…) գրողը չի կարող միայն մի գաղափարի երկրպագելով արուեստին ծառայել:
«Բայց, սիրելի՛ Վարդան, թողնենք այս բոլորը եւ վերադառնանք իմ պիեսի մասին քո յայտնած կարծիքին: (…) ես ուզում եմ իմանալ. դու իմ պիեսը քո ո՞ր աչքով ես կարդացել, պետակա՞ն թէ մասնաւոր: Եթէ (…) պետական` այդ ոչինչ: Պետութեան ամէն ինչը փոփոխական է, սկսած ղեկավարներից մինչեւ կոլխոզային սիստեմը, որը հիմա սկսել է սովխոզի վերածուել:
«Հիմա` խօսքի կարճը: Դու իմ պիեսը չես հաւանել, այնպէս չէ՞:
«Եթէ «Սունդուկեանի թատրոնին» կից գոյութիւն ունենար նաեւ մի «Պնդուկեան թատրոն», եւ ինքս այնտեղ ներկայացնէի իմ պիեսը, դու պիտի տեսնէիր, թէ ինչպէս «Սունդուկեանի» հանդիսատեսները ջրվէժի նման «Պնդուկեան» կը լցուէին տեսնելու ներկայացումս…»(52):
Իր բազմաթիւ դիմումներէն մէկուն մէջ, Լեռ Կամսար պիտի շեշտէ.
«Ես իմ ժանրի մէջ ներկայիս միակ եւ հայ ժողովրդից սիրուած հեղինակ եմ: Աւետիք Իսահակեանը 30-ական թուականներին ինձ գրում էր Փարիզից. «Դու ամբողջ արտասահմանում միակ կարդացուող հեղինակն ես»: (…) Նոյն սէրն ու համակրանքը վայելում եմ նաեւ երկրի ներսում: Բասարգեչարում, ուր ապրում էի քաղաքից վտարուելուս հետեւանքով, իմ տունը ուխտատեղի էր բոլոր այնտեղ այցելողների համար»(53):
Թէ բառացիօրէն համրութեան դատապարտուած հեղինակը, արժանապատիւ եւ սեփական արժէքին խորապէս գիտակից, ի՛նչ ողբերգութիւն կ՛ապրի,- կրնանք դատել կարդալով այսպիսի համեմատութիւն մը, անսպասելի պաթեթիք` երգիծաբանի մը համար.
«Ա՜յ խմբագիր,… ֆելիետոնս բերում եմ քեզ` չես տպում քո թերթում. «Սովետական Հայաստանին» եմ տանում` չի տպում, բա ես ի՞նչ հող տամ գլխիս:
«Յիսուսն էլ մի մսուր ճարեց Բեդղեհէմ քաղաքում ծնուելու համար. ախր ես այդ «մսուրից» էլ զուրկ եմ: Պէտք է մտնել վերջապէս այն «մօր» դրութեան մէջ, որ տառապում է երկունքի ցաւով ու տեղ չի գտնում ծնելու համար»(54):
Յայտնաբերիչ գրողի կոչումի` նոյնքան որքան յուզական խառնուածքի,- քնարական այս զրոյցը իր թանաքամանին հետ.
«Հոգեակ թանաքաման, ծանր ու քառակուսի քո գոյութիւնը թող անպակաս լինի սեղանիս վրայ: Ես դեռ շատ ասելիքներ ունեմ: Քո հիւրընկալ լայն բերանը թող յաւերժ բաց մնայ… Ե՛կ իմ ծուռ գրիչ, եկ «ծուռ նստենք շիտակ խօսենք…»(55):
Գրողի կոչումի կողքին, կը հանդիպինք երգիծաբանի իրաւունք ու պարտաւորութիւններ յուշող բազմաթիւ արտայայտութիւններու, նոյնպէս տարազուած` տպաւորիչ փոխաբերութիւն-համեմատութիւններով: Երբեմն` կրկին` ծնունդ տալով թեւաւոր խօսքի անմոռանալի նմուշներու: Ինչպէս հետեւող երկու օրինակներուն մէջ.
«Անսուրբ թռչուններից` անգղն ու արագիլը տրադիցիոն կարգով առանձին իրաւունքներ են վայելում (…) Արագիլին սպաննելն անգամ մեղք է համարւում, եւ այդ անճոռնի թռչունը (…) շինում է իր բոյնը մարդկանց տան կտուրին (…) Ինչո՞ւ:
«Որովհետեւ արագիլը ոչնչացնում է մարդկանց թշնամիներին` կռկռան գորտին, օձին եւ այլ թունաւոր մորեխների:
«Եթէ յանձնաժողովը գտնի, որ ես իրաւունք ունեմ ապրել, թող գրի, որ թոյլատրուած է ինձ ապրել այս երկրում արագիլի իրաւունքով…»(56):
Ուրիշ տեղ. «Ես պրոլետ գրող չեմ, ու գրելիս ոչ թէ Չեկայի կամ Ցեկայի բերնին եմ նայում, այլ ուղիղ առջեւս դրուած տետրակիս: Ես օազիսի արմաւենի եմ, որ չեմ կարող պտուղ չտալ, անգամ եթէ իմանամ, որ ուտող չի լինի»(57):
Ինչպէս միշտ, սրտառուչ զսպութիւն եւ արժանաւորութիւն կը բխին Լեռ Կամսարի կեանքի վերջին տասնամեակի հետեւեալ դիմումէն եւս.
«Ես ծեր եմ արդէն եւ տրամւայում երիտասարդ ուղեւորները իրենց տեղն են առաջարկում ինձ, բայց ես գլխումս ունեմ ամբարած բազմաթիւ չասուած մտքեր, որոնց ափսոսում եմ հետս գերեզման տանել: Ուզում եմ քամել, մզել իմ էութիւնը ու մարդկութեան պիտանի մտքերս աշխարհին թողնել ու հետս գերեզման տանել միայն իմ մահկանացու մասը, որն ոչ ոքի է հարկաւոր…»(58):
Գրագէտի արժէքի ու արժանաւորութեան թեմայով` լեռկամսարեան գործին մէջ յատուկ տեղ ունին, շատ կանուխէն, Յակոբ Պարոնեանի առնչուող ակնարկներ, մի քանի ամբողջակա՛ն գրութիւններ, որոնց կարգին` երկու զրոյցներ – «Պարոնեանի գրական հասցէն» եւ «Պարոնեանը Հայաստանում» (երկուքն ալ` 1964): Նախ` հատուած մը առաջինէն.
«Կան աստուածներ, որ իրօք «ամէն տեղ են»:
«Դրանցից մէկն է հայ երգիծաբանութեան աստուած Յակոբ Պարոնեանը:
«Մենք գրողներ շատ ունենք: Մանաւանդ հիմա: Բայց այս գրողներից շատերը չեն համարձակւում առանց իրեն` ընթերցողի դուռը ծեծելու ներս մտնել…
«Իսկ երբ Պարոնեանն է մօտենում, ընթերցողը, դրան ետեւ սպասողի նման, ոտնաձայնից կռահում է Պարոնեանի մերձեցումը եւ անմիջապէս դուռը բացում է ասելով.
«- Ո՞ւր ես. մեռայ քեզ սպասելով: (…)
«Երգիծաբանութիւնը գրականութեան մէջ ամենադեֆիցիտային «ապրանքն» է: Կեանքի մէջ շատ կան լալու բաներ, եւ մարդն էլ իր կեանքի վերջակէտը դնում է լացով:
«Ձեզ եմ թողնում երեւակայել, թէ այսպիսի մարդը ինչքան պիտի ցանկանայ կեանքի մէջ գէթ մի անգամ ծիծաղել:
«Իսկ այդ ծաղրը քեզ կու տայ միայն Յակոբ Պարոնեանը:
«Կան, ի հարկէ, նաեւ հնակարկատ երգիծաբաններ, որոնց գործերը, քարթոնից շինուած կօշիկների նման, խանութից տուն գալիս` ճանապարհին… ծակւում են:
«… Առանց ծիծաղի կեանք չկայ…»
Հատուածը կ՛աւարտի դարձեալ թեւաւոր խօսքով մը. «Ստեղծագործութեան ժամանակ եթէ Աստուածը իր վրայ ծիծաղէր, Աբդուլ Համիտի նման անգութ մարդ չէր ստեղծի»(59):
Իսկ «Պարոնեանը Հայաստանում» կը բեմադրէ գլուխ-գլխի զրոյց մը` Լեռ Կամսարի եւ իր հոգեհօր միջեւ: Զայն Հայաստան հրաւիրելով, երգիծաբանը, Հայաստանի «թերութիւնները» խոստովանելով հանդերձ, իբրեւ թէ կը փորձէ Պարոնեանը «վերադաստիարակել»: Զուր ճիգ.
«… Այնքան բորբոքուեց մեծ երգիծաբանը, որ ես վախեցայ այս վիճակով նրան Հայաստան բերել: Իր զայրոյթը մեղմել փորձելով` ասացի.
«- Ոտքդ պագնեմ` հանդարտուի՛ր: Ամէն երկիր իր սովորոյթն ունի: Մեզ մօտ ոեւէ մէկին չի կարելի ուղղակի աւանակ անուանել: Նա «որոշ չափով» է աւանակ: Նրանց` ում աւանակ ես անուանելու` ջորի պիտի ասես նախ. իսկ «չորքոտանի» ասել` այդ արդէն անհնար է: Մեզ մօտ մէկը ինչ յանցանք էլ գործելու լինի` երեք ոտից աւելին արտօնուած չի ունենալու: Երկու, ամենաշատը` երեք:
«- Ինչո՞ւ, ձեր երկրում ոտքի պակասութի՞ւն կայ:
«- Ոչ, ոտներ շատ ունենք, բայց խոմ չի կարելի մեր ունեցած բոլոր ոտները բերել շարել մի յանցաւորի տակ:
«- Լա՛ւ, երկու ոտքով ալ կը գոհանամ. տո՛ւր ատոնց անունները, որ «Ազգային Ջոջեր» գրեմ:
«- Անուն տալ չի կարելի: Պէտք է գրես` «որոշ մարդիկ» կամ «ոմանք»:
«- Անանկ է նէ, ես Հայաստան չեմ գար,- ասաց Պարոնեանը եւ տեղը նստեց: – Գամ` դերանուննե՞ր ծաղրեմ:
« […] – Կը գրէք «Ազգային Փոքրեր»… Ի՞նչ տարբերութիւն:
« – Փոքրերի մասին թող փոքր երգիծաբաններ գրեն, ես չեմ կարող…»(60):
Դառն եզրայանգումներու պահուն եւս, Լեռ Կամսար կը պահէ «մեծի» արժանաւորութիւն ու արժանապատւութիւն.
«Բոլշեւիկեան կառավարութիւնը հեքիաթի այն վիշապն եղաւ, որ նստած իմ եւ ժողովրդի մէջտեղ, արգելեց ամէն տեսակի հաղորդակցութիւն իրար հետ: Ինձ Բեւեռ աքսորեց ու վառեց գրքերս, որ չկարդան, վերադարձիս էլ այնպէս խցեց բերանս, որ ծպտուն չհանեմ:
«- Ինչո՞ւ:
«- Որ չգոռամ ՃՇՄԱՐՏՈՒԹԻՒՆԸ…»(61):
(Շար. 4)
(51) Անդ, էջ 71:
(52) Տե՛ս ծնթգրթ. 28:
(53) «Բանտիս Օրագիրը», էջ 129:
(54) «Դիւան Լեռ Կամսարի», «Ազատամարտ – Վարուժան», N 7 (20), Եր., նոյեմբեր 1994:
(55) «Սոցիալիզմի Սահարա», էջ 30:
(56) «Բանտիս Օրագիրը», էջ 48:
(57) «Լոյս է տեսել «Սոցիալիզմի Սահարան», Վանուհի Թովմասեան, «Ազգ – Մշակոյթ», Եր., 7 նոյ. 2009:
(58) «Ժամանակի կամ աւելի ճիշտ իր խելքի զոհը», Վանուհի Թովմասեան, «Ազգ – Մշակոյթ», 20-10-2007:
(59) «Մարդը տանու շորերով», Եր., հրատ. «Հայաստան», 1965, էջ 317: Հրատարակման պահուն կալանքի ենթարկուած այս հատորին մասին, տե՛ս ծնթգր. 1: Տե՛ս նաեւ «Տպուած եւ անտիպ էջեր», էջ 317:
(60) Անդ, էջ 319:
(61) «Սաստիկ Կոմունիստներ», էջ 7:

