Յօդուած` Ջաւախքէն

Այն միտքը, որ սփիւռքի մեր ընկերներն ուզում են Ջաւախքի մասին յօդուած տեղադրել իրենց թերթի էջերին, այն էլ Ջաւախքում ապրող երիտասարդի ձեռքով գրուած` մեզ շատ ուրախացրեց, առաւելապէս այն պատճառով, որ Ջաւախքում այսօր աւելի քան երբեւէ զգացւում է այդ ուշադրութեան կարիքը:

Ջաւախքի պատմութեան մասին կարելի է գտնել որոշակի գրքեր, հետեւաբար այդ մասին չէ, որ կ՛ուզէի խօսել, եւ ոչ էլ անցած տարիներին արուած կամ չարուած աշխատանքների մասին: Ուստի կը փորձեմ պատմել մի քանի բան ներկայի մասին, որպէս ջաւախքցի, որպէս լրագրող եւ ուղղակի բնակիչ, ով ապրում ու գործում է այս իրականութեան մէջ:

Սկսենք երիտասարդներից: Նրանց միաւորող հիմնական օղակը գործազրկութիւնն ու ժամանցի վայրերի բացակայութիւնն է: Իսկ նրանք, ովքեր գնացել են Երեւան, բարձրագոյն կրթութիւն ստացել եւ վերադարձել են ծննդավայր, կամ անգործ նստած են, կամ լաւագոյն դէպքում աշխատում են մասնագիտութեան հետ որեւէ կապ չունեցող միջավայրում: Բայց որպէս կանոն` փորձում են օր առաջ լքել Ջաւախքը, որն օր օրի դառնում է թուրքերի ու ազրպէյճանցիների նոր տունը: Ընդ որում, ասուածը ստեղծուած վիճակի միայն մի փոքրիկ մասն է:

Երկու ամիս առաջ Ախալքալաքի շրջանում հարցում էինք անում: Հարցերը բազմազան էին եւ վերաբերում էին քաղաքականութեանը, ընկերային վիճակին եւ այլն: Մտնելով բազմաթիւ ընտանիքներ եւ խօսելով մարդկանց հետ կարող եմ հաստատ ասել, որ յատկապէս գիւղերում վիճակը շատ ծանր է: Մարդիկ անհանգիստ են, որոշներն էլ տագնապի մէջ` անհանգստանալով վաղուայ օրուան համար, իսկ իրավիճակը գնալով ոչ թէ լաւանում է, այլ ճիշդ հակառակը: Մարդիկ արդէն չեն կարողանում լուծել կենցաղային պարզագոյն խնդիրները:

Լուրջ է վիճակը նաեւ դպրոցներում. hայոց լեզուի եւ գրականութեան դասաժամերն ամէն կիսամեակ կրճատւում են, հայոց պատմութիւնը բոլոր դպրոցներում արգելում են դասաւանդել, հայ մանկավարժներին հեռացնում են դպրոցներից եւ այսպէս շարունակ… Սա է Ջաւախքի ներկայիս պատկերը:

Հայրենիքից դուրս ապրող սիրելի քոյրեր ու եղբայրներ, դժուար է ասել, թէ յատկապէս ինչը վերջնական լուծում կը տայ մեր խնդիրներին, բայց հաւատում ենք, որ ինքնավարութիւնը կարող է բարելաւել բազմաթիւ խնդիրներ: Այս պատճառով էլ փորձում ենք համախմբել մեր ուժերն այս ուղղութեամբ եւ ինչ-որ կերպ նպաստել մեր նպատակների իրագործմանը:

Խորին յարգանքներով ձեր`
Ջաւախահայ մը

Share this Article
CATEGORIES