Հայոց Ցեղասպանութեան Խնդիրը Եւ Թուրքիայի Քաղաքականութեան Արդի Միտումները
ՌՈՒԲԷՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ
Ինչպէս յայտնի է, Հայոց ցեղասպանութեան փաստի միջազգային ճանաչման դէմ պայքարը կարեւոր տեղ է զբաղեցնում Թուրքիայի արտաքին քաղաքականութեան մէջ: 2015-ին ընդառաջ Թուրքիան զօրաշարժի է ենթարկում իր հին մեթոտները եւ դրանց յաւելում նորերն ինչպէս արտաքին, այնպէս էլ ներքին քաղաքականութեան ասպարէզում:
Մասնաւորապէս, ահռելի նիւթական միջոցներ են ներդրւում Հայոց ցեղասպանութեան փաստը ժխտող հակագիտական գրականութեան տպագրութեան, թարգմանութեան եւ տարածման գործում: Թուրքական «գիտական միտքը» փորձում է նոր «անվիճարկելի» փաստեր գցել շրջանառութեան մէջ: Օրինակ, վերջերս յայտարարուեց, թէ Հայոց ցեղասպանութեան փաստը հերքելու համար յայտնաբերուել են լուրջ տուեալներ` կապուած Մալթայի դատավարութեան հետ: Ըստ անգլօ-ամերիկեան մի փաստաթղթի, Մալթայում պահուող եւ Հայոց ցեղասպանութեան համար պատասխանատու օսմանեան պաշտօնեաներն ազատ են արձակուել, քանի որ` «նրանց դէմ ոչ մի ապացոյց հնարաւոր չի եղել գտնել»: Այն, որ թուրք գիտնականների կողմից այս «յայտնագործութիւնը» թուրքական իշխանութիւններին ներկայացուել է որպէս լուրջ փաստարկ, ապացուցում է նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիայի` Եւրոմիութեան հետ գլխաւոր բանակցող եւ նախարար Էկեմեն Պաղըշը վերջերս այցելել է Մալթա եւ յայտարարել. «1915-ի դէպքերի հետ կապուած Թուրքիան հէնց Մալթայի դատավարութիւնների ժամանակ է արդարացուել: Դատարանը 1915-ին տեղի ունեցած դէպքերի համար ձերբակալուած օսմանեան պաշտօնեաներին արդարացրել է: Եւ այդ որոշումն ընդունողը անգլիացի դատաւոր է»: Նաեւ յայտարարւում է, որ այս «լուրջ յայտնագործութիւնը» Թուրքիան օգտագործելու է միջազգային բեմերում` որպէս փաստարկ առ այն, որ` «հայերի ցեղասպանութիւն իրականում տեղի չի ունեցել»:
Նկատենք, որ Ա. Համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ ձերբակալուել էին Հայոց ցեղասպանութիւնը կազմակերպած, իրականացրած եւ մեղսակցութիւն ունեցած օսմանեան բազմաթիւ պաշտօնեաներ, որոնց մի մասին հետագայում տեղափոխել են Մալթա: Աւելի ուշ, քեմալական շարժման ծաւալման պատճառով փոխւում է իրավիճակը, եւ Մալթայի աքսորեալ յանցագործները դառնում են Անգլիայի ու քեմալական իշխանութիւնների միջեւ ընթացող քաղաքական առեւտրի առարկայ. առաւել որոշակի` տեղի է ունենում անգլիացի եւ թուրք գերիների փոխանակում: Այդ յանցագործներից շատերը, վերադառնալով Թուրքիա, բարձր պաշտօններ են ստանում` դառնալով պատգամաւոր, նախարար, մարզպետ եւ այլն: Բազմաթիւ են փաստերը, որոնք ապացուցում են, որ նրանք ազատ են արձակուել ոչ թէ իրաւական, այլ քաղաքական իրավիճակի փոփոխութեան պատճառով, իսկ անգլիական դիւանագիտութեանը բնորոշ ձեռագիրը եւ մտածելակերպը արտացոլուած են անգլիացի բարձրաստիճան մի դիւանագէտի զեկոյցում, որտեղ խօսելով ազատ արձակուած թուրքերի մասին` նա նշում է. «Այդ մարդկանց մասին ինչքան քիչ բան խօսենք, այնքան լաւ, բայց ես հնարաւորինս փորձեցի յստակ պարզաբանում ներկայացնել այս նուրբ թեմայի շուրջ, թէ արդեօք ինչու Մալթայում գտնուող թուրք աքսորեալներին բաց թողեցինք: Կարծում եմ, որ բոլորն էլ ինձ նման կը վարուէին: Խորհրդարանի անդամները համոզուած էին, որ մէկ անգլիացի գերին թուրքերով լի մի նաւի արժէք ունի: Փոխանակումն էլ այս պատճառով իրականացուեց»:
Թուրքական վերլուծական շրջանակները եւս աշխուժօրէն ներգրաւուած են Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման դէմ պայքարում, եւ նրանց գործունէութիւնն ու վերլուծութիւնները, բնականաբար, համահունչ են պետական քաղաքականութեանը: Օրինակ` Եւրասիական անվտանգութեան եւ ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի նախագահ Հաթեմ Ճապարլըն մտահոգութիւն է յայտնում, որ թուրքական մամուլում աստիճանաբար աւելի շատ է խօսւում Հայոց ցեղասպանութեան մասին, եւ լրագրողների մէջ յայտնւում են անձինք, ովքեր պաշտպանում են հայկական տեսակէտները եւ Թուրքիայից պահանջում ներողութիւն խնդրել: Որպէս թարմ օրինակ յիշատակւում է թուրքական «Ռատիքալ» թերթի յօդուածագիր Օրհան Ճենկիզը: Ճապարլըն իր վերլուծութիւնն աւարտում է Թուրքիայի համար յոռետեսական եզրայանգումներով եւ նշում. «Թուրքական մամուլում նմանատիպ տեսակէտների տեղ գտնելու փաստը պէտք է համարել հայկական քարոզչութեան լուրջ յաջողութիւն»:
2015-ին պատրաստուելու ընթացքում Թուրքիան յայտարարում է, որ իրենց թիւ մէկ թշնամին հայկական սփիւռքն է, որի դէմ պայքարում ներգրաւուած է նաեւ ազրպէյճանական պետութիւնը: Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման եւ հայկական սփիւռքի դէմ պայքարում փորձ է կատարւում ձեւաւորել մի նոր ուժ` ի դէմս թուրք-ազրպէյճանական լոպիի, որը յատկապէս աշխուժ գործում է Եւրոպայում եւ Միացեալ Նահանգներում: Օրինակ, Միացեալ Նահանգներում կայ «Երիտթուրքեր» շատ խորհրդանշական անունը կրող մի կառոյց, որը միջոցառումներ է կազմակերպում «ընդդէմ հայկական ստերի», «Հայ ահաբեկիչներու կողմից սպաննուած թուրք դիւանագէտների յիշատակման», «Խոջալուի դէպքերի» թեմաներով: Սակայն այս հարցում ակնյայտ են նաեւ փանթուրքիստական շեշտադրումները. «Երիտթուրքերը» նշում են, որ իրենց պայքարին են միանում ոչ միայն ամերիկաբնակ ազրպէյճանցիները, այլեւ` ուզպէքները, թուրքմէնները, ույղուրները եւ այլ թուրքական ժողովուրդներ:
Այս ամէնին զուգահեռ, Թուրքիան կիրառում է նաեւ որոշ քողարկուած մեթոտներ: Դեռեւս մի քանի տարի առաջ արտաքին գործերի նախարար Տաւութօղլուն թուրք դիւանագէտներին յանձնարարել էր հայկական համայնքներում գտնել «երկխօսութեան» կողմնակից հատուածներ եւ աշխուժօրէն աշխատել նրանց ուղղութեամբ:
Պէտք է ասել, որ Հայոց ցեղասպանութեան փաստի ճանաչման դէմ պայքարում թուրքական քաղաքական համակարգում ներկայացուած գրեթէ բոլոր ազդեցիկ կուսակցութիւնները, անկախ իրենց գաղափարախօսական կողմնորոշումներից, միասնական են: Ի հարկէ, ժխտողական քաղաքականութեան եւ կեղծիքի մեծ մասն իրականացնում է իշխող Արդարութիւն եւ բարգաւաճում կուսակցութիւնը, սակայն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցութիւնները փորձում են յետ չմնալ: Այսպէս, Ժողովրդա-հանրապետական կուսակցութեան կառավարման խորհրդի վերջին նիստում, կուսակցութեան առաջնորդ Քեմալ Քըլըճտարօղլուի նախագահութեամբ, որոշում է ընդունուել թուրք պաշտօնաթող դիւանագէտ եւ պատգամաւոր Շիւքրիւ Էլեքտաղից, որը յայտնի կեղծարարներից մէկն է, պահանջել «հայկական պնդումների» հետ կապուած մի զեկոյց եւ առաջարկներ, թէ ինչ պէտք է արուի դրանց դէմ: Կուսակցութիւնը պաշտօնական հաղորդագրութիւն է տարածել, որ նախաձեռնում է լայնածաւալ աշխատանքներ Հայոց ցեղասպանութեան ճանաչման դէմ: Ազգայնական շարժում կուսակցութեան նախագահ Տեւլեթ Պահչելին էլ, օրերս ելոյթ ունենալով Ֆրանսայում, խիստ քննադատութեան է ենթարկել ծերակոյտի յայտնի որոշումը եւ սպառնալիքներ տեղացել հայկական սփիւռքի հասցէին: Միեւնոյն ժամանակ, նա կոչ է արել թուրքերին միասնական պայքար մղել «հայկական պնդումների դէմ»:
Այս ամէնին զուգահեռ, թուրքական իշխանութիւնն իր ազգայնամոլական կեցուածքը փորձում է նաեւ համատեղել, իբրեւ թէ ժողովրդավար քայլերի ու յայտարարութիւնների հետ, ինչը, միանշանակ, պէտք է բնորոշել որպէս կեղծիք: Թուրք բարձրաստիճան պաշտօնեաներն իրենց քայլերը տեղաւորում են «ընդհանուր ցաւի», «երկուստեք կորուստների» սնանկ թեզի պարունակում: Այսպէս, վարչապետ Էրտողանը վերջերս այցելելով գրքի տօնավաճառ` լրագրողների ներկայութեամբ գնել է թուրք լրագրող Թահա Աքեոլի հեղինակած «Հայեր եւ թուրքեր. ընդհանուր ցաւ» վերնագրով գիրքը` ցոյց տալով, իբրեւ թէ, իր հետաքրքրուածութիւնը թեմայով: Առաւել ուշագրաւ է այն, որ Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Ճեմիլ Չիչեքը օրերս մասնակցել է Թուրքիայի Ընկերվար-ժողովրդավարական կուսակցութեան կազմակերպած սիմփոզիումին, որը կրել է «Ցաւերը կիսելու եւ վէրքերը դարմանելու համար առաջին քայլ» խորագիրը: Աւելի՛ն. ելոյթ ունենալով այդ սիմփոզիումում` Չիչեքը յայտարարել է. «Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Անատոլիայում տեղի է ունեցել աքսոր, ինչի պատճառով հայերին, որոնց հետ դարերով կողք-կողքի ապրել ենք, պարտադրուել է լքել իրենց հայրենիքը: Մենք ունենք ընդհանուր ցաւեր, նախ եւ առաջ պէտք է դրանք ընդունենք»: Փաստօրէն` ապրիլի 24-ի նախօրեակին «301-րդ Ճեմիլը» փորձում է հանդուրժող եւրոպական պաշտօնեայի դիմակ կրել:
Նկատենք, որ Թուրքիայում թէեւ հասարակական շարժումների զգալի մասն ուղղորդւում է պետութեան կողմից, սակայն, այնուամենայնիւ, կան նաեւ համարձակ նախաձեռնութիւններ: Դրանց շարքում կարելի է առանձնացնել Մարդու իրաւունքների կազմակերպութիւնը եւ «Ցեղամոլութեան ու ազգայնամոլութեանը ասա կանգնիր» նախաձեռնութիւնը, որոնք հերթական անգամ ապրիլի 24-ին կազմակերպեցին Ցեղասպանութեան զոհերի յիշատակութեանը նուիրուած միջոցառումներ: Պոլսոյ Թաքսիմ հրապարակում անցկացուած միջոցառման ժամանակ որպէս ազգայնամոլութեան զոհ է յիշատակուել անցեալ տարի ապրիլի 24-ին զօրամասում սպաննուած հայազգի զինծառայող Սեւակ Պալըքճըն: Կազմակերպիչներն իրենց գնահատականները եւ դիրքորոշումը ներկայացնող երկու նամակ են յղել Ամենայն հայոց եւ Կիլիկիոյ կաթողիկոսներին: Հետաքրքիր է, որ զոհերի յիշատակի միջոցառման համար Մարդու իրաւունքների կազմակերպութիւնը խորհրդանշական վայր է ընտրել` Պոլսոյ Թուրք իսլամական ստեղծագործութիւնների թանգարանի շէնքը, որը 1915-ին ծառայել է որպէս հայ աքսորեալների բանտ: Այս միջոցառումների կարեւոր առանձնայատկութիւնն այն է, որ ի տարբերութիւն, օրինակ` թուրք մտաւորականների կազմակերպած «Ներողութիւն ենք խնդրում հայերից» ստորագրահաւաքի, կիրառւում է Հայոց ցեղասպանութիւն եզրը:
Պէտք է արձանագրենք, որ թուրքական հասարակութեան մէջ հետզհետէ աւելի են շատանում մարդիկ, ովքեր կարծում են, թէ աւելի ճիշդ կը լինի, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանութիւնը, ներողութիւն խնդրի եւ դրանով ձերբազատուի իր իսկ քաղաքականութեան պատանդը լինելուց: Հարկ է դիտարկել նաեւ, որ այդ մարդիկ իրենց կարծիքն առաւելապէս բխեցնում են ոչ այնքան հայանպաստ դիրքերից, որքան Թուրքիայի շահերից ելնելով: Միեւնոյն ժամանակ, կարեւոր է նկատել, որ իրենց պատմութեան հետ առերեսուելու պատրաստ թուրքերի եւ քրտերի թիւը չափազանց փոքր է Թուրքիայում. վերը նշուած «Ցեղամոլութեան ու ազգայնամոլութեանը ասա կանգնիր» նախաձեռնութեան կազմակերպիչներն անգամ կարծում են, որ իրենց նման փոքրաթիւ ձախակողմեայ ուժերով միայն հասարակական կարծիքը Թուրքիայում չի կարող փոխուել:
Ամփոփելով` նշենք, որ Հայոց ցեղասպանութեան ժխտման թուրքական քաղաքականութիւնը, մի կողմից, հանդիպում է որոշակի բարդութիւնների, իսկ միւս կողմից` մշակում է աւելի քողարկուած մեթոտներ, իր պայքարում ներառում է այլ ուժերի, ինչը պատմական ճշմարտութեան միջազգային ճանաչման ճանապարհին լրացուցիչ բարդութիւններ է ստեղծում Հայաստանի եւ հայութեան համար:
«Նորավանք»

