Երկրորդ Անգամ Անընդմէջ Սերժ Սարգսեանը Պոյքոթում Է Նաթօ-ի Գագաթաժողովը. Նման Կարեւոր Խորհրդաժողովը Պոյքոթելով` Հայաստանն Ընդունում Է Իր Դիւանագիտական Ձախողումը

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Երկրորդ անգամ անընդմէջ Հայաստանի նախագահը պոյքոթում է ՆԱԹՕ-ի գագաթաժողովը: Ինչպէս երկու տարի առաջ` 2010 թուականին Լիզպոնում, այնպէս էլ այս օրերին Շիքակոյում ընթացող Հիւսիս-ատլանտեան դաշինքի գագաթաժողովին Հայաստանը, ի տարբերութիւն Վրաստանի եւ Ազրպէյճանի, ներկայանում է արտաքին գործերի նախարարի մակարդակով: Հայաստանի անմիջական հարեւան այս երկու երկրները Շիքակոյում ներկայ են նախագահներ Միխայիլ Սահակաշվիլիի եւ Իլհամ Ալիեւի մակարդակով:

Շիքակոյում գտնուող արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը տեղի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում բացատրել է, թէ ինչո՛ւ է նախագահ Սերժ Սարգսեանը հրաժարուել ՆԱԹՕ-ի գագաթաժողովին մասնակցելուց: «ՆԱԹՕ-ի Շիքակոյի համաժողովի հռչակագրի նախագծում ներառուած է Հարաւային Կովկասում եւ Մոլտովայում հակամարտութիւնների լուծման վերաբերեալ ընդհանրական ձեւակերպում, որը, չնայած Լիզպոնեան հռչակագրի (նկատի ունի ՆԱԹՕ-ի 2010 թ. Լիզպոնի հռչակագիրը- Թ. Հ.) համեմատութեամբ որոշակի փոփոխութեան, հակասում է ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման Մինսքի խմբի համանախագահների մօտեցումներին, որոնք բազմիցս արտայայտուել են Միացեալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ֆրանսայի նախագահների կողմից: Այդ ձեւակերպումը չի համապատասխանում ԵԱՀԿ-ի շրջանակներում հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ վերջին տարիներին ընդունուած յայտարարութիւններին եւ որոշումներին», ասել է Նալբանդեանը եւ շարունակել. «Դա կարող է ոչ միայն վնաս հասցնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգաւորման բանակցային գործընթացին, այլեւ վտանգել փխրուն իրավիճակը տարածաշրջանում` յատկապէս Ազրպէյճանի ռազմական ծախսերի աննախադէպ աճի եւ նրա ղեկավարութեան ռազմատենչ հռետորաբանութեան խորապատկերի վրայ: Հաշուի առնելով այս մտահոգութիւնը` Հայաստանի նախագահը որոշում է կայացրել չմասնակցել Շիքակոյի հանդիպմանը»:

Աւելի վաղ Հայաստանի նախագահի մամուլի բանբեր Արմէն Արզումանեանը շեշտել էր, որ Հայաստանը կարեւորում է ՆԱԹՕ-ի հետ իր համագործակցութիւնը, որը նաեւ մեր երկրի ազգային անվտանգութեան մակարդակի բարձրացման բաղադրիչներից է, բայց Հայաստանը կարեւորում է իր համար կենսական խնդիրների շուրջ ընդունուող փաստաթղթերի բովանդակութիւնն ու դրանցում տեղ գտնող ձեւակերպումները, որոնք պէտք է ուղղուած լինեն տարածաշրջանում անվտանգութեան ամրապնդմանը: «Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտութիւնների լուծման ընդհանրական ձեւակերպումների անընդունելիութիւնը: ՆԱԹՕ-ի լիզպոնեան համաժողովի հռչակագրի նախագծում հարաւկովկասեան հակամարտութիւնների լուծման նախկին ընդհանրացուած ձեւակերպման պահպանումը, որում յղում է կատարւում ԵԱՀԿ կողմից հռչակուած սկզբունքներից միայն մէկին (տարածքային ամբողջականութեանը- Թ. Հ.), վատ ազդակ կարող է դառնալ եւ լրացուցիչ բարդութիւններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման բանակցային գործընթացում, յատկապէս վերջին շրջանում Ազրպէյճանի ռազմական ծախսերի աննախադէպ աճի եւ նրա ղեկավարութեան հայատեաց հռետորաբանութեան խորապատկերի վրայ», ասել է Արզումանեանը:

Նախագահ Սերժ Սարգսեանի Շիքակօ չմեկնելը նրա նախագահութեան չորս  տարիների արտաքին քաղաքական հերթական սխալն է եւ Հայաստանի դիւանագիտութեան պարտութեան ընդունումը: Նեղացածի կեցուածք ընդունելը եւ ՆԱԹՕ-ի գագաթաժողովը պոյքոթելը Հայաստանին դիւանագիտական որեւէ շահ չի բերելու: Հայաստանի արտաքին քաղաքականութիւն իրականացնողները նախ պէտք է անէին հնարաւորը, որպէսզի ղարաբաղեան հարցում հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպումը տեղ չունենար, ինչը, անշուշտ, դիւրին գործ չէ, բայց եթէ անգամ անզօր են եղել, ապա նախագահ Սարգսեանը պէտք չէր հրաժարուեր, այլ պիտի մեկնէր Շիքակօ եւ պայքարէր մինչեւ վերջին պահը:

Ինչպէս Լիզպոնի գագաթաժողովում, այս անգամ եւս հայկական կողմի համար անընդունելի ձեւակերպման հիմնական հեղինակն ու ոգեշնչողը ՆԱԹՕ-ի անդամ Թուրքիան է, որի հետ Հայաստանը 2009 թուականին հոկտեմբերին ստորագրեց երկու արձանագրութիւն:

Չորս տարի շարունակ Հայաստանի արտաքին քաղաքականութիւն իրականացնողները թմբկահարում են եւ ամենամեծ ձեռքբերում համարում ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում միջազգային հանրութեան կողմից պարբերաբար հնչեցուող այն տեսակէտը, որ լուծման ճանապարհին հաւասարապէս կարեւորւում են Հելսինքիի եզրափակիչ ակտի բոլոր երեք սկզբունքները` տարածքային ամբողջականութեան պահպանումը, ազգերի ինքնորոշման յարգումը եւ ուժի կամ ուժի սպառնալիքի բացառումը:

ՆԱԹՕ-ն Իսլամական խորհրդաժողով կազմակերպութիւնը չէ, որ նրա կողմից ղարաբաղեան հարցով ընդունուած որոշումներին Հայաստանի իշխանութիւնները անտարբերութեամբ մօտենան: ՆԱԹՕ-ն ոչ միայն աշխարհի հզօրագոյն ռազմաքաղաքական միաւորումն է, այլ նրա կարեւորագոյն անդամ երկու պետութիւններ` Միացեալ Նահանգներն ու Ֆրանսան, ԵԱՀԿ Մինսքի խմբի  եռանախագահութիւնն են ներկայացնում: Հայ դիւանագէտները նախագահ Սարգսեանի գլխաւորութեամբ պիտի հէնց Շիքակոյում դռներ ծեծէին ու անքուն գիշերներ անցկացնէին: Ու եթէ պոյքոթը վերջին կրակոցն է, ապա դա պիտի արձակուէր հէնց ՆԱԹՕ գագաթաժողովի ամպիոնից, այլ ոչ թէ ամերիկահայերի հետ հանդիպման ընթացքում` արտաքին գործերի նախարարի շուրթերով: Աշխարհի առաջատար որեւէ լրատուամիջոց չի անդրադառնալու արտաքին գործերի նախարար Նալբանդեանի այն բացատրութեանը, թէ ինչո՛ւ է նախագահ Սարգսեանը պոյքոթում ՆԱԹՕ-ի գագաթաժողովը, մինչդեռ եթէ Հայաստանի նախագահը ներկայ լինէր, կարող էր այդ կարեւոր հարթակն օգտագործել` դժգոհելով ՆԱԹՕ-ի որդեգրած ոչ հաւասարակշիռ կեցուածքի դէմ: Ահա այս դէպքում է հնարաւոր, որ միջազգային լրահոսում յայտնուէին Հայաստանն ու նրա կարծիքը:

 

Յատուկ «Ազդակ»ի համար

 

 

 

Share this Article
CATEGORIES