Բարգաւաճ Հայաստանի Անսպասելի Քայլը. Գագիկ Ծառուկեանը Չի Կարողացել Պաշտօնազրկել Վարչապետ Տիգրան Սարգսեանին
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւնը (ԲՀԿ) հրաժարուել է ընդունել նախագահ Սերժ Սարգսեանի` համաձայնական նոր կառավարութիւն ձեւաւորելու առաջարկը:
Կուսակցութեան առաջնորդ Գագիկ Ծառուկեանի այս քայլը անսպասելի էր ոչ միայն ներքաղաքական շրջանակների ու լրատուամիջոցների, այլ անգամ իր մօտ շրջապատի շատ ու շատ գործիչների համար:
Առաջիկայում բազմաթիւ յօդուածներ ու վերլուծականներ են գրուելու, ենթադրութիւններ են արուելու, թէ ինչո՛ւ Ծառուկեանը հրաժարուեց համաձայնական կառավարութիւն կազմել Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) հետ: Այս ամէնի հետեւում տեսնելու են դաւադրութիւն, փնտռելու են երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանի դերակատարութիւնը: Անշուշտ, բոլոր կարծիքներն ու վերլուծութիւնները «ապրելու» իրաւունք ունեն:
Բայց շատ կարեւոր է իմանալ, թէ ի՞նչ է տեղի ունեցել իրականում:
Իսկ տեղի է ունեցել հետեւեալը: Մայիսի 23-ի երեկոյեան սկսուել եւ ժամեր շարունակ ընթացել է նախագահ Սերժ Սարգսեանի եւ Գագիկ Ծառուկեանի միջեւ հանդիպում հէնց համաձայնական կառավարութիւն ձեւաւորելու, այսինքն` իշխանութիւնը կիսելու (անշուշտ, ոչ հաւասար չափաբաժիններով) հարցերի շուրջ:
Նախ յիշեցնենք, որ մայիսի 6-ի խորհրդարանական ընտրութիւններում, ըստ պաշտօնական տուեալների, Սերժ Սարգսեանի գլխաւորած ՀՀԿ-ն ստացել էր քուէների մօտ 44 տոկոսը, իսկ նրա համաձայնական կառավարութեան գործընկեր ԲՀԿ-ն` 30 տոկոսը: ՀՀԿ-ն նոր խորհրդարանում ունենալու է 69 պատգամաւոր 131-ից, այսինքն` կէսից աւելին, հետեւաբար, այդ կուսակցութիւնը կարող է միայնակ կազմել կառավարութիւն եւ կարիք չունի ո՛չ ԲՀԿ-ի եւ ո՛չ էլ որեւէ այլ ուժի աջակցութեան: Սակայն Սերժ Սարգսեանը ձգտում էր հասնել նրան, որ նոր կառավարութիւնը լինի համաձայնական, որպէսզի ինը ամիս յետոյ` 2013 թուականի փետրուարին կայանալիք նախագահական ընտրութիւններում, ԲՀԿ-ն նախագահի իր թեկնածուն չունենայ եւ աջակցի իրեն: Գագիկ Ծառուկեանը այս տարբերակին դէմ չէ: Աւելին, համաձայնական կառավարութեան ձեւաւորումը այնքան հաւանական էր, որ մի շարք ԲՀԿ-ականներ, ովքեր պատգամաւոր են ընտրուել, արդէն պատրաստւում էին հրաժարուել իրաւագրերից, քանի որ պատրաստւում էին ստանալ նախարարական աթոռներ:
ԲՀԿ-ի ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Օսկանեանը, ինչպէս նաեւ մի քանի այլ ԲՀԿ-ականներ, ովքեր խստիւ դէմ էին համաձայնական կառավարութեան ձեւաւորմանը, ի նշան իրենց անհամաձայնութեան, պատրաստւում էին լքել ԲՀԿ-ի շարքերը: Յամենայն դէպս, այդպիսի տպաւորութիւն էր ստեղծւում նրանց հրապարակային յայտարարութիւններից:
Եւ ահա Սերժ Սարգսեան-Գագիկ Ծառուկեան մայիսի 23-ի հանդիպումը փոխել է իրադարձութիւնների ընթացքը: Բայց պատճառը ոչ թէ այն էր, որ ԲՀԿ-ն այլեւս չէր ուզում համաձայնական կառավարութիւն կազմել, այլ որովհետեւ նախագահ Սարգսեանը չի ընդունել Ծառուկեանի առաջարկներից եւ ոչ մէկը: ԲՀԿ առաջնորդը, ով նաեւ Հայաստանի խոշորագոյն գործարարներից է, խիստ դժգոհ է վարչապետ Տիգրան Սարգսեանի տնտեսական քաղաքականութիւնից: Ծառուկեանը մտածել է, որ նոր համաձայնական կառավարութիւն կազմելու եւ նախագահական ընտրութիւններում Սերժ Սարգսեանին աջակցութիւն խոստանալու դիմաց Հայաստանի նախագահը գոնէ վարչապետ Տիգրան Սարգսեանին պաշտօնանկ կ՛անի: Սերժ Սարգսեանը յայտնել է, որ վարչապետի պաշտօնում մնալու է Տիգրան Սարգսեանը, փոխարէնը ԲՀԿ-ին առաջարկել է աւելի շատ նախարարական աթոռներ: Ծառուկեանը չի համաձայնուել: Ահա եւ այս պատճառով նոր համաձայնական կառավարութիւն կազմելու շուրջ ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջնորդների միջեւ պայմանաւորուածութիւն ձեռք չի բերուել:
Անշուշտ, ԲՀԿ-ն եւ նրա առաջնորդ Ծառուկեանը ձգտում էին հասնել նրան, որ հէնց ԲՀԿ-ին հասնի վարչապետի պաշտօնը: Միւս կողմից, Ծառուկեանը համաձայն էր մէկ այլ ՀՀԿ-ականի նշանակումին որպէս նոր վարչապետ, բայց ոչ մի դէպքում համաձայն չէր Տիգրան Սարգսեանի պաշտօնավարութեան շարունակմանը: Հայաստանեան լրատուամիջոցներում յայտնւում էին տեղեկութիւններ, որ հնարաւոր է նոր վարչապետի աթոռը զբաղեցնի խորհրդարանի նախկին նախագահ, ՀՀԿ-ական Յովիկ Աբրահամեանը, ով բարդ ու լարուած յարաբերութիւններ ունի Տիգրան Սարգսեանի հետ: Աւելորդ չէ նշել, որ Յովիկ Աբրահամեանի որդին եւ Գագիկ Ծառուկեանի դուստրը ամուսիններ են:
Երբ մայիսի 23-ի ուշ երեկոյեան բանակցութիւնները Սերժ Սարգսեանի եւ Գագիկ Ծառուկեանի միջեւ աւարտուեցին ձախողումով, յաջորդ օրը ԲՀԿ առաջնորդը տարածեց յայտարարութիւն, որում բացատրում էր, թէ ինչու նպատակայարմար չի համարում համաձայնական կառավարութիւն կազմել ՀՀԿ-ի հետ: Կրկնենք, սակայն, որ աւելի քան երկու շաբաթ, Գագիկ Ծառուկեանը եւ Սերժ Սարգսեանը, պատրաստւում էին համաձայնական դաշինքի նոր կառավարութիւն համաձայնագիր ստորագրել, որին միանալու էր նաեւ Օրինաց երկիր կուսակցութիւնը:
Ծառուկեանի տարածած յայտարարութեան մէջ ասւում էր. «Ես իմ բոլոր հանդիպումների ժամանակ յայտարարել եմ, որ, մտնելով քաղաքականութիւն` չեմ հետապնդում որեւէ անձնական շահ: Աւելի՛ն, ես յայտարարել եմ, որ պատրաստ եմ ունենալ կորուստներ, սակայն ժողովրդի վստահութիւնը սրբօրէն պահպանելու եմ: Խորհրդարանական ընտրութիւնների արդիւնքում Բարգաւաճ Հայաստանը ստացաւ մօտ կէս միլիոն ձայն: Այդ մարդիկ քուէարկել են ԲՀԿ-ի օգտին` վստահելով մեզ եւ պահանջելով երկրի ընկերային-տնտեսական կեանքում իրական, տեսանելի փոփոխութիւններ: Ընտրութիւնների արդիւնքներով` ԲՀԿ-ն չունի կառավարութիւն ձեւաւորելու եւ իր ծրագրերը իրականացնելու սահմանադրական հնարաւորութիւն: Ելնելով վերը նշեալից` ես պաշտօնապէս յայտարարում եմ, որ ԲՀԿ-ն նպատակայարմար չի գտնում մասնակցել համաձայնական կառավարութեան ձեւաւորմանը: ԲՀԿ-ն շարունակելու է ունենալ ծանրակշիռ դերակատարում մեր երկրի քաղաքական կեանքում: Մենք ունենալու ենք խիստ կառուցողական, հաւասարակշռող դերակատարութիւն եւ մասնակցութիւն երկրի հասարակական-քաղաքական կեանքում: Ազգային ժողովում ԲՀԿ-ն ունենալու է շատ աշխուժ եւ գործունեայ խմբակցութիւն: Ես խոստանում եմ, որ մեր պատգամաւորները մշտապէս լինելու են ժողովրդի կողքին, բոլոր հնարաւոր միջոցներով պաշտպանելու են մեր քաղաքացիների իրաւունքներն ու շահերը»:
Առաջիկայում լրատուամիջոցների ուշադրութեան կենտրոնում մնալու է ԲՀԿ-ի եւ նրա ղեկավարի գործունէութիւնը: Բնական է, որ կասկածներ են նաեւ հնչելու. արդեօք ԲՀԿ-ն չի՞ պատրաստւում առաջիկայ նախագահական ընտրութիւններում` կեղծ ընդդիմութեան քօղի տակ պաշտպանել Սերժ Սարգսեանին: Կամ` ԲՀԿ-ի` համաձայնական կառավարութիւն կազմելուց հրաժարուելը արդեօք չի՞ նշանակում, որ գործընթացների հետեւում կանգնած է երկրորդ նախագահ Ռոպերթ Քոչարեանը, ով, ի դէպ, լաւ յարաբերութիւններ ունի ինչպէս Ծառուկեանի, այնպէս էլ` Օսկանեանի հետ: Կը լինեն նաեւ հակասական, անտրամաբանական այլ մեկնաբանութիւններ ու կարծիքներ անշուշտ:
Եւս մի իրողութիւն, որը կարող է լոյս սփռել Հայաստանում ընթացող ներքաղաքական ներկայ գործընթացների վրայ:
Խօսակցութիւնները, թէ ԲՀԿ-ն ու նրա առաջնորդ Ծառուկեանը կատարում են Ռոպերթ Քոչարեանի հրահանգները, մեղմ ասած, ուռճացուած են, եթէ չասենք` ճիշդ չեն: Ծառուկեանը այս ընտրութիւններում ստացել է 30 տոկոս քուէ, ինչը, համաձայնէք, պատկառելի թիւ է: Այո, Ծառուկեանն ու Օսկանեանը լաւ կապեր ու յարաբերութիւններ ունեն Քոչարեանի հետ, սակայն նաեւ հասկանում են, որ ունեն 30 տոկոս քուէ կամ գրեթէ կէս միլիոն մարդու աջակցութիւն: Աւելի՛ն, համաձայնական կառավարութիւն չմտնելով, ԲՀԿ-ի ու նրա առաջնորդների վարկանիշը աւելի է բարձրանալու:
Եւս մէկ իրողութիւն: Ճիշդ է, 2008-ին Քոչարեանը ամէն ինչ արեց, որ հէնց Սերժ Սարգսեանը դառնայ Հայաստանի նախագահ, եւ ոչ Լեւոն Տէր Պետրոսեանը, սակայն այդ օրերից չորս տարի անց նա հիասթափուած է նախագահ Սարգսեանից ու նրա տնտեսական խումբի քաղաքականութիւնից: Անշուշտ, սա չի նշանակում, որ Քոչարեանը դուրս կը գայ իր երկար տարիների գործընկեր Սարգսեանի դէմ: Աւելի՛ն,եթէ ընտրութիւնը կրկին լինի Տէր Պետրոսեանի ու Սարգսեանի միջեւ, ապա Քոչարեանը կը պաշտպանի Սարգսեանին: Սակայն արդեօ՞ք Քոչարեանը առաջիկայ նախագահական ընտրութիւններում կը պաշտպանի Սարգսեանին, եթէ ներքաղաքական դաշտում ի յայտ գա նախագահի իրական այլ թեկնածու:
Չշտապենք, ինն ամիս է մնացել մինչեւ 2013-ի փետրուար:
Յատուկ «Ազդակ»-ի համար


