Յուշերի Արահետներով
ՆԵՐՍԷՍ ԱԹԱԲԵԿԵԱՆ
Օրերն անցնում են, բայց զարմանալիօրէն մնում են նրանց մասին յուշեր եւ յիշողութիւններ` որպէս չկողոպտուող սեփականութիւն:
Անկարող ես ջնջել դրանք, քանի որ չես կարող մերժել սեփական պատմութիւնդ, ապրածդ ու կորցրածդ:
Նիւթական պահանջմունքների բաւարարման այս եսակենտրոն դարում մարդկային հոգիները կարծես տառապում են հոգեւոր լոյսի պակասից եւ չեն գիտակցում, թէ իրենց կեանքը ե՛րբ եւ ինչպէ՛ս դարձաւ նոյնքան ճղճիմ, չեն գիտակցում, որ մոռացել են իրենց հոգեւոր ես-ի մասին. նիւթականը փակում է հոգու դռները: Ու երբ թերթում ես հանճարների մասին պատմող գրքերը, կարծես մէկ այլ աշխարհ ես տեղափոխւում, որտեղ գերիշխում է հոգեւորից առկայծող լոյսը, տեսնում ես կեանքին դիմակայելու եւ սեփական սկզբունքներից չհրաժարուելու մեծերի պայքարը, նրանց անկոտրում կամքն ու հարուստ էութիւնը:
Հանճարների կեանքի ուրախ եւ տխուր, յուզումնալից ու զաւեշտալի, հանճարեղ թուլութիւնների ու զարմանալի ուժի մասին պատումները իր «Յուշերի արահետներով» գրքում է ամփոփել Մանուշակ Շիրինեանը: Այն կարծես պատուհան լինի դէպի զարմանալի ու լուսաւոր աշխարհ, որտեղ ապրում են հայ եւ համաշխարհային մեծութիւններ:
Հեղինակին յաջողուել է գիրքը կառուցել այնպէս, որ ընթերցողը տեսնի մեր մեծերից իւրաքանչիւրի ամբողջական կերպարը` իր ժամանակի, այդ շրջանի իրողութիւնների եւ պատմական-հասարակական իրադարձութիւնների մէջ:
«Գրքում ամբարուած են մեծերի հոգու գանձերը, կատակները, արցունքները, ուրախութեան եւ վշտի նշխարները:
Շատերն այն կարծիքին են, թէ մեծ մարդկանց կեանքի ներքին , ընտանեկան կամ կենցաղային մանրուքները պէտք չէ գրի առնուեն, ներկայացուեն, որպէսզի չթուլանայ դրանց թողած հմայքը: Բայց ես կարծում եմ` մեծերի կեանքում մանրուքներ չեն լինում: Դրանք ոչ միայն ամբողջացնում են մեծերի դիմապատկերը, այլեւ ստիպում նորովի տեսնել նրանց` աւելի մեծ, աւելի մարդ եւ աւելի սիրելի…», գրքի նախաբանում նշում է հեղինակը:
Մանուշակ Շիրինեանի ընտրութիւնը` («Յուշերի արահետներով» գրքում ներկայացուած են շուրջ 60 հայ եւ համաշխարհային մեծութիւններ. երգահաններ եւ երգիչներ` Կոմիտաս, Արամ Խաչատրեան, Պեթհովեն, Ճուզեփէ Վերտի, գրողներ` Աւետիք Իսահակեան, Եղիշէ Չարենց, Նար Դոս, դերասաններ` Վահրամ Փափազեան, Հրաչեայ Ներսիսեան, գիտնականներ` Հրաչեայ Աճառեան, Մանուկ Աբեղեան, արուեստագէտներ` Յովհաննէս Այվազովսկի, Մարտիրոս Սարեան, Մինաս Աւետիսեան, ազգային գործիչներ` Մկրտիչ Խրիմեան, Վազգէն Ա. կաթողիկոս եւ այլք), ինչպէս եւ նրա գրչի հարուածները, որոնք էլ աւելի լուսաւոր են դարձրել գրքի շարադրանքը, արտացոլում են նրա յուզական ու նուրբ աշխարհը: Նիւթի ընտրութեան ու ժողովածուի կառուցման այս եղանակը Մանուշակ Շիրինեանին հնարաւորութիւն է տուել ստեղծելու քրեստոմատիական արժէք ունեցող գիրք, իսկ ընթերցողին` յուշերի միջոցով ճանաչելու մեծերի կեանքն ու ստեղծագործութիւնը:
Գիրքն կարդալիս կը հանդիպէք հոյակապ դէմքերի` իրենց խնդութիւններով ու ցաւագին հիասթափութիւններով, յաղթանակներով ու ակամայ պարտութեամբ: Յ. Թումանեանի կենսասէր խառնուածքն է կենդանութիւն առնում մեր առաջ, Րաֆֆու տառապած ու խռով հոգին, Վ. Թոթովենցը մեր առաջ կանգնում է ժպիտն աչքերին, Ֆրունզիկ Մկրտչեանը` կատակը շուրթերին, Պեթհովենին տեսնում ենք դառնացած, շրջապատից մի կողմ քաշուած, ինքն իր հետ: Կը տեսնենք Մոցարթին մահուան մահճում` «Ռեքուիեմի» վերջին հնչիւնները շուրթերին, կը բացայայտենք Դանիէլ Վարուժանի գաւազան կրելու գաղտնիքը, կ՛իմանանք, թէ ինչը ստիպեց Վազգէն Ա. կաթողիկոսին գողութիւն անել, իսկ Յ. Թումանեանին` բեմ բարձրանալ եւ մահացած զինուորի դեր կատարել: Կը յուզուէք` իմանալով, թէ Յ. Շիրազը որտեղից վերնաշապիկ գտաւ` մօր թաղմանը մասնակցելու համար, կը տեսնենք Յ. Աճառեանին` տարիներ առաջ մահացած կնոջ շրջազգեստի հետ խօսելիս, իսկ Արշակ Ալպոյաճեանին` իր առաջին սէրը մոռացումից փրկելիս եւ այլն, եւ այլն…
Մանուշակ Շիրինեանի ներկայացրած յուշերը կարծես վաւերագրութիւն լինեն, այնքան տպաւորիչ ու կենդանի են:
Կոմիտասը ներամփոփ ու լռակեաց անձնաւորութիւն է եղել, այդպէս է ծանօթ բոլորիս, բայց մի հետաքրքիր դիպուածով գրքում ներկայացւում է Կոմիտասի կատակասէր բնաւորութիւնը: Ո՞ւմ մտքով կ՛անցնէր , որ հանճարեղ սուրբը նաեւ այսքան մարդ է եղել, պարզ, սովորական, բոլորից մէկը ու բոլորի պէս…
Շատ յուզիչ պատմութիւն կայ Րաֆֆու մասին, թէ ինչպիսի ծանր պայմաններում է ապրել, հացավաճառից հաց է խնդրել ու մերժում ստացել, եւ երբ հացավաճառը նրա մահուանից յետոյ իմացել է, որ դա մեծն Րաֆֆին էր, ում մէկ անգամ հանդիպելու մասին երազում էր, մեծ ցաւ է ապրել եւ այդուհետ ամէն օր հաց ուղարկել Րաֆֆու ընտանիքին…
Մանուշակ Շիրինեանի գիրքը հրապարակի վրայ եղած յուշագրութիւնների առաւել հետաքրքիր մէկտեղելու յաջողուած փորձ է : Բայց եւ աւելին: Մենք ընթերցողն ենք ոչ պարզունակ ծաղկաքաղի. հեղինակը ոչ միայն ամէնից ուշագրաւն է հաւաքել, այլեւ` ամենադիպուկը, ամենաբնութագրականը, եւ նիւթի հմուտ դասդասման ու կառուցման շնորհիւ հասել նրան, որ ընթերցողին յուշերի միջոցով ներկայացւում է «հերոսներից» իւրաքանչիւրի ամբողջական կերպարը` իր ուրախութիւններով ու տխրութիւններով, անկումներով ու վերելքներով, տագնապներով ու գիւտերով…
«Յուշերի արահետներով» գիրքը միանգամից սիրուեց եւ ընդունուեց ընթերցողի կողմից, հեղինակը ստացաւ դրական արձագանգներ, գովեստի խօսքեր:
Ժողովածուն արդէն իսկ իր արժանաւոր տեղն ունի ինչպէս մասնաւոր, այնպէս էլ հանրային գրադարաններում եւ փնտռուած գիրք է մասնագէտների եւ ընթերցողների լայն շրջանակի համար:
Եւ դա օրինաչափ է. Մանուշակ Շիրինեանը ողջ կեանքում ասես գնում էր դէպի այս գիրքը: Նա վարում է «Յուշանկիւն» էջը Հանրային ռատիոյի «Բարի լոյս Հայաստան» ծրագրում` տարիներ շարունակ ներկայացնելով մեծերի կեանքի հետաքրքիր դրուագներ, իրողութիւններ ու մանրադէպեր:
Այդ նիւթերը «Մեծերի կեանքից» վերտառութեամբ լոյս էին տեսնում «02» շաբաթաթերթում: Թերթի գլխաւոր խմբագիր Ներսէս Աթաբէկեանի եւ Մանուշակ Շիրինեանի համագործակցութեամբ իրականացուեց հեղինակի թաքուն երազանքը` այն արդէն ստեղծագործական ծրագիր էր` տարիների աշխատանքը վերածել հրաշալի գրքի: Ի դէպ, յուզական լիցքը, որ առկայ է վաւերական պատումներում, պատահական չէ. Մանուշակ Շիրինեանը քնարերգութեան պաշտամունք ունի, հրաշալի ասմունքում է, եւ այդ անդաւաճան սէրը իր լուսաւոր կնիքն է դրել գրքի վրայ` դարձնելով այն բանաստեղծական եւ յուզումնալից:
Եւ այնուամենայնիւ, Մանուշակ Շիրինեանը գրքի հեղինակ, բանաստեղծութեան սիրահար եւ մշակութային լրագրող լինելուց առաջ ու աւելի սիրող կին է, ընտանիք-օճախի պահապան, մայր է, ում համար գիրքը ոչ թէ փոխարինում, այլ հարստացնում է մեր մեծ աշխարհի այդ փոքրիկ, անփոխարինելի անկիւնը: Եւ այն, որ նա գիրքը նուիրել է իր հոգու գանձերին, երկու որդիներին` Էտկարին ու Կարենին, ոչ թէ յաւուր պատշաճի ընծայում է, այլ` կենսական հաւատամքի վկայագիր…
Յուսանք, որ Մանուշակ Շիրինեանը կը շարունակի իր գործը, եւ մենք կ՛ընթերցենք նրա հեղինակած յաջորդ գրքերը:
ՆԵՐՍԷՍ ԱԹԱԲԵԿԵԱՆ
Բանասիրական գիտութիւններու թեկնածու

