Հայկական Բարձրաւանդակը Հայերի Հայրենիքն Է
ՄՈՒՇԵՂ ԼԱԼԱՅԵԱՆ
«Հայկական բարձրաւանդակն է Հայոց պատմութեան գլխաւոր թատերավայրը եւ դա է պատկերւում ու զգացւում իբրեւ մեր ամբողջական հայրենիք` անկախ ազգագրական պայմաններից եւ ժամանակների քաղաքական սահմանագծումներից»:
ՀԱՅԿ ԱՍԱՏՐԵԱՆ
Մարդու եւ աշխարհագրական միջավայրի փոխադարձ կապը վաղուց հաստատուած է գիտութեամբ: Այս իմաստով, ինչպէս ուսուցանում է Ցեղային աշխարհայեցողութիւնը, Ազգը եւ Հայրենիքը` Բացարձակի ու Յաւերժի հարթութեան մէջ կազմում են մէկ, անքակտելի ամբողջութիւն. Հայաստանը մնայուն հայրենիք է միայն հայերի համար, իսկ հայը յարատեւելի է միայն Հայաստանում: Ըստ այդմ, երբ մասնատուած է հայոց հայրենիքը, խաթարուած է նաեւ հայի էութիւնը, եւ քանի դեռ չունենք ամբողջական Հայաստան, հոգեբանօրէն, հետեւապէս եւ դիմագծօրէն մնում ենք աղճատուած:
Իսկ ո՞րն է այդ բնական Հայաստանը` հայոց յաւիտենական հայրենիքը, որին, ինչպէս ծնողին, չեն ընտրում:
Ցեղային աշխարհայեցողութեան մէջ առկայ է տարբերակումը պատմական ու բնական Հայաստանի: Առաջինը պատմա-ազգագրական հասկացութիւն է, որով` յարափոփոխ, ենթակայ սեղմումի կամ ընդլայնումի: Կայ սակայն, բնական Հայաստանը` որպէս բնաշխարհագրական ըմբռնում, խիստ որոշակի բնական սահմաններով, որով եւ անփոփոխ: Դա բնաշխարհագրական այն անբաժանելի ամբողջութիւնն է, շրջապատի նկատմամբ բարձրադիր «լեռնային կղզին», որն աշխարհագրական գիտութեան կողմից կոչւում է Հայկական Բարձրաւանդակ: Հայկական Բարձրաւանդակը Աստծուց կամ Բնութիւնից հայերիս տրուած այն հողակտորն է, որին են միայն հարազատ եւ բնորոշ մեր հոգե-մարմնական գծերը: Սա այն բնատարածքն է, հայերիս միակ եւ կայուն «անվտանգութեան գօտին», որից դուրս այլ «հայրենիքներ» փնտռելը ազգային ինքնասպանութիւն է, որից դուրս` ոգու եւ բնատարածքի անհամատեղելիութեան պայմաններում, հայը ենթակայ է վատասերումի, ձուլումի:
Պատկերացրէք, որ հայերը, թէկուզ հոծ զանգուածներով եւ մեկուսացուած, ապրում են, օրինակ, Մատակասքարում, ուր չեն տեսնում եւ չեն տենչում Արարատն ու Սեւանը, Արագածն ու Արաքսը, ապրում են տեղի բնական պայմաններից թելադրուած կենցաղով, բարձրաբերձ լեռների փոխարէն` անծայրածիր ովկիանոսն է դառնում նրանց մտքի եւ հոգու երեւակայութեան սնուցիչը, փոխւում է նրանց դիմագիծը եւ այլն. անվիճելի է, որ նրանք աստիճանաբար կը հեռանան իրենց էութիւնից ու կ՛ենթարկուեն տեսակափոխումի:
Քաղաքական սահմանագծումներով, Հայկական Բարձրաւանդակի մեծ մասն այսօր մերը չէ. ազգագրական պայմանները եւս ի նպաստ մեզ չեն` Արեւմտահայաստանը գերազանցապէս բնակեցուած է թուրքերով եւ քիւրտերով: Բայց արդեօ՞ք այդ կորսուածը դադարում է Հայոց հայրենիք լինելուց: Դիմենք Նժդեհի խորհրդին. «Իմ երկիրը ժամանակաւորապէս մնալով օտար լծի տակ, չի՛ կարող դառնալ այդ օտարի Հայրենիքը, քանզի Արեւելքի անուղղայ խուժը, որ թրքութիւն կը կոչուի, ոչինչ ունի տուած այդ երկրին – ո՛չ մեծ մեռելներ, ո՛չ միտք, ո՛չ զգացում… այն ամէնը, որ աննիւթեղէն Հայրենիքը կը ստեղծէ»: Ահա՛ թէ ինչո՛ւ է Ցեղակրօնութիւնը նշանաբանում` «Հայաստանը` հայերին», որ ասել է` Հայկական Բարձրաւանդակը միայն Հա՛յ ցեղի հայրենիքն է: Այլ կերպ ասած` Հայկական Բարձրաւանդակի նկատմամբ հայրենատիրոջ (կ՛ուզէք` սեփականատիրոջ) մենաշնորհ իրաւունքը հայերի՛նս է:
Վերն ասուածից հետեւում է նաեւ, որ Հայկական Բարձրաւանդակի ամբողջական սահմաններում (իմա` ողջ բարձրաւանդակին տիրելով) միայն մենք կարող ենք իբրեւ ազգութիւն եւ պետութիւն ներդաշնակօրէն զարգանալ ու յարատեւել: Հայկական Բարձրաւանդակի` Առաջաւոր Ասիայի այս ռազմավարական բանալու ամբողջական ձեռքբերումով է միայն Հայաստան պետութիւնը հնարաւորութիւն ստանում ունենալու աշխարհառազմավարական նշանակութիւն. այն վերստին դառնում է տարանցիկ ուղիների խաչմերուկ, հսկում առաջաւորասիական չորս խոշոր գետերի ակունքները (հանգամանք, որը զգալի դեր է խաղում` այսօր Թուրքիան դարձնելու տարածաշրջանում գերիշխող), ինչպէս եւ, որ պակաս կարեւոր չէ, տէր դառնում շատ ժողովուրդների բաղձանք հանդիսացող մեր փարթամ արօտավայրերին (մի գրեթէ անտեսուած իրողութիւն, որը էական է հանդիսացել քոչուոր մի շարք ցեղերի` մեր բարձրաւանդակում վերջնական հանգրուան գտնելու գործում): «Հայկական լեռնաշխարհը ներկայացնում է աշխարհագրական, մշակութապատմական, ինչպէս նաեւ տնտեսական եւ ընդհանուր ցեղային մի ամբողջութիւն: Այստեղ հիմնուած պետութիւնը չի կարող համարուել կայուն, եթէ ամբողջապէս չի զբաղեցնում այդ լեռնային տանիքը` իր բնական թեքութիւններով», ասում է Ադոնցը:
Այսօր խաթարուած է նաեւ մեր էութեա՛ն ամբողջականութիւնը. հայութիւնը սեղմուած է իր հայրենիքի ընդամէնը 1/10-ում, իսկ դա նշանակում է, որ մնացած մեծ մասի բնական ներուժը նա չի ստանում: Չի կարելի յիշողութեան կամ մտապատկերի մէջ տեղաւորել պապերից լսած, գրքերում կարդացած եւ լուսանկարներում տեսած Նեմրութի վեհութիւնը կամ Վանայ լճի գեղեցկութիւնը եւ համարել, թէ սեփական հոգեկան կերտուածքն անհրաժեշտ սնունդ ստացաւ բնական միջավայրից: Պէտք է այդ միջավայրում ապրե՛լ: Կորցնելով այս կամ այն բարբառը, տարազը, մոռացութեան տալով «տեղական» սովորոյթ կամ աւանդոյթ` հայութիւնը կորցնում է իր էութեան ամբողջականութիւնը: Ահա՛ թէ ինչու հայութեան առաջնային խնդիրն է` հայրենատիրութի՛ւն:
Սա մեզ համար տնտեսական խնդիր չէ՛, այլ` գոյաբանակա՛ն, ուր փնտռում ենք ո՛չ թէ տնտեսական շահաւէտութիւն, այլ` էութիւն: «Հայրենիք տենչալով` մենք աւելի կ՛ուզենք Մասիսի ճակատը տեսնել, քան` Արարատեան դաշտի մէջ բամպակ մշակել: Մեր նախահայրերու սրբաստանները եւ գերեզմանները ձգողական աւելի մեծ խորհուրդ ունին, քան Մշոյ, Կարնոյ կամ Վանայ շուկաները», այսպէս էին ասում 30-ականների ցեղային-հայրենատիրական շարժման մեր մեծերը. այդպէս պէտք է հասկանանք եւ մենք:
Այսպիսով, հայրենատիրութիւնը հայութեան մօտակայ առաքելութիւնն է, որը պատմութեան բերումով, պէտք է իրականացուի նա՛խ թուրքի հետ անխուսափելի բախումով: Այո՛, բախումով, քանզի մնացած ճանապարհները պատմութեամբ արդարացուած չեն: Եւ «խաղաղ գոյակցութեան» անարժէք քարոզները միայն մե՛զ կարող են խաբել, բայց ո՛չ` թուրքին:
– Թող լինի խաղաղ գոյակցութիւն,- ասում ենք մենք,- միայն ո՛չ մեր հայրենի հողում:
Ի՞նչ է նուաճել հայոց բանակը արցախեան ազատամարտի տարիներին: Նա ազատագրել է այն, ինչն ի վերուստ տրուած է մեզ: Մնացած բացատրութիւնները պատմութեան յաւիտենութեան մէջ արժէք չունեն:
– Ենթադրենք ազատագրել ենք Արեւմտահայաստանը եւ հայկական բանակը յուսալիօրէն պաշտպանում է այն, միեւնոյն է` այդ տարածքները վերաբնակեցնել չենք կարող, քանզի ոչ ոք չի գնայ այնտեղ ապրելու,- այսպէս դատողներ մեզանում քիչ չեն: Մենք նայում ենք պատմութեանը եւ փաստում, որ այն յագեցած է ժողովուրդների զանգուածային վերաբնակեցումներով: Ինչո՞ւ Շապուհն ու Շահ Աբասը, թուրքերն ու պոլշեւիկները, կանգ չառնելով միջոցների առաջ, կարողացան հայերիս տեղահանել եւ հաստատել օտար ափերում, իսկ մենք ընդունակ պիտի չլինենք սեփական ժողովրդին վերաբնակեցնել հայրենի հողում: Հրեաները` վերաբնակեցրին թշնամիներով շրջապատուած մի երկիր, որտեղից հեռու են մնացել շուրջ երկու հազարամեակ:
Ուրեմն, էականը նպատակադրումն է եւ այն իրականացնելու անընկճելի կամքը:
Մենք հաւատում ենք մեր ցեղի կամքի ամենազօրութեանը, եւ մնում է, որ հաղորդակից լինենք նրան:
«Նորավանք»
(Յապաւումներով)

