Ես Ու Հանրապետութիւնս Վաստակաւոր Չենք

ԿԱՐԻՆԷ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ

Օրեր առաջ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Հայաստանի վաստակաւոր արուեստագէտի կոչում էր շնորհել երգիչ Արման Յովհաննիսեանին: Շնորհաւո՛ր:

Ինչո՞ւ նախագահը չի ցանկանում արուեստագէտներին էլ, ինչպէս գրողներին, նախագահի մրցանակ տրամադրել, այլ ոչ թէ` Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արուեստագէտներ կոչել: Ինչո՞ւ է իր վրայից թօթափում բեռը` մեղքը գցելով Հայաստանի Հանրապետութեան վրայ, այն հանրապետութեան, որը գուցէ Ռուբէն Հախվերդեան եւ Արաքս Մանսուրեան աւելի շատ է սիրում լսել: Գուցէ Հայաստանի Հանրապետութեան փոքրիկները ցանկանում են մեծանալ` «Իմ փոքրիկ նաւակ» երգը լսելով, այլ ոչ թէ` «Շուրթիդ համը» կամ «Կորել եմ» երգերը, որոնց բառերն ու երաժշտութիւնը հասկանալու համար նախ մեծանալ է պէտք այն միջավայրում, որտեղից ծնունդ են առել այդ երգերը: Գուցէ երեխան դասականն է գերադասում:

Վահան Արծրունի, Լիլիթ Պիպոյեան… Սրանք անուններ են, որոնք գուցէ անծանօթ են նախագահին, բայց ոչ` մեր ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆԸ: Իսկ ով է ասում, որ այսուհետ Հախվերդեանին, Մանսուրեանին կամ էլ Արծրունուն ու Պիպոյեանին Հայաստանի վաստակաւոր արուեստագէտի կոչում տալը չի վրդովեցնի նրանց. չէ՞ որ վաստակաւորութիւնը մեր օրերում լրիւ ուրիշ սանդղակով են չափում, որոնցից այնքան հեռու են վերջիններս…

Ես` Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիս, այսօր ինձ խաբուած եմ զգում, քանի որ իմ կարծիքը ոչ ոք հաշուի չի առել եւ, առհասարակ, գուցէ անհրաժեշտ է այլեւս չկարծել… Եկէք` ազգովի կարծիքներ չունենանք, որոշումներին միայն համաձայնենք` գլուխներս տմբտմբացնելով. մէկ է, մտածես-չմտածես` քո փոխարէն քո որոշումը վաղուց է կայացուած: Բայց քանի դեռ ես ապրում եմ ՄԵՐ երկրում, պարտաւոր էք իմ կարծիքը հաշուի առնել:

Ես` Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիս, վաստակաւոր եմ համարում նրանց, ովքեր ապրում են կոչումներից դուրս, եւ որոնց միակ կոչումը ՄՏԱՒՈՐԱԿԱՆ լինելն է, ու պահանջում եմ, եթէ այս կերպ են որոշուելու վաստակաւորները, իմ կամ իմ հանրապետութեան անունից չստորագրել դրանք…

 

 

Share this Article
CATEGORIES