Թուրքիայի Հայութեան Ինքնակազմակերպման Դրսեւորումների Շուրջ

ՌՈՒԲԷՆ ՄԵԼՔՈՆԵԱՆ
«Նորավանք»

Տարբեր առումներով բաւական բարդ իրավիճակում գտնուող Թուրքիայի հայութեան շրջանում, յատկապէս վերջին տարիներին, նկատւում են նոր զարգացումներ, որոնք ձեռք են բերում հետաքրքիր ուղղուածութիւն: Աւելորդ չէ նշել, որ ներկայումս Թուրքիայում տեղի ունեցող գաղափարախօսական եւ քաղաքական պայքարն ազգային-կրօնական փոքրամասնութիւններին որոշ սահմանափակ հնարաւորութիւններ է ընձեռում, եւ, բացի այդ, հէնց փոքրամասնութիւնների շրջանում ինքնագիտակցութեան մակարդակի բարձրացում է նկատւում:

Այս ամէնը յանգեցնում է նրան, որ Թուրքիայի հայութեան տարբեր խմբերում ի յայտ են գալիս ինքնակազմակերպման նոր եւ ուշագրաւ երեւոյթներ: Հետաքրքիր է դիտարկել, որ ինքնակազմակերպման դրսեւորումներ տեղի են ունենում ինչպէս քրիստոնեայ, այնպէս էլ կրօնափոխ եւ արդէն կրօնադարձ հայութեան շրջանում: Յատկապէս վերջիններիս պարագայում խնդիրն ունի մի քանի շերտ,եւ կարող ենք փաստել, որ ինքնութեան, ազգային ակունքների վերագնահատման անհատական փորձերն այսօր առաւել «հաստատութենական» բնոյթ ստանալու միտումներ են դրսեւորում:

Թուրքիայի հայութեան ինքնակազմակերպման այդպիսի դրսեւորումներից պէտք է համարել վերջին շրջանում ինքնաբուխ, երբեմն էլ թուրքական իշխանութիւնների լուռ համաձայնութեամբ ստեղծուող հայրենակցական միութիւնները: Յայտնի է, որ հայրենակցական միութիւնները բաւական մեծ տարածում ունեն հայաստանեան եւ սփիւռքի իրականութիւնում, սակայն հէնց պոլսահայերի խոստովանութեամբ` այդպիսի կազմակերպութիւնները որոշակիօրէն նորութիւն են իրենց համար(1): Ընդամէնը տարիներ առաջ սկիզբ առած գործընթացն այսօր զարգացման ուղի է բռնել, եւ կարելի է ասել, որ հայրենակցական միութիւնները հետզհետէ սկսում են աւելի լուրջ դեր խաղալ թուրքահայ իրականութեան մէջ: Այսպէս, մի քանի տարի առաջ ստեղծուել է «Մուսա լերան հայրենակցական միութիւնը», այնուհետեւ` «Մալաթիայի հայերի միութիւնը», որոնք քրիստոնեայ հայութեան կամ, այսպէս կոչուած, պաշտօնական համայնքի անդամներից բաղկացած կազմակերպութիւններ են:

Հայրենակցական միութիւնների կազմաւորման խնդրի պարունակում բաւական նշանակալի զարգացում կարելի է համարել «Սասունցիների միութեան» ստեղծումը, քանի որ դրա կազմի մէջ կան ինչպէս քրիստոնեայ, այնպէս էլ մեծ թուով կրօնափոխ եւ կրօնադարձ հայեր: Սա Թուրքիայի կրօնափոխ հայերի խմբեր ընդգրկող, թերեւս, առաջին հասարակական կազմակերպութիւնն էր: Նկատենք նաեւ, որ այս կազմակերպութիւնը եւ վերջինիս նախագահ Ազիզ Տաղճըն մի քանի համարձակ յայտարարութիւններ ու քայլեր արեցին Սասունում եւ յարակից տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգութեան պահպանման ուղղութեամբ:

Սասունցիների միութեանը յաջորդեց «Տերսիմի հայերի միութեան» ստեղծումը` տերսիմցի կրօնադարձ հայ Միհրան Փրկիչ Կիւլթեքինի նախագահութեամբ: Այս կազմակերպութիւնը թէ՛ պոլսահայ, թէ՛ թուրքական եւ թէ՛ հայաստանեան լրատուական դաշտում լայն անդրադարձների արժանացաւ: Տերսիմահայերը նոյնպէս առաջնային են համարում պատմամշակութային ժառանգութեան պահպանման խնդիրները, սակայն աւելի համարձակ յայտարարում են, որ միութիւնը ներառում է Տերսիմի տարածքում բնակուող բռնի կրօնափոխուած, յաճախ ալեւիականութիւն ընդունած հայութեանը: Հարկ է շեշտել նաեւ, որ յատկապէս տերսիմցի հայերի շրջանում բաւական յաճախ հանդիպում են իրական հայկական ինքնութեան վերադարձի կամ դրա մասին բարձրաձայնելու դէպքեր, որոնք լայնօրէն տեղ են գտնում թուրքական եւ արտասահմանեան մամուլում: Նկատենք նաեւ, որ քրիստոնեայ հայերից կազմուած հայրենակցական միութիւնները եւս աշխուժօրէն հետաքրքրւում են բռնի իսլամացուած հայերի խնդիրներով, եւ, օրինակ` «Մալաթիայի հայերի միութիւնը» վերջերս յայտարարեց, որ բազմաթիւ այլ միջոցառումներին զուգահեռ, պատրաստւում է կրօնափոխ հայերի մասին բազմակողմանի աշխատանք տանել(2):

Վերջերս Թուրքիայի հայկական հայրենակցական միութիւնների շարքը համալրուեց եւս մէկով. ստեղծուեց համշէնցիների առաջին հայրենակցական միութիւնը` բաւական խօսուն անուամբ` «Հատիկ»: Ի միջի այլոց, այս անուանումը յարուցել է թուրքական համապատասխան կառոյցների տարակուսանքը,եւ միութեան նախաձեռնողները դա ներկայացրել են որպէս թուրքերէն յապաւում: Հարկ է նկատել նաեւ, որ համշէնցիների հայրենակցական միութեան մէջ ընդգրկուած են ինչպէս իրենց հայկական ազգային պատկանելութիւնն ընդունողներ, այնպէս էլ դա արտաքուստ մերժողներ: Համշէնահայերի հայրենակցական միութեան նախաձեռնողների խմբի մէջ յատկապէս աշխուժ են համշէնական «Վովայ» երաժշտական խմբի հիմնադիր Հիքմեթ Աքչիչէքը եւ փաստաբան Քեամիլ Մութին: Միութեան մէջ ընդգրկուած են համշէնցիներ Պոլսից, Համշէնից, Արդուինից, Անգարայից(3): Ինչպէս յայտարարում են կազմակերպիչները, միութեան ստեղծման նպատակը համշէնական մշակոյթի եւ լեզուի պահպանումն է, որպէսզի թոյլ չտան, որ. «համշէնական լեզուն ու մշակոյթը կամաց-կամաց անհետանան քաղաքականացման զուգահեռ»(4): Հետաքրքիր է դիտարկել, որ հէնց իրենք` համշէնահայերը, որոշակիօրէն ուշացած են համարում իրենց միութեան ստեղծումը, քանի որ Սեւ ծովի տարածաշրջանի այլ ժողովուրդներ, օրինակ` մուսուլման վրացիները (Կիւրճիւ), լազերն արդէն վաղուց ունեն նմանատիպ կառոյցներ: Ինչպէս մնացած հայրենակցական միութիւնները, համշէնցիները եւս շեշտն առաւելապէս դնում են մշակոյթի, լեզուի պահպանման վրայ, սակայն, այնուամենայնիւ, չեն կարող խուսափել ինքնութեան եւ պատմական հարցերից: Եթէ այս միութիւնը դառնայ հարթակ Համշէնի բարբառի, մշակոյթի ուսումնասիրման համար, ապա դա անպայմանօրէն յանգեցնելու է նաեւ համշէնցիների ազգային ծագման հարցի քննարկմանը: Այս առիթով միութեան կազմակերպիչներից Քեամիլ Մութին նկատում է. «Նախ պէտք է անհետացող մշակոյթս, վերացող լեզուս պահպանեմ, որպէսզի պատմութիւնս ուսումնասիրեմ»(5): Գաղտնիք չէ, որ Թուրքիայի համշէնցիները, գտնուելով թուրքական պետական մեքենայի եւ քարոզչութեան բիրտ ճնշման տակ, մեծ մասամբ խուսափում են անդրադառնալ եւ բացայայտ ընդունել իրենց հայկական ծագումը: Աւելի՛ն. համշէնցիների շրջանում իրենց հայկական կամ «համշէնական» ծագումն ընդունողների կողքին կան անգամ մարդիկ, որոնք յայտարարում են, թէ իրենք թուրք են: Սակայն համշէնական մշակոյթի եւ Համշէնի բարբառի նկատմամբ նրանք գրեթէ բոլորն ունեն նոյնական վերաբերմունք եւ ձգտում են պահպանել այդ ամէնը: Համշէնահայերի «Հատիկ» միութիւնը, առաջնային հռչակելով համշէնական մշակոյթի եւ լեզուի պահպանումը, կարող է համախմբել վերը նշուած բոլոր խմբերին, եւ այս առումով նմանատիպ միութեան հիմնադրումն, իրօք, պէտք է համարել լուրջ առաջընթաց: Նկատենք նաեւ, որ համշէնական մշակոյթը եւ բարբառը կրողները, ծանօթանալով ընդհանուր հայկական մշակոյթի առանձին տարրերի եւ հայոց լեզուի հետ, անպայմանօրէն բախուելու են իրենց ազգային ծագման հարցի հետ, ինչի պատասխանն այդ պարագայում աւելի յստակ է լինելու նրանց համար:

Կարծում ենք` Թուրքիայի վարած ազգային քաղաքականութեան պատճառով ձուլման դատապարտուած տարբեր ժողովուրդներ նմանատիպ կառոյցների ստեղծմամբ, իրենց մշակոյթը եւ լեզուն պահպանելու ձգտմամբ փորձում են, երբեմն ենթագիտակցօրէն, հակադարձել թուրքական ճնշումներին: Կարելի է ենթադրել, որ Թուրքիայի հայութեան տարբեր խմբերի հիմնադրած հայրենակցական միութիւնները խնդիր են հետապնդում լեզուի, պատմամշակութային ժառանգութեան պահպանման հետ կապուած հարցերի վերհանման միջոցով վերագտնել կամ ամուր կառչել հայկական ինքնութեանը: Թուրքահայ իրականութիւնում ընթացող զարգացումների մէջ մենք նման ապացոյցների արդէն իսկ հանդիպում ենք: Թուրքիայի հայութեան շրջանում ինքնակազմակերպման նման դրսեւորումները յուսադրող են եւ կարող են հիմք հանդիսանալ «պաշտօնական» համայնքում ազգային արժէքների պահպանման, իսկ ուծացած հայութեան շրջանում` հայկականութեանը վերադարձի համար:

 

1) «Կը լսէ՞ք, մենք հոս ենք…», «Ակօս», 14, 10, 2011:
2) «Կը լսէ՞ք, մենք հոս ենք…», «Ակօս», 14, 10, 2011:
3) «Ակօս», 14, 10, 2011.
4) «Ակունքի» հարցազրոյցը համշէնական ՀԱՏԻԿ կազմակերպութեան հիմնադիրների հետ (հարցազրոյցը` Մելինէ Անումեանի), Ձայն Համշէնական, Երեւան, թիւ 11-12, 2011:
5) Նոյն տեղում:

 

 

 

Share this Article
CATEGORIES