17-րդ Դարի Հայկական Առեւտրական Նաւի Ոդիսականը

ԱՐՄԻՆԷ ԳՈՒՆՏԱՔՃԵԱՆ

2007թ. դեկտեմբերի 13-ին Ինտիանայի համալսարանի փրոֆեսէօր Չարլզ Պեքեր «Պի.Պի.Սի.» հեռուստալիքի եթերում յայտարարեց, որ Քարայիպեան ծովում Տոմինիքեան Հանրապետութեան ափերին յայտնաբերուել են 17-րդ դարի նաւի մնացորդներ: Նա կարծիք յայտնեց, որ ամենայն հաւանականութեամբ, դա «Quedagh Merchant» («Կեդախի վաճառական») առեւտրական նաւն է, որ կապւում է տխրահռչակ նաւապետ Քիտի անուան հետ:

Ինտիանայի համալսարանի արշաւախմբի աշխատանքի գրեթէ առաջին իսկ օրերից, նրանց միացաւ «ԱՆԱՀԻՏ» արշաւախումբը` ի դէմս Զուիցերիոյ քաղաքացիներ Պաւել Ղալումեանի եւ Իզապէլ Ագադ-Ղալումեանի: Հայկական դրօշի ներքոյ նաւարկող նրանց «ԱՆԱՀԻՏ» նաւի վրայից էր հետազօտութիւններ կատարում համատեղ արշաւախումբը, իսկ 2008-ին նոյն այդ նաւի վրայից կատարուեցին խորտակուած նաւի մասին պատմող «Նեշընըլ Ճիոքրաֆիք»-ի գիտահանրամատչելի ժապաւէնի նկարահանումները:

Վերջերս Երեւանում կազմակերպուած միջազգային գիտաժողովին մասնակցում էին մասնագէտներ, որոնք ժամանել էին այս պատմութեանն առնչուող բոլոր երկրներից: Արշաւախմբի արշաւանքի ու «Quedagh Merchant» նաւի պատմութեան մասին արկածային վէպի նիւթին վայել տեղեկութիւններ է հաղորդում Պաւել Ղալումեանը:

– Ձեզ համար ինչպէ՞ս, ե՞րբ սկսուեց այս պատմութիւնը:

– 2006 թուականին մենք որոշեցինք ծովային արշաւախումբ ստեղծել եւ մեր նաւով, հայկական դրօշի ներքոյ, նաւարկել Քարայիպեան ծովի կղզիներում: Մենք անդամագրուեցինք «Այաքս» ակումբին եւ տղաներին առաջարկեցինք միանալ մեզ: Հէնց այդ ժամանակ էլ տեղեկութիւններ ստացանք, թէ իբր 17-րդ դարում անգլիացի նաւապետ Քիտի առեւանգած հայկական առեւտրական մի նաւ, ժամանակին խորտակուել է Քանատայի ու Ամերիկայի ափերին: Պատմութիւնը մեզ շատ հետաքրքրեց. սկսեցինք տեղեկութիւններ հաւաքել: Առաջին իսկ տուեալները չափազանց ուշագրաւ էին:

Նախ պարզուեց, որ նաւի գրաւումը եւ դրան յաջորդած իրադարձութիւնները համաշխարհային պատմութեան ուշագրաւ դրուագներից են: Պարզուեց նաեւ, որ նաւի մնացորդները գտնւում են Քարայիպեան ծովում, Տոմինիքեան հանրապետութեան ափերին: Այդ մասին պահպանուել է 17-րդ դարի հոլանտացի մի նաւապետի վկայութիւնը, որն այդ ափերին տեսել էր այրուող «Quedagh Merchant» նաւը: Եւ մինչ մեր արշաւախումբը պատրաստւում էր ծով դուրս գալ, Ինտիանայի համալսարանի փրոֆ. Չարլզ Պեքերը հանդէս գալով «Պի.Պի.Սի.» հեռուստալիքով` յայտարարեց, որ խորտակուած նաւը յայտնաբերուել է:

Խոր հիասթափութիւն ապրեցի, բայց դա շատ կարճ տեւեց: Յետոյ հասկացայ, որ այդ ամէնից մեր աշխատանքը միմիայն կը շահի. չէ՞ որ Ինտիանայի համալսարանը Միացեալ Նահանգների միակ կրթօճախն է, որտեղ զբաղւում են ստորջրեայ հնագիտութեամբ: Արհեստավարժների այդպիսի խումբի աշխատանքը, անկասկած, գտնուելու էր «Սի.Էն.Էն.», «Պի.Պի.Սի.», «Նեշընըլ Ճիոքրաֆիք» ալիքների ուշադրութեան կենտրոնում: Ես եւ Իզապէլն անմիջապէս միացանք այդ արշաւախմբին: Կարճ ժամանակ անց ծովի յատակից դուրս բերուեց նաւի վրայ տեղադրուած թնդանօթներից մէկը:

– Ասացիք, որ նաւի գրաւումը եւ դրան յաջորդած իրադարձութիւնները համաշխարհային պատմութեան ուշագրաւ դրուագներից են:

– Նախ ասեմ, որ «Quedagh Merchant» նաւը գրաւելով` նաւապետ Քիտն իր կեանքով վճարեց: Նրա դատավարութիւնը, որ ձգուեց 2 տարի` 1699-1701 թուականները, մեծ աղմուկ էր բարձրացրել Անգլիայում: Ի վերջոյ, նրան` որպէս ծովահէնի, մահուան դատապարտեցին: Մինչդեռ նա ամենեւին էլ ծովահէն չէր եւ ծառայում էր անգլիական գահին: Բայց, որպէսզի ամէն ինչ հասկանալի լինի, պէտք է 300 տարի ետ գնանք եւ ծանօթանանք Արեւմուտք-Արեւելք առեւտրական կապերի պատմութեանը: Իսկ այս պատմութեան մէջ հայերը, աւելի ճիշդ` Նոր Ջուղայի վաճառականները, բաւական մեծ դերակատարութիւն ունէին: Պարսկաստանի մայրաքաղաք Սպահանի մերձակայքում գտնուող Նոր Ջուղայի վաճառականներն աշխուժ առեւտուր էին անում թէ՛ Արեւմուտքի, թէ՛ Արեւելքի հետ: Նկատենք, որ 17-րդ դարում Արեւմուտքն ու Արեւելքն առեւտուր էին անում ծովային եւ ցամաքային ճանապարհներով: Ծովայինը ժամանակին բացել էին փորթուգալացիները: Այստեղ մեծ մրցակցութիւն էր տիրում նրանց եւ այնպիսի Եւրոպական ընկերութիւնների միջեւ, ինչպէս` Արեւելահնդկական հոլանտական ընկերութիւնը, Արեւելահնդկական անգլիական ընկերութիւնը, Ֆրանսական թագաւորական արեւելահնդկական ընկերութիւնը: Ցամաքային ճանապարհն անցնում էր Միջերկրականի նաւահանգիստներով: Քարաւանային այս ճանապարհը հիմնականում գտնւում էր Նոր Ջուղայի հայերի ձեռքին: Եւրոպացիները շահագրգռուած էին հայերի հետ պայմանագիր կնքելու` նրանց կապերից օգտուելու հարցով: Բնական է, որ այն ընկերութիւնը, որին կը յաջողէր լեզու գտնել հայերի հետ, Արեւելքի հետ առեւտուր անելու այդ պատերազմում յաջող դուրս կը գար:

– Իսկ ինչո՞ւ եւրոպացիներն առանց հայերի միջնորդութեան չէին կարող ուղղակիօրէն առեւտուր անել Արեւելքի երկրների հետ:

– Պատճառները մի քանիսն էին: Հնուց ի վեր պատմական Հայաստանի տարածքով էին անցնում քարաւանային ճանապարհները: Առեւտրական նոր երթուղիներ, ճանապարհներ ստեղծելը չափազանց բարդ աշխատանք էր: Բացի այդ, շատ եւրոպացիների, նրանց վարած միսիոներական գործունէութեան պատճառով, չէին թոյլատրում մուտք գործել մահմետական տարբեր երկրներ: Հայերս, թէպէտ քրիստոնեայ էինք, սակայն մեր հաւատքը չէինք պարտադրում միւսներին: Բնականաբար մահմետական աշխարհն էլ մեր հանդէպ էր հանդուրժողականութիւն հանդէս բերում: Քրիստոնեայ լինելով` հայերը իւրային էին եւրոպացիների համար, այնպէս որ, կարողանում էին միջնորդ լինել Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ. առեւտրական պայմանագրեր էին կնքում եւրոպական տարբեր ընկերութիւնների, անգամ երկրների հետ ամենաբարձր պաշտօնեաների մակարդակով: 1688 թուականին անգլիական «Իսթ Ինտիյըն Քոմփընի» ընկերութեանը յաջողուեց համաձայնութիւն ձեռք բերել հայերի հետ: Դա ոչ թէ առեւտրական պայմանագիր էր, այլ` երկարաժամկէտ ծրագիր, որով հայերը մեծ իրաւունքներ են ստանում, դառնում անգլիացիների լիիրաւ գործընկերները: Այսօր դժուար է հաւատալ, որ անգլիացիներն օտարերկրացիներին նման արտօնութիւններ են տուել: Ասենք` հայերն իրաւունք ունէին առեւտուր իրականացնել Հնդկաստանի եւ Անգլիայի միջեւ: Մինչ այդ, դա համարւում էր «Իսթ Ինտիյըն Քոմփընի»-ի մենաշնորհը:  Ընդ որում, հայերը պէտք էր վճարէին նոյնքան հարկեր, որքան անգլիացիները:

– Անգլիական «Իսթ ինտիյըն քոմփընի» ընկերութեան կնքած պայմանագիրը Նոր Ջուղայի հայ վաճառականների հետ ինչո՞վ էր ձեռնտու անգլիական կողմին:

– Պայմանագրի համաձայն, հայերը պէտք էր փակէին Միջերկրականով անցնող առեւտրական ճանապարհը, ինչի արդիւնքում` անգլիացիների ձեռքն էր անցնում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ առեւտուր անելու մենաշնորհը: Այլ հարց է, որ հայերը ամենայն խստութեամբ չհետեւեցին պայմանագրի կէտերին: Չէ՞ որ դա աղէտալի հետեւանքներ կ՛ունենար եւրոպական այն երկրների համար, որոնք առեւտուր էին անում ցամաքային ճանապարհով: Այսուհանդերձ, պայմանագիրը գործում էր եւ ձեռնտու էր թէ՛ հայերին, թէ՛ անգլիացիներին:

– Վերադառնանք «Quedagh Merchant» նաւին: Ո՞ւմ էր այն պատկանում:

– «Quedagh Merchant»-ը առեւտրական նաւ էր Նոր Ջուղայի ամենահեղինակաւոր հայերից մէկին` Փանոս Քալանթարի որդի Աղա Փերի Քալանթարին: Հէնց Փանոս Քալանթարի ստորագրութիւնն էր վաւերացնում Նոր Ջուղայի հայերի եւ անգլիական «Իսթ Ինտիյըն Քոմփընի»  ընկերութեան միջեւ կնքուած պայմանագիրը: Ֆրանսական փաստաթղթերով նաւն իրականացնում էր հայկական բեռնափոխադրումներ: Այդ տարիներին նաւի պատկանելութիւնը որոշում էր դրա վրայ ծածանուող դրօշով, փաստաթղթերով եւ բեռների պատկանելութեամբ: Փաստաթղթերի համաձայն, նաւի վրայ 7-8 հայ կար` բեռների սեփականատէրերն ու նրանց առեւտրական գործակալները: Նաւի անձնակազմը բաղկացած էր մաւրերից եւ մի քանի եւրոպացիներից: Նաւապետն անգլիացի Ճոն Ռայթն էր: 1698թ. Հնդկաստանի ափերի մօտ «Quedagh Merchant» նաւի վրայ է յարձակւում անգլիացի նաւապետ Քիտը: Իրենց կեանքն ու նաւը փրկելու համար, հայերը նրան առաջարկում են, ըստ մի վարկածի, 20 հազար, ըստ մէկ այլ վարկածի, 30 հազար ռուփի: Քիտը հրաժարւում է` ասելով, որ նաւի վրայ գտնուող հարստութեան համեմատ` առաջարկուածը չնչին գումար է: Նա արդէն մտովի վայելում էր հայերի հարստութեան հաշուին իր արշաւախմբի աշխատանքն աւարտելու եւ Անգլիա վերադառնալու բերկրանքը. բացի այդ, նրա «Ատվենչըր Կալի» նաւն արդէն խարխուլ էր, եւ Քիտը, ափ իջեցնելով «Quedagh Merchant»-ի անձնակազմին ու հայ վաճառականներին` իր նաւը ջրասոյզ անելով տեղափոխւում է «Quedagh Merchant» նաւ: Հետագայում, զրուցելով «Quedagh Merchant» նաւապետի հետ` Քիտը գիտակցում է, թէ ի՛նչ պատմութեան մէջ է ընկել եւ ի՛նչ խնդիրներ կարող են ծագել «Իսթ Ինտիյըն Քոմփընի» ընկերութեան հետ, եւ որոշում է վերադարձնել նաւը: Սակայն, ինչպէս դատավարութեան ընթացքում է խոստովանում, նաւը գրաւած ծովահէնները հրաժարւում են վերադարձնել նաւն ու գանձերը: Քիտի միակ յոյսը Անգլիայում իր ունեցած կապերն էին, որոնք գործադրելով` պէտք էր փորձէր խուսափել «Իսթ Ինտիյըն Քոմփընի» ընկերութեան հետ բախումից: Յոյս էր ներշնչում նաեւ այն, որ «Quedagh Merchant» նաւի փաստաթղթերը ֆրանսական էին: Քանի որ Անգլիան ու Ֆրանսան այդ ժամանակ պատերազմում էին միմիանց դէմ, ուրեմն նաւն, ըստ էութեան` թշնամական էր, եւ նրա վրայ յարձակումը անօրինութիւն պէտք չէր համրուէր:

– Բայց իրադարձութիւններն այլ ընթացք ստացան:

– Այո՛: Ափ իջեցուած հայ վաճառականները եղան Հնդկաստանի միապետի մօտ, ապա բողոքագիր ներկայացրին անգլիական կառավարութեանը` նշելով, որ Անգլիայի հպատակները Հնդկաստանի ափերի մօտ անպատիժ թալանում են նաւերը: Իր հերթին, Անգլիայի միապետին դիմեց նաեւ Պարսից շահը` պահանջելով պատժել իր հպատակների դէմ ոտնձգութիւններ կատարած ծովահէններին: Հնդկաստանի միապետը, որն էլ իր առեւտրական շահն ունէր Աղա Փերի Քալանթարի հետ համագործակցութիւնից, իբրեւ փոխհատուցում` «Իսթ Ինտիյըն Քոմփընի»  ընկերութիւնից պահանջում է մեծ տուգանք: Այս իրավիճակում «Իսթ Ինտիյըն Քոմփընի»-ն, որն ամէն ինչ անում էր իր ընկերութեան անունն ու հեղինակութիւնը անբասիր պահելու համար, պէտք էր փորձէր ապացուցել, որ կարող է պաշտպանել իր գործընկերի շահերը Անգլիայում: Հէնց դա էր պատճառը, որ նախքան Ուիլիըմ Քիտը մտնէր Քարայիպեան ծովի ջրերը, նրան արդէն ծովահէն հռչակեցին: Քիտը որոնման մէջ էր եւ այլեւս չէր կարող շարունակել նաւարկութիւնը. անգլիական ռազմանաւերը նրան անմիջապէս կը կալանաւորէին: Ուստի հասնելով Իսպանիօլա կղզու ափերին` Քիտը թաքցնում է նաւը Ռիօ Տուլչէ գետաբերանում, իսկ ինքը մի փոքրիկ նաւով շարունակում է նաւավարկել դէպի Նիւ Եորք: Անձնակազմի մի մասը մնում է նաւի վրայ, իսկ միւսներն ուղեկցում են Քիտին: Նիւ Եորք նահանգում նրանց անմիջապէս ձերբակալում են եւ տեղափոխում Լոնտոն: Լուրն ստանալուն պէս, Իսպանիօլայում մնացածները հրկիզում են նաւը, ինչպէս ընդունուած է ծովահէնների օրէնքով: Հոսանքը այրուող նաւը տանում հասցնում է Իսպանիօլայից ոչ հեռու գտնուող Կատալինա կղզեակի մօտ, որտեղ էլ «Quedagh Merchant»-ը ջրասոյզ է լինում: Իսկ Քիտի դատավարութեան շուրջ, ինչպէս արդէն ասացինք, մեծ աղմուկ է բարձրանում: Լսումները շարունակւում են երկու տարի, որից յետոյ նաւապետին յայտարարում են ծովահէն եւ մահուան դատապարտում: 1701թ. մայիսի 23-ին, նաւապետ Ուիլիըմ Քիտ հրապարակաւ կախաղան է հանւում: Մահուանից առաջ, այդպէս էլ չխոստովանելով իր մեղքը` յայտարարում է, որ ինքը երբեւէ մահուան դատապարտուածներից ամենաանմեղն է: Իրականում հէնց պարզ էր, որ նրա մահուան վճիռը կայացուած էր դատավարութիւնից շատ աւելի վաղ: Նա կանգնել էր «Իսթ Ինտիյըն Քոմփընի»-ի ճանապարհին, եւ դրանով իսկ կանխորոշել իր ճակատագիրը: Ուշագրաւ մի փաստ` դատավարութեան ընթացքում կորել, անհետացել էր Քիտի ամենակարեւոր փաստարկ-կռուանը` «Quedagh Merchant» նաւու ֆրանսական անձնագիրը: 200 տարի անց միայն այն գտնուեց ծովակալութեան արխիւներում, մինչդեռ այդ փաստաթուղթը կարող էր արդարացում բերել Քիտին: Պարզ է, որ դա պատահական չէր եղել. անշուշտ ինչ-որ մէկը թաքցրել էր փաստաթուղթը, որպէսզի հնարաւոր լինէր առանց «կողմ» ու «դէմ» վարել դատը: Այդպիսով, «Իսթ Ինտիյըն Քոմփընի» ընկերութիւնը հերթական անգամ ապացուցեց, որ Արեւելքում ինքն էր տէրն ու տիրականը, նաեւ հաւաստիացրեց հայերին, որ կարող է իր սեփական երկրում պաշտպանել իր գործընկերների շահերը: Նաւապետ Քիտի կեանքը ստորադասեցին ընկերութեան հեղինակութեանը. նա դարձաւ քաղաքական-տնտեսական շահերի զոհը:

Մինչեւ օրս էլ ուսումնասիրութիւններ են կատարւում պարզելու, թէ որքանո՞վ են արդար դատել նաւապետ Քիտին: Ճիշդ է` նրա արարքն ըստ էութեան ծովահէնութիւն էր, բայց Անգլիայի օրէնքներով նրան աւելի շուտ պէտք է արդարացնէին, քան դատապարտէին մահուան: «Quedagh Merchant» նաւի մնացորդները յայտնաբերուելուց յետոյ, սկովտիական խորհրդարանում պատրաստւում են դիմել լոնտոնեան դատարանին` նաւապետ Քիտի գործը վերանայելու խնդրանքով: Այս դիմումին, ամենայն հաւանականութեամբ, կը միանայ նաեւ Միացեալ Նահանգների Նիւ Եորք նահանգը: Կարծում եմ Հայաստանի կառավարութիւնը եւս շահագրգռուած պէտք է լինի, որ հարցը վերանայուի, քանի որ ժամանակին անարդարացի վճիռ է կայացուել նաեւ հայ վաճառականների հանդէպ. Քիտից առգրաւուած հարստութեան մեծ մասը յատկացուել է անգլիական կառավարութեանը, եւ Անգլիայի թագուհին այդ գումարը տրամադրել է հաշմանդամ ծովայինների Կրինուիչի հիւանդանոցին: Մեր օրերում այդ գումարը շուրջ 10 միլիոն տոլարի է հասնում:

 

 

 

Share this Article
CATEGORIES