2014-Ի Մոնտիալի Զտումի Մրցաշարք. Ասիոյ Գօտի. Հարաւային Քորէա – Լիբանան` 3-0
Ասիոյ գօտիին մէջ տեղի ունեցող 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը, որ մաս կը կազմէ Ա. խմբակին, կատարեց Դ. եւ վերջին հանգրուանի իր երրորդ մրցումը` Հարաւային Քորէայի դէմ:
Սէուլի մէջ տեղի ունեցած երէկուան այս մրցումը աւարտեցաւ դաշտին տիրոջ յաղթանակով` 3-0 արդիւնքով (կիսախաղ` 1-0): Քիմ Պոյ Քոնկ նշանակեց երկու կոլ (30-րդ եւ 48-րդ), իսկ վերջին կոլը նշանակեց Քու Ժուա Եիլ (90-րդ):
Լիբանանի կրած այս պարտութեան մէջ մրցումին երեք կոլերուն համար ալ պաշտպանողական գիծը եղաւ յանցաւոր` առիթ տալով, որ մրցակից կազմը ազատօրէն շարժի Զիատ Սամատի բերդին մօտ եւ դիւրութեամբ նշանակէ իր կոլերը:
Նշենք, որ Լիբանանէն կը բացակայէին խմբապետ Ռիտա Անթար, Մահմուտ Ալի (վիրաւոր) եւ Հայսամ Ֆաուր (անհանգիստ):
Իր կրած այս պարտութեամբ Լիբանան նահանջեց վերջին դիրք` առաւելագոյն 9 կէտէն ապահովելով միայն կէտ մը:
Ստորեւ դասաւորումը.
| ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Հար. Քորէա | 2 | 2 | 0 | 0 | 7 | 1 | 6 |
| 2.- Իրան | 2 | 1 | 1 | 0 | 1 | 0 | 4 |
| 3.- Քաթար | 3 | 1 | 1 | 1 | 2 | 4 | 4 |
| 4.- Ուզպեքիստան | 2 | 0 | 1 | 1 | 1 | 2 | 1 |
| 5.- Լիբանան | 3 | 0 | 1 | 2 | 1 | 5 | 1 |

