Եուրօ-2012. Չեխիա Յաղթեց Յունաստանի (2-1). Լեհաստան – Ռուսիա` 1-1. Այսօր` Դանիա – Փորթուգալ Եւ Հոլանտա – Գերմանիա Զօրաւոր Ճակատումներ
Եուրօ-2012-ի ֆութպոլի մրցաշարքի ախոյեանութեան ծիրին մէջ, երէկ Ա. խմբակին մաս կազմող խումբերը կատարեցին իրենց երկրորդ մրցումը` Ա. հանգրուանի ծիրին մէջ:
Չեխիա, որ իր կատարած առաջին մրցումին 4-1 արդիւնքով պարտութիւն մը կրած էր Ռուսիայէն, արձանագրեց իր առաջին յաղթանակը` 2-1 արդիւնքով պարտութեան մատնելով Յունաստանը: 41 հազար հանդիսատեսներու ներկայութեան, Ա. կիսախաղին Չեխիա նշանակեց երկու կոլ` շնորհիւ Փիթըր Ժիրասեքի (3-րդ) եւ Վայլա Փիլարի (6-րդ): Յունաստանի միակ կոլը նշանակեց Ֆանիս Կեքաս (53-րդ), սակայն այդ կոլը բաւարար չեղաւ յունական կազմը պարտութենէ մը փրկելու:
Նոյն խմբակին մէջ տեղի ունեցած Լեհաստան – Ռուսիա ճակատումը աւարտեցաւ 1-1 արդիւնքով:
Սակայն նախքան այս ճակատումը սկսիլը, այլ ճակատում մը տեղի ունեցաւ դաշտէն դուրս` երկու կազմերուն համակիրներուն միջեւ: Այդ բախումին պատճառով նուազագոյնը 100 անձեր ձերբակալուեցան, իսկ 10 անձեր (մեծամասնութիւնը` լեհեր) վիրաւորուեցան:
Ինչ կը վերաբերի մրցումին, Ռուսիա Ա. կիսախաղին 1-0 արդիւնքով յառաջացաւ` շնորհիւ Ալեն Ծակոյեւի նշանակած կոլին (37-րդ): Շուրջ 56 հազար համակիրներու ներկայութեան, Եաքուպ Պլասզիքովսքի նշանակեց լեհերուն հաւասարութեան կոլը (57-րդ):
Ստորեւ դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Ռուսիա | 1 | 1 | 0 | 5 | 2 | 4 |
| 2.- Չեխիա | 1 | 0 | 1 | 3 | 5 | 3 |
| 3.- Լեհաստան | 0 | 2 | 0 | 2 | 2 | 2 |
| 4.- Յունաստան | 0 | 1 | 1 | 2 | 3 | 1 |
Ստորեւ կու տանք այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԺԱՄ | |
| Դանիա – Փորթուգալ | 19:00 |
| Հոլանտա – Գերմանիա | 21:45 |



