Եւրոպայի 2013-Ի Երիտասարդներու (21 Տարեկանէն Վար) Ախոյեանութիւն. Հայաստան 4-1 Արդիւնքով Յաղթեց Անտորրայի Եւ Բարձրացաւ 2-րդ Դիրք
Երէկ, Հայաստանի ֆութպոլի երիտասարդներու ազգային հաւաքականը (21 տարեկանէն վար), Եւրոպայի 2013-ի ախոյեանութեան զտումի մրցաշարքին ծիրին մէջ (Բ. խմբակ) ճակատեցաւ Անտորրայի դէմ:
Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ տեղի ունեցած այս մրցումին, հայրենի կազմը բաւական տպաւորիչ ճակատում մը կատարելով արձանագրեց մրցաշարքի իր 3-րդ յաղթանակը եւ դասաւորման մէջ բարձրացաւ 2-րդ դիրք:
Հայրենի կազմը 3-0 արդիւնքով պարտութեան մատնելով իր հիւրը, 11-ի բարձրացուց իր շահած կէտերուն ընդհանուր գումարը:
Նշենք, որ Հայաստան իր նախորդ երկու յաղթանակները արձանագրեց յաջորդաբար Մոնթենեկրոյի (4-1) եւ Անտորրայի դէմ (1-0): Հայաստան երկու հաւասարութիւն արձանագրած է Չեխիոյ (1-1) եւ Կալեսի (0-0) դէմ, իսկ իր միակ պարտութիւնը կրած է Չեխիայէն (2-0):
Հայրենի կազմը 4-րդ վայրկեանին բացաւ մրցումին հաշիւը` շնորհիւ Յովհաննէս Յովհաննիսեանի նշանակած կոլին: Սակայն 33-րդ վայրկեանին Էտըմ Սմիթ հաւասարեցուց արդիւնքը` օգտուելով բերդապահ Ալպերթ Օհանեանի բերդին մօտ ստեղծուած իրարանցումէն:
Սակայն Հայաստան Ա. կիսախաղը աւարտեց 2-1 արդիւնքով յառաջանալով, երբ Տարօն Ոսկանեան նշանակեց կոլ մը:
Բ. կիսախաղը հազիւ սկսած (46-րդ), Արտակ Ետիկարեան նշանակեց երրորդ կոլը: Վերջին կոլը նշանակեց Կամօ Յովհաննիսեան (90-րդ), որմէ երեք վայրկեան ետք իրաւարարը սուլեց մրցումին աւարտը:
Նշենք, որ Հայաստան իր վերջին երկու մրցումները պիտի կատարէ Կալեսի եւ Մոնթենեկրոյի դէմ: Առաջին մրցումը տեղի պիտի ունենայ 15 յուլիսին, իսկ երկրորդը` 10 սեպտեմբերին:
Աշոտ Սարտարեան, որ 85-րդ վայրկեանին փոխարինեց Էտկար Մալաքեանը, առաջին անգամ ըլլալով դաշտ կը ներկայանար Հայաստանի հետ:
| ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Չեխիա | 6 | 5 | 1 | 0 | 19 | 3 | 16 |
| 2.- ՀԱՅԱՍՏԱՆ | 6 | 3 | 2 | 1 | 10 | 5 | 11 |
| 3.- Կալես | 6 | 3 | 1 | 2 | 7 | 4 | 10 |
| 4.- Մոնթենեկրօ | 6 | 3 | 0 | 3 | 14 | 8 | 9 |
| 5.- Անտորրա | 8 | 0 | 0 | 8 | 2 | 32 | 0 |

