Շարժումը Ներսից Դուրս Հանող Արուեստագէտը. Զարեհ Մկրտիչեան

ԱՆՈՒՇ ՔՈՉԱՐԵԱՆ

«Պաստառին առջեւ կանգնած կը սկսեմ ներկը զետեղել, առանց ծրագրի կը շարժեմ մատներս եւ գոյն կը ստանամ… Կը զգայի ներկը որպէս միջոց, որպէս օգնող, որ իմ զգացումս դնէ հոն… Կը սկսիմ յիշել մօրս հայեացքը, ճամբան, կարմիր լոյսերը, կը յիշեմ խումբ մը նարինջներ, որ աղքատիկ տղայ մը կը ծախէր: Բաները անհաշիւ շարժումներով կը խառնուին իրար, ուր ուրիշ հոսանք մը` այս անգամ արթուն եւ գիտակից, կու գայ յստակօրէն եւ մտածուած, իր հետքերը թողնելու»:

Թիֆլիսում յաճախ են հոսանքազրկումները: Զարեհ Մկրտիչեանի հետ պայմանաւորուածութիւնս կէս գիշերին էր, այլապէս ես չէի կարող նրան գտնել օն-լայն տիրոյթում ժամային տարբերութեան պատճառով: Զարեհն ապրում է Միացեալ Նահանգներում:

Լոյսը անջատեցին, չկարողացայ պայմանաւորուած ժամին ներկայանալ: Ներողութիւն դրա համար: Արդէն կէս գիշերն անց է, բայց կարող ենք զրուցել:

Բնական բան է: Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ, երբ այնտեղ էի մինչեւ 1983-ը, յաճախ էր պատահում, որ ելեկտրականութիւն չունենայինք: Ես Հալէպում եմ ծնուել 1956թ.-ին, յետոյ տեղափոխուել ենք Լիբանան:

(Հէնց այս տարիներին է, որ Զարեհ Մկրտիչեանը սկսում է ուսումնասիրել արուեստը` անցնելով գեղանկարչութեան դասեր: Սակայն տարօրինակ զուգադիպութեամբ, արուեստագէտը, որի նախնիները Եղեռնից մազապուրծ եղած հայեր էին, ուսանում է ոչ խաղաղ տարիներին. իրականութիւն եւ յիշողութիւն):

Պատերազմի տարիներին է՞ք ուսումնասիրել գեղանկարչութիւն…

Ես արուեստի դպրոց գնացի շատ կարճ ժամանակ` մինչ 1976-ը… Ընդհատուեց ուսումս, որովհետեւ զինեալներ կային ճանապարհներին: Այո, ազդեցութիւնն այդ պատերազմից, անշուշտ կար եւ, առհասարակ, այն կարելի է գտնել ամէն իրադարձութեան մեջ. նայած` ինչպէս կը մտածես: Եղեռնի ժամանակ այդքան մարդկային կորուստ… Հարազատներիս, բարեկամներիս եւ ընդհանրապէս հայ ժողովրդի ապրումը մի րոպէի մէջ դժուար է զգացմունքներով բացատրել:

 

 

 

 

 

 

 

 

Նկարիչը կարողանում է նկարի միջոցով պատերազմն ու խաղաղութիւնը կողք-կողքի դնել. ձեր նկարներում նկատել եմ երկու ծայրահեղ մօտեցում` ե՛ւ այս կայ, ե՛ւ այն: Իսկ իրականում այդպէս չէ. ստացւում է` արուեստը ծնւում է իրականութիւնից, բայց անիրական լուծումնե՞ր է առաջարկում:

Յարաբերական բաներ են: Կշռելու չափանիշն է կարեւոր. միշտ էլ կռիւներ կան. երբեմն դրանք քիչ կարող են ազդել մեզ վրայ, երբեմն շատ…Մեծ ազդեցութիւնը կոչում ենք աղէտ…Իրականն ու անիրականն էլ մենք մտածում ենք մեր մտքով. ուրեմն մարդկային է… Լինի արուեստ, թէ ուրիշ բան:

Ամէն մի զգացած, ապրում ձեր նկարներում նախեւառաջ գծային պատկերներով է արտայայտւում. գունային խաղը կարծես թէ քիչ է հետաքրքրում…

Վերջերս աւելի քիչ եմ օգտագործում գոյներ. կարելի է շատ բան արտայայտել առանց գոյների` լոյսի եւ խաւարի միջոցով: Այո, գործերիս մէջ գծերը բաւական դեր ունեն. դրանց հոսանքի ուժը, մղող աղբիւրը, գծերի միջոցով իմ մէջից ելնող շարունակական ապրումի պահն է` պոռթկումը, զգայականը, խնդութիւնը եւ մահը: Վերջերս շարժումն աւելի շատ է գործերիս մէջ. կարծես աւելի եմ կենտրոնանում կեանքի հոսքը զգալու եւ այն իմ մէջից դուրս տալու պահանջը:

Շարժումը` այն, ինչ կեանք է տալիս, անընդհատ է, իսկ նկարը պահը բռնում եւ ընդհատում է թղթի վրայ. արուեստի յաւերժութիւնը շարժումից պահը պոկե՞լն է:

Օ՜հ, ինչ լաւ ասացիք: Առանց շարժման` մահն աւելի շուտ է գրաւում մեզ. շարժումը ֆիզիքական աղբիւրն է կեանքի: Քանի մահի գիտակցումը կայ, մենք ուզում ենք անմահութիւնը եւ կարծես թէ դրանով էլ գոյութիւնն արժեւորելու փորձեր ենք անում:

Բայց 21-րդ դարը խժռումի տարրերով է յագեցած. ամէն բան այսօր կարողանում են անուանել, մտցնել արուեստի շրջանակների մէջ: Դարը թո՞յլ է տալիս անհատները մնան անհատներ:

Արուեստի հասկացողութիւնը դարերի ընթացքում է ընդլայնւում` մինչեւ այն պահը, որ անկեղծ եւ խորն է արտայայտութիւնը եւ կարողանում է ազդել երեւակայութեամբ եւ ստեղծած վիճակով. դա լաւ է, իրական: Հիմա շատ բաներ իրար քով-քովի կան արուեստի արտայայտման մէջ: Երանի նրան, ով անկեղծ է ինքն իր հետ, աւելի հանգիստ եւ խաղաղ:

Վերջերս աւելի փափաքում եմ պահի վրայ կենտրոնանալ:

 

 

 

 

 

 

 

 

Պահի վրայ կենտրոնացումը դժուարամարս բան է, քանի դեռ կայ ամբոխը եւ շրջապատող միջավայրը…

Անհատն ազդւում է իր շրջապատից, ամէն ինչից, որի հետ յարաբերւում է` կլիմայից, ջրից, ուտելիքից… ամբոխից: Ուրեմն ճիշդ է, որ նկարն անհատական է, բայց կրում է ազդեցութիւն, որը, խառնելով իր ներքինին, դուրս է հանում տարբեր վիճակների եւ ժամանակի մէջ:

Յիշո՞ւմ ես` սկզբում խօսում էինք Եղեռնի ազդեցութեան մասին…Մեծ, թէ փոքր` իրադարձութիւնը ազդում է գոյութեան, կեանքի վրայ, եւ ստացւում է, որ կեանքը տարբեր պահերի ներկայութիւնն է, ուր ժամանակի եւ յարաբերութեան պատճառով փոխւում են բաներ…Իսկ կեանքը այդ փոփոխութիւնն է:

Այդ դէպքում ինչպէ՞ս է ստացւում, որ ճգնաւորները, որոնք հեռու էին աշխարհիկ կեանքից, կարողանում էին պատկերացնել ամէնը շատ լաւ եւ միայնութեան մէջ հանճարեղ բաներ ստեղծել:

Նրանք արդէն իրենց մէջ կուտակել էին գիտութիւնը եւ ազդեցութիւնը:Նոյնիսկ, եթէ առանձին են, միտքը ժառանգում են իրենց նախնիներից. բաներ կան, որ արձանագրուած են մարդկային մտքի մէջ:

Ստացւում է, որ ժամանակակից արուեստագէտն աւելի մեծ բախումների մէջ է. նա եւ կրում է այդ միտքը, եւ շրջապատն է ընկալում: Այս տեսանկիւնից Միացեալ Նահանգներում ապրելը եւ ստեղծագործելը պէտք է, որ բարդ լինի:

Եթէ արուեստագէտը կարողանում է կենտրոնանալ իր ներքին աշխարհին մէջ, ճանաչելով իրեն, մնալով հաստատուն եւ անկեղծ, միաժամանակ ունենալով դրսի ազդեցութիւնը, խառնելով դրան գիտելիքները, կը կարողանայ առանձնայատուկ մնալ նաեւ համամարդկայինի մէջ:

Բոլոր ժամանակների նկարիչներն ապրեցին տարբեր կերպ, ամենատարբեր ձեւերով. Փիքասոն այդպէս էլ մեծ տարիքում մահացաւ անկողնու մէջ` մինչեւ վերջ նկարելով: Նկարիչներից շատերը ողբերգական մահով անմահացան: Վերջի մասին ձեր պատկերացումը ո՞րն է:

Գիտակցօրէն եւ պայքարելով, երեւակայութեամբ լեցուն եւ կեանքը ընդունած վիճակով մահանալ սիրով: Ամէն ինչ հոսանքով կը գայ եւ կը գնայ, կը լուծուի, հետքեր կը թողնի եւ նոր ծնունդներ կը տայ: Ես լաւատես եւ պայքարող եմ:

Հ.Գ. Զարեհ Մկրտիչեանի մասին տեղեկութիւն ստացայ արուեստի հետ առնչումներ ունեցող մի այլ անհատի հետ զրոյցից, որից յետոյ ուսումնասիրութիւններս այս նկարչի մասին սկսուեցին նրա նկարներից, 40-ից աւելի նկարչական (խմբակային եւ անհատական) ցուցահանդէսներից եւ աւարտուեցին յօդուածներով, որոնցից շատերը յայտնի պարբերականների էջերում էին, այդ թւում եւ «Լոս Անճելըս թայմզում»:

Share this Article
CATEGORIES