Կինն Այսօր` Թուրքիայում
ԳՐԻԳՈՐ ՂԱԶԱՐԵԱՆ
«Ալիք»
Համաշխարհային դրամատան վիճակագրութիւնների համաձայն, Թուրքիայի բնակչութեան 50,12 տոկոսը կազմում են կանայք, թուրքական աղբիւրները եւս նման թուեր են պարզում, յամենայն դէպս այդ երկրի կէսը կազմում են կանայք:
Տեսնենք, թէ ի՛նչ իրավիճակում է գտնւում այդ երկրի բնակչութեան կէսը, մի երկիր, որ ցանկանում է միանալ Եւրոպային, ցանկանում է հասարակութեան չափանիշները բարձրացնել եւ միտում ունի դառնալ օրինակելի երկիր` տարածաշրջանի համար:
* Ըստ Թուրքիայի ոստիկանութեան վիճակագրութիւնների, 2011 թուականին, այսինքն` անցեալ տարի, ամբողջ երկրում գրանցուել են 207,253 վնասուածքի դէպքեր` կանանց պարագայում. նոյն թիւը 2010 թուականին եղել է 189,377, այսինքն շուրջ տաս տոկոս յաւելում են կրել բռնութիւնները` կանանց դէմ: Ըստ նոյն ոստիկանութեան վիճակագրական մի այլ հաղորդման, իւրաքանչիւր տաս րոպէ մէկ մի ընտանեկան բռնութիւն է կատարւում կանանց դէմ` Թուրքիայում: Այս թուերը կազմուել են այն կանանց պարագայում, որոնք զեկուցել են ոստիկանութեանը, այսինքն` դեռ գոյութիւն ունեն պարագաներ, երբ կանայք վախենում են դիմել ոստիկանութեանը կամ էլ ապարդիւն են համարում պետական մարմիններին դիմելը, քանի որ հարկ եղած վերահասութիւն չի կատարւում թէ՛ ոստիկանութեան եւ թէ՛ դատարանների կողմից: Ըստ աւելի հին վիճակագրութիւնների, որոնք կազմուել են 2008 թուականին, Թուրքիայում կանանց 42 տոկոսն իրենց համարում է ֆիզիքական ու սեռային բռնութիւնների զոհ, որոնցից 91,8 տոկոսը օգնութեան չի դիմել ոստիկանութեանը, հիւանդանոցներին, դատարաններին կամ որեւէ հասարակական ծառայութիւն մատուցող կենտրոնի: Միացեալ ազգերի կազմակերպութեան տուեալների համաձայն, Թուրքիայի կանանց 39 տոկոսը տառապում է ֆիզիքական եւ սեռային բռնութիւններից:
* Թուրքիայի արդարադատութեան նախարարութիւնը այս կապակցութեամբ հրապարակել է աւելի ցնցիչ տուեալներ:
2011 թուականի ընթացքում տեղի են ունեցել 160 սպանութիւններ (միայն կանանց):
2009 թուականին` 953 պարագայ եւ 2002 թ.` 66 սպանութեան պարագայ: Նախարարութիւնը ինքը մտահոգութիւն է յայտնել, թէ այս թիւը գնալով բարձրանում է: Այլ աղբիւրների (Մարդու իրաւունքների կազմակերպութիւններ` Թուրքիայում) տուեալների համաձայն, 2005 թուականից մինչեւ 2011-ը 4190 կանայք են սպաննուել Թուրքիայում: Սպանութիւնները կատարւում են առաւելաբար կնոջ ամուսնու, նշանածի, եղբօր կամ հօր միջոցով: Սպանութիւնների պատճառները պարզ են. կանայք ցանկանում են անկախ լինել, իրենք տնօրինեն իրենց անձնական կեանքը, ցանկանում են ապրել որպէս մարդ-անհատ, պահանջում են ապահարզան` իրենց դաժան ամուսնուց, չեն ցանկանում բռնի կերպով ամուսնանալ մէկի հետ կամ անհիմն նախանձի զոհ են դարձել իրենց ամուսնու կամ ընտանիքի այլ տղամարդու կողմից:
* Աշխարհում չկայ որեւէ երկիր, ուր կատարեալ հաւասարութիւն գոյութիւն ունենայ տղամարդկանց ու կանանց միջեւ: Համաշխարհային տնտեսական ֆորում կազմակերպութիւնը մի քանի տարի է, որ սկսել է ուսումնասիրել այս հարցը, թէ աշխարհի երկրներում տնտեսական, կրթական, առողջապահական եւ քաղաքական ասպարէզներում ինչքան հաւասարութիւն գոյութիւն ունի կանանց եւ տղամարդկանց միջեւ: Ըստ 2011 թուականի այս կազմակերպութեան ուսումնասիրութեան, 135 երկրի միջեւ Թուրքիան գտնւում է 122-րդ տեղում:
* 1930-ական թուականներին Թուրքիան եղաւ առաջին երկրներից, ուր կանայք յաջողեցին ունենալ քաղաքական իրաւունքներ, ընտրելու եւ ընտրուելու իրաւունք տրուեց կանանց: 1926 թուականի քաղաքացիական օրէնսդրութեան համաձայն, կինը իրաւունք ունի ապահարզան պահանջելու ամուսնուց: Թուրքիան ստորագրել է բազմաթիւ պայմանագրեր` մարդու իրաւունքների, կանանց ու երեխաների իրաւունքների պաշտպանութեան խնդրում:
2002 թուականից, երբ Թուրքիայում իշխանութեան գլուխ անցաւ «Արդարութիւն եւ բարգաւաճում» կուսակցութիւնը (ԱԲԿ), որը նպատակադրել ու ծրագրել է Թուրքիային դարձնել Եւրոմիութեան անդամ երկիր եւ եւրոպական չափանիշների գործադրել երկրում, դրանով հանդերձ, դեռ աւելացել են սպանութիւններն ու բռնութիւնները` կանանց դէմ: Ըստ մարդու իրաւունքների թուրք գործիչների` ԱԲԿ-ի գործի գլուխ գալուց յետոյ զգալիօրէն նուազել է կանանց իրաւունքների պաշտպանութեան հարցը: Հասարակութիւնը աւանդական հասարակութիւն է, որտեղ կինը չի դիտւում որպէս անկախ մարդ-անհատ, որն ունի իր իրաւունքները: Ըստ մի շարք թուրք գործիչների, անհրաժեշտ է, որ Եւրոպան իր ճնշումները սաստկացնի Թուրքիայի նկատմամբ, որպէսզի Թուրքիան իր կին բնակչութեանը սկսի նայել որպէս մարդ-անհատ: Ըստ նոյն գործիչներին, տղամարդիկ Թուրքիայում, լինեն դրանք ամուսին, հայր կամ դիւանագէտ ու քաղաքական մարդ, չի տարբերւում, նրանք չեն կարող հանդուրժել ու տեսնել, որ կինը պահանջ ունենայ հաւասար իրաւունքների համար: Այդ հարցի լուծման համար նրանք (այսինքն` մարդու իրաւունքների մի շարք գործիչներ) տարօրինակ առաջարկ-լուծում են ներկայացրել, որ կանայք կրեն զէնք ու անցկացնեն հրաձգութեան դասընթացներ` երեք ամսով, նաեւ այն, որ կանայք ինքնապաշտպանութեան համար սովորեն մարտարուեստ (քոնկֆու, քարաթէ …) ահա, այս ձեւերով կանայք կը պաշտպանեն իրենց իրաւունքները` Թուրքիայում:

