«Հրայր Մարուխեան» Հիմնադրամը Մեկնարկեց «Տնտեսութիւնը Եւ Սոցիալ-Դեմոկրատիան» Գրքի Շնորհահանդէսն Ու Քննարկումը

2012 թուականի յունիսի 11-ին «Հրայր Մարուխեան» հիմնադրամը «Ֆրետրիխ Էպերթ» հիմնադրամի աջակցութեամբ «Անի Փլազա» հիւրանոցում ներկայացրեց «Տնտեսութիւնը եւ սոցիալ- դեմոկրատիան» գրքի շնորհահանդէսը եւ կլոր սեղանի շուրջ քննարկում: Սա «Սոցիալ-դեմոկրատիա» շարքի ընթերցաշարի երկրորդ գրքի թարգմանութիւնն էր` պատրաստուած Ընկերվար ժողովրդավարութեան ակադեմիայի կողմից  (Պոն, Գերմանիա): Շարքի առաջին գիրքը` «Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը»,  «Հրայր Մարուխեան» հիմնադրամը թարգմանել եւ հրատարակել է 2011 թուականին:

Միջոցառման նպատակը Հայաստանի կառավարման եւ տնտեսական քաղաքականութեան վերաբերեալ առաջարկուած ընկերվար ժողովրդավարական գաղափարների շուրջ բանավէճի խրախուսումն էր:

Միջոցառումը վարում էր ՀՅԴ Բիւրոյի անդամ Դաւիթ Լոքեանը: Բացման խօսքը վերապահուեց «Հրայր Մարուխեան» հիմնադրամի տնօրէն Մարիա Թիթիզեանին եւ Հարաւային Կովկասում «Ֆրետրիխ Էպերթ» հիմնադրամի գրասենեակի տնօրէն Միքայէլ Վէյխերթին: Առաջին ելոյթը ներկայացրեց Գերմանիայի նախկին պետական նախարար Քրիսթոֆ Զոփելը, ով քննարկեց ընկերվար ժողովրդավարութեան հիմունքները եւ այն յաջողութիւնները, որ գրանցուել են Գերմանիայում ընկերվար ժողովրդավարական քաղաքականութեան կիրառմամբ: Նա նշեց ցայտուն անհամապատասխանութիւնը. հայ բնակչութեան 40 առ հարիւրը աղքատ է, մինչդեռ մի քանի սակաւապետներ իրենք են վերահսկում երկրի ողջ հարստութիւնը:

Ազգային ժողովի նախկին պատգամաւոր, տնտեսագէտ Արա Նռանեանը ներկայացրեց Հայաստանում տնտեսական քաղաքականութիւնների վերաբերեալ կարճ ակնարկ` նշելով Խորհրդային Միութեան փլուզմանը համընթաց համայնավարութիւնից դէպի դրամատիրութիւն անցումը: Այս ամէնը յանգեցրեց տնտեսական անհամաչափութեան եւ մենաշնորհների աճի` շուկայական տատանումներից  բնակչութեան լայն հատուածներին խոցելի դարձնելով` մանաւանդ տնտեսական անկումների ժամանակաշրջանում: Քննարկելով գիրքը եւ ընկերվար ժողովրդավարութեան կիրառումը Հայաստանում` նշեց, որ նոր ազատականութիւնը յանգեցրեց պետական սեփականութիւն հանդիսացող ձեռնարկութիւնների սեփականաշնորհման եւ վերջին 20 տարիներին շուկայի` վերահսկողութիւնից դուրս մնացած վիճակի:

Միջոցառմանը մասնակցում էին մօտ 100 հոգի, որոնց կազմում էին հայ եւ գերմանացի քաղաքական գործիչներ, տնտեսագէտներ եւ քաղաքացիական հասարակութեան ներկայացուցիչներ: Քննարկումը աւելի շատ կենտրոնացուած էր Հայաստանում ընտրողների եւ քաղաքական գործիչների կողմից` գրքում նշուած ընկերվար ժողովրդավարական սկզբունքների կիրառման վրայ: Մասնակիցները քննարկեցին, թէ ընկերվար ժողովրդավարական սկզբունքները ինչպէս կարող են կիրառուել այնպիսի տնտեսական քաղաքականութեան ներքոյ, ինչպիսիք են բնապահպանական եւ արտաքին քաղաքականութիւնները:

«Հրայր Մարուխեան» հիմնադրամը Հայաստանում գործող ընկերվար ժողովրդավարական ուսումնասիրութեան եւ վերլուծական կենտրոն է: Նրա նպատակն է Հայաստանում եւ տարածաշրջանում խրախուսել հանրային քննարկումներն ու ապահովել հաւասարութիւն, ազատութիւն եւ ժողովրդավարութիւն: Հիմնադրամը իրականացնում է ակադեմական ուսումնասիրութիւններ կապուած քաղաքականութեան, քաղաքական որոշումների կայացման հետ, կազմակերպում է խորհրդաժողովներ ու կլոր սեղաններ, հրատարակում ընկերվար ժողովրդավարութեան վերաբերեալ ուսումնասիրութիւններ, կազմակերպում է նաեւ դասընթացներ երիտասարդ քաղաքական առաջնորդների համար:

 

 

Share this Article
CATEGORIES