Եուրօ-2012. Իրլանտա Հանդիսացաւ Առաջին Խումբը, Որ Դուրս Մնաց Մրցաշարքէն. Իտալիա – Խրուաթիա` 1-1
Եուրօ-2012-ի ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ, երէկ` մրցաշարքին 7-րդ օրը, Գ. խմբակին մէջ տեղի ունեցան երկու ճակատումներ:
Իրլանտա, որ 4-0 արդիւնքով ծանր պարտութիւն մը կրեց Եւրոպայի ախոյեան Սպանիայէն, հանդիսացաւ առաջին խումբը, որ դուրս մնաց մրցաշարքէն` կրելով իր երկրորդ յաջորդական պարտութիւնը:
Իրլանտա, որ այժմ առանց կէտի կը գրաւէ վերջին դիրքը, թէեւ մրցում մը եւս ունի կատարելիք Իտալիոյ դէմ, նոյնիսկ եթէ յաղթէ, պիտի չյաջողի գերազանցել Սպանիան եւ Խրուաթիան, որոնք այժմ ունին 4-ական կէտ: Նշենք, որ իւրաքանչիւր խմբակի առաջին երկու դիրքերը գրաւող խումբերը կ՛ապահովեն քառորդ աւարտականի իրենց տոմսերը:
Երէկուան այս մրցումին, աւելի քան 39 հազար հանդիսատեսներու ներկայութեան, Սպանիոյ չորս անպատասխան կոլերը նշանակեցին Ֆեռնանտօ Թորես (4-րդ եւ 70-րդ), Տաւիտ Սիլվա (49-րդ) եւ Սեսք Ֆապրեկաս (83-րդ):
Սպանիա գրեթէ ամբողջութեամբ ինք եղաւ տիրապետողը այս մրցումին` գնդակը անոր մարզիկներուն մօտ մնալով 66 տոկոսով: Անոր մարզիկները 15 անգամ հարուածեցին մրցակիցին բերդին ուղղութեամբ (Իրլանտա` 2), իսկ անիկա ձեռք ձգեց 8 քորնըր, մինչ Իրլանտա 2:
Նախքան այս մրցումը, իրարու դէմ ճակատեցան Իտալիա եւ Խրուաթիա:
Թէեւ Իտալիա ինք բացաւ մրցումին հաշիւը` շնորհիւ Անտրէա Փիրլոյի նշանակած կոլին (39-րդ), սակայն խրուաթները 72-րդ վայրկեանին նշանակեցին իրենց հաւասարութեան կոլը` շնորհիւ Կորտըն Շիլտընֆելտի:
Ստորեւ` Գ. խմբակին դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Սպանիա | 1 | 1 | 0 | 5 | 1 | 4 |
| 2.- Խրուաթիա | 1 | 1 | 0 | 4 | 2 | 4 |
| 3.- Իտալիա | 0 | 2 | 0 | 2 | 2 | 2 |
| 4.- Իրլանտա | 0 | 0 | 2 | 1 | 7 | 0 |
Ինչ կը վերաբերի այսօր տեղի ունենալիք մրցումներուն (Դ. խմբակ), անոնք պիտի կատարուին հետեւեալ յայտագիրին հիմամբ (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԺԱՄ | |
| Ուքրանիա – Ֆրանսա | 19:00 |
| Շուէտ – Անգլիա | 21:45 |





