Լաւագոյն Պաշտպանութիւնը Յարձակումն Է

Հայ-ազրպէյճանական սահմանին միջադէպերը շարունակւում են: Արդէն որերորդ անգամ ազրպէյճանական խափանարարական խմբերի գործողութիւններից ու ազրպէյճանցի զինծառայողների գնդակներից  զոհւում ու վիրաւորւում են հայ դիրքապահներն ու խաղաղ բնակիչները: Ազրպէյճանցիներն այնքան են լկտիացել, որ նոյնիսկ առանց վախենալու կրակ են բացում Կարմիր խաչի կամաւորների ուղղութեամբ:

Տաւուշի մարզի սահմանամերձ գիւղերը,  մասնաւորապէս` Դովեղը, Այգեպարն ու Մովսէսը,  Ներքին Կարմիր Աղբիւրն ու Չինարը եւ այլն, ապրում են մշտական հրաձգութեան առկայութեան պայմաններում: Այժմ հայաստանեան քաղաքական, քաղաքագիտական, ռազմական ու փորձագիտական շրջանակները փորձում են գնահատականներ տալ սահմանային միջադէպերին, նրանց պատճառներին ու հետեւանքներին, ինչու չէ, նաեւ անելիքներին:

Յատկապէս յունիսի 1-ից յետոյ մամուլի ասուլիսներով հանդէս եկած բոլոր քաղաքագէտները այս միջադէպերի քաղաքական պատճառներն ուսումնասիրելու արդիւնքում նոյն կամ գրեթէ միեւնոյն կարծիքին են. Ազրպէյճանին պէտք է միջազգային հանրութեանը ցոյց տալ, որ մեր տարածաշրջանում սթաթիւս քօ գոյութիւն չունի, որ` խաղաղութիւն հաստատուած չէ, որ` պէտք է փոխուեն քաղաքական իրավիճակը եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութեան կարգաւորման ձեւաչափերը, մօտեցումներն ու միջնորդները:

Մասնաւորապէս քաղաքագէտ, «Կովկաս» հիմնարկի տնօրէն Ալեքսանդր Իսկանդարեանը լրագրողներին ասաց, թէ սահմանի վրայ այդպիսի միջադէպերը գործնականում անխուսափելի են: «Դրանք պատահականութիւններ չեն, այն արտայայտուած քաղաքականութիւն է, որը համապատասխանեցւում է Ազրպէյճանի արտաքին քաղաքականութեան այլ երեսների հետ, տուեալ դէպքում, կարծում եմ, որ այն յարմարեցուել է Քլինթընի այցի հետ:  Ինձ թւում է, որ սահմանային փոխհրաձգութիւնները արտաքին քաղաքականութիւնում շանթաժ իրականացնելու համար Ազրպէյճանի գրեթէ միակ հնարաւորութիւնն են», նշեց քաղաքագէտը:

Այո՛, այս հանգամանքները գոյութիւն ունեն, բայց դրանց հետ մէկտեղ կան նաեւ այլ դրդապատճառներ ու հանգամանքներ, որոնք զուտ ռազմական են: Նախ` Հայաստանի Հանրապետութեան տարածքում այդպիսի սադրիչ գործողութիւններ իրականացնողները եղել են խափանարարներ: Ու այստեղ հարց է առաջանում` լա՛ւ, քանի՞ անգամ կարող են նման դէպքերը կրկնուել սահմանի նոյն կամ գրեթէ նոյն հատուածում, եւ այդ դէպքում ո՞ւր են նայում հայ դիրքապահները:

Խափանարարներն ու հետախոյզները բանակում յատուկ մասնագէտների կարգավիճակ ունեցող զօրքեր են, որոնց նպատակը հէնց սահմանն անցնելն ու խափանարական-հետախուզական  գործողութիւններ իրականացնելն է: Եւ այստեղ ասել, թէ նրանք ինչպէ՛ս անցան սահմանը, այնքան էլ ճիշդ չէ: Բայց եթէ հաշուի առնենք, որ այդ խափանարարական-հետախուզական խմբերը սահմանը, այն էլ մի քանի անգամ`երկու ամսուայ մէջ, անցնում են նոյն կամ գրեթէ նոյն հատուածում, ու ամէն անգամ դա նրանց յաջողւում է, արդէն մտածելու տեղ էք տալիս է: Օրինակ` արդեօք հակառակորդը մեր պաշտպանութիւնում գտե՞լ է թոյլ օղակ, որ ամէն անգամ կարողանում է օգտագործել այն: «Չեմ կարծում, թէ մեր պաշտպանութիւնում կան կէտեր, որ ակնյայտ թոյլ օղակներ են, եւ որոնց վրայ ազրպէյճանցիներն աշխատում են: Բայց երբ կայ պատերազմական իրավիճակ, երբ կայ խրամատ եւ ոչ թէ սահման, միշտ կան հետախուզելու, փնտռելու եւ թոյլ տեղեր գտնելու քայլեր: Երկու կողմից էլ դա միշտ արւում է», ասում է ռազմական փորձագէտ Արծրուն Յովհաննիսեանը:

Հակառակորդը կարող է այդպիսի խափանարարական  գործողութիւններով ստուգել մեր պաշտպանութիւնը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանի ամբողջ երկայնքով, որը փաստացի խրամատ է` ընդունում ենք, բայց երկու ամսուայ ընթացքում հինգից աւելի դէպքեր, որից երեքը` միայն մէկ շաբաթուայ ընթացքում, եւ բոլորն էլ` նոյն տարածաշրջանո՞ւմ. մտածելու տեղիք չի՞ տալիս արդեօք: Կարող ենք ենթադրել մէկ բան` որոշակի թերացում պաշտպանական այս հատուածում, հայկական կողմը, այնուամենայնիւ ունի, անկախ նրանից, որ ազրպէյճանական կողմը նոյնպէս զոհեր ու վիրաւորներ ունի պատժիչ գործողութիւնների արդիւնքում: Բայց զսպման այս մեքանիզմը դեռ իր արդիւնքը չի տուել:

Զսպման մէկ գործուն մեքանիզմ կայ` հակահարուածը, կամ մէկ-մէկ էլ` նախայարձակ լինելը. հէնց այնպէս` նախազգուշութեան համար նախայարձակ լինել կամ կրակել ազրպէյճանական դիրքապահների եւ բնակավայրերի ուղղութեամբ, ինչպէս իրենք են անում: Հէնց թէկուզ նրա համար, որ միջնորդական առաքելութիւնների կոչերը միշտ էլ անտեսուել են, անտեսւում են, եւ ամենայն հաւանականութեամբ, շարունակելու են անտեսուել Ազրպէյճանի կողմից: Գերտէրութիւններն էլ միշտ բաւարարւում են կեցուածք հռչակելու ձեւական բնոյթի յայտարարութիւներով` «կողմերին կոչ են անում զերծ մնալ ուժի գործադրումից»:

Հետաքրքիր է` ինչո՞ւ է այս կոչերին սրբօրէն հետեւում միայն հայկական կողմը: Թող մի անգամ էլ միջազգային հանրութեան այդ կոչը մեր գործողութիւնների արդիւնքում հնչի. միեւնոյն է` երկու կողմերին են կոչ անելու ու այսպէս ասած, «թացը չորի հետ է խառնուելու»: Միգուցէ սահմանին մի 1000 զինուոր կորցնելուց յետոյ, կամ եւս մի քանի քառակուսի քիլոմեթր տարածք իր պատմական տէրերին «սիրայօժար վերադարձնելուց» յետոյ Ազրպէյճանը վերջիվերջոյ խելքի՞ գայ: Արժէ փորձել…

 

 

 

Share this Article
CATEGORIES