Եուրօ – 2012. Խրուաթիա Եւս Հետեւեցաւ Դանիոյ, Հոլանտայի, Ռուսիոյ Եւ Լեհաստանի Օրինակին. Անգլիա-Ուքրանիա Եւ Շուէտ-Ֆրանսա Մրցումներով Այսօր Կ՛աւարտի Ա. Հանգրուանը

Խեսուս Նաւաս կը նշանակէ Սպանիոյ կոլը

Երէկ` Եուրօ-2012-ի ֆութպոլի մրցաշարքին 11-րդ օրը, Գ. խմբակին մէջ տեղի ունեցան երկու վերջին ճակատումները, որոնց արդիւնքներուն լոյսին տակ յստակացան քառորդ աւարտականի իրենց տոմսերը ապահովող երկու խումբերուն անունները:

Եւրոպայի եւ աշխարհի ախոյեան Սպանիա բաւական մեծ դժուարութեամբ յաղթեց Խրուաթիոյ` 1 – 0 արդիւնքով: Մրցումին 88-րդ վայրկեանին Խեսուս Նաւաս նշանակեց Սպանիոյ եւ մրցումին միակ կոլը` մեծապէս տխրեցնելով խրուաթները, որոնք յաջողեցան բաւական տպաւորիչ եւ լաւ ներկայացումով մը ելոյթ ունենալ:

Սպանիա, որ այսպիսով գրաւեց Գ. խմբակին պարագլուխի դիրքը, քառորդ աւարտականին իր դէմ պիտի ունենայ Դ. խմբակին երկրորդ դիրքը գրաւող խումբը:

Ինչ կը վերաբերի Գ. խմբակէն քառորդ աւարտական անցած երկրորդ խումբին, անիկա հանդիսացաւ Իտալիա, որ 2 – 0 արդիւնքով յաղթեց արդէն իսկ մրցաշարքէն դուրս մնացած Իրլանտայի: Անթոնիօ Քասսանօ (35-րդ) եւ Մարիօ Պալոթելլի (90-րդ) նշանակեցին իտալացիներուն երկու անպատասխան կոլերը:

Իտալիոյ նշանակած առաջին կոլը

Նախքան Իտալիոյ 2-րդ կոլին նշանակուիլը, Իրլանտայէն Քէյթ Էնտրուզ կարմիր քարտ մը ստացաւ:

Ստորեւ` Գ. խմբակին վերջնական դասաւորումը

Յ.    Հ.    Պ.    Նշ. Ստ. Կէտ

1.- Սպանիա             2     1     0     6     1    7
2.- Իտալիա              1     2     0     4     2     5
3.- Խրուաթիա            1     1     1     4     3     4
4.- Իրլանտա             0     0     3     1     9     0

Ինչ կը վերաբերի շաբաթ եւ կիրակի օր կատարուած մրցումներուն, Ա. խմբակին մէջ Չեխիա եւ Յունաստան իրենց արձանագրած յաղթանակներուն շնորհիւ ապահովեցին քառորդ աւարտականի իրենց տոմսերը` մրցաշարքէն յաջորդաբար դուրս ձգելով Լեհաստանը եւ Ռուսիան:

Գերմանացիք կը տօնեն Լուքաս Փոտոլսքիի նշանակած կոլը

Փիթըր Ժիրասեքի նշանակած կոլին շնորհիւ (72-րդ) Չեխիա 1 – 0 արդիւնքով յաղթեց Լեհաստանի:

Նոյն արդիւնքով, Յունաստան յաղթեց Ռուսիոյ: Ա. կիսախաղին կորսուած վայրկեաններուն, Ճիորկոս Քարակունիս նշանակեց յոյներուն արժէքաւոր կոլը: Մրցումին ներկայ էր աւելի քան 55 հազար համակիր:

Ստորեւ Ա. խմբակին վերջնական դասաւորումը.

Յ.    Հ.    Պ.    Նշ. Ստ. Կէտ

1.- Չեխիա               2     0     1     4     5     6
2.- Յունաստան           1     1     1     3     3     4
3.- Ռուսիա              1     1     1     5     3     4
4.- Լեհաստան           0     2     1     2     3     2

Փիթըր Ժիրասեք (ձախին)

Բ. խմբակին մէջ, շարունակելով իր ձախող ելոյթներու շարքը, Հոլանտա 2 – 1 արդիւնքով պարտութիւն մը կրելով Փորթուգալէն ոչ միայն դուրս մնաց մրցաշարքէն, այլ անոր հրաժեշտ տուաւ` առանց նոյնիսկ կէտ մը ապահովելու:

Ռաֆայէլ վան տեր Վաարթ նշանակեց Հոլանտայի կոլը (11-րդ), իսկ Քրիսթիանօ Ռոնալտօ` Փորթուգալի երկու կոլերը (28-րդ եւ 74-րդ)` աւելի քան 37 հազար համակիրներու ներկայութեան:

Փորթուգալի հետ քառորդ աւարտականի իր տոմսը ապահովեց Գերմանիա, որ մրցաշարքէն դուրս ձգեց Դանիան` 33 հազար հանդիսատեսներու ներկայութեան 2 – 1 արդիւնքով յաղթելով Դանիոյ: Լուքաս Փոտոլսքի (19-րդ) եւ Լարս Պենտըր (80-րդ) նշանակեցին Գերմանիոյ կոլերը, իսկ Միքայէլ Քրոհն Տեհլի` Դանիոյ կոլը (24-րդ):

Ճիորկոս Քարակունիս

Նկատի ունենալով, որ Բ. խմբակին մրցումները եւս աւարտեցան, յստակացան նաեւ քառորդ աւարտականին իրարու դէմ ճակատողները` հետեւեալ ձեւով. Չեխիա ընդդէմ Փորթուգալի, իսկ Գերմանիա ընդդէմ Յունաստանի:

Յիշատակութեան արժանի է այն, որ 16 խումբերուն մէջ Գերմանիա միակն ըլլալով իր կատարած երեք մրցումներն ալ յաղթանակով աւարտեց:

Ստորեւ` Բ. խմբակին վերջնական դասաւորումը.

1.- Գերմանիա      3     0     0     5     2     9

2.- Փորթուգալ      2     0     1     5     4     6

3.- Դանիա        1     0     2     4     5     3

4.- Հոլանտա       0     0     3     2     5     0

Այսօր` երեքշաբթի, 19 յունիսին, տեղի կ՛ունենան հետեւեալ մրցումները (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).

Ժամ

Անգլիա – Ուքրանիա (Դ. խմբակ)        21:45
Շուէտ – Ֆրանսա (Դ. խմբակ)                 21:45

Share this Article
CATEGORIES