Ժողովրդավարութիւնն Ընդդէմ Ինքնակալութեան . Արցախի Նախագահական Ընտրութիւնների Պատմութիւնից
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Յուլիսի 19-ին Արցախում կայանալու են նախագահական հերթական, թուով հինգերորդ ընտրութիւնները: Միջազգային հանրութեան եւ անգամ Հայաստանի կողմից դեռեւս տէ ժիւրէ չճանաչուած հանրապետութեան ղեկավարի պաշտօնի համար պայքարում են չորս թեկնածուներ. գործող նախագահ Բակօ Սահակեանը, խորհրդարանի պատգամաւոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանեանը, Երեւանի գիւղատնտեսական համալսարանի Արցախի մասնաճիւղի նախագահի տեղակալ Արկադի Սողոմոնեանը եւ անկուսակցական Վալերի Խաչատրեանը:
Գործող նախագահի վերընտրուելու հնարաւորութիւնները շատ մեծ են մի քանի պատճառներով: Առաջին. ինչպէս Հայաստանում, այնպէս էլ Արցախում, չի եղել նախագահական որեւէ ընտրութիւն, որի ընթացքում, ըստ պաշտօնական տուեալների, յաղթի ընդդիմութեան թեկնածուն կամ, այսպէս ասենք, գործող նախագահը պարտութիւն կրի: Երկրորդ. գործող նախագահները օգտագործում են իշխանական եւ ուժային լծակները: Երրորդ. Բակօ Սահակեանի դէպքում Արցախի առաջատար բոլոր քաղաքական ուժերը, այդ թւում` ՀՅԴ-ն, պաշտպանում են հէնց նրա թեկնածութիւնը:
Ստեղծուած իրավիճակը` նախագահ Սահակեանի վերընտրուելու անխուսափելիութիւնը, մի կողմից տրամաբանական է, բայց միւս կողմից` օգտակար չէ Արցախի համար միջազգային ընկալման տեսանկիւնից: Երբ կանխաւ գրեթէ յայտնի են լինում ընտրութիւնների արդիւնքները, ապա միջազգային հանրութիւնը այդ ընտրութիւններին նայում է կասկածանքով: Ժողովրդավարական երկրների համար վաղուց անցել են այն ժամանակները, երբ ընտրութիւնների արդիւնքները կանխորոշուած են լինում. աւելի՛ն, գործող նախագահները վերընտրւում են քուէների բացարձակ առաւելութեամբ:
Ի տարբերութիւն Հայաստանի, Արցախում նախագահական ընտրութիւնները չեն կեղծւում: Բայց, ի տարբերութիւն Հայաստանի, Արցախի նախագահական ընտրութիւններն անցնում են այլընտրանքային թեկնածու բացակայութեան պայմաններում: Իսկ երբ չկայ այլընտրանք, անարդարութիւնների ու կեղծիքների դիմելը դառնում է աւելորդ ու անիմաստ:
Նախագահի հիմնարկը Լեռնային Ղարաբաղում ներդրուել է պատերազմի աւարտից յետոյ: 1994 թ. դեկտեմբերի 21-ին Արցախի խորհրդարանը ընդունեց որոշում նախագահական կառավարում մտցնելու մասին, իսկ արդէն յաջորդ օրը` դեկտեմբերի 22-ին, խորհրդարանը փակ, գաղտնի քուէարկութեամբ` 50 «կողմ», 2 «դէմ» եւ 1 «ձեռնպահ» ձայներով, Ռոպերթ Քոչարեանին ընտրեց նախագահ: Մինչ այդ, 1992 թ. օգոստոսի 15-ից, Քոչարեանը Լեռնային Ղարաբաղը ղեկավարում էր Պաշտպանութեան պետական կոմիտէի (ՊՊԿ) նախագահի կարգավիճակով:
Երբեմն լրատուամիջոցներում Արցախի առաջին առաջնորդ է նշւում Արթուր Մկրտչեանը, ով սպաննուեց իր բնակարանում` 1992 թ. ապրիլին: Քանի որ անկախութեան հռչակումից յետոյ Արցախը խորհրդարանական հանրապետութիւն էր, երկրի առաջնորդը հէնց Ազգային ժողովի նախագահն էր, ուրեմն կարելի է Արթուր Մկրտչեանին համարել անկախ Արցախի առաջին առաջնորդը: Լեռնային Ղարաբաղում առաջին խորհրդարանական ընտրութիւններն անց էին կացուել 1991թ. դեկտեմբերի 28-ին, իսկ մի քանի օր անց` 1992-ի յունուարին, ՀՅԴ-ն ներկայացնող Արթուր Մկրտչեանը ընտրուել էր խորհրդարանի նախագահի, հետեւաբար եւ Արցախի առաջնորդի պաշտօնում:
Լեռնային Ղարաբաղում համաժողովրդական առաջին նախագահական ուղղակի ընտրութիւններն անց կացուեցին 1996 թ. նոյեմբերի 24-ին: Ռոպերթ Քոչարեանը առաջադրուած միւս երկու թեկնածուների` Բորիս Առուշանեանի (վերջինս տարբեր պաշտօններում միշտ եղել է իշխանական համակարգում, այդ թւում` ՊՊԿ նախագահի, այսինքն` Ռոպերթ Քոչարեանի տեղակալ) եւ Արցախի համայնավարների առաջնորդ Հրանտ Մելքումեանի հետ պայքարում, ստացաւ ձայների մօտ 89 տոկոսը:
Ընտրուելուց մի քանի ամիս անց` 1997 թ. մարտին, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Ռոպերթ Քոչարեանին հրաւիրեց Երեւան` նրան վստահելով Հայաստանի վարչապետի պաշտօնը: Արցախում նախագահի աթոռը մնաց թափուր: 1997թ. սեպտեմբերի 1-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցան արտահերթ նախագահական ընտրութիւններ. արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասեանը քուէների մօտ 90 տոկոսով յաղթեց Բորիս Առուշանեանին եւ Արցախի պետական համալսարանի դասախօս Արթուր Թովմասեանին:
2002 թ. օգոստոսի 11-ին տեղի ունեցան նախագահական երրորդ ընտրութիւնները. գործող նախագահ Արկադի Ղուկասեանը քուէների մօտ 89 տոկոսով յաղթեց Արթուր Թովմասեանին, Ալբերտ Ղազարեանին ու Գրիգորի Աֆանասեանին:
Արցախում նախագահական միակ ընտրութիւնները, որի ընթացքում առաջադրուեց այլընտրանքային թեկնածու, տեղի ունեցաւ 2007թ. յուլիսի 19-ին: Բակօ Սահակեանին, որի թեկնածութիւնը պաշտպանեցին Արկադի Ղուկասեանը եւ Սերժ Սարգսեանը (վերջինս արդէն զբաղեցնում էր Հայաստանի վարչապետի պաշտօնը), մարտահրաւէր նետեց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մասիս Մայիլեանը: 2007-ի ընտրութիւններին մասնակցում էին նաեւ Արցախի Համայնավար կուսակցութեան առաջնորդ Հրանտ Մելքումեանն ու խորհրդարանի պատգամաւոր Արմէն Աբգարեանը: Ընտրութիւններում յաղթեց Սահակեանը` ստանալով քուէների շուրջ 85 տոկոսը: Երկրորդը Մասիս Մայիլեանն էր, ով ձեռք բերեց ձայների աւելի քան 12 տոկոսը: Արցախի նախագահական որեւէ ընտրութեան ժամանակ ոեւէ թեկնածու այդքան քուէներ չէր ստացել: Ընտրութիւններից յետոյ Մայիլեանը յայտարարեց, որ ինքը ճանաչում է ընտրութիւնների արդիւնքները եւ Սահակեանին համարում ընտրուած նախագահ: Հարաւային Կովկասի ճանաչուած երեք (Հայաստան, Ազրպէյճան, Վրաստան) եւ չճանաչուած կամ մասամբ ճանաչուած երեք (Արցախ, Աբխազիա, Հարաւային Օսիա) երկրների նախագահական ընտրութիւններից յետոյ դժուար է յիշել մէկ այլ դէպք, երբ ընդդիմադիր կամ այլընտրանքային թեկնածուն ճանաչած լինի ընտրութիւնների օրինականութիւնը: Փոխանակ ճիշդ օգտագործելու Մայիլեանի այս կեցուածքը միջազգայնօրէն` ընտրութիւններից յետոյ նրա եւ նրա ընտանիքի անդամների դէմ սկսուեցին տարատեսակն ճնշումներ: Կարճ ժամանակուայ ընթացքում աշխատանքից ազատուեցին Մայիլեանի երկու եղբայրները, որոնցից մէկը զբաղեցնում էր Արցախի ոստիկանապետի տեղակալի, երկրորդը` ապահովութեան ուժերի պետի տեղակալի պաշտօնը:
2012 թ. յուլիսի 19-ի նախագահական ընտրութիւններում այլընտրանքային թեկնածու է համարւում Արցախի հերոս Վիտալի Բալասանեանը, ով կարեւոր դերակատարութիւն է ունեցել 1991-1994 թթ. ազատագրական պատերազմում եւ արժանացել Արցախի բարձրագոյն պարգեւին:
Ժողովրդավարութեան առկայութիւնը (իսկ ժողովրդավարութեան կարեւորագոյն բաղադրիչներից մէկը հէնց ազատ եւ արդար ընտրութիւնների անցկացումն է) Արցախի միջազգային ճանաչման դժուարին ու երկարատեւ ճանապարհի պահանջուած պայմաններից է: Ե՛ւ բանակցային գործընթացում, ե՛ւ միջազգային ասպարէզում հայութեան ձեռքին աւելի հզօր լծակ, քան Արցախի ժողովրդավարութիւնն է ինքնակալական Ազրպէյճանի նկատմամբ, ուղղակի չկայ: Հետեւաբար, ամէն ինչ պէտք է անել, որ նախագահական այս ընտրութիւնները անցնեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:
Յատուկ «Ազդակ»-ի համար

