Հարցազրոյց Նունէ Եսայեանի Հետ
ՀԱՐՑՈՒՄ.- Նունէ, երբեւէ հրաւէր ստացե՞լ էիք Պոլսից, թէ՞ այս հրաւէրը առաջինն էր:
ՆՈՒՆԷ ԵՍԱՅԵԱՆ.- Իմ ստեղծագործական քսան տարիների ընթացքում, ինքներդ էլ լաւ գիտէք, որ բազմիցս հրաւէրներ եմ ստացել արտասահմանեան շատ երկրներից, ի հարկէ` հայ գաղութի կողմից, ու հաճոյքով մեկնել եմ համերգների: Պատահական չէ, որ ժամանակին ինձ անուանեցին «Հայ երգի դեսպան»: Որտեղ էլ որ եղել եմ, բարձր եմ պահել հայ մշակոյթը, ոգեւորել իմ հայրենակիցներին ու կրկնապատկել նրանց սէրը թէ՛ հայրենիքի եւ թէ՛ հայ երգարուեստի հանդէպ:
Յիշում եմ` առաջին անգամ երբ հանդիպեցի Հրանդ Տինքի հետ, պայմանաւորուեցինք, որ մեր յաջորդ հանդիպումը լինելու է Պոլսի հայ համայնքի հետ, սիրով համաձայնեցի: Ինձ համար անյայտ պատճառներով յետաձգւում էր մեր հանդիպումը, իսկ վերջում գիտէք, ցաւօք, ինչով վերջացաւ այդ ամէնը: 2012 թ. յունուարին, երբ ստացայ պաշտօնական հրաւէր Պոլսի հայ համայնքի կողմից, պատասխանս անշուշտ, դրական եղաւ:
Եկաւ օրը, մեկնեցինք Պոլիս: Առաջին իսկ րոպէից հաճելիօրէն զարմացած ու հիացած էի մեր հայրենակիցների ջերմ ընդունելութիւնից: Իսկ թէ ի՛նչ կատարուեց համերգի օրը, վկայեցին թէ՛ տեղի մամուլը եւ թէ՛ ինձ հետ որպէս յիշատակ բերուած ամբողջ տեսագրութեան ժապաւէնը:
Խանդավառուած դահլիճի ջերմութեամբ, երգում էի ինքնամոռաց, չգիտակցելով եւ ի հարկէ միեւնոյն ժամանակ շատ լաւ գիտակցելով, թէ որտեղ եմ, անշեղօրէն պահպանելով իմ երգացանկի կարեւորագոյն երգերը, որի շուրջպարի ժապաւէնը բռնել էր համերգասրահի թէ՛ վերնայարկը, թէ՛ դահլիճը, ոգեւորելով նոյնիսկ թուրք թաղապետին, որը նոյնպէս ոգեւորուած` ծափահարում էր եւ հիացած էր այդ ամէնով: Հայրենակիցներիս յաղթական տրամադրութիւնը շարունակուեց յաջորդ մնացած երկու օրերին: Իմ պարտքն էր, բնականաբար, այդ օրերին հանդիպել Տինքի կնոջը, եւ ի հարկէ այցելել Տինքի շիրիմին, գլուխ խոնարհել եւ նրա երազանքը իրականացնողի հպարտութիւնը մտովի վայելել: Այցելութիւն հայկական դպրոցներ` ամէնօրեայ, որն ինձ անչափ ուրախացրեց, եկեղեցի (թուով 30-35 դպրոց եւ եկեղեցի կայ): Շատ ջերմ էր հանդիպումը ուսուցիչների եւ սաների հետ: Մի խօսքով, մեծ տպաւորութիւններով վերադարձանք Երեւան, նորից հանդիպելու ակնկալիքով:
Հ.- Գալիս էք ու…
Ն. Ե.- Այո, գալիս եմ, ոչ միայն լսում, այլեւ տեսնում «Սլաք Էյ. Էմ.»-ի ոմն լրագրող, իր երեւակայութեան արդիւնքում խեղաթիւրել է իմ հարցազրոյցի տողերը` տրուած թուրքական «Հիւրրիյէթ Տէյլի» պարբերականին, որտեղ ասուած է. «Այո, քաղաքականապէս սահմանները փակ են, բայց մեր սրտերը բաց են, արուեստը սահմաններ չի ճանաչում»: «Մեր սրտերը ասելով` ես ի նկատի եմ ունեցել արուեստագէտների սրտերը»:
Իսկ որ հայաստանցի լրագրողը շտապել է այս տողերը մեկնաբանել հայաստանցի ընթերցողին` մատուցելով այս անհեթեթութիւնը, որ` «թէպէտ սահմանները փակ են, բայց հայի սիրտը բաց է թուրքերի առաջ»: Որտեղից է հնարել «հայ եւ թուրք» բառերը, երբ դրանք ընդհանրապէս չկան յօդուածում: Եւ խնդրեմ, անհեթեթութեան հետեւանքը, բարձրանում է երկմտանքի մեծ ալիք, չհաւատալ այդ ամէնին` ի հարկէ ճանաչելով ինձ: Բայց լրագրողի պնդումը` թէ «այո ասել է» կասկածի տակ է դրել իմ հեղինակութիւնը, տարիների իմ վաստակը, որպէս արուեստագէտ քաղաքացի:
Հ.- Նունէ, ես էլ տեղեկացայ այդ մասին, բայց ձեր խելամիտ պատասխանները «Արմենիա» պատկերասփիւռի կայանի «Ժամը» լրատուականում, «Հ2» պատկերասփիւռի կայանում, «Երկիր մեդիա»-ի ուղիղ եթերում պէտք էր որ սթափեցնէին կասկածողներին, մանաւանդ` այդ տողերի հեղինակին:
Ն. Ե.- Ճիշդ էք, ուզում եմ մէկ անգամ եւս յիշեցնել թերահաւատներին, մանաւանդ` ինձ չճանաչող սկսնակ լրագրողին, որ ես այն տարիքում եմ, որ քաջ գիտակցել եմ` ո՛ւր եմ գնում, ինչի՛ համար եմ գնում: Ինչո՛ւ չէ, պիտի խոստովանիմ, որ ներքուստ մի փոքր վախեցած ճանապարհ եմ ընկել այնտեղ, ուր շատերը չէին գնայ: Կ՛ուզէի ասել նաեւ, որ այդ նոյն յօդուածում պոլսահայ լրագրողը եւս մէկ հարցադրում է արել ինձ, եւ իմ համարձակ պատասխանը բառ առ բառ, սեւով սպիտակի վրայ գրել է` առանց վախենալու թէ՛ իր եւ թէ՛ իմ անձի շուրջը ծաւալուելիք խօսակցութիւններից: Յօդուածում ասուած է. «Նունէ, իսկ դու երբեւէ կ՛երգե՞ս թուրք երգչին հետ, զուգերգ»:
Ճիշդ է, մենք ունենք Ցեղասպանութիւնից մնացած խոր վէրքեր, բայց դա չի խանգարում ապագային նայել: Այո, ես կ՛երգեմ թուրք երգչի հետ միայն այն դէպքում, երբ այդ համերգը նուիրուած կը լինի խաղաղ ապագային եւ կը խորհրդանշի ճշմարտութեան յաղթանակը:
Հ.- Շնորհակալութի՛ւն, Նունէ, սրանով ամէն ինչ ասուած է: Ձեզ մաղթում եմ հոգու խաղաղութիւն, փորձէք մոռանալ այս միջադէպը եւ յիշէք` մենք ձեզ հաւատում ենք, սիրում եւ ձեզ հետ ամէն մի հանդիպում գեղեցիկ ու հաճելի յիշողութիւններ են թողնում մեր հոգում եւ սպասում ձեզ, նոր համերգներով:
Ն. Ե.– Շնորհակալութիւն:

