Ֆորմիւլա-1. Ալոնսօ Յաղթական` Վալենսիայի Կրան Փրիին. Շումախըր Ի Վերջոյ Բարձրացաւ Փոտիում

Երէկ` կիրակի, 24 յունիսին, տեղի ունեցաւ Ֆորմիւլա-1-ի 2012-ի աշխարհի ախոյեանութեան 8-րդ հանգրուանի կրան փրին` Վալենսիայի մէջ (Եւրոպայի կրան փրի):

Նախորդ եօթը կրան փրիները աւարտած էին եօթը տարբեր վարորդներու յաղթանակով: Ֆեռարիի սպանացի վարորդ Ֆեռնանտօ Ալոնսօ տիրացաւ այս տարեշրջանի իր երկրորդ կրան փրիին, երբ ժամանման գիծ հասաւ արձանագրելով 1 ժամ 44′ 16″ արդիւնք մը` 111-ի բարձրացնելով իր կէտերուն ընդհանուր հաշիւը:

Սպանացին փոտիում բարձրացաւ Ֆեռարիի նախկին երկու ախոյեաններուն` ֆինլանտացի Քիմի Ռայքոնընի (Լոթիւս-Ռընօ) եւ գերմանացի Միքայէլ Շումախըրի (Մերսետես) հետ: Առաջինը գրաւեց երկրորդ դիրքը` 6″ ուշացումով, իսկ երկրորդը` երրորդ, 12″ ուշացումով:

Ռընոյի հետ երկու անգամ ախոյեան հանդիսացած Ալոնսօ (2005-ին եւ 2006-ին) այսպիսով իր արհեստավարժ ասպարէզին 29-րդ յաղթանակը արձանագրեց: Նշենք, որ ան փոլ-փոզիշընի մրցումներուն գրաւեց 11-րդ դիրքը:

Ինչ կը վերաբերի Շումախըրի (43 տարեկան), որ վերջին վեց տարիներուն առաջին անգամ ըլլալով բարձրացաւ փոտիում, նախորդ եօթը կրան փրիներուն ապահոված էր միայն երկու կէտ` երկու անգամ հանդիսանալով 10-րդ:

Նշենք, որ յաջորդ կրան-փրին տեղի պիտի ունենայ յառաջիկայ 8 յուլիսին` Անգլիոյ մէջ գտնուող Սիլվըրսթոնի վազքուղիին վրայ:

Ստորեւ կու տանք վարորդներուն ընդհանուր դասաւորումը` 8-րդ կրան փրիէն ետք.

ԿԷՏ
1.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) Ֆեռարի 111
2.- Մարք Ուեպըր (Աւստրալիա) Ռետ-Պուլ 91
3.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) Մաքլարըն-Մերսետես 88
4.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա) Ռետ-Պուլ 85
5.- Նիքօ Ռոզպըրկ (Գերմանիա) Մերսետես 75
6.- Քիմի Ռայքոնըն (Ֆինլանտա) Լոթիւս-Ռընօ 73
7.- Ռոմեն Կրոժան (Ֆրանսա) Լոթիւս-Ռընօ 53
8.- Ենսըն Պաթըն (Անգլիա) Մաքլարըն 49
9.- Սերճիօ Փերեզ (Մեքսիքա) Սաուպըր-Ֆեռարի 39
10.- Փասթոր Մալտոնատօ (Վենեզուելա) Ուիլիըմզ-Ֆեռարի 29

Խումբերու դասաւորում.

ԿԷՏ
1.- Ռետ Պուլ – Ռասինկ Ռընօ 176
2.- Մաքլարըն – Մերսետես 137
3.- Լոթիւս – Ռընօ 126
4.- Ֆեռարի 122
5.- Մերսետես 92
6.- Սաուպըր – Ֆեռարի 60
7.- Ուիլիըմզ – Ռընօ 45
8.- Ֆորս – Ինտիա Մերսետես 44
9.- Էս. Թի. Ար. – Ֆեռարի 6

 

Share this Article
CATEGORIES