«Հայաստանը Հանք Չի՛ Դառնալու», Զաւարեանական Էջին Կ՛ըսէ Հայրենի Բնապահպան Գոռ Յակոբեան
Սոյն հարցազրոյցը կ՛անդրադառնայ Հայաստանի մէջ գտնուող Թեղուտ շրջանի հանքային շահագործման եւ անոր հանդէպ հայրենի բնապահպաններուն կեցուածքին: Հայրենի մամուլը այս օրերուն յաճախ կ՛անդրադառնայ այս հրատապ հարցին: Հայաստանի մեծագոյն անտառ Թեղուտը այսօր կը հատուի` յանուն հանքարդիւնաբերութեան: Այս գործընթացը խստօրէն կը քննադատուի հայրենի բնապահպան գործիչներու կողմէ: Կը հաւատանք, որ Հայաստանը յուզող այլ հարցերու նման, այս մէկն ալ մեզի` սփիւռքահայերուս առնչուող հարց է, իբրեւ նոյն այդ հայրենիքի զաւակները եւ տէրերը: Տեսնենք, թէ ի՛նչ փոխանցեց մեզի Թեղուտի պաշտպանութեան քաղաքացիական նախաձեռնութեան անդամ Գոռ Յակոբեանը` համացանցային հարցազրոյցի ընթացքին, եւ ծանօթանանք Հայաստանի բնապահպանական խնդիրներուն:
ՀԱՐՑՈՒՄ.- Ի՞նչ է Թեղուտը եւ ի՞նչ է Թեղուտի հարցը:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Թեղուտը գտնւում է Հայաստանի հիւսիսում` Լոռու մարզում, որտեղ կան հրաշալի բնութիւն եւ անտառներ: Այս տարածքում նախատեսւում է իրականացնել պղինձի մոլիպտենի հումքի արդիւնահանում, եւ այս նախագիծը իր ծաւալներով համեմատւում է Քաջարանի պղնձամոլիպտենային հանքի շահագործմանը: Շրջակայ գիւղերն են` Թեղուտ, Շնող, իսկ քաղաքները` Ախթալա եւ Ալավերդի: Օգտագործելով Թեղուտ անուանումը` մենք նկատի ունենք հանքի շահագործման ծրագիրը եւ դրա արդիւնքում տրուող ահռելի վնասները մեր հանրութեանը:
Հանքի շահագործման պարագայում, առաջանում են հետեւեալ խնդիրները.
Առողջապահական.- Շրջակայ տարածքի բնակչութիւնը ժամանակի ընթացքում սկսելու է թունաւորուել ծանր մետաղներից առաջացած գոյացութիւններից, որոնք առաջացնում են բազմաթիւ հիւանդութիւններ, քաղցկեղից մինչեւ անպտղութիւն, օրինակ` Քաջարանում արդէն երեխաների մազարմատներում յայտնաբերում են ծանր մետաղների միացութիւններ, իսկ դա նշանակում է, որ արդէն մատաղ սերունդի մօտ նոյնպէս սկսել է թունաւորման գործընթացը` առանց հանքում աշխատելու:
Գիւղատնտեսական.- Հանքի շահագործման դէպքում որոշ ժամանակ անց ողջ շրջանում հնարաւոր չի լինի ունենալ առողջ սնունդ, իսկ հողի բերքատուութիւնը ընկնում է, եւ հետագայում հանքի փակուելուց յետոյ, այս շրջանում հնարաւոր չի լինի գիւղատնտեսութիւն զարգացնել: Օրինակ` Սիւնիքի մարզում փակուած պոչամբարների շուրջ հողի բերքատուութիւնը ընկել է մինչեւ 70 տոկոս:
Ժողովրդագրական.- Հանքի շահագործումից յետոյ շրջակայքի բնակչութիւնը չունենալով տնտեսական զարգացման այլընտրանքներ եւ ունենալով թունաւորուած շրջակայք` ստիպուած է լինելու լքել տարածքը:
Ընկերային-տնտեսական.- Հանքի շահագործումը Հայաստանը վերածում է հանքարդիւնաբերութեան կցորդի եւ թերզարգացած երկրի, քանի որ արտահանուելու է միայն հումք , այլ ոչ թէ մաքուր պղինձ կամ մոլիպտեն, եւ այս տնտեսական քաղաքականութիւնները գումարը ծախսում են ոչ թէ մարդկային դրամագլխի եւ մտարտադրութեան վրայ հիմնուած տնտեսութիւն ունենալուն , այլ` պանանային երկիր ստեղծելուն:
Իրաւունք.- Թեղուտի հանքի շահագործման թոյլտուութիւնը կատարուել է Հայաստանի սահմանդրութեան, միջազգային պայմանագրութիւնների եւ օրէնքների բազմաթիւ խախտումներով, ըստ այդմ` դրա շահագործումը բերում է անօրինականութեան հաստատմանը եւ ամրապնդմանը Հայաստանում:
Կարող ենք նշել Հայաստանի սահմանադրութեան 1-ին, 10-րդ, 11-րդ եւ 18-րդ յօդուածները` այլոց կարգին: Իսկ միջազգային պայմանագրերից` «Շրջակայ միջավայրի առնչութեամբ տեղեկութեան, որոշումներ ընդունելուն հասարակայնութեան մասնակցութեան եւ արդարադատութեան մատչելիութեան մասին» Օրհուսի պայմանագիրը եւ այլն:
Բնութիւն.- Հանքի շահագործման պարագայում ոչնչանալու է մի ամբողջ բնութեան համակարգ` իր բուսական, կենդանական հազուագիւտ տեսակներով: Աղտոտուելու է ողջ ջրային աւազանը, շրջակայ հողերը եւ օդը:
Պոչամբարներ.- Հանքի շահագործման արդիւնքում առաջանալու է 500 միլիոն թոն ծաւալով թունաւոր թափօններով լի պոչամբար, որը հազարաւոր տարիներ դառնալու է թունաւորման աղբիւր ողջ շրջանի եւ Հայաստանի համար:
Հ.- Այն առարկութեանը, որ այդ հանքերը օգտակար են պետութեան տնտեսութեան զարգացման համար, ի՞նչ պատասխան կու տաք:
Պ.- Թեղուտի հանքը որեւէ տեսակ օգուտ չի տալու հանրութեանը եւ պետութեանը: Հիմնական եկամուտը շուրջ 80 տոկոս գնալու է սեփականատէրերի գրպանը: Հանքի շահագործումից յետոյ մնացած թունաւոր թափօնների համար ընկերութիւնները որեւէ պատասխանտուութիւն չեն կրելու եւ դրա համար յաւելեալ բնապահպանական վճարներ չեն տալիս եւ այն եկամտի 20 տոկոս գումարը չի հերիքի դրանք սպասարկել , եթէ գումարենք նաեւ բնակչութեանը եւ բնութեանը տրուելիք վնասները, որոնք վերականգնելի չեն, ապա պարզ է դառնում , որ երկարաժամկէտ կտրուածքով սա ոչ թէ բերում է տնտեսութեան զարգացմանը , այլ ուղղակի ազգային հարստութեան կողոպուտ է:
Հ.- Ովքե՞ր են պատասխանատուները, մեղաւորները` ձեր կարծիքով:
Պ.- Այս ամէնի պատասխանատուն Հայաստանի կառավարութիւնն է, որը 2007 թուին օրինախախտումներով տուել է հանքի շահագործման թոյլտուութիւնը եւ նպաստել , որ կատարուի հանրային սեփականութեան կողոպուտ, եւ դրա համար նրանք պէտք է պատասխանատուութիւն կրեն: Մեղաւոր են նաեւ այն բոլոր մարդիկ , ովքեր իրենց անտարբերութեամբ եւ անգործութեամբ թոյլ են տալիս, որ վտանգուի ներկայ եւ ապագայ սերունդների զարգացումը:
Հ.- Ներկայացուցէք ձեր խումբը: Ի՞նչ է ձեր նպատակը, ի՞նչ են ձեր պահանջները Հայաստանի Իշխանութիւններէն, ի՞նչ գործեր կը կատարէք: Ի՞նչ է Հայաստանի հասարակութեան վերաբերմունքը ձեր շարժման հանդէպ:
Պ.- Խումբը կոչուում է Թեղուտի պաշտապանութեան քաղաքացիական նախաձեռնութիւն, որի մասին տեղեկութիւններ կարող էք ստանալ կայքից, եւ ֆէյսպուքեան համապատասխան էջերից ու խմբերից: («Փրկենք Թեղուտը – Save Teghut») Մեր նպատակն է ստեղծել այնպիսի մի տնտեսական համակարգ, որը ներդաշնակ կը լինի բնութեան ու մարդու հետ, բարենպաստ կը լինի մարդ անհատի զարգացման համար եւ արժանապատիւ եւ բարեկեցիկ ապրելու համար: Մեր պահանջներն են` դադարեցնել Թեղուտի հանքի շահագործումը, վերականգնել օրինականութիւնը եւ պատժել այն մարդկանց ովքեր ստեղծել են այս անօրինականութիւնը:
Մենք հետեւեալ համալիր գործողութիւններն ենք անում.
- Իրազեկում ենք հանրութեանը խնդրի մասում, նպաստում ենք , որ իմանալուց յետոյ գնան գործողութեան եւ իրենք էլ դառնան պահանջատէր իրենց երկրի ու իրենց իրաւունքների, միաւորուեն ու ինքնակազմակերպուեն եւ իրենք էլ իրենց նպաստը բերեն այս գործին:
- Տարբեր տեսակի ճնշումներ ենք կիրառում պատկան մարմինների վրայ` որոշումը փոխելու եւ անօրինականութիւն թոյլ տուածներին պատժելու համար:
- Ստեղծում ենք քաղաքացիական պայքարի նոր մեթոտներ եւ մշակոյթ:
Հանրութեան վերաբերմունքը շատ դրական է մեր նկատմամբ, ուղղակի շատերի մօտ վախ կայ ու չեն ուզում ընդգրկուել գործընթացին , այլ լուռ իրենց աջակցութիւնը եւ համակրանքն են յայտնում, քանի որ խորքին մէջ հասկանում են , որ սա իրենց ապագայ սերունդի համար կործանիչ է լինելու:
Հ.- Բացի Թեղուտէն կա՞ն բնապահպանական այլ լուրջ խնդիրներ կան Հայաստանի մէջ այսօր: Բոլորին հանդէպ նո՞յնն է իշխանութիւններուն վերաբերմունքը:
Պ.- Այո՛, կան: Խնդիրը այն վերաբերմունքն է , որ բնութիւնը կարելի է ոչնչացնել յանուն տնտեսական եկամուտի, իսկ այդ եկամուտն էլ ոչ թէ ծառայում է հանրութեանը, այլ` շատ փոքրաթիւ մի խմբի, ե՛ւ, ներսում ե՛ւ դրսում :
Խնդիրներ են միւս նմանատիպ հանքերը, դրանց ոչ բնապահպանական շահագործումը, օդի եւ ջրային աւազանի աղտոտումը, հողերի աղակալումը, Սեւանը եւ այլ բազմաթիւ խնդիրներ: Հայաստանում բնապահպանական քաղաքականութիւնը գտնուում է շատ վատ վիճակում:
Հ.- Ակնկալութիւններ ունի՞ք սփիւռքէն:
Պ.- Կարեւոր օգնութիւն կը լինի մասնագիտական տարբեր հարցերում օգնութիւնը, ֆիզիքական ներկայութիւնը եւ խնդրի բարձրաձայնումը միջազգային ատեաններում, որ հասկանան օտարերկեայ մեծ ընկերութիւնները, որ Հայաստանը հանք չի դառնալու, եւ եթէ ներդրում են ուզում անել, ապա միայն այնպիսի ճիւղերում, որը բերելու է Հայաստանի իրական տնտեսական զարգացմանը, այլ ոչ թէ` թուլացմանը: Այս ներկայ տնտեսական ծրագրի իրականացումը բերելու է Հայաստանի թուլացմանը եւ սերունդների համար ոչ պիտանի ապրելու մի տարածքի առաջացմանը:
Սա ոչ միայն բնութեան պաշտպանութիւն է, այլ պետութեան` ներկայ եւ ապագայ սերունդների համար:
Հարցազրոյցը վարեց
ՀՐԱԿ Փ.


