Կեանքը` Առաջին Գծում
ՄԱՐԻՆԷ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
«168 Ժամ»
«Հակառակորդը լոյսեր ա վառում, շուն ա հանում, աղջիկներ ա հանում խրամատի գլուխ, որ տղերքը գլուխները հանեն» Ղարաբաղի սահմանային առաջին գիծ տանող ճանապարհին երեւացող արեւածաղկի այրուած, սեւ գլուխները կարծես անհաղորդ էին դարձել արեւին: Թւում էր` նեղացել էին այս աշխարհում տեղի ունեցող ինչ-որ անհասկանալի խաղ կամ պատերազմ «յօրինողներից»: Ինքնաշարժի մէջ ճնշող լռութիւնը խախտեց մեզ ուղեկցող զինուորականը, ով քիչ անց սկսեց պատմել պատերազմի որոշ դրուագներ: Մեր առջեւ կանգնում էր անցեալն ու դրա շարունակութիւնը, որ անուանում ենք ներկայ… Ժամեր անց Լեռնային Ղարաբաղ մեկնած լրագրողներս, մօտենալով զինուորական կենտրոնական հրամանատարութեան շէնքին, ուղեւորուեցինք դէպի առաջին գիծ…
Դէպի առաջին գիծ
Առաջին գիծ տանող ճանապարհն անցնում էր ազատագրուած տարածքներով: Գլխաւոր խաչմերուկում ճանապարհը բաժանւում էր երկու մասի: «Պաքու ենք գնում, չէ՞», ճանապարհը շրջադարձելով` կատակեց բարձրաստիճան զինուորականը: Ծիծաղեցինք, յետոյ սկսեցինք լուռ նայել կանաչ տարածութիւնների մէջ ջարդուած ատամների նմանուող տներին: Թւում էր` պատերազմի ուրուականը թաքնուած էր այնտեղ, որն աւելի սարսափելի էր դառնում սահման հասնելու ամէն հատուածից յետոյ: Չհաշուած այնտեղ գրանցուող եղանակային փոփոխութիւնները,աւերակների մէջ աճող ծառերը, խոտերը, ժամանակը կանգ էր առել այդ կողմերում: Եթէ այդ վայրերում յայտնուէր գոնէ մի կթուորուհի կամ հովիւ, հաստատ կը լսուէր ժամացոյցի միալար շարժը… Ու սկսում ես հարցերով ինքդ քեզ խեղդել, հասկանալ կամ զգալ, թէ արդեօ՞ք ժամանակն` ինքը, մարդը չէ… «Մի քանի րոպէից կը հասնենք սահման», շատ հանդարտ ասաց զինուորականներից մէկը: Ինչքան ինքնաշարժը ընկնում էր փոսերի մէջ, այդքան վերաճում էր յուզմունքը: «Հետաքրքիր է` ի՞նչ է զգում զինուորն այս ճանապարհն անցնելով», այս մտքի վրայ սեւեռուած` փորձում էի խիստ որոշակի պատասխան փնտռել: Մենք` լրագրողներս, երբեմն այնքան հեշտութեամբ ենք գրում այն ամէնի մասին, ինչն անծանօթ է մեզ, եւ այնքան հեշտութեամբ ենք խօսում ուրիշների կեանքի մասին` չճանաչելով ինքներս մեր կեանքը…
«Այստեղից ոտքով պէտք է գնանք», ասաց մեզ ուղեկցող զինուորականը: «Սա առաջի՞ն գիծն է», զարմացած, վախով հարցրեցի նրան: «Ոչ», կտրուկ պատասխանեց մեր ուղեկիցը: Քիչ անց մեզ «դիմաւորեց» զինուորներից մեղրեցի Ճուտօն, բարեւեց, յետոյ այնպէս ժպտաց, որ երեւացին առջեւի երկու մեծ-մեծ ատամները: Ճուտոյի հայեացքում այնքան խիզախութիւն կար, ու այնքան բարութիւն` նրա ժպիտի մէջ…
Առաջին գծում
«Հողաթմբեր» կոչուող խրամատները, չգիտես, թէ դէպի ուր էին ձգւում, եւ միգուցէ առաւել քան կարեւոր էին այն զգացողութիւնները, որ ապրում էիր այդ գծում: Ես ուղղակիօրէն ուզում էի հասկանալ, թէ ինչո՞ւ հակառակորդ կոչուող մարդկանց ու նրանց նետած արկերի պայթիւնների պատճառով խանգարուեցին իմ մանկական բակային խաղերը: Միգուցէ ես հասել էի այնտեղ` պատասխան ստանալու համար… Չգիտեմ… Աւելի ուշ հասկացայ, որ սահմանին իւրաքանչիւր վայրկեանով արժեւորւում է կեանքը: Երբ դիտակէտից նայում էի խիստ մօտիկ թուացող ազրպէյճանական դիրքերին, փոխգնդապետը կրկին յիշեցրեց ժամանակի մասին` նշելով, որ առաւելագոյնը 3 վայրկեան նայելու ժամանակ ունէի: Մինչդեռ սահմանից հեռու մենք ինչքան «3 վայրկեաններ» ենք անիմաստ սպառում…
Առաջին գծի տղերքը
«Պլինտաժի» հարեւանութեամբ սկսեցինք զրուցել զինուորների հետ: Առաջին հայեացքից պատասխանները խիստ կանոնակարգուած էին, զինուորականներին յատուկ արտայայտութիւններ էին օգտագործում: Իւրաքանչիւր հարցի պատասխանում էին «ճիշդ այդպէս», «ոչ մի կերպ» կարճ ու որեւէ բան չասող նախադասութիւններով` այդ կերպ թաքցնելով այն իրական ապրումներն ու անհանգստութիւնները, որ ունէին: Սա նկատելով, խոստացայ որեւէ մէկի պատմութիւնը չհրապարակել, որովհետեւ ինքս գիտակցում էի, որ զինուորն իր խնդիրների մասին երբեւէ չէր յայտնի` այն էլ լրագրողներին: Ինձ հետաքրքրում էին այն ապրումները, որ ունէին այդ տղաները: Բոլորս ակամայից սկսեցինք լռել, բայց լռել` աւելի շատ ասելիքի առատութիւնից: Յետոյ ինչ-որ տեղ լսուեցին կրակոցների խուլ ձայներ, իսկ խրամատ տանող ճանապարհին անվախ կանգնած նորատունկ ծառի ստուերում թաքնուած Դինգոն սկսեց ուշադիր նայել շուրջը: Այդ լռութեան պահին ինձ մօտեցաւ հոկտեմբերեանցի Արտեոմը, ով 9 ամիս էր` ծառայում էր Ղարաբաղում: Տղայի ասելով` ինքն ուզում էր Ղարաբաղ գնալ, որովհետեւ հետագայում հպարտանալու առիթներ է ունենալու: Արտեոմը խօսում էր կցկտուր, աչքերը գետնին յառած: Բանակում կատարուող ինքնասպանութիւնների դրդապատճառների պատասխանը չէր գտել: «Ես էլ եմ մտածել ձեր ասածի վերաբերեալ, բայց ոչ մի կարծիք չեմ կազմել, թէ ինչի՞ց զինուորը կարայ իրեն խփի», ասաց Արտեոմը: Արտեոմի հետ զրուցելիս մեզ մօտեցաւ սպայ Մհերը: Վերջինս շարունակեց Արտեոմի հետ մեր խօսակցութիւնը բանակում կատարուող սպանութիւնների եւ ինքնասպանութիւնների մասին: «Երկու զինուորի փոխյարաբերութիւններից է, ղեկավարութիւնը թոյլ կազմակերպելուց, այսինքն` ղեկավարութիւնը կարայ լինի դիրքի աւագի կամ տուեալ յենակէտի աւագի, սպայի թոյլ ղեկավարման պատճառով, անզգուշութեան պատճառով. հելնեն խրամատի գլուխ, խփեն», նշեց Մհերը` բացատրելով նաեւ անզգուշութեան պատճառով կատարուած սպանութիւնների պատճառները: «Խի՞ են բարձրանում խրամատի գլո՞ւխ: Հակառակորդը լոյսեր ա վառում, շուն ա հանում խրամատի գլուխ, աղջիկներ ա հանում խրամատի գլուխ, տղերքն էլ գլուխները հանում են, որ նայեն, նրանք էլ ամէն կողմից խփում են: Հազար ձեւի դիմում են, որ մենք կորուստ ունենանք»: Մհերի դիտարկմամբ, մեր դիրքերը շատ ամուր են պաշտպանւում: «Մեր բանակը բաւականացնում է սահմանների պահպանմանը, օրինակ, մեր բանակն էդքան հարուստ չի, որ մենք աւել բաներ ունենանք էստեղ, որ մեր հակառակորդն ունի: Աւել բաներ ասելով` նկատի ունեմ թէ՛ սարքաւորումների, թէ՛ նիւթական իմաստով», նկատեց սպան: Ըստ նրա, օրուայ ընթացքում կրակոցների միջին թիւը հասնում է 4-5-ի: «Հակառակորդը սահմանի խախտում շատ է անում: Մենք ընդհանրապէս չենք անում սահմանի խախտում:
Ընդհանրապէս ասելով` նկատի ունեմ, որ մենք պէտք է հրաման ստանանք, որ սահմանը խախտենք», ասաց Մհերը` խօսելով նաեւ հակառակորդի կողմից կատարուող հետախուզութեան մասին: «Հետախուզութիւնը մենք չենք կարա նկատենք: Եղել են դէպքեր, օրինակ, առաւօտ հելել-տեսել ենք հողի վրայ մեծ զինուորական մոյկերի հետքեր, ու մենք էդ ձեւի մոյկ չունենք»: Իսկ հարցին, թէ դա նշանակում է, որ թո՞յլ է մեր պաշտպանութիւնը, սպան պատասխանեց. «Չէ, էս ձեւ չի: Օրինակ, ստեղ էնքան մութ ա լինում, որ ձեզ չեմ կարա տենամ գիշերը: Այ էդ ձեւի մութ ա: Ինքը չի կարում մտնի, գալիս ա, կանգնում ա վերեւը, նայում ա տեսնի` ի՞նչ ա կատարւում ստեղ, յետոյ յետ են դառնում: Շատ վախտ գալիս են, ականի վրայ տրաքում են: Էս վերջին դէպքերից յետոյ էլ չեն գալիս»: Զինուորների փոխանցմամբ` շատ են նաեւ «սահմանախախտ», «ազրպէյճանցի» շները: «Դէ, էնտեղ հաց չեն տալիս, գալիս են` մենք ենք հաց տալիս», աւելացրին զինուորները: Իսկ նրանցից մի քանի մեթր հեռաւորութեան վրայ` դիտակէտում, կանգնել էին սահմանապահները: Արմանին ու Համոյին մնացել էր մի քանի շաբաթ` ծառայութիւնն աւարտելու համար: Նրանց հետ մենք զրուցեցինք դիտակէտում: «Չէի մտածում, որ ինձ կը բերեն առաջնագիծ: Սկզբից դժուար ա լինում, յետոյ ընթացքում յարմարւում ես: Հիմա ուրախ եմ, որ ծառայում եմ առաջնագծում: Ամէն ինչն էլ բնական ա` սնունդը, պայմանները: Ոչ մի բանից չենք բողոքում: Վատ բան չկայ, եթէ զգուշ եւ ուշադիր լինես, ոչ մի վատ բան չի լինի», ասաց վանաձորցի Արմանը: Իսկ ընկերը` Համոն, աւելացրեց. «Մեր զգուշութիւնն էն ա,որ մեր գլուխները չհանենք խրամատներից»: «Տարբերութիւն չկայ մեզ համար` ստե՞ղ ենք, թէ՞ ներքեւում: Գիտենք, որ մեր դիմաց հակառակորդն ա, ու պիտի ուշադիր լինենք: Գիշերն էլ պիտի ուշադիր լինենք. որ խափանարար խմբեր չմտնեն», նշեց Արմանը: «Մենակ մի բան… էս վերջին ամիսներին յուզմունքը շատանում ա, որ լաւ ծառայենք-գնանք» յետդարձի ճանապարհին ասացին զինուորները` թուարկելով իրենց ապագայ ծրագրերի մասին: «Գիտէք` հայրենասիրութիւնն էն ա, որ մենք ստեղ կանգնած սահման ենք պահում, իսկ դուք էնտեղ ապահով խօսում էք էդ մասին», նշեց զինուորը:
Ի դէպ, այստեղ էլ կայ փոքրիկ աղօթատեղի, որը տարիներ առաջ զինուորներից մէկը նուիրել է զոհուած եղբօրը: Այստեղ, թերեւս, միակ տեղն է, որտեղ կեանքի ու մահուան մասին խօսում են առանց «գոռալու», առանց արժէքների «պիտակաւորումների»: Այստեղ էլ սուրճ են խմում, ինչպէս` քաղաքային կեանքում, բայց դա անում են առանց ձեւականութիւնների ու արարողակարգի: Կանաչ կերպընկալէ բաժակով սուրճը վերցնելով` նայում էի դէպի դիտակէտ շտապող այն զինուորներին, որոնց համար հայրենիք պաշտպանելը դարձել է օրուայ գլխաւոր պարտականութիւն: «Ամէն անգամ, երբ լսում ենք բանակում կատարուած սպանութեան կամ ինքնասպանութեան դէպք, մեծ ցաւ ենք զգում, որովհետեւ իրանք էլ սպասող ունեն տանը, ասաց թալինցի Արգիշտին, ով ամէն կերպ փորձելով թաքցնել աչքերի անկիւններում թաքնուած կարօտը` աւելացրեց: Ամէն անգամ դիրքեր բարձրանալիս` ասում ենք` Աստուած տայ, ինչքանով հելել ենք, էդքանով իջնենք, իջնելուց էլ ասում ենք` շնորհակալ ենք, Աստուած»….
19 ապրիլ, 2012
Հ. Գ.- Լրագրողների այցը մարտական դիրքեր եւ զօրամասեր կազմակերպել էին «Հետաքննող լրագրողներ» հ/կ-ն եւ ԼՂՀ պաշտպանութեան բանակը:

