Արուեստաբան Լեւոն Չուգասզեանի Ծննդեան 60-Ամեակի Առիթով. Կեանքի Եւ Գիտական, Մանկավարժական, Մշակութային, Հասարակական Գործունէութեան Ուրուագիծ

ԱՐԱՐԱՏ ԱՂԱՍԵԱՆ

Այս տարի հայրենիքի մէջ յաւուր պատշաճի նշուեցաւ վաստակաշատ արուեստաբան տոքթ. Լեւոն Չուգասզեանի ծննդեան 60-ամեակը: Անոր ստեղծագործական բեղուն կեանքին մասին որոշ գաղափար մը տալու համար ստորեւ կու տանք այլ վաստակաշատ արուեստաբանի մը` Արարատ Աղասեանի պատրաստած կենսագրականը` որոշ յապաւումներով:

Արուեստագիտութեան տոքթոր, Երեւանի պետական համալսարանի Հայ արուեստի պատմութեան եւ տեսութեան ԵՈՒՆԵՍՔՕ-ի ամպիոնի վարիչ Լեւոն Բաբգէնի Չուգասզեանը ծնուել է Երեւանում, 1952 թ., հայագէտ-արեւելագէտ Բաբգէն Չուգասզեանի եւ ռուսագէտ Վեներա Մանուկեանի ընտանիքում: Նրա հայրը` Բաբգէն Չուգասզեանը Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ճանաչուած, պատմութեան, գրականութեան, լեզուաբանութեան ասպարէզում լուրջ ներդրում ունեցած հեղինակաւոր բանասէր էր, բազմաթիւ գրքերի ու յօդուածների հեղինակ: Նա 1963-1992 թթ. աշխատել է Մաշտոցի անուան մատենադարանում` որպէս փոխտնօրէն, մեծապէս նպաստելով այդ հաստատութեան միջազգային ճանաչմանը: Լ. Չուգասզեանի մայրը` Վեներա Մանուկեանը երկար տարիներ ռուսաց լեզու էր դասաւանդել Երեւանի բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում եւ այդ թւում երեք տասնամեակ անընդմէջ Խ. Աբովեանի անուան հայկական մանկավարժական հիմնարկում: Հօր կողմից Լ. Չուգասզեանը սերում է Սեբաստիայում յայտնի Չուգասզեան գերդաստանից, որի մեծ մասը նահատակուել է 1915-1922 թթ. հայոց Մեծ եղեռնի ժամանակ, եւ որը տուել է զանազան երկրներում գործած պետական, կուսակցական, հասարակական, մշակութային անուանի մի շարք գործիչներ: Մօր կողմից Լ. Չուգասզեանի մեծ պապը ծագում է Մուշից եւ դուրս է եկել ծննդավայրից նախքան Տարօնի հայութեան զանգուածային ոչնչացումը հայոց Մեծ եղեռնի ժամանակ:

1974 թ. Լ. Չուգասզեանը գերազանցութեամբ աւարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրութեան բաժանմունքի հայոց լեզուի եւ գրականութեան բաժինը: 1974-1977 թթ. Լ. Չուգասզեանը եղել է համալսարանի գրականութեան տեսութեան եւ գեղագիտութեան ամպիոնի ասպիրանտ: Ասպիրանտուրան գերազանցութեամբ աւարտելուց յետոյ 1978 թ. նա ընդունուել է աշխատանքի համալսարանի գիտական բաժին` իբրեւ տեսուչ եւ նոյն տարին տեղափոխուել համալսարանի Հայագիտական կենտրոն:

1982 թ. նա Թիֆլիսի Վրացական արուեստի հիմնարկում պաշտպանել է «13-րդ դարի հայ մանրանկարիչ Գրիգոր Ծաղկողի արուեստը» խորագիրը կրող աւարտաճառը, որի համար նրան շնորհուել է արուեստագիտութեան թեկնածուի աստիճան:

1986 թ. նա Երեւանում հրատարակել է «Գրիգոր Ծաղկող» մենագրութիւնը:

2001 թ. Լ. Չուգասզեանը Մոսկուայի Արուեստի հիմնարկում պաշտպանել է տոքթորական աւարտաճառը` «Թորոս Ռոսլինի արուեստը 13-րդ դարի կիլիկեան Հայաստանի մշակութային կապերի պարունակում» թեմայով, որի համար նրան շնորհուել է արուեստագիտութեան տոքթորի գիտական աստիճան:

Այդ աշխատութիւնը նրա երկար տարիների պրպտումների եւ ուսումնասիրութիւնների արդիւնքն է: Աւարտաճառի զանազան մասերը լոյս են տեսել յօդուածների տեսքով հայագիտական եւ ոչ հայագիտական պարբերականներում, տարեգրքերում ու ժողովածուներում հայերէն, ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն եւ նորվեկերէն: Խնդրոյ առարկայ յօդուածների շնորհիւ` նոր եւ կարեւոր բացայայտումներ են կատարուել հայոց միջնադարեան շրջանի ամենամեծ մանրանկարչի` Թորոս Ռոսլինի արուեստի հետազօտման ասպարէզում եւ յայտնաբերուել են նրա արուեստանոցի հետ առնչուող, մինչ այդ անյայտ մանրանկարներ: Թորոս Ռոսլինի գեղարուեստական ժառանգութեան քննութեամբ Լ. Չուգասզեանը մի նոր ու կարեւոր, միջազգային աստիճանի է հասցրել այդ վարպետի երկերի եւ առհասարակ հայ գրքարուեստի ուսումնասիրութիւնը:

2010 թ. Լոս Անճելըսում անգլերէնով հրատարակուել է անուանի նկարիչ Վլադիմիր Աթանեանի կեանքին եւ գործունէութեանը նուիրուած շքեղ ալպոմը, որն ամփոփում է արուեստագէտի մասին Լ. Չուգասզեանի հեղինակած ուսումնասիրութիւնը:

Լ. Չուգասզեանի միւս, առանձին հատորում ամփոփուած աշխատութիւնը հայերէն, ռուսերէն եւ անգլերէն լեզուներով 2011 թ. Երեւանում հրատարակուած «Արշակ Ֆեթվաճեան» մենագրութիւնն է, որն ընդգրկում է ազգային մեծ նկարիչ եւ արուեստաբան, բանասէր Արշակ Ֆեթվաճեանի անցած ստեղծագործական ուղու եւ արուեստի քննութիւնը: Հայ մշակոյթի այս երախտաւորին նուիրուած գիրքը Լ. Չուգասզեանի նախաձեռնած «Հայ արուեստի վարպետներ եւ գանձեր» մատենաշարի առաջին հատորն է, ուր առաջին անգամ ի մի է բերւում  գրեթէ մոռացուած արուեստագէտի գեղարուեստական ժառանգութեան ոչ միայն Հայաստանում, այլեւ արտասահմանում պահպանուող նշանակալից մասը եւ արժէքաւորւում է նրա կարեւորութիւնը հայ արուեստի պատմութեան մէջ: «Արշակ Ֆեթվաճեան» մենագրութիւնը բնական շարունակութիւնն է մեծ նկարչի մասին հեղինակի անցեալում հրատարակած յօդուածաշարի:

Լ. Չուգասզեանը առ օրս հեղինակել է 340-ից աւելի յօդուածներ ու մօտ 28 գրախօսականներ, որոնք նուիրուած են հայ արուեստի ամենատարբեր ստեղծագործութիւններին, վարպետներին եւ խնդիրներին: Նրա բազմաթիւ յօդուածները լոյս են տեսել Հայաստանի եւ արտասահմանեան զանազան երկրների գիտական պարբերականներում ու ժողովածուներում, ինչպէս նաեւ «Հայկական Սովետական Հանրագիտարանում», «Հայկական հարց» հանրագիտարանում, «Հայկական Համառօտ Հանրագիտարանում», Գերմանիայում (Միւնիխ-Լայփցիկում) հրատարակուող «Նկարիչների Համընդհանուր Հանրագիտարանում» (Զաուերի հանրագիտարան, ներկայումս վերանուանուած Տէ Կրոյթեր հանրագիտարան):

Լ. Չուգասզեանը բազմաթիւ յօդուածներ է հեղինակել հայ մանրանկարչութեան այլ վարպետների եւ յուշարձանների, արծաթագործութեան, փայտարուեստի, քանդակագործութեան զանազան երկերի, 18-20-րդ դարերի հայ գեղանկարիչների, Հայաստանում եւ սփիւռքում ստեղծագործած արուեստագէտների գեղարուեստական ժառանգութեան մասին, հրապարակելով քիչ յայտնի կամ բոլորովին անյայտ փաստեր, ճշգրտելով մեծ թուով հայ արուեստագէտների կենսագրական փաստեր:

Դրանց մի մասը հրատարակուած լինելով օտար լեզուներով, հանգամանքների բերումով, բնաւ յայտնի չեն Հայաստանում կամ շատ քչերին են ծանօթ:

Հայ արուեստի պատմութեան ուսումնասիրութեան մէջ կարեւոր եւ մնայուն աշխատութիւններ են նրա յօդուածաշարերը սփիւռքահայ նշանաւոր նկարիչներ Յովսէփ Փուշմանի, Մելքոն Քեպապճեանի, հայ մշակոյթի մեծ երախտաւոր, բանաստեղծ, խմբագիր գեղագէտ Արշակ Չոպանեանի եւ այլոց մասին, ինչպէս եւ` հայկական ջարդերի, Մեծ եղեռնի, ազատամարտի թեմաներով հայ բազմաթիւ արուեստագէտների ստեղծած գեղարուեստական երկերի վերաբերեալ:

Լ. Չուգասզեանը հետեւողական կերպով յօդուածներ է հրատարակել եւ զեկուցումներ կարդացել Միացեալ Նահանգներում` Պալթիմորի Վոլթերս արուեստի պատկերասրահի, Լոնտոնում` Բրիտանական գրադարանի, Վենետիկի ու Վիեննայի Մխիթարեան միաբանութեան, Սպահանում` Ս. Ամենափրկիչ վանքի հաւաքածուների նկարազարդ մատեանների, Երուսաղէմում` Ս. Յակոբեանց վանքի արուեստի գանձերի մասին: Հայ արուեստի այլ ժողովուրդների արուեստների հետ ունեցած  կապերի քննութեան իմաստով յիշարժան են նրա յօդուածներն ու զեկուցումները Փիթեր Փաուլ Ռուպենսի եւ հայ արուեստի, Լէոնարտօ տա Վինչիի եւ հայ արուեստի, նաեւ հայ-լեհական, հայ-իտալական, հայ-ֆրանսական գեղարուեստական առնչութիւնների մասին:

Այդ ուսումնասիրութիւնները բազմաթիւ նոր եւ անծանօթ փաստերով լրացնում են հայ արուեստի պատմութեան մասին մասնագէտների իմացութիւնը, գիտական շրջանառութեան մէջ են դնում բոլորովին չուսումնասիրուած հայ հին ու նոր հեղինակների երկերը, կենսագրութիւնը, բացայայտում հայ արուեստի գիտակների տեսադաշտից դուրս մնացած ստեղծագործութիւնների գեղագիտական նշանակութիւնը: Լ. Չուգասզեանը բազմաթիւ առանձին գրախօսականներ է հեղինակել հայ մանրանկարչութեան, ճարտարապետութեան, կիրառական արուեստի եւ առհասարակ հայ արուեստի վերաբերեալ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս հրատարակուած նոր գիտական աշխատութիւնների մասին, գիտական հասարակայնութեանը ծանօթացնելով հայագիտութեան արժէքաւոր հրատարակութիւններին ու վեր հանելով, գնահատելով դրանց կարեւորութիւնը:

Բացի այդ, Լ. Չուգասզեանը 1988-2012 թթ. ընթացքում խմբագրել է զանազան դարերի հայ նկարիչների, քանդակագործների, ճարտարապետների մասին շուրջ 900 ռուսերէն յօդուած, որոնք ուղարկել է Գերմանիա` գերմաներէն թարգմանելու եւ տպագրելու Միւնիխ-Լայփցիկում հրատարակուող «Նկարիչների Համընդհանուր Հանրագիտարանում»: Լ. Չուգասզեանը 1980-ական թթ. սկզբին խմբագրել է հայերէն, ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն լեզուներով ականաւոր բիւզանդագէտ եւ հայ արուեստի պատմաբան Ս. Տէր Ներսէսեանի հրատարակութեան նախապատրաստուող «Թորոս Ռոսլին» ալպոմը, որը ինչ-ինչ պատճառներով «Էրեբունի» հրատարակչութիւնը չիրականացրեց: Նարեկ արք. Ալեէմեզեանի հետ Լ. Չուգասզեանը խմբագրել եւ Լիբանանում` Անթիլիասում 2003 թ. հրատարակել է նշանաւոր գրաբարագէտ եւ իր համալսարանական տարիների դասախօս Վազգէն Գէորգեանի ռուսերէնից թարգմանած մեծ բանաստեղծ Միխայիլ Լերմոնտովի բանաստեղծութիւնների ու պոէմների ժողովածուն: Վերջինիս համար Լ. Չուգասզեանը նաեւ գրել է Միխայիլ Լերմոնտովին ու Վազգէն Գէորգեանին նուիրուած առաջաբանները:

Լ. Չուգասզեանը ելոյթներով մասնակցել է շուրջ 45 միջազգային գիտաժողովների, քոնկրեսների, սեմինարների: Յատկապէս յիշարժան է, որ նա զեկուցումներով հանդէս  է եկել 1978, 1985 թթ. Երեւանում կազմակերպուած Հայ արուեստի միջազգային երկրորդ եւ չորրորդ, իսկ 1988 թ. Վենետիկում տեղի ունեցած հինգերորդ գիտաժողովներին, 1979 թ. եւ 2008 թ. Երեւանում կայացած հայ- լեհական գիտաժողովներին:

Գիտական աշխատանքին զուգընթաց, 1978 թ. սկսած, տարիներ շարունակ նա հայ եւ հին աշխարհի արուեստներ ու այլ առարկաներ է դասաւանդել Երեւանի պետական  համալսարանում, իսկ 1980-ական թուականներին նաեւ Գեղարուեստա-թատերական եւ Փոլիթեքնիք հիմնարկներում:

1991 թ. Լ. Չուգասզեանը գործուղուել է Իտալիա` մէկ ամսով դասախօսելու եւ գիտական ուսումնասիրութիւններ կատարելու տեղի համալսարանում ու գրադարաններում: Երեւանի պետական համալսարանում դասախօսելու եւ գիտական գործունէութեանը զուգահեռ,  1991 թ. Լ. Չուգասզեանը աշխատել է Հայաստանի նախարարների խորհրդում իբրեւ վարչապետ Վ. Մանուկեանի խորհրդական մշակոյթի գծով:

Երեւանի պետական համալսարանի արուեստաբանական բաժնում Լ. Չուգասզեանը ստեղծել է «Հայ արուեստը ակունքներից մինչեւ 17-րդ դար», «Հայ արուեստի պատմութեան ուսումնասիրութեան պատմութիւն», «Հայ արուեստի գանձերը աշխարհի թանգարաններում եւ մասնաւոր հաւաքածուներում», «Սփիւռքահայ գաղթօճախների արուեստ» դասընթացքները:

Իր գոյութեան համեմատաբար կարճ ժամանակահատուածում Լ. Չուգասզեանի ղեկավարութեան շնորհիւ` ամպիոնը ձեռք է բերել գիտա-մանկավարժական լուրջ կենտրոնի հեղինակութիւն ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս:

Հայ արուեստի պատմութեան եւ տեսութեան ամպիոնը ստեղծուած լինելով ԵՈՒՆԵՍՔՕ-ի դրամաշնորհով, տարբերւում է Երեւանի պետական համալսարանի միւս ամպիոններից իր գործունէութեան միջազգային կողմնորոշմամբ: Միջազգային այդ ուղղուածութիւնը արտայայտւում է ե՛ւ կրթական, ե՛ւ գիտահետազօտական բնագաւառներում:

Սկսած 1996 թ.` ամէն տարի պարբերաբար, ամպիոնի դասախօսների դասաւանդած զանազան առարկաներից բացի, արուեստաբանութեան բաժնի ուսանողների համար մէկական դասախօսութիւններ են կարդացել Եւրոպայից եւ Միացեալ Նահանգներից Լ. Չուգասզեանի կողմից հրաւիրուած տարբեր գիտնականներ:

Լ. Չուգասզեանի ջանքերի եւ երբեմն անգամ անձնական կապերի շնորհիւ մի շարք ուսանողներ եւ շրջանաւարտներ զանազան տարիներին մասնագիտական կրթութիւնն են շարունակել եւ շարունակում Ամերիկայում, Ֆրանսայում, Իտալիայում, Գերմանիայում, Շուէտում:

Լ. Չուգասզեանը հայաստանեան առաջին գիտնականներից է, որ հասարակական գիտութիւնների գծով արժանացել է  միջազգային համբաւ ունեցող գիտաթոշակների: Վերոյիշեալ Սորոսի եւ Ժան Փոլ Կեթթի գիտաթոշակներից բացի նա ստացել է նաեւ մի քանի այլ դրամաշնորհներ:

1993-2012 թթ. նա այցելել է Ամերիկայի աւելի քան քսան նահանգներ, նաեւ` Անգլիա, Ֆրանսա, Իտալիա, Լիբանան, Յունաստան, Գերմանիա, Հունագարիա, Ռումանիա եւ այլուր ու հայ արուեստի վերաբերեալ բազմաթիւ դասախօսութիւններ կարդացել զանազան քաղաքների համալսարաններում եւ հայկական կենտրոններում, մշակութային կազմակերպութիւններում, եկեղեցիների սրահներում: Ամերիկայում Լ. Չուգասզեանը հայ արուեստի վերաբերեալ դասախօսութիւններ է կարդացել զանազան քաղաքների շուրջ տասներեք համալսարաններում եւ մեծ թուով հայկական կենտրոններում:

Լ. Չուգասզեանի գլխաւորութեամբ եւ ԵՈՒՆԵՍՔՕ-ի ամպիոնի դասախօսների ուժերով փորձեր են արուել հայ արուեստի երկերի թուայնացման ծրագրեր իրականացնելու եւ, այդպիսով, համացանցի միջոցով կազմակերպելու հայ արուեստի ուսուցումը աշխարհով մէկ: Թուանշանայնացուել են հայ գեղանկարչութեան, քանդակագործութեան եւ կիրառական արուեստի մի քանի հազար ստեղծագործութիւններ, որոնք հնարաւոր կը դարձնեն շուտով հեռահար կրթութեան կազմակերպումը ողջ աշխարհում: Այսօր արդէն 24 ժամ շարունակ անգլերէն լեզուով հեռարձակւում է հայ մեծանուն մանրանկարիչ Թորոս Ռոսլինի արուեստը, որի մասին պատմող նիւթերը տեղադրուած են Ֆրեզնոյի համալսարանի հայագիտական ամպիոնի սըրվըրի վրայ:

Հայ արուեստի պատմութեան եւ տեսութեան ԵՈՒՆԵՍՔՕ-ի ամպիոնը ղեկավարելու տարիներին Լ. Չուգասզեանը մեծ ջանքեր է ներդրել հանրապետական եւ միջազգային գիտաժողովներ կազմակերպելու ուղղութեամբ, որոնք կարեւոր երեւոյթ են եղել Հայաստանի Հանրապետութեան գիտական կեանքում:

Լ. Չուգասզեանը ճանաչուած եւ հեղինակութիւն ունեցող դէմք է հայկական սփիւռքում եւ մի անգամ չէ, որ սփիւռքահայութեան շրջանում ունեցած իր հեղինակութիւնը նա օգտագործել է ի նպաստ հայաստանեան մշակութային հաստատութիւնների:

Լ. Չուգասզեանի իր կարեւոր աւանդն ունի նաեւ Երեւանի թանգարանային հաստատութիւնների հաւաքածուների հարստացման եւ գործունէութեան ուժեղացման ասպարէզում: Նա Հայաստանի Ազգային պատկերասրահի գիտական խորհրդի անդամ է:

Լ. Չուգասզեանի հասարակական գործունէութեան կարեւոր դրուագներից է 2007 թ. Մատենադարանի ձեռագրերի թուանշայնացման հեղինակային իրաւունքների պաշտպանման հարցում իր եղբօր` Գարեգին Չուգասզեանի, նաեւ Գիտութիւնների ազգային ակադեմիայի անդամ, պատմական գիտութիւնների տոքթոր Բաբգէն Յարութիւնեանի, պատմական գիտութիւնների դոկտոր Պարոյր Մուրատեանի, պատմաբան Մերուժան Կարապետեանի եւ հայրենանուէր այլ մտաւորականների հետ ամիսներ շարունակ համատեղ մղած պայքարը, որը բուռն արձագանգ գտաւ ողջ աշխարհում եւ աւարտուեց յաջողութեամբ:

Լ. Չուգասզեանը Միացեալ Նահանգների Հայագիտական ուսումնասիրութիւնների միութեան անդամ է, Ամերիկայի Հայ նկարիչների միութեան անդամ եւ տնօրէնների խորհրդի պատուաւոր տնօրէն: 2005 թ. Լ. Չուգասզեանը ամերիկահայ համայնքին մատուցած ծառայութիւնների համար Քալիֆորնիոյ ծերակոյտի եւ Միացեալ Նահանգների Քոնկրեսի կողմից արժանացել է երկու պատուոգրերի: 2009 թ. Լ. Չուգասզեանը կրթութեան եւ գիտութեան ոլորտում ներդրած աւանդի համար եւ Երեւանի պետական համալսարանի 90-ամեակի կապակցութեամբ պարգեւատրուել է Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարարութեան պատուոգրով:

Լ. Չուգասզեանը հայերէնից բացի, տիրապետում է նաեւ ռուսերէն, անգլերէն, ֆրանսերէն եւ գերմաներէն լեզուներին եւ բազմաթիւ աշխատանքներ է հրատարակել ոչ միայն հայերէն, այլեւ այդ լեզուներով: Նրա գիտական յօդուածները լոյս են տեսել Ռուսաստանի, Միացեալ Նահանգների, Ֆրանսայի, Գերմանիայի, Իտալիայի, Նորվեկիայի, Լեհաստանի, Լիթուայի գիտական ժողովածուներում եւ պարբերականներում: Նրա տպագրած աշխատութիւնները եւ հրապարակային դասախօսութիւնները նպաստում են հայ արուեստի հեղինակութեան բարձրացմանը ողջ աշխարհում:

ԱՐԱՐԱՏ ԱՂԱՍԵԱՆ
Արուեստագիտութեան տոքթոր,
Հայաստանի Ազգային Ակադեմիայի
Արուեստի հիմնարկի տնօրէն

(Յապաւուած)

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )