Ինչո՞ւ Հաղարծինը…

ՍԱՐՕ ՆԱԶԱՐԵԱՆ

Կերպարանափոխուած Հաղարծին

Հաղարծինի վանքն առաջին անգամ տեսայ 2004  թուականի Մայիսին, երբ աշակերտական մեծ խմբով ուխտագնացութիւն էինք կատարել հայրենիք: Լազուրագեղ երկինք յառնած վանական համալիրի հնամեայ խունացած պատերը շրջապատուել էին մայիսեան գարնանային կանաչածածկ ծառերով: Հիացմունքս անպատմելի էր:

Հաղարծինի վանքը գտնւում է Դիլիջանից շուրջ 7.5 մղոն հեռաւորութեան վրայ, Թեղուտ գիւղի մերձակայքում: Ըստ պատմական տուեալների, համալիրը կառուցուել է 10-13-րդ դարերի ընթացքում: «Քրիստոնեայ Հայաստան հանրագիտարան»-ում նշւում է, թէ՛ « ԺԱ. դարում Հաղարծինի վանքն աւերուել է սելճուքեան թուրքերի արշաւանքներից: ԺԲ. դարում վրաց Գէորգի Գ. թագաւորի եւ հայոց իշխանների հրամանով համալիրը նորոգուել է, եւ վերականգնուել են վանքի հողատիրական իրաւունքները: ԺԸ. դարում վերջին Հաղարծինի վանքն աւերուել եւ լքուել է պարսիկ Աղա Մահմետ Խան Ղաճարի արշաւանքից: Վերստին գործել է 1862-ից, նորոգուել` 1901-ին»: Ըստ տեղեկութիւնների, վանական համալիրը վերանորոգուել է նաեւ 1952 եւ 1976 թուականներին: Ակնյայտօրէն, սոյն բոլոր նորոգութիւնները կատարուել են ճարտարապետ վարպետների ձեռամբ, ովքեր հաւատարիմ մնալով նախնականութեան սկզբունքին` փորձել են վերանորոգման աշխատանքները կատարել այնպէս, որ դարեր ու տասնամեակներ յետոյ շարքային այցելուները կարողանան համակուել վանական համալիրի հնամենիութեամբ:

Նարնջագոյն տանիքներ

Ափսո՜ս, որ այդ տպաւորութիւնը կործանուեց, երբ այս տարուայ ապրիլի 3-ին դարձեալ աշակերտական մեծ խմբով այցելեցինք Հաղարծինի վանք, ուր ականատես եղանք համալիրի վրայ կատարուած շինարարական ահաւոր ու այլանդակ փոփոխութիւններին: Ես այդ մասին կարդացել էի  «News.am» համացանցային լրատուամիջոցի 2011 թուականի յուլիսի 4-ի հաղորդագրութեան մէջ, բայց իսկապէս այլ բան էր կարդացածս եւ այլ բան` տեսածս… Ձեռաքանդակ քարերի փոխարէն` վանական համալիրի վերանորոգման համար գործածուել են արդիական գործիքներով տաշուած ու յղկուած քարատեսակներ, որոնք ո՛չ միայն նուաստացնում, այլ այլանդակում են համալիրի տեսքը: Դեռ աւելի՛ն. համալիրի որոշ մասերի տանիքը նորոգուել է նորակառոյց շէնքերի նարնջագոյն ծածկով, եկեղեցու առջեւ կառուցուել է արդիական ողորկ աղիւսներով ապակեծածկ աւազանաձեւ վանդակ, որը ո՛չ միայն չի համապատասխանում 10-13-րդ դարերի վանական համալիրին, այլ նաեւ զաւեշտական տեսք է տալիս վանքին: Համալիրի եկեղեցիներում եւս կատարուել են անիմաստ ու անբարեհունչ փոփոխութիւններ, որոնց մասին կարծիք արտայայտելու համար պայման չէ նոյնիսկ մասնագէտ կամ ճարտարապետ լինել: Սովորական այցելուի աչքի համար խոտոր են հանդիսանում աններդաշնակօրէն իրար կողքի դրուած հին ու նոր կառուցաձեւերը, ինչի պատճառով հինը կորցնում է իր հմայքն ու խորհրդաւորութիւնը, իսկ նորը վերածւում է կեղծ զաւեշտանքի: Նոյնպէս տարօրինակ ու անհարկի շինութիւն է ժամանակակից ոճով վանականների հանգստավայրը, որը չգիտես ինչո՞ւ կառուցուել է հնադարեան համալիրի կողքին:

Ասւում է, թէ  Արաբական Միացեալ Էմիրութիւնների շէյխը այնքա՜ն է հիացել Հաղարծնի վանական համալիրով, որ վերանորոգման համար յատկացրել է 5 միլիոն տոլար: Թէ ինչո՞ւ Հայաստանի բոլոր վանքերի մէջ շէյխը հիացել է միայն Հաղարծինի վանական համալիրով, այդ մասին շատ բան չի ասւում: Հաւանաբար նրան հիացրել են նաեւ շրջակայքի այլ գեղեցկութիւնները… Ո՞վ գիտի:

Այնումենայնիւ,  ինչպէս յիշատակւում է,  «Խաչատուր վարդապետ Տարօնացու (հաղարծնեցի) վանահայրութեան օրօք իր ծաղկուն շրջանն ապրած Հաղարծնի վանքը` իր չորս եկեղեցիներով, երկու գաւիթով (մէկը` աւերուած), սեղանատնով, աղօթարաններով, խաչքարերով» յայտնուել է ներկայիս անշուք վիճակում: Ակամայից հարց ես տալիս: Ինչո՞ւ: Ինչո՞ւ Հաղարծինը:

Վանական համալիր այցելած մեր խմբի ծնողներից մէկը, որն ինձ նման Հաղարծինը տեսել էր իր նախկին` չվերանորոգուած տեսքով, զայրոյթից սկսեց արտասուել եւ նրա զայրոյթին զարմանալիօէն արձագանգեց երկինքը` մեղմօրէն անձրեւելով:

Ապակեայ աւազան

Այցի ընթացքում տեղեկացանք, որ համալիրի վերահսկողութեան տնօրինութիւնը յանձնարարուել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որի արտօնութեամբ էլ կատարուել են սոյն վերանորոգութիւնները: Համացանցային կայքէջերում հրապարակուած յայտարարութիւններում վերանորոգման պատասխանատուները պնդել են, թէ համալիրի վերանորոգման աշխատանքները կատարուել են «վերականգնման արուեստին տիրապետող լաւագոյն մասնագէտների» ձեռամբ, եւ որ «անընկալելի է, երբ հնչել են քննադատութիւններ, որոնք մասնագիտօրէն հիմնաւոր չեն»: Հարց է առաջանում: Եթէ նման հաստատումով ու տրամաբանութեամբ տարբեր դարաշրջաններում փոփոխութիւններ եւ նորոգութիւններ կատարուէին մեր պատմամշակութային կոթողների նկատմամբ եւ ելնելով ժամանակի լաւագոյն մասնագէտների ճաշակից մի բան աւելացուէին կամ վերացուէին այդ կոթողներից, այսօր մեզ ի՞նչ ժառանգութիւն կը հասնէր: Կ՛ունենայինք պատմական ու մշակութային նախնականութիւնն ու ինքնակենսագրութիւնը կորցրած խառնակերտ կառոյցներ, որոնցով չէինք կարող գաղափար կազմել հայկական ճարտարապետական արուեստի զարգացման ու հոլովոյթի մասին եւ կը դժուարանայինք յայտարարել, թէ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ:

Տեղեկացանք նաեւ, որ վերանորոգման շինարարական աշխատանքները սկսուելու օրերին թէ՛ հայաստանեան մամուլը եւ թէ՛ մտաւորական որոշ շրջանակներ հանդէս էին եկել բուռն քննադատութիւններով եւ պահանջել, որ դադարեցուեն անհարկի ու անյարիր նորոգութիւնները: Սակայն նրանց գանգատներն ու բողոքները դարձել են ձայն բարբառոյ յանապատի:

Յամենայն դէպս Հաղարծինը խեղակերպուեց: Սակայն պէտք է մեր հաւաքական պարտքը համարենք, որ պաշտօնական յայտարարութիւններով, հրապարակային ու անհատական բողոքներով թոյլ չտանք, որ այսուհետեւ նման իրավիճակների մատնուեն պատմամշակութային մեր միւս կոթողները: Ինչպէս Հայաստանի ականաւոր ճարտարապետներից` Արտակ Ղուլեանն է ասել. «Եթէ մեր սերունդը չի զգում այս կարգի յուշարձաններին «ձեռք տալու» մասնագիտական ու բարոյական պատասխանատուութիւնը, աւելի լաւ է հանգիստ թողնի այդ յուշարձանները»…

Յունիս 26, 2012

Կլենտէյլ

Share this Article
CATEGORIES