Մամուլի Հաղորդագրութիւն
Ս. թ. յուլիսի 4-ին Լիբանանում Հայաստանի դեսպանութիւն են այցելել Պիպլոս քաղաքի «Frères Maristes Jbeil» դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները, որոնք յաղթող են ճանաչուել Լիբանանի ամերիկեան համալսարանում ամէն տարի կազմակերպուող ՄԱԿ-ի մոտելին նուիրուած աւանդական միջոցառմանը:
Այս տարի միջոցառմանը մասնակցել են Լիբանանի 120 դպրոցներ, որոնցից «Frères Maristes Jbeil» դպրոցը ներկայացրել է Հայաստանը` ՄԱԿ-ի տարբեր կառոյցներում: Դպրոցի աշակերտներն անդրադարձել են Հայաստանի քաղաքական եւ տնտեսական ոլորտներին եւ կազմակերպիչների կողմից արժանացել 6 տարբեր մրցանակների: Միջոցառման երկրորդ մասում, որը կոչւում էր «Համընդհանուր աւան», «Frères Maristes Jbeil» դպրոցի աշակերտները ներկայացրել են Հայաստանի մշակոյթը: Միջոցառման շրջանակներում աշակերտների նախաձեռնութեամբ բացուած Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած յուշամատեանում իրենց ստորագրութիւնն ու ուղերձն են թողել միջոցառման բազմաթիւ մասնակիցներ:
Յուշամատեանը հանդիպման ժամանակ փոխանցուել է Հայաստանի դեսպանին:
Դեսպան Քոչարեանը շնորհաւորել է աշակերտներին միջոցառմանը մասնակցելու եւ յաղթելու կապակցութեամբ, մաղթել է յաջողութիւններ եւ նուիրել նրանց խտասալիկներ ու գրքոյկներ Հայաստանի մասին:

