Սիրանուշ Պապեան Կը Զրուցէ Միժի Հիմնադիր Արմինէ Առաքելեանի Հետ. Նոր Հայաստանը Քաղաքացիական Եւ Սահմանադրական Իրաւական Պետութիւնն Է
Մեր զրուցակիցն է Մարդու իրաւունքների եւ ժողովրդավարութեան ինստիտուտ (ՄԻԺԻ) հասարակական կազմակերպութեան (ՀԿ) հիմնադիր, քաղաքագէտ, իրաւաբան Արմինէ Առաքելեանը:
ՍԻՐԱՆՈՒՇ ՊԱՊԵԱՆ.- Արմինէ, վերջին օրերին քաղաքական դաշտում իրադարձութիւնները զարգացան քիչ կանխատեսելի բեմագրութեամբ, շատերը նշում են, որ քաղաքացիական դաշտն էլ որոշակիօրէն կրաւորական է դարձել:
ԱՐՄԻՆԷ ԱՌԱՔԵԼԵԱՆ.- Կարծում եմ` այս ամէնն անկանխատեսելի չէր կարող լինել: Մաշտոցի պուրակի քաղաքացիական շարժումն առաջինն էր իր ծաւալով, իր որակով, որ սկիզբ դրեց ինչ-որ մի որակական փոփոխութեան քաղաքացիական ոլորտում եւ որոշակի ազդեցութիւն ունեցաւ նաեւ համակարգում գտնուող ուժերի փոխյարաբերակցութեան եւ վերադասաւորման գործընթացների վրայ: Նոր սերունդը փոքր քանակով փորձում է որակ լինել, բայց դեռ չենք հասել մի հասարակութեան, որը նախ հասարակութիւն է քաղաքացիական իմաստով, այսինքն դեռ չկան բաւական կայացած քաղաքացիական մշակոյթ եւ օճախներ, որ համախմբում են մտածողների, գիտնականների, արուեստագէտների եւ նախաձեռնութիւնների, որոնք գիտակցում են քաղաքացիական դիրքորոշմամբ հանդէս գալու իրենց առաքելութիւնն ու պարտականութիւնը եւ որոշ չափով նաեւ քաղաքական հայեացքներ կրելու անհրաժեշտութիւնը: Որքան էլ սա քրէասակաւապետական համակարգ է, բայց վերջին հաշուով քաղաքական որոշումներ են կայացւում ներկայիս պետական համակարգում, եւ մենք չենք կարող ասել` չէզոք ենք կա՛մ չենք զբաղւում քաղաքականութեամբ, որովհետեւ եթէ դու չես զբաղւում կամ չէզոք ես, դու նպաստում ես այդ որոշումների` ընդդէմ քեզ կայանալուն: Այս գիտակցութիւնը մեզանում դեռ պակասում է: Եթէ մենք խօսում ենք ժողովրդավարութեան եւ սահմանադրական կարգի հաստատման մասին, պէտք է այդ գիտակցութիւնը կրող որոշակի կենսական զանգուած ունենանք, բայց մենք դեռ այս փուլում չենք եւ դրա համար էլ պատահում է այն, ինչ պատահում է:
Ինչ վերաբերում է քաղաքացիական ոլորտին, ապա ես կրաւորականութիւն չեմ նկատում: Մաշտոցի պուրակի կրպակների կազմաքանդումը որոշակի յաղթանակ էր, չնայած այն, ինչ Սերժ Սարգսեանն արեց, մի քիչ տարակուսանք առաջացրեց երիտասարդների մօտ, որովհետեւ իրենց խնդիրը օրինականութեան հարցն էր, բայց յաղթանակ էր այն իմաստով, որ հանրային սեփականութիւնը հանրութեանն է պատկանում եւ վերադարձուեց հանրութեանը: Գուցէ երիտասարդները մտածում էին` իրենք համակարգ են փոխելու, եւ սա բերում է տարակուսանքի, բայց պէտք է հասկանալ, որ սա երկարատեւ, համբերատար պայքար է, գնացքը նոր սկսել է շարժուել: Կարծում եմ` Մաշտոցի պուրակի քաղաքացիական աշխուժութիւնը ճեղքեց քրէասակաւապետական համակարգը: Սերժ Սարգսեանի` Մաշտոցի պուրակում գտնուելը հէնց այդ համակարգի ճեղքուածութիւնն է վկայում, որովհետեւ Հայաստանի նախագահը յայտնուեց հանրապետութեան պուրակներից մէկում եւ ցոյց տուեց իր եւ համակարգի պարտութիւնը, ըստ էութեան, իրենք որոշ սակաւապետների «քցեցին» (խաբեցին-Խմբ.), եւ սակաւապետական անօրէն սեփականութիւնը եւ շահը զիջեց հանրային սեփականութեան եւ շահին գործնական դաշտում, դեռեւս ոչ իրաւական դաշտում, այս իմաստով է, որ համակարգը ճեղքուեց: Այս ամէնը զուգորդուեց «ընտրական գործընթացներով: Ես նախկինում էլ ասել էի եւ հիմա էլ ասեմ, որ եթէ ժողովրդավարութեան մէջ չենք, չենք կարող ժողովրդավարական արդար եւ թափանցիկ ընտրութիւններ իրականացնել, եւ իշխանութիւններն ու իշխող վերնախաւը վերարտադրում են իրենց քրէասակաւապետական համակարգը: Միւս կողմից, ընտրութիւններն անցան վախի, ընտրակաշառքի եւ կախուածութեան, հովանաւորչութեան մթնոլորտում, մենք դեռ ինքնորոշուած քաղաքացիների հաւաքականութիւն չենք:
Ս. Պ.- Եթէ նոյնիսկ վախեր չլինէին, կա՞ր այլընտրանք ընտրութիւններին:
Ա. Ա.- Չկար, որովհետեւ մենք ժողովրդավարական համակարգում չենք, այս կուսակցութիւններն ինքնանպատակ մարդկանց հաւաքականութիւններ են, որ փակ գործարքների եւ պայմանաւորուածութիւնների գործընթացների շնորհիւ իրենց մասնաբաժինն են ստանում քրէասակաւապետական համակարգում եւ ապահովում են դրա շարունակականութիւնը, եւ քանի որ մեր տնտեսութիւնը սերտաճած է քաղաքականութեան հետ, ով իշխանութեան մէջ տեղ է ունենում, ունենում է ուժի եւ հարստութեան իր բաժինը: Ինչքան էլ փորձեն ֆորմալ պաշտօնական ձեւով մէկը ընկերվարական, միւսը ազատական կամ ազգայնական գաղափարական մրցակցութեան խաղ խաղան, միեւնոյն է, իրենք գաղափարների վրայ հիմնուած չեն: Մենք տեսնում ենք, որ իրական գաղափարական բանավէճեր, բեւեռացում եւ ծրագրեր չկան, եւ քաղաքական ոլորտը չի ձեւաւորւում հասարակութեան մէջ տիրող զանազան շահերի գաղափարական եւ գիտակցական դաշտում պայքարների, զօրաշարժի եւ բիւրեղացման գործընթացներով: Այսինքն ներկայ տիրող համակարգը ժողովրդավարական ձեւական խաղեր է խաղում, բայց` բովանդակութիւնից զուրկ, եւ պարզապէս վերարտադրում են ոչ սահմանադրական եւ ժողովրդավարական կառավարման համակարգը եւ իշխանութիւնը:
Ս. Պ.- Արդեօ՞ք ԲՀԿ-ի (Բարգաւաճ Հայաստան կուսակցութեան) քոալիսիոն չկազմելը հերթական խաղն է Սերժ Սարգսեանի եւ ԲՀԿ-ի միջեւ:
Ա. Ա.- ԲՀԿ-ի քոալիսիոն մտնելու հանգամանքը բնական եմ համարում, քանի որ եթէ ՀՀԿ-ն մեծամասնութիւն է, ուրեմն բոլոր պատասխանատուութիւնն ու հետեւանքները իրենք պիտի կրեն: Ժողովրդավարական համակարգերում ընդհանրապէս մեծամասնութիւն ունեցող քաղաքական ուժը կազմում է քոալիսիոն պետական գերխնդիրների դէմ յանդիման լինելու պարագային, երբ անհրաժեշտ է ուժերի կեդրոնացումը: Կարծում եմ` Վարդան Օսկանեանի` ԲՀԿ-ին անդամակցութիւնը ԲՀԿ-ին բերեց մի ուրիշ շերտ, որոշ իմաստով գուցէ եւ փրկեց ԲՀԿ-ն, քանի որ փորձեց ընդդիմադիր կեցուածք որդեգրել: Համակարգում առկայ ուժերի յարաբերակցութիւնը խառնուեց, եւ հիմա վերադասաւորումներ են կատարւում: Գուցէ ԲՀԿ-ի մէջ կայ որոշակի խմբաւորում, որ ապագայի իմաստով փորձում է նախագահական ընտրութիւններին օգտագործել իր խմբաւորումն առաջ տանելու համար: Այդուամենայնիւ, անհրաժեշտ եմ գտնում շեշտել, որ այս ամէնը կենսական կարեւորութիւն չեն ներկայացնում մեր հասարակութեան եւ պետութեան գոյութեան եւ զարգացման հիմնական մարտահրաւէրների եւ հեռանկարների իմաստով: Քանզի այդ ուժերը խաղում են քրէասակաւապետական խաղի օրէնքներով եւ ապահովում են իրենց խմբաւորման նեղ շահերն, ու վերջին հաշուով համակարգի գոյութիւնն են փրկում եւ փորձում երկարաձգել: Այդ ուժերից ոչ մէկը չեն մարմնաւորում եւ աշխատում յանուն հայ ժողովրդի գերակայ շահերի գոյութեան ու զարգացման, որը այս փուլում ենթադրում է Հայաստանի սահմանադրութեան արժէքային համակարգի եւ օրինական կարգի հաստատումն ու կենսագործումը:
Ս. Պ.- Արմինէ, խնդիրը հասարակութեա՞ն մէջ է, որտե՞ղ պէտք է խնդիրը փնտռել:
Ա. Ա.- Իրաւունքները հիմնական են քաղաքակրթութեան համար իբրեւ հասարակութեան եւ մշակոյթի հաստատուած սիւներ: Նրանք այն հիմնական կանոնակարգող կանոններն են, որ սահմանում են, թէ ի՛նչն է թոյլատրուած եւ ինչո՛վ են օժտուած մարդիկ համաձայն իրաւական կարգի, հասարակական ընկալուածութեան եւ բարոյական տեսութեան: Իրաւունքները կառուցում են կառավարման ձեւերը, օրէնքների բովանդակութիւնն ու բարոյական մոտելը: Իսկ սահմնադրականութիւնը ներկայացնում է գաղափարների, վարքերի ու վարքագծերի սկզբունքը: Այդ սկզբունքից բխում է կառավարման համակարգի իշխանութիւնը, որ սահմանափակւում է հիմնական օրէնքներով: Այս իմաստով մեր` գիտակից ինքնորոշուած քաղաքացիներիս եւ մեր համախմբումների առաջնահերթ օրակարգն է Հայաստանի սահմանադրութեան արժէքի եւ կարգի հաստատումը մեր հասարակութեան եւ պետութեան գոյութեան եւ զարգացման համար: Ներկայում, արդէն 30 տարի է, մենք համաշխարհային մակարդակով նոր-ազատական համակարգում ենք: Ազգ-պետութիւն համակարգը նոյնիսկ Եւրոպայում այլեւս սկսել է չաշխատել, Եւրոմիութեան գաղափարը նոյնիսկ այսօր տապալման սպառնալիքի առջեւ է, եթէ նայենք Յունաստանում, Սպանիայում, Իտալիայում տեղի ունեցող իրավիճակները: Մեզ նման երրորդ-չորրորդ աշխարհի երկրներում իրավիճակը սաստիկ բարդ եւ ճգնաժամային է, մեծ դերակատարութիւն ունի արտաքին գործօնը, որ ներքին այլասերուած եւ քայքայուած վերնախաւի հետ յանցագործ համագործակցութեամբ քանդում են հասարակութիւններն ու պետութիւնները, թուլացնում նրանց դիմակայութեան մեքանիզմները եւ այդպիսով թալանում ազգային եւ պետական բոլոր հարստութիւններն ու պաշարները` թէ՛ մարդկային, թէ՛ նիւթական, բնական եւ այլն: Եթէ նայենք հէնց անցած տասնամեակներում մեր քաղաքական ոլորտն ու ընտրութիւնները, կը տեսնենք, թէ ինչպէ՛ս միջազգայինները օրինականութիւն են տալիս նմանօրինակ քրէասակաւապետական իշխանութիւնների ու վերնախաւի վերարտադրմանն ու շարունակականութեանը: Իսկ մեր նման երկրներում հասարակութեան սահմանադրական եւ ժողովրդավարական կարգերով կերտումը շատ աւելի դժուար մարտահրաւէր է դառնում: Մեր առաջնային հիմնախնդիրը` աջ թէ ձախ թէ կենտրոն, ընկերվարական թէ ազատական, պէտք է լինի սահմանադրական իրաւական պետութիւն ստեղծելը, որը հիմնուած է սահմանադրական արժէքների ու իրաւահաւասարութեան վրայ եւ ոչ թէ բռնապետական, որոշ չափով ֆաշական արժէքների եւ անհաւասարութիւնների վրայ:
Նախադէպային կարգով նշեմ Մաշտոցի պուրակի քաղաքացիական շարժումը: Այդ քաղաքացիական պայքարի նուաճումներից յետոյ յետընտրական գործընթացներում քրէասակաւապետական իշխանութիւնների եւ վերնախաւի հնարքը եղաւ միասեռականների հիմնախնդիրը ծայրայեղական, ահաբեկչական եւ հակասահմանադրական գործողութիւններով օրակարգ դարձնել, կրկին անգամ խաղալով ոչ սահմանադրական եւ ոչ իրաւական խաղի օրէնքներով եւ այս անգամ «գեղեցիկ եւ ոչ գեղեցիկ»-ի փոխարէն օգտագործելով` «բարոյական եւ ոչ բարոյական» կամայական դատողութիւնների հասարակական ընկալումները: Այսպիսով, նրանք փորձում են քաղաքացիական շարժման կողմից դրած կենսական օրակարգը` սահմանադրական իրաւունքների ու կարգի հաստատումը բռնօրէն հանել օրակարգից եւ քաղաքացիական հասարակութեանը ներքաշել ոչ իրաւական խաղադաշտ: Այսպիսով, փորձում են քայքայել ու հարուածել քաղաքացիական առողջ ուժերին ու նրանց առաջընթացը: Մենք, ինչպէս Մաշտոցի պուրակի քաղաքացիական պայքարի ժամանակ, պիտի միշտ հակառակորդին բերենք իրաւական ու սահմանադրական խաղի օրէնքների դաշտ, որպէսզի պայքարում յաջողենք: Իրաւունքի նուաճման գլխաւոր երաշխիքներից է հէնց համախմբումը եւ միասնական ճակատ կազմելը միմեանց կապող, հասարակական շահերի ու պահանջատիրութեան ձեւակերպման մեթոտների շնորհիւ: Դա սահմանադրական արժէքների եւ իրաւունքների, իրաւահաւասարութեան եւ իրաւական կարգի գերակայումն ու հաստատումն է Հայաստանում եւ այդ տեսակ պետութեան կերտումը, որ կ՛երաշխաւորի մեր հասարակութեան եւ ժողովրդի գոյութիւնն ու զարգացումը: Այսօր առաւել քան կարեւոր է, որ մենք կարողանանք դրա շուրջ համախմբուենք, մեր ժողովրդի գիտակցութիւնը զարգացնենք սահմանադրական արժէքների ու իրաւունքների իմաստով, զօրաշարժի ենթարկենք ու նոր ստեղծագործ մեթոտներով ու ձեւերով այն նուաճենք ու կենսագործենք մեր անհատական եւ հաւաքական կեանքում, հաստատութիւններում եւ քաղաքական կառավարման համակարգում:
Ս. Պ.- Արմինէ, սկսած 2008 թուականից` ՀԱՔ-ը հռչակել էր սահմանադրական կարգի վերականգնում, չստացուեց, ի՞նչ երաշխիքներ կան, որ հիմա կը ստացուի:
Ա. Ա.- Չստացուեց, որովհետեւ շատ կարեւոր է` ովքե՛ր եւ ինչպէ՛ս են դա փորձում հաստատել: 2008-ին Լեւոն Տէր Պետրոսեանը հռչակեց, բայց կարեւորը ոչ միայն հռչակելն է, այլ որ հռչակողները պէտք է կրողը լինեն սահմանադրական արժէքների ու գաղափարի եւ իրենց վարքագծով, ծրագրերով ու մարտավարութեամբ դա յաջողեցնեն: Այսինքն մի բան է հռչակելը, մի բան է` կամք ու կարողութիւն ունենալն ու ներդնելը: Գուցէ սա առաջին նախագահին, երկրորդ նախագահին եւ նաեւ երրորդ նախագահին էլ ձեռք չտայ, քանզի սահմանադրական կարգ հաստատելու պահին նրանք կը բերուեն արդարադատութեան առջեւ: Յստակ է, որ բոլոր նրանք եւ այն ուժերը, որ ներկայացնում եւ աշխատում են ներկայ քրէասակաւապետական համակարգի գոյութեան եւ շարունակականութեան համար, շահ չունեն սահմանադրական կարգի հաստատումից Հայաստանում, իսկ մեր ժողովուրդն ու հասարակութիւնը շահ ունի սահմանադրական եւ քաղաքացիական պետականութեան կերտումով, դա միակ ելքն է իր ազատ, արդար ու արժանապատիւ գոյութիւնն ու տեւական զարգացումը նուաճելու համար:
Մաշտոցի պուրակով թափ առած քաղաքացիական եւ իրաւական պետութեան կերտման պայքարը բիւրեղացնում է մեր հասարակութիւնն ու ազդում ուժերի դասաւորման վրայ: Երբ քաղաքացին փորձում է ինքնորոշուել ու գործօն դառնալ եւ գործնական քայլեր է ձեռնարկում սահմանադրական իրաւունքների նուաճման իմաստով, ապա քրէասակաւապետական ուժերն ու դրան նպաստող ներքին եւ արտաքին տարրերը սկսում են վերանայել եւ վերադասաւորել իրենց ուժերն ու ծրագրերը: Ահա սա է տեղի ունենում ներկայիս մեր երկրում: Կարեւոր է, որ առողջ ուժերը Հայաստանում թէ սփիւռքում համախմբուեն սահմանադրական արժէքների ու իրաւունքների օրակարգի շուրջ եւ սլացիկ զօրաշարժով հմուտ եւ խելամիտ ծրագրերով ու արհեստագիտութեամբ առաջ մղեն պետականութիւն շինելու պայքարը: Համամարդկային պատմութեան մէջ, իւրաքանչիւր իրաւունքի եւ դրա զարգացման պատմութեան մէջ կարելի է գտնել հակամարտութիւնների ու պայքարների պատմութիւնը: Մենք կերտում ենք մեր ինքնուրոյն, ինքնիշխան, ազատ արդար ու արժանապատիւ պատմութիւնը իրաւունքների նուաճման ու սահմանադրական կարգի հաստատման ճանապարհով:
Ս. Պ.- Այսինքն կարեւոր է ոչ միայն հռչակել, այլ նաեւ` տէր կանգնե՞լ:
Ա. Ա.- Նախ գիտակցում ենք, որ դա մեր շահից է բխում, մեր գոյութեան եւ զարգացման իմաստով, յետոյ կամք եւ գործողութիւն ենք կիրառում: Մեր մտաւորական եւ քաղաքական վերնախաւը դա կամ չեն գիտակցում, կամ/եւ իրենց անհատական եւ խմբային շահից չի բխում: Հաւանաբար իրենց բաժին է ընկնում այն, ինչ ուզում են: Կարեւոր է, որ որեւէ քաղաքական ուժ կամ նախաձեռնութիւն ոչ միայն իշխանափոխութեան ձգտի, այլեւ աշխատի համակարգի արմատական փոփոխութեանը եւ համապատասխանեցմանը սահմանադրական պետութեանը: Մեր ներկայի հիմնախնդիրը ընդհանուր համակարգի փոփոխութեան հարցն է, որը զուտ իշխանափոխութեամբ չի լինում, ինձ համար առաջին հարցը սահմանադրական արժէքների եւ իրաւական կարգի հաստատման հարցն է: Կարեւոր է, որ քաղաքացիական պայքարում խելամիտ ճանապարհային քարտէսներ ու մարտավարութիւններ ձեւաւորենք ու կիրառենք, մանաւանդ, որ այսպիսի ճգնաժամային վիճակում ենք: Երկրի սնանկացումը, զանգուածային արտագաղթն ու արտաքին վտանգը չմոռանանք, պատերազմի սուրը մեր գլխին է, ներքին ուժականութիւնը այնպէս պէտք է տանենք, հասունացնենք, որ կարողանանք ճիշդ եւ արմատական համակարգը փոխենք, որ մէկին միւս հրէշով չփոխարինենք, այդ ամէնը պահանջում է որոշ հասունութիւն: Մենք որոշ կենսական որակ պէտք է ապահովենք: Եւ, իմ կարծիքով, ներկայ սահմանադրութեան վրայ հիմնուելով: Ինձ համար կարեւորը ներքեւից եւ ներսից հիմնախնդիրները լուծելն է:
Ս. Պ.- Արմինէ, Սարդարապատ նախաձեռնող խումբը այլընտրանքային խորհրդարան ձեւաւորելու առաջարկ է անում, ճանապարհային քարտէս է ներկայացնում եւ բացի այդ, նոր սահմանադրութեան հարց է դնում: Հիմա սահմանադրական կարգի հաստատո՞ւմ պէտք է լինի, թէ նոր սահմանադրութեան ընդունում:
Ա. Ա.- Ինձ թւում է` սա էլ փորձ է, եւ տարբեր ուժեր կարող են ձգտում ունենալ: Ելնելով մեր հասարակութեան եւ ժողովրդի ներկայ ճգնաժամային իրավիճակից` պետականաշինութեան առումով գերխնդիր եւ նախադրեալ եմ համարում սահմանադրական արժէքների ու կարգի հաստատումը, որից յետոյ կարելի կը լինի սահմանադրական բարեփոխումների կամ նոր սահմանադրութեան փուլ անցնել: Ես գտնում եմ, որ մեր ներկայի սահմանադրութեան արժեհամակարգը մարդու իրաւունքների ու ազգերի ինքնորոշման իրաւունքների մասով առաջադիմական է, սակայն կառավարման համակարգի իմաստով անհրաժեշտ են փոփոխութիւններ, որ կարելի է կատարել, երբ սահմանադրական կարգ հաստատուի Հայաստանում:
Ս. Պ.- Նոր Հայաստանի տեսլականը ո՞րն է լինելու, մասնակցայի՞ն ժողովրդավարութիւնը պէտք է լինի:
Ա. Ա.- Երբ վերջին վիճակագրութիւնը կարդացի, որ 57,320 մարդ մեկնել է Հայաստանից վերջին 4 ամսուայ մէջ, օրական ստացւում է 477 հոգի, սա Հայաստանի գոյութիւնը հարցականի տակ է դնում: Երբ Սերժ Սարգսեանը իբրեւ Հայաստանի նախագահ եւ Հայաստանի սահմանադրութեան երաշխաւոր յայտարարում է, որ սահմանամերձ գիւղերը կարող են տեղահանուել եւ պէտք չէ գիւղերի զարգացման մասին խօսել, երբ Երեւանի բոլոր դպրոցները դեռ ջեռուցում չունեն, սա ընդհանրապէս Հայաստանի գոյութիւնը հարցականի տակ է դնում: Ես նոր Հայաստանի պատկերը Երեւան գաւառով եւ Երեւանի նախագահով ու խորհրդարանով չեմ սահմանափակում, թէեւ համոզուած եմ, որ կան թէ՛ ներքին եւ թէ՛ արտաքին ուժեր, որ այդպէս են պատկերացնում եւ այդ գծով արդէն տարիներ շարունակ ծրագրեր են իրականացնում: Ես դէմ եմ այդ Հայաստանին, որ ոչնչացնում է մեր հասարակութիւնն ու ժողովուրդը, թալանում է մեր մարդկային, հոգեւոր, բնական եւ նիւթական պաշարներն ու հարստութիւնը, թունաւորում ու անպիտան դարձնում մեր հայրենի բնաշխարհն ու հողատարածքները եւ զրկում մեր ներկայ եւ ապագայ սերունդներին ապրելու ու կենսագործելու ազատ, արժանապատիւ եւ բարեկեցիկ կերպով իրենց հայրենիքում: Իմ պատկերացրած նոր Հայաստանը բնակեցուած Հայաստանն է իր սահմանամերձ եւ ոչ սահմանամերձ բոլոր գիւղերով ու քաղաքներով, համաչափ մարդկային տեւական զարգացման սկզբունքներով, բնաշխարհը եւ բոլոր մարդկային, մշակութային, կենդանական, պաշարներն ու հարստութիւնները պաշտպանուած ու ներդաշնակ զարգացմամբ ծառայում են հանրութեան եւ պետական գերակայ շահին: Նոր Հայաստանը պիտի երաշխաւորի մեր ժողովրդի ազատ, արդար ու արժանապատիւ գոյութիւնն ու տեւական զարգացումը համամարդկային գործընթացներում: Այս նոր Հայաստանը քաղաքացիական եւ սահմանադրական իրաւական պետութիւնն է, որ բովանդակ հայ ժողովրդի բազմատեսակ ներուժի գիտակից ու ներդաշնակ համակարգումով է կերտուելու: Իսկ ներկայիս մենք` աւագ սերունդս նոր սերունդի հետ միասին այն կերտում ենք եւ ժառանգելու ենք մեր ապագայ սերունդներին: Սա մեր ինքնութեան, ինքնակերտման եւ ինքնազարգացման, անհատական ու հաւաքական կեանքի իմաստաւորումն է:



