«Խոջալուի «Գլխաւոր Վկան Վերադարձաւ Տուն. Ազրպէյճանի Առաջին Նախագահ Այազ Մութալիպովի 20-ամեայ Վտարանդիութիւնը
ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ
Այն երկրները, որտեղ նախկին նախագահները ենթարկւում են քաղաքական հետապնդումների ու հալածանքների, չեն կարող համարուել ժողովրդավարական: Աւելի՛ն. այն երկրները, որտեղ նախկին նախագահները ֆիզիքական անվտանգութեան ապահովութիւնը հաշուի առնելով` ստիպուած են լինում լքել հայրենիքը եւ ապրել վտարանդիութեան պայմաններում, կարելի է դասել մենատիրական եւ ամբողջատիրական պետութիւնների շարքին: Ազրպէյճանը, որ 1991 թուականի անկախութիւնից ի վեր ունեցել է չորս նախագահ, կարելի է դասել հէնց ամբողջատիրական երկրների շարքում: Եթէ Ազրպէյճանի առաջին երկու նախագահները` Այազ Մութալիպովն ու Ապուլֆազ Էլչիպէյը (ծնունդով ազգանունը` Ալիեւ) երկիրը կառավարել են 1991-ից մինչեւ 1993-ի յունիս` երկու տարուց էլ պակաս, ապա հայր եւ որդի Հայտար եւ Իլհամ Ալիեւները բնական պաշարներով հարուստ Ազրպէյճանում իշխում են արդէն գրեթէ քսան տարի:
Ապուլֆազ Էլչիպէյը քաղցկեղից վախճանուել է 2000-ին, Հայտար Ալիեւը սրտի տագնապից` 2003-ին: Առաջին նախագահ Այազ Մութալիպովը ռուսական ռազմական ուղղաթիռով Պաքուից հեռացել էր 1992-ի մայիսին` ստիպուած լինելով իշխանութիւնը յանձնել Ժողճակատին ու նրա առաջնորդ Էլչիպէյին: Ինքը` Էլչիպէյը, մէկ տարի նախագահելուց յետոյ ստիպուած եղաւ իշխանութիւնը յանձնել Հայտար Ալիեւին: 1993-ի յունիսից Ազրպէյճանում իշխանութեան է եկել Ալիեւների հարստութիւնը: Այն կարող է ձգուել դեռ երկար տարիներ ու տասնամեակներ:
Մի քանի օր առաջ` յուլիսի 8-ին, Մութալիպովը հնարաւորութիւն ունեցաւ հայրենիք վերադառնալ: Նրա վերադարձը հնարաւոր դարձաւ այն բանից յետոյ, երբ այս տարուայ մայիսին Ազրպէյճանի խորհրդարանը գրեթէ միաձայն ընդունեց «Նախկին նախագահի եւ նրա ընտանիքի անդամների ապահովման մասին» սահմանադրական օրէնքը: Տպաւորութիւն է ստեղծւում, որ այս օրէնքը ընդունուել է Մութալիպովի Պաքու վերադարձի ճանապարհը հարթելու, ինչպէս նաեւ` Իլհամ Ալիեւին եւ իշխող ալիեւեան վարչախմբին մտահոգում է իրենց ապագան:
Մութալիպովը, ով նախագահի աթոռից զրկուել էր 1992-ի յեղաշրջման արդիւնքում, շուրջ երկու տասնամեակ բնակուեց Մոսկուայում: Այդ ընթացքում նրա նկատմամբ Ազրպէյճանում յարուցուեց մի քանի քրէական գործ: Պաշտօնական Պաքուն բազմիցս փորձել է հասնել նրան, որ Ռուսաստանը Մութալիպովին յանձնի Ազրպէյճանի իրաւապահ մարմիններին, սակայն ապարդիւն:
Անցեալ տարի Մութալիպովին հնարաւորութիւն էր տրուել մի քանի օրով այցելել Պաքու` մասնակցելու որդու յուղարկաւորման արարողութեանը: Հէնց այդ օրերին էլ Մութալիպովը այցելել էր նաեւ Հայտար Ալիեւի շիրիմին եւ ընդգծել վերջինիս մեծ աւանդը Ազրպէյճանի պետականաշինութեան գործում: Երկու շաբաթ առաջ 74-ամեայ Մութալիպովը յայտարարել է, որ հեռանում է Ազրպէյճանի Ընկերվար-ժողովրդավար կուսակցութեան համանախագահի պաշտօնից եւ քաղաքականութիւնից` ընդհանրապէս:
Մութալիպովի նախագահութեան ոչ երկարատեւ ժամանակահատուածը չափազանց կարեւոր է առնուազն մէկ իրադարձութեան համար, որն այսօր դարձել է Ազրպէյճանի հակահայ քարոզչութեան գլխաւոր զէնքը: Խօսքը 1992 թուականի փետրուարի Խոջալուի ողբերգական դէպքերի մասին է: Այդ օրերի նախագահ Մութալիպովի հարցազրոյցները ազրպէյճանական քարոզչամեքենան խնամքով թաքցնում է: Կասկած չկայ, որ 20-ամեայ վտարանդիութիւնից յետոյ հայրենիք վերադառնալու հնարաւորութիւն ստացած Մութալիպովը կը փորձի վերաշարադրել այն, ինչ ասել է 20 տարի առաջ: Դա կը լինի նրա փոխհատուցումը Իլհամ Ալիեւին ու ազրպէյճանական հակահայ քարոզչամեքենային:
Քսանամեայ վաղեմութեան հարցազրոյցներից մէկը Մութալիպովը տուել է չեխ լրագրողուհի Դանայ Մազալովային Խոջալուի ողբերգական դէպքերից մէկ ամիս անց, որը տպագրուել է Մոսկուայի «Նեզաւիսիմայա կազեթա» (թարգմանաբար` «Անկախ թերթ») օրաթերթում: Հարցին, թէ ի՞նչ է մտածում Խոջալուի դէպքերի մասին, Մութալիպովը պատասխանել է. «Ինչպէս ասում են փրկուած խոջալուցիները, այս ամէնը կազմակերպուած էր իմ հրաժարականի համար առիթ ստեղծելու նպատակով: Ինչ-որ ուժ գործում էր յանուն նախագահի վարկաբեկման: Չեմ կարծում, թէ նման իրավիճակին յստակ եւ բանիմաց մօտեցում ցուցաբերող հայերը թոյլ տային, որպէսզի ազրպէյճանցիներն իրենց ֆաշական արարքներում մերկացնող փաստեր ձեռք բերուեն: Եթէ ես յայտարարում եմ, որ դա ազրպէյճանական ընդդիմութեան մեղքն է, ապա կարող են ասել, որ ես զրպարտում եմ: Սակայն դատողութիւնների ընդհանուր պատկերն այսպիսին է. հայերը, այնուամենայնիւ, թողել էին մի միջանցք, որով մարդիկ կարող էին հեռանալ: Այդ դէպքում հայերը ինչու՞ պէտք էր կրակէին: Հէնց որ Խոջալուն շրջապատուեց զրահամեքենաներով, անմիջապէս հարկաւոր էր դուրս բերել բնակչութեանը: Աւելի վաղ ես նման յանձնարարութիւն էի տուել Շուշիի առիթով. քաղաքում թողնել տղամարդկանց, իսկ կանանց եւ երեխաներին դուրս բերել: Սա էլ է պատերազմի օրէնքներից. մարդկանց պէտք է փրկել: Իմ վարքագիծն առարկայական էր եւ միանշանակ. ես այդպիսի յանձնարարութիւն տուել եմ, սակայն ինչու՞ դրանք Խոջալուում չկատարուեցին, ինձ համար պարզ չէ»:
Մոսկովեան վտարանդիութեան տարիներին եւս, որոշ սրբագրումներով, Մութալիպովը շարունակել է պնդել, որ հայերը խաղաղ բնակչութեան հեռանալու համար միջանցք թողել են: 2002 թուականի փետրուարին Պաքուի «Զերքալօ» (թարգմանաբար` «Հայելի») ռուսալեզու օրաթերթի հետ զրոյցում Մութալիպովը ասել է. «Փետրուարի 25-ի երեկոյեան ինձ զեկուցեցին տեղի ունեցածի մասին, բայց` առանց մանրամասների, հանգուցեալ ներքին գործերի նախարար Թոֆիկ Քերիմովը: Նա ասաց, որ մի քանի հարիւր մարդ գնդակահարուել են հէնց Խոջալուում: Այն ժամանակ ես առաջին բանը, որ արեցի, վերցրի հեռախօսը եւ զանգահարեցի Ղարաբաղի ղեկավար Արթուր Մկրտչեանին: Ես նրա հետ ծանօթ չէի, երբեք չէի տեսել, բայց ազգանունը գիտէի: Ես նրան զայրացած հարցրեցի, թէ ինչպէ՞ս է հնարաւոր Խոջալուում գնդակահարել գրեթէ հազար խաղաղ բնակիչների: Իսկ նա պատասխանեց բառացիօրէն հետեւեալը. «Ին՞չ յիմարութիւններ, մենք Խոջալուում ոչ մէկին չենք գնդակահարել: Մինչեւ Խոջալուն վերցնելն այնտեղ ոչ ոք արդէն չկար, քանի որ մենք միջանցք էինք տուել, եւ բնակիչները հեռացել են: Իսկ խոջալուցիների մի մասը մնացել է մեզ մօտ: Նրանք արհեստների ուսումնարանի շէնքում են: Մենք նրանց կերակրում ենք, թէեւ մեզ իսկ մթերքները չեն բաւականացնում: Ի դէպ, «Մեմորիալ» իրաւապաշտպան կենտրոնի զեկոյցում սեւը սպիտակի վրայ գրուած է, որ միջանցք տրամադրելու մասին անձամբ իմացել է Խոջալուի քաղաքապետ Էլման Մամետովը»:
1992-ի մարտի 3-ին` Խոջալուի դէպքերից ընդամէնը մէկ շաբաթ անց, Ազրպէյճանի խորհրդարանում ընդդիմութեան ճնշման տակ ցուցադրուեցին այդ ողբերգութեան մասին պատմող ազրպէյճանցի լրագրող Չինկիզ Մուսթաֆայեւի նկարահանումները. մի տղամարդ հեկեկալով գրկել է կարմիր բաճկոնով երեխայի դիակը, ցեխի ու հալուող ձեան մէջ ընկած են վառ գլխաշորերով եւ վերարկուներով գիւղացի կանայք: Ընդամէնը երկու ամիս անց Մուստաֆայեւը սպաննուեց:
Խոջալուի դէպքերի հետ կապուած եւս մէկ ուշագրաւ իրադարձութիւն. ազրպէյճանցի լրագրող Էյնուլլահ Ֆաթուլաեւը 2005թ. այցելեց Լեռնային Ղարաբաղ: Պաքու վերադառնալով` նա պատրաստեց յօդուածների շարք, որոնցից մէկում գրեց. «Սրանից մի քանի տարի առաջ ես հանդիպեցի Նաւթալանում բնակուող խոջալուցիների հետ: Նրանք խոստովանեցին, որ գրոհն սկսելուց մի քանի օր առաջ հայերն բարձրախօսներով նախազգուշացնում էին ծրագրուող գործողութեան մասին եւ քաղաքացիական անձանց առաջարկում հեռանալ աւանից` դուրս գալ շրջափակումից մարդասիրական միջանցքով` Կարկար գետի երկայնքով: Խոջալուցիների խօսքերով, իրենք օգտագործել են այդ միջանցքը եւ իրականում հայ զինուորները, ովքեր գտնւում էին միջանցքից այն կողմ, կրակ չեն բացել խոջալուցիների վրայ: Ժողճակատի զինուորականները, չգիտես ինչու, խոջալուցիների մի մասին դուրս են բերել դէպի Նախիջեւանիկ գիւղ, որը հայերի վերահսկողութեան տակ էր: Միջանցք իրականում եղել է, այլապէս ամբողջութեամբ շրջափակուած եւ արտաքին աշխարհից կտրուած խոջալուցիները չէին կարող ճեղքել օղակը եւ դուրս գալ շրջափակումից: Խօջալուցիների մի մասը, չգիտես ինչո՛ւ, ուղղուել է դէպի Նախիջեւանիկ: Թւում է` Ժողճակատի գումարտակները ձգտում էին ոչ թէ խոջալուցիների փրկութեանը, այլ մեծ արեան` Մութալիպովին գահընկէց անելու ճանապարհին»:
Յօդուածների հրապարակումից անմիջապէս յետոյ լրագրող Էյնուլլահ Ֆաթուլայեւի դէմ սկսուեց վարկաբեկման արշաւ: Նրան մեղադրեցին դաւաճանութեան, անգամ հայկական գործակալ լինելու մէջ: Կարճ ժամանակ անց նա ձերբակալուեց թմրանիւթեր պահելու մեղադրանքով եւ բանտում անցկացրեց մի քանի տարի: Միայն Եւրոպայի Խորհրդի ճնշման տակ Ալիեւի վարչակարգը ստիպուած եղաւ ազատ արձակել Ազրպէյճանի շուրջ 90 քաղբանտարկեալներից մէկին` Ֆաթուլայեւին:
Յատուկ «Ազդակ»ի համար

